Նորայր Սարգսյան | Գեղեցկություն

Ճամփորդությունը շատ օգտակար է․ այն մարզում է երևակայությունը։ Մնացյալը զուտ հուսալքում է և խոնջանք։ Մեր ուղևորությունը ամբողջությամբ երևակայական է։ Դրա մեջ է նրա ուժը։

Այն տանում է կյանքից դեպի մահ։ Մարդիկ, կենդանիները, քաղաքները՝ ամեն, ամեն ինչ հորինված է։ Այս վեպը ընդամենը մտացածին պատմություն է։ Այդպես ասում է Լիտրեն, իսկ նա երբեք չի սխալվում։

Ի վերջո, նույնը կարող է անել յուրաքանչյուրը։ Բավական է միայն փակել աչքերը։

Լուի-Ֆերդինանդ Սելին

 

Ծխելը թարգելուց հետո գրելը կորցրեց իր վերջին հմայքն ու գեղեցկությունը։ Ու փոքր հասակից գեղեցկություն փնտրող սև աչքերում կրակը մարեց` համակարգչին հառած. կարծես թե մեկը կրակը հանգցրեց մոխրամանի մեջ, ու ամեն ինչ մոխրացավ, մոխրագույնացավ։ Հիմա հաճախ աչքերը շրջում են Երևանի փողոցներում նորի փնտրտուքով ու չգտնելով թաքնվում գրքերի էջերում։ Ժամանակ առ ժամանակ դրանք բարձրանում են անցորդների մեջ պատահաբար ծանոթ գտնելու հույսով, իրենք իրենց մարմնից թաքուն սիգարետ ուզելու ու ծխելու հույսով։ Ամենայն միջակություն փնտրում է հանգստություն, ամենայն հանճարեղ մարդ փնտրում է հանգստություն, և այդտեղ էլ աչքերը կողմնորոշիչ չեն տեսնում ու չեն հասկանում, թե արդյոք այդ ում են բաժին հասել միլիարդներից։
Մոխրագույն աչքերը նորից վերադառնում են գրքին ու համընթաց շարժվում այս ու այն կողմ՝ չկենտրոնանալով ու ուղեղին չփոխանցելով կապակցված նախադասություններ։ Վերջապես ավարտվում է այս ներկայացումն էլ ու հստակ որոշում է կայացվում աքլորանալու։ Ականջակալները ականջախեցիներում, երաժշտությունը, ինչքան հնարավոր է բարձր, ինչքան հնարավոր է ագրեսիվ, ու քայլերը ուղղվում են դեպի Թումանյան, որտեղ կարելի է և բանան-ելակի նոր քամած հյութ վերցնել ու քայլել զովացած․ ծխելը թարգելուց հետո տարօրինակ սովորություններից մեկն այդ հյութն է, երկրորդը՝ քաղցրին հանկարծակի վերադարձած սերը։ Իսկ ի՞նչ են անում աքլորանալու ժամին աչքերը։ Աչքերը այլևս չեն փնտրում ոչինչ, նրանք այդ պահին կենտրոնացած են լսածին համապատասխան հայացքներ կերտելով։ Մարդիկ այս աչքերին նայելիս արդյոք հասկանում են, որ ականջախեցիներում գոռում է Թիլ Լինդեմանը կամ, օրինակ, մկկում է մի ռուս ռեպեր։
Մի ամսում երկու անգամ աչքերը իրենց առաջ ունեցան նույն պատկերը գրողների միության դահլիճում։ Դագաղը մեջտեղում, սակավամարդ դահլիճը ու մի քանի բիձուկ, որոնց աչքերում հետաքրքրություն կար, ավելի ճիշտ կլինի ասել՝ սպասում։ Աչքերը տեսան իրենց ապագան միգուցե, ականջները լսեցին ցածր բաներ, անիմաստ բաներ, մահը առօրեականացնող բաներ, ու մի քիչ սնոբիստական կեցվածք ընդունեց ամբողջ մարմինը։ Բայց դա միայն սկզբում, որովհետև ներսում ոչինչ չզգաց մարդը, ու աչքերում մի պահ անգամ փայլ հայտնվեց, դեմքին ժպիտ նկարվեց, իսկ բիձուկները շարունակում էին։
– Էսի դեմք էր, սրան նորմալ կթաղեն, պետական մրցանակ բան ուներ, հետո էսի էս թազա պոեզիան բերեց կոխեց դաշտ, մեծ մարդ էր, պիտի նորմալ թաղեն։
– Արա դե փնթի ազգ ենք էլի, ասա էդ դիմակը դրեք էլի, սենց մարդկանց մի՛ սպանեք։
Բիձուկները ամբողջությամբ բացվեցին աչքերի համար, ականջներն էլ այլևս սպասելիք չունեին, ու գլխուղեղում որոշում կայացվեց, ու ազդակները փոխանցվեցին ոտքերին։ Մեկ-երկու-երեք՝ մեր հաշիվը բերեք, չորս-հինգ-վեց՝ ձեր մեռելը համբարձվեց։ Դրսում հավաքվածներից մեկ-երկուսին ճանաչելու են տալիս աչքերը, ու բերանից լսվում է կիսատ բարևը, որը ավելի շատ գառնուկային բըըը է, քան մարդկային բարև։ Բայց մեղավորությունը առավոտից անսպասելի ստացած միայնությունն է ու անխոս քայլելը, ձայնալարերը պատրաստ չէին, ուղեղը վաղուց տեղեկատվություն չուներ նրանց վիճակի մասին։
Բաղրամյանով ուրեմն Մոսկովյան․ մարմնի վրա նաև ծանրություն կա, նոթբուքի ծանրությունը, որը խոսում է ավելի լուրջ, հոգու ծանրության մասին։ Ձեռքերը պիտի գրեն ավարտեն մի վեպ, որի դեմ է պայքարում ամբողջ օրգանիզմը և, ինչո՞ւ չէ, աշխարհը։ Բայց ամբիցիան մնում է ամբիցիա, ու այն դարանակալած ծվարել է հոգու ամորձիների մոտ, ու ամենաանհարմար պահերին, երբ կարծես թե հոգին գտել է մի վայրկյան հանգստի համար, այդ դարանակալած բվեճը, ինչքան ուժ ունի, հարվածում է հոգու ձվերին։
– Ավարտի՛ր վեպդ, թե չէ քեզ լավ չեն թաղի։
Կարծես թե իրականում մեկ չէ։ Մարդուն խաբելով գոյատևում է ամբիցիան։ Ու այդ հիմար մտքերի պատճառով հիմա մարդը իր հետ տարավ ու Սարյանի սրճարաններից մեկի փոքր կլորիկ սեղանին դրեց նոթբուքը, բացեց այն, դատարկ սպիտակ թղթին 10 րոպե նայեցին աչքերը, ու աչքերը սպիտակից չէին հանգստանում, ցավոք, ու ուղեղին ոչ մի լավ բան չէին փոխանցում դրանք։ Որոշվեց կոմպրոմիսի գնալ ու կարդալ արդեն իսկ գրված հատվածները, միգուցե խմբագրել, միգուցե համակարգել, ամբողջացնել, միգուցե և մի միտք էլ կծագի ընթացքում։ Բայց միտքը
լրիվ ուրիշ ուղղությամբ գնաց
և աչքերին թողեց սառած,
էկրանին հառած,
ած-ացած-եցած,
ու թող ոչ ոք էլ չնեղանա
ու մեր երկրից չհեռանա։
Նոբելյան մրցանակակիրներին նույն նշտարով են հերձում ղասաբները, ուղղակի դրանք հրեա ղասաբներ են, ոչ հայ, մնացած ամենը նույնն է․ սակավամարդ թաղումներին ու բազմամարդ թաղումներին մեռելը մեռած է լինում, ու դա ամենայն գլխավորն է և միակ կարևոր բանը նման դեպքերում։ Լուի Նապոլեոնի ժամանակ Փարիզի փողոցները լայնացնում էին, Պետրոսը Պետերբուրգը կառուցելիս հատվածներ էր նվիրում հարուստներին, իսկ Երևանը ինքնաբուխ է իր դրսևորումներում եղել մինչ սովետը ու սովետից հետո էլ վայրենաբար մեծանում է ու գեշանում յուրովի։ Այս տգեղության մեջ աչքերը հղփացած չեն մեծանում ու գնահատում են ամենայն գեղեցիկը։ Երևանը աճում է վեպիս նման, իսկ վեպս աճում է Բորխեսի պատմվածքի չարագուշակությամբ։ Բորխեսի պատմվածքը միայն մեկ փաստի մասին է․ եղունգները շարունակում են աճել մեռնելուց հետո։ Եվ, իրոք, փաստեր կան, որոնք իրենք իրենցով հանճարեղ պատմվածքներ են, ու Երևանն էլ հանճարեղ քաղաք է, ու իմ վեպն էլ ուրեմն հանճարեղ վեպ է, որովհետև դրանք բոլորը աճում են մահից հետո, նրանից հետո, երբ արդեն ոչ ոք չի կարող կտրել դրանք, ոչ ոք հավես ու ուժ չունի դրանք համակարգելու ու ի մի բերելու։
Հիմա շարունակենք աչքերի պատմությունը, որոնք սառել էին, կամ մտքի մասին, որը գնացել էր ուրիշ ուղղությամբ։ Ուղղությունը հյուսիս էր, ու միտքը դանդաղ բարձրանում էր վերև ու իջնում այնպես, ինչպես Սանկտ Պետերբուրգում, երբ մարմինը նստած էր նավակի մեջ, ու նավակը դանդաղ շարժվում էր Գրիբոյեդովի առվով ու մոտենում էր առատահոս Նևային։ Ամեն ինչ շարժվում էր ներսում այնպես, ինչպես նավակը, վերև-ներքև, ալիքաձև, ու աչքերի մեջ խաղում էր Պետրոպավլովյան ամրոցը։ Կինը ականջներին պատմում էր ամրոցի պատմությունը, ու ուղեղի մեջ մեխվեց «ներքին թշնամի» բառակապակցության ռուսերեն տարբերակը, ու էլ ոչինչ չէին լսում ականջները։ Իսկ մարդն ունի՞ ներքին թշնամի, արդյոք այն ամբիցիան, որի մասին խոսվում էր մի քիչ վերևում, մարդու ներքին թշնամին չէ՞։ Գրելը, վեպը ավարտելը օգնո՞ւմ են, թե՞ վաղուց արդեն խանգարում են աչքերին փնտրելու գեղեցկությունը։ Գեղեցկությունը կրկնությա՞ն մեջ է․
Да э-эх, раз, да еще раз
Да еще много-много-много-много раз
Да еще раз
Еще много-много раз․
թե՞ նորության։ Գեղեցկությունը նորությունը կրկնության ոսպնյակով անցկացնելու մեջ է։ Գեղեցիկի փնտրտուքով հերթական անգամ աչքերը կտեսնեն Սորենտինոյի ֆիլմը, ու ականջները կլսեն․
My heart’s in the Highlands, my heart is not here,
My heart’s in the Highlands, a-chasing the deer․
Վերջերս հաճախ, ավելի հաճախ, քան կուզեին, ականջները լսում էին սիրելի մարդկանցից այն մասին, որ բերանը ոչինչ չի խոսում նրանց հետ, չի խոսում ընդհանուր հավաքների ժամանակ, իրենց ընկեր համարող մարմինների հավաքների ժամանակ։ Իսկ միգուցե օրգանիզմը մաքրվում է ամբիցիայից՝ առաջին անգամ անցավ մտքով։ Միգուցե։ Ամեն դեպքում ի՞նչ կապ ունեին Գրիբոյեդովի առուն, առատահոս Նևան ու Պետրոպավլովյան ամրոցը։ Ժպիտը հայտնվեց բերանին, որովհետև ուղեղը հասկացավ, թե ինչու, Սարյանում գտնվելով, ինքը մտաբերեց այս ամենը։ Աչքերը գեղեցկությունից հոգնել էին Սանկտ Պետերբուրգում ու չէին հասկանում, թե որտեղ էին, երբ մի խաղ հորինեց ուղեղը՝ հենվելով այն մտքի վրա, որ մարդը սիրահարվում է մի անգամ, հետո դրա վրա կառուցում իր պատկերացումները բոլոր հաջորդ սերերի հանդեպ։ Եվ ուրեմն Սանկտ Պետերբուրգը հասկանալու համար ուղեղը այն դրեց Երևանի վրա և հյուրանոցի փողոցը կոչեց Սարյան, սենյակը՝ տուն։ Ու ամեն ինչ հեշտացավ, ու քաղաքը բացվեց մարդու առաջ, ու հաջորդ առավոտ նա հուզմունքից վեր թռավ ու գրեց․
Ես արդեն մի տեսակ ծփում եմ այս քաղաքով Նևայի նման,
Ու ինձ համար էլ վախենալու չեն ո՛չ առյուծները պողպատյա, ,
Ո՛չ արծիվները երկուգլխանի,
Ու տանջում է ինձ միայն մեջքիս ցավը քայլառատությունից
ու աչքերիս ցավը տեսած գեղեցկությունից։

Մարդն արդեն գիտեր, որ տասնօրյա սանկտպետերբուրգյան հանգստին գումարվելու է 15-օրյա երևանյանը, ու այդ վեպի բվեճը արդեն ողջության նշաններ էր տալիս՝ պարբերաբար բերանից սյուժետային ինչ-որ տափակ մանրամասներ բարձրաձայնելով ու մերձավորներին հոգնեցնելով։ Եվ հիմա, ահա այդ բվեճի տակ արդեն կքած մարդը նստած է Սարյանի սրճարաններից մեկում և չի տեսնում գեղեցիկը, այլ տեսնում է, թե ոնց են ուրիշ մարդիկ ծխում։ Ու մի մատ երեխայի նման նեղանում ու փակվում է իր մեջ։ Սրճարանների միջով դանդաղ ծորում է տատիկը սուպերմարկետի աշխատողի ուղեկցությամբ։ Տղան անընդհատ արագանում է ու դանդաղում, առջևում գնումներն են տատիկի։ Աչքերը պլշած նայում են երեքին՝ տատիկին, տղային ու գնումներով սայլակին։ Ու բերանը ուզում է գոռալ, ուզում է հուշել տղային, որ ավելի լավ պահ նա չի ունենալու այսօր, և պետք է ձգել պահը։ Ի՜նչ գեղեցիկ է դանդաղությունը այս երևանյան շոգի մեջ, ու աչքերը թարթելիս կպչում են, ու երազի մեջ մարդը ծխում է մի գլուխ ու վեպ գրում, ծխում է ու գրում։ Եվ այդ ամենի մեջ ոչ մի գեղեցիկ բան չկա, և այդ ամենի մեջ ոչ մի վեհ բան չկա, և այդ ամենի մեջ աչքերը բացելու ջանք չկա։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *