ԳԻՇԵՐ
Ինչո՞ւ չեն վերցնում հեռախոսը: Այս ո՞ւմ բբջջայինն էր
ամբողջ գիշեր անպատասխան ճռվողում պատուհանիս տակ:
Լռեց միայն առավոտյան: Իսկ
պատահական խոսակցությունից
տեղեկացա, որ իսկական սոխակ է հայտնվել
շենքից քիչ հեռու
ինքնաբերաբար աճած փոքրիկ պուրակում:
Իսկական, փոքրիկ սոխակ: Իսկական փոքրիկ պուրակում:
Եվ հավանաբար (ուրիշ էլ ի՞նչ), իր սիրո
պատմությունն էր անում ձայնը գլուխը գցած: Ի՞նչ է ուզում
մեզանից այդ փետրավոր տականքը,- անթաքույց
փնթփնթում էր բնակիչներից մեկը, որի կինը,
ըստ հավաստի տվյալների,
անթաքույց դավաճանում էր ամուսնուն ոչ առանց
հիմնավոր պատճառների: Շենքի ընդդիմադիր թևի
ներկայացուցիչը թռուցիկներ էր տարածում,
հայտարարելով, որ այս կերպ իշխանությունները
փորձում են շեղել ժողովրդի ուշադրությունը
օրվա հրատապ խնդիրներից: Հնչեցին նաև կարծիքներ,
որ վերոհիշյալ թռչունը մեր երկիր է ուղարկվել
հավանական հակառակորդի կողմից, որը ձգտում է
զանազան սիրային գեղգեղանքներով թուլացնել
մեր բանակի մարտական ոգին:
Կրթության տեսչության ներկայացուցիչը
կտրականապես պահանջեց տեղական
իշխանություններից` հեռացնել սոխակին
կրթօջախներից պատշաճ
հեռավորության վրա, այլապես նրա սիրային երգերը
կարող են անդառնալիորեն աղավաղել մատաղ սերնդի
բարոյական նկարագիրը:
– Տո դու ո՞վ ես, որ մեզ բան ես սովորեցնում,-
սոխակի ուղղությամբ մոլեգնած գոռում էր մի կին,
որը մարմինը վաճառքի էր հանել, հոգին
վաճառելուց անմիջապես հետո:
– Բա դու ո՞վ ես,- հանգիստ պատասխանեց
սոխակն ու ապահով թաքնվեց թփերի մեջ,
սպասելով իրիկվան, որ շարունակի
իր սիրո պատմությունը` ձայնը գլուխը գցած:
***
Ո՞ւմ ես թողնում ինձ ու գնում, չես էլ ասում թե ուր,-
հարցրեցիր, երբ շատ կարճ ժամանակ էր մնացել
գնացքի շարժվելուն:
Ոչ դժոխքի ճամփան գիտեմ,-ասացի,- և ոչ էլ Դրախտի,
եսիմ ուր է տանում այս գնացքը վերջին, բայց, դե,
հոգուս խորքում դեռ հույսը չի մարել, որ գուցե
Քավարան ընկնեմ, ի վերջո, մեդալ ունեմ Խորենացու:
Ո՞ւր ես թողնում ու գնում և ինչո՞ւ չես ջղայնանում,
թե այս ցրտին ինչո՞ւ եմ տանից դուրս եկել
այսքան թեթև հագնված,-
հարցնում էիր էլի ու էլի ու փոքրիկ բռունցքներով
խփում էիր կրծքիս,
մինչդեռ օդակայանում քիչ հետո կհայտարարեն,
որ ուղևորները պատրաստվեն թռիչքի,
և ես հանկարծ հիշեցի.
նավը վաղուց սպասում է ինձ, վերջին նավը և ինքնաթիռը
վերջին, ամբողջովին բեռնված դեղին տերևներով,
անձրևներով, որ քիչ-քիչ փոխվելու են ձյան և ապա
արցունքների, իսկ հետո
կլսվի քո լացի ձայնը, որն անվերջ կհետապնդի ինձ,
կչանգռի ու կարյունոտի սիրտս
քեզանից հեռացող բոլոր ճանապարհների վրա,
վերջին գնացքի մեջ, անհայտության մեջ,
որովհետև չգիտեմ
ոչ Դրախտի և ոչ էլ Քավարանի ճամփան
և միայն մի բան գիտեմ –
քեզանից հեռացող բոլոր ճանապարհները
Դժոխք են տանում:
***
…Ի վերջո, ոչ մի լավ բան չկա, ոչ մի լուսավոր էջ –
փակելով պատմության գիրքը դառնորեն եզրակացրեցի ես,
մտածելով մարդկության կենսագրության անցյալի,
ներկայի և հատկապես ապագայի մասին, որը գնալով
մշուշվում է անցյալից առավել…:
Եվ իսկապես, ի՞նչ ես տեսնելու եթե շրջես աշխարհի
բոլոր մայրաքաղաքներով, ո՞ւմ ես հանդիպելու
արձանացած բարձրադիր պատվանդանների վրա` բռի
ու անտաշ, մարդակերպ մարդակերների` կատաղի
հայացքներով, հեծյալ կամ հետիոտն, թրերը վեր պարզած
և կամ հանդիսավոր բազմած բրոնզաձույլ գահերին,
գիշատիչներ, որ անգթորեն կոտորել են թե իրենց
մերձավորներին
և թե հարևաններին հեռու ու մոտիկ, և ինչքան
շատ են կոտորել ու թալանել,
այնքան շատ ավելի են հերոս և այնքան ավելի
հանդիսավոր են արձանները նրանց
և պատվանդանները` բարձրադիր ու շքեղ…
Եվ ի՞նչ են քեզ թելադրելու, եթե կարդաս
ձեռքդ ընկած էպոսներն ու եթե չալարես`
նաև հերոսապատումները բազմալեզու –
ավեր ու կոտորած ծայրեծայր, պատմություն,
որի մեջ նույնիսկ փիլիսոփան մեծանուն,
գիտնականից առավել կարևորում է զինվորին այն վայրենի,
որը բարեխղճորեն սրախողող է անում
գետափի ավազի վրա հաշվումների մեջ
խորասուզված Արքիմեդին…
Եվ եթե դու նա ես, ով տրտմեց այս տողերը կարդալիս,
եթե դու նա ես, ով դառը սրտով է կարդում
Աստծո որդու պատմությունը, որն իր
երկրային կյանքն ավարտեց խաչին գամված
արնաքամ լինելով,
ապա, հավատա, երջանիկ ես, որ չես ապրել
անցյալում, որովհետև, չկասկածես, հենց քո
մարմինը բզկտելով կանցնեին բաթուխաների
և չինգիզխաների հորդաները վայրագ,
և հրճվանքով ու թեթև սրտով հեռացիր
քո այս ներկա կոչված օրերից, ուր անցյալը
կրկնվում է գրեթե նույնությամբ,
և առավել քան երջանիկ համարիր քեզ,
որ չես ապրելու ապագայում,
օրերում, երբ արագորեն ցամաքող
ծովերն ու օվկիանոսները
լցվելու էին հենց քո արյան գետերով…
ՍԱՀՄԱՆԱԲԱԺԱՆ
Մի տեսակ խառնվել է ընթացքը պատմության,
և մեկ արագանում, մեկ էլ դանդաղում է պտույտը
երկրագնդի.
և սկսում ես լրջորեն կասկածել` չլինի՞ թե
երկնային համակարգիչն է
վարակվել վիրուսով,
և խառնվել են ծրագրերն անհուսորեն –
ձմռան կեսին անձրևներ են տեղատարափ
ձյան սովոր երկրներում,
իսկ այնտեղ, ուր ձմեռ չի եղել երբևէ,
արդեն քանիերորդ գիշերուզօրն է ինչ ձյուն է տեղում
անպարկեշտ առատությամբ…
Գետերը կորցրել են իրենց հուները դարավոր
և հոսում են քաղաքների ոչ միայն արվարձաններով, այլև
մայրուղիներով կենտրոնական` խախտելով
փողոցային երթևեկության կանոնները տարրական,
և նույնիսկ կանգ չառնելով լուսաֆորի
կարմիր ազդանշանի առաջ…
Չենթարկվելով բոլոր օրինաչափություններին, իրար
ետևից աշխարհը ցնցում են հարյուր տարվա համար
նախատեսված երկրաշարժերն ահավոր` մեկ
հարթավայրերում աշխարհի մի ծայրի և մեկ էլ
լեռնոտ ու աղքատ մի երկրում, որտեղից որտեղ
հայտնաբերելով այն աշխարհի մի խուլ անկյունում…
Շփոթահար են հատկապես սոցիոլոգները, ի հեճուկս
որոնց մարդկությունն սկսել է խառնիխուռն բազմանալ
և այնպիսի արագությամբ, որ շուտով, հատկապես
Չինաստանում և Հնդկաստանում, մարդկային բազմության
կուտակումներից և խցանումներից մայթերն ազատելու համար
ստիպված են լինելու մարդկանց պարտադիր
համարակալել ավտոների նման, և մի օր թույլատրել
կենտ համարներին դուրս գալ տանից,
հաջորդ օրը` զույգ… Սակայն
խնդիրն այն է, որ այդ մարդկանց զգալի մասը և
հատկապես կենտերը, անտունիներ են` ծնվում,
հասունանում և ընտանիքավորվում են բաց
երկնքի տակ, պարզապես փողոցներում, և նրանց
տանից դուրս չթողնելու համար նախ պետք է
ապահովել բնակարանով, գոնե մեկ սենյականոց,
թեկուզ և առանց կոմունալ հարմարությունների…
…Սակայն ամենասարսափելին այն է, որ մարդկանց
մի փոքրիկ խումբ մեր բոլորի աչքի առաջ
հարստանում է կատաղի արագությամբ և ուշ չէ այն օրը,
երբ նրանցից մեկը,թերևս գարնանային մի գեղեցիկ
առավոտ, փոխանցումով, բայց առավել
հավանական է` կանխիկ գումարով կգնի
բոլոր մայրցամաքներն
իրենց կղզիներով ու թերակղզիներով, հրվանդաններով
ու նեղուցներով, գետերով ու լճերով,և օրինական կարգով
ու դատական կատարածուի օգնությամբ,
չուլուփալասները կտա շալակներս ու հաշվի չառնելով
կենտ ես թե զույգ,
ռադ կանի բոլորիս մոլորակից մեր հայրենական…
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գիտեմ, տարիներ անց, իմ կիսանդրին էլ կցցվի
սահմանամերձ ինչ-որ մի խուլ գյուղի դպրոցի բակում,
որն հապշտապ կասֆալտապատեն 100-ամյակիս առիթով,
և գյուղապետը ելույթ կունենա հանդիսության ժամանակ
անուն-ազգանունս խառնելով իրար,
և աշակերտների համընդհանուր քրքիջը ծածկելու նպատակով
փողային նվագախումբն արտահերթ նվագելու հրահանգ
կստանա, իսկ լեզվի և գրականության ուսուցչուհին` խիստ
նկատողություն` գյուղապետի համար գրած ելույթի մեջ
այդ աններելի սխալը թույլ տալու համար…
Մայրաքաղաքից հրավիրված պաշտոնյան կընդգծի, որ
այս պահին նշվում է երկու հոբելյան,
մեկը (ձեռքով ցույց կտա կիսանդրիս) ստիպել է մեզ
թողնել բան ու գործ և աշնան անձրևի միջով հասնել
սահմանամերձ գոտի, իսկ մյուսը (ձեռքը կպարզի
սահմանի ուղղությամբ) այն է, որ լրանում է
հայ-թուրքական համաձայնագրի ստորագրման 35-ամյակը,
և ուշ չէ այն օրը, երբ սահմանները կբացվեն և հայ գրողի
աչքի առաջ (նա նորից ձեռքը կմեկնի դեպի իմ կիսանդրին)
այս խուլ գյուղը կդառնա առևտրական աշխույժ,
ծաղկող կենտրոն: – Գյուղապետի նշանով հանդիսականների
բուռն ծափահարության տակ փողային նվագախումբը
կհնչեցնի փոխշահավետ առևտրական աշխույժ, ծաղկող
կենտրոնի լավատեսական հեռանկարը նշանավորող
աշխույժ, ծաղկող երաժշտություն:
Հետո հոբելյարի գրական գործունեության մասին
մանրամասն խոսք կասի ՀԳՄ վերջնական նախագահը
և մի քանի
զավեշտալի դեպք կպատմի իր և հոբելյարի համատեղ
աշխատանքային կյանքից և ապա հուզմունքով
և զարմանքով կհավաստի,
որ արդեն շունչը փչած հոբելյարի, այսինքն իմ
աչքերն ինքն է մի քանի անգամ փակել,
և դա իրոք այդպես էլ եղել է, որովհետև
ոչ մի կերպ չէի ուզում փակ աչքերով հեռանալ
այս չափազանց հետաքրքիր աշխարհից… Վերջում ՀԳՄ
նախագահը ծերունական մոռացկոտությամբ
ինձ չորրորդ անգամ
կպարգևատրի գրական վաստակի մեդալով,
ինչը ներելի է, եթե հիշենք նրա չափից դուրս
խորացած տարիքը…
…Չափից դուրս խորացած աշունը… չափից դուրս դեղնած
տերևները և չափից դուրս աշնանային
բանաստեղծություններս, որոնք գոռգոռալով կարտասանեն
աշակերտները զրնգուն ձայներով և չափից դուրս
միապաղաղ անձրևը, որը խուլ հեծկլտում է
սահմանի թե այս և թե այն կողմում…
***
Ի տարբերություն հեռավոր անցյալի,
երբ դեռ խակ էր ու ջահել,
նա հիմա հաճախ է մտածում.
գուցե եղել ու անցե՞լ է,
կամ` գուցե դեռ նո՞ր է գալու
իսկական ու մեծ երջանկությունը…
…Իսկ խոսքն ընդամենը անձրևի մի քանի
կաթիլի մասին է, որն ի տարբերություն
հեռավոր անցյալի,
երբ դեռ խակ էր ու ջահել,
հիմա ավելի հաճախ է տեսնում երազում
անապատի մի խուլ անկյունում
դառը մտքերի մեջ կծկված,
սմքած ու ծերացած
կակտուսը:
ՇԵՂՈՒՄՆԵՐ
– Ուշադրություն,- Զվարթնոց օդակայանի
սպասասրահում միանգամից լարվեց լռությունը,
երբ հնչեց զարմանալիորեն զվարթ
ձայնը հաղորդավարի,- ուշադրություն, հարգելի ուղևորներ,
ժամանակավորապես հետաձգվում է Երևան-Տանձուտ
ավիաուղերթը` Տանձուտում օդակայան չլինելու
պատճառով…
– Միգուցե ոտքո՞վ գնանք,- ասացի ընկերոջս, որի հետ
պատրաստվում էինք թռչել Փարիզ, ահա թե ինչու էինք
հայտնվել Զվարթնոցում նշված ժամանակին, սակայն
հնչած տեղեկությունը շեղեց մեր ուշադրությունը և մեր
ծրագրերը հնարավորություն ստացան ընթանալու
բոլորովին այլ հունով:- Միգուցե անձրև գա, կպահվենք
մի ծառի տակ և կնայենք, թե ինչպես է հողը ոռոգվում
բոլորովին ձրի ջրով, հետո հավանաբար ձյուն կգա,
և հրաշալի տեսարան կբացվի, երբ ամեն ինչ կծածկվի
ճերմակ ձյան անթերի մաքուր սավանով, բայց ես
ամենաշատը սիրում եմ վաղ գարունը և հնարավոր է
մեր կյանքում առաջին անգամ տեսնենք, թե ինչպես են
աննկատ բողբոջում ծառերը…Իսկ ամենակարևորը,
ճանապարհին կհանդիպենք մարդկանց և կզրուցենք
նրանց հետ, ինչի մասի՞ն, ճանապարհը կհարցնենք,
իբր թե մոլորվել ենք, ես գոնե չեմ հիշում, թե երբ եմ
վերջին անգամ զրուցել մարդկանց հետ, չեմ հիշում,
թե ինչ ձայնով և ինչ բառերով են խոսում
նրանց հետ, ովքեր մոլորվել են…
Իսկ մենք իսկապես մոլորվել ենք,- անտարբեր ձայնով
համաձայնեց ընկերս, երբ չափազանց մոտիկից
հայտնվեցին Փարիզի լույսերը և ինքնաթիռը
սահուն վայրէջք կատարեց դը Գոլի անվ.
օդակայանում:
ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
Ի տարբերություն մութ ու հեռավոր ժամանակների,
երբ մարդը չգիտեր, որ ինքն ապրում է խոր Նախնադարում,
և նույնիսկ այն շրջանում, երբ
չորսդին ամեն ինչ քարից էր` զենքերն ու գործիքները,
աթոռներն ու սեղանները, անտարբերությունն ու լռությունը,
և նույնիսկ սիրային նամակներն էին գրում
քարե սալիկների վրա
ու շպրտում սիրած էակի քարանձավի պատուհանից ներս,
երբեմն ծանր մարմնական վնասվածքներ
հասցնելով սիրելի էակին,
նույնիսկ այդ ժամանակ մարդու մտքով չէր անցնում,
որ ինքն ապրում է ուշ Քարեդարում,
և կամ` Բրոնզե, երբ ամեն ինչ բրոնզից էր
և մարզասպարեզում ամենաբարձր պարգևը բրոնզե մեդալն էր,
ինչի ավանդույթները սրբորեն պահպանում են հայ մարզիկները
մինչև այսօր…
…Եվ միայն հիմա, նոր ու լուսավոր ժամանակներում,
նայելով այն ամենին, ինչի մեջ ապրում է,
թե ինչ է ուտում և արտադրում,
նայելով նրանց, ում հետ ապրում է,
ի վերջո, նայելով խորքը իր հոգու,
մարդը վստահորեն կարող է ասել,
որ ինքն ապրում է վաղ Աղբադարում, որը փառք Աստծո,
հնարավոր է վերջինը լինի`
Տիեզերք կոչվող այս աղբատարում…
ԱՐՏԱՀԵՐԹ ՋՐՀԵՂԵՂ
Հարմարվենք ջրին և վարժվենք ապրել նրա խորքերում,
ամեն օր գոնե կես ժամ պառկենք ջրով լի վաննայի
հատակին և հետո չեք էլ նկատի, թե կեսն ինչպես
կդառնա մի ժամ, ապա երկու, երեք… և հանկարծ
կզգաք, որ ջրի տակ շնչում եք չգիտես, թե երբ
ձևավորված խռիկներով, և հետո այլևս չեք ուզենա
դուրս գալ ջրի երես… Հարմարվեք ջրին և վարժվեք
ապրել նրա խորքերում, շտապեք, որովհետև շուտով
բոլոր ծովերը կմիանան, բոլոր օվկիանոսներն ու լճերը,
գետերն ու գետակները… Եվ միայն երջանիկ
նորածինները հարմարվելու կարիք չեն զգա` կծնվեն
հարմարված և անմիջապես կհեռանան խորքերը ջրի,
հուսահատության մատնելով բարեպաշտ ծնողներին,
որոնք երազում էին դաստիարակել նրանց և դարձնել
հայրենի երկրի օրինավոր քաղաքացի, որը երբեք չի
խախտի փողոցային երթևեկության կանոնները և
հավատարիմ կմնա բիզնեսի տասը պատվիրաններին`
մի շնանա, մի սպանիր, մի խաբիր, մի ստիր իրավապահ
մարմինների աչքի առաջ, և ընդհանրապես, ստուգիր
դրամը առանց դրամարկղից հեռանալու, մինչև
վերջնականապես չհամոզվես, որ գանձապահը
անշնչացած է… և ամենակարևորը, ինչքան ուզում եք
սիրեցեք զմիմեանս, բայց երբեք չմոռանալով, որ միայն
հայրենական արտադրության ապահովիչներն ու
կարմիր խնձորներն են փրկելու մեր ազգը 20, 21 և
հետագա բոլոր դարերի ժանտախտներից… Ինչևէ,
հարմարվենք ջրին և վարժվենք ապրել նրա խորքերում,
հոգեպես պատրաստ լինենք դիմագրավելու բոլոր
անակնկալները, և սա հատկապես վերաբերում է
երաշտից հավերժ տառապող հողագործներին, որոնք
կարող է ցնորվեն ջրի այդ անսպասելի առատությունից
և չդիմանալով ծովից-ծով երջանկությանը, խրվեն
հարբեցողության մեջ և գարնանացանը տապալեն
սիլիկոնե ստինքներով ջրահարսերի հմայքներով
պարուրված… Ահա, տեսնում եմ օրը` անափ, անծայր
օվկիանոս, իսկ ջրերի երեսին լող են տալիս ցանուցիր
հիշողություններն անցյալի` դասական գրականությամբ
լի գրապահարաններ, տան վարձի գրքույկներ, վերջին
սերնդի համակարգիչներ, սիրային նամակներ, վարկային ներդրումներ, կոլեկտիվ բողոքներ, մարդահամարի
տվյալներ, և ղեկը կորցրած մի նավ` բերնեբերան լցված
պրեզիդենտներով, նախարարներով, սենատորներով
և այլ բարձրաստիճան այրերով, որոնք գիրկընդխառը
լալիս էին իրենց կորուսյալ երկրների, փոխադարձ
այցելությունների, արդյունավետ բանակցությունների,
երկուստեք շահավետ ծրագրերի, անվերջ բարեփոխվող
սահմանադրությունների, ահաբեկչության դեմ միասնական
պայքարի, նախընտրական խոստումների, բուռն,
երկարատև ծափահարությունների համար… Թշշալով
հանգել են դժոխքի բոլոր կարասները:
Իսկ ո՞ւր է դրախտը,- հարցնում է մի հավատացյալ
քաղաքացի, թաց մորուքով քահանային` երկուսն էլ
գերանից կառչած.
Այդ միայն Նա գիտե, զավակս,- պատասխանում է
քահանան…
Իսկ Նա սովորականի պես անշտապ քայլում էր
ջրերի վրայով` բարձրահասակ, գեղեցիկ… Եվ ի՞նչն է
հետաքրքիրը` զարմանալի բարի ու պայծառ ժպիտ էր
փայլում դեմքին, զարմանալի բարի ու պայծառ…
***
…Գիտեի, որ երկրագունդը կլոր է,- ասաց
հորեղբայրս գրենական պիտույքների խանութում,
գորովանքով շոյելով գլոբուսը, որը սիրով
պտտվում էր իր առանցքի շուրջ,- գիտեի,
որ կլոր է, բայց որ այսքաˉն կլոր…,- շարունակում էր
գլոբուսը շոյել հորեղբայրս գորովանքով
նայելով վաճառողուհու թմբլիկ կրծքերին,
որոնք թեև գլոբուսին զիջում էին իրենց չափսերով,
բայց նրանից ոչ պակաս էին հավաստում
կլորությունը երկրագնդի…
…Ու թեև հորեղբայրս քաղաքի ամենակենսուրախ ու
ամենասրամիտ մարդկանցից մեկն էր ու նաև ճանաչված
հաշվապահ, ինչպես և հայրս`նրա ավագ եղբայրը,
այնուհանդերձ նա էլ մեռավ, բայց ի տարբերություն
իր եղբոր, երկրաշարժից տարիներ հետո, երբ քաղաքի մի կեսը
հողի տակ էր, իսկ մյուս կեսը` քաղաքից ու երկրից հեռու…
ՈՒ թեև խորը աշնանային հուղարկավորության
այդ օրը զարմանալիորեն անձրև չեկավ,
սակայն Ամերիկայից
զանգահարեց նրա միակ որդին և հեռախոսով կարդաց
այդ ցավալի առիթով գրած իր լալահառաչ
բանաստեղծությունը,որի մեջ սկզբից մինչև վերջ
անձրև էր գալիս,
իսկ կարճատև ընդմիջումներին նշվում էին համաշխարհային
տնտեսական ճգնաժամի ծանր հետևանքները, ավիատոմսերի
օրըստօրե թանկացող գները,
երկու երկրների միջև ընկած հեռավորությունը,
որը գնալով ավելի է հեռանում
և իր անսահման խորը վիշտը, որը գնալով
ավելի է խորանում…
…Լսելով նրան, արտասվում ու մտածում էի ես դառնորեն,-
հիրավի, այս կլոր երկրագնդի վրա ցավը ոչ միայն խորը,
այլև տափակ է լինում,
բայց որ այսքաˉն տափակ…
ՄԱՐԴԿԱՆՑ ՄԱՍԻՆ
Ժողովուրդների բարեկամության մասին ամենաշատը
սկսում են խոսել պատերազմների նախօրեին և կամ
ազգամիջյան կոտորածների կարճատև ընդմիջումներին,
երբ երկուստեք հոգնում են սուր ճոճելուց
ու միմյանց թրատելուց,
ու ևս մի քիչ` կխեղդվեն արյան ծովերի մեջ,
ահա թե ինչու
փորձում են ժամանակ շահել դիակները թաղելու,
արդյունաբերությունը զարգացնելու համար…
Բյուջեից մեծ գումարներ կհատկացվեն`
կրթությունը կատարելագործելու նպատակով:
Նոր դպրոցներ կկառուցվեն` մեծ պատուհաններով
և հարմարավետ նստարաններով,
նոր եկեղեցիներ` ավերվածների տեղում:
Նոբելյան և զանազան այլ մրցանակներ կշնորհվեն
գրողներին` արդարություն, գութ ու կարեկցանք,
խաղաղություն գովերգելու համար:
Բայց ամենաշատը
կշահեն երաժիշտներն ու երգիչները,
ամենուրեք` փակ ու հատկապես բաց դահլիճներում
կհնչեն երգ ու երաժշտություն,
հնարավորին չափ բարձր և ուժգին`
խլացնելու աստիճան… Որպեսզի այդ համընդհանուր
աղմուկ-աղաղակի մեջ չլսվի
վիթխարի գործարաններում
արտադրվող նոր զենք ու զրահի թխկոց-չխկոցը…
P.S. Չմոռանամ նշել ամենավտանգավոր պահը.
դա այն ժամանակն է,
երբ տագնապալի խոսակցություն կծավալվի
ծխելու վտանգավորության մասին, այն մարդկանց
առողջությունը պահպանելու մտահոգությամբ, որոնց
պատրաստվում են գլխովին կոտորել
ընդամենը մի քանի օր հետո: