Նորայր Սարգսյանի «Չինական պատ» ժողովածուում զետեղված են հեղինակի տարբեր տարիների պատմվածքները։ Թեմատիկ միասնությամբ պատմվածքները հաջորդում են մեկը մյուսին, և եթե փորձ կատարվի միասնական վերնագրի տակ առնել մինչև «Ներկած քուչա» պատմվածքն ընկած մյուս գործերը, տպավորություն կստեղծվի, թե դրանք կազմում են ամբողջական վիպակ։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ գրողն այս պատմվածքներում սեփական ճանապարհն է հարթում դեպի ժամանակակից գրականություն՝ թիկունքին ունենալով և մեծ ազդեցություններ կրելով նախորդ շրջանների երևելի գրողների՝ Չարենց, Հ. Մաթևոսյան, երբեմն էլ Լ. Խեչոյան և Վ. Սիրադեղյան։
Գիտականի ու գեղարվեստականի հետաքրքիր համադրությամբ կյանքի տարբեր երևույթներ են ներկայացվում, բացատրելու փորձ կատարում։ Այդ անցումը բավականին սահուն է և ինֆորմատիվ, քանի որ եթե սովորական ընթերցողը որոշի կարդալ այս պատմվածքները, անհրաժեշտություն կառաջանա փնտրել ու տեղեկություններ գտնել այստեղ հիշվող տարբեր մարդկանց ու իրողությունների մասին։
Պատմվածքների հիմքում ընկած է հեղինակի կյանքը, այն հասկանալու անընդհատ, անվերջ փնտրտուքը։ «Անհարմարություն․ ահա այն բառը, որը, եթե լակոնիկ գրող լինեիր, կգրեիր ու այդքան չէիր ծավալվի գոյությունդ բացատրելու ընթացքում»։ Այս պատմվածքերի ամբողջ ընթացքը հեղինակի պայքարն է, գաղտնի ու բացահայտ երկխոսությունն ինքն իր հետ, գրող դառնալու ինքնախրատ, դժգոհություն, գովասանք։ «Եթե չկա մի բան, որի համար պիտի վազես, ու դու նստում ես գետնին՝ հոգնությունդ ու զզվանքդ արտահայտելով կյանքից, հաստատ իմացիր, որ հետևիցդ վազողներ կլինեն ու, մեկ է, պիտի վազես»։
Պատմվածքներից շատերը վերածվում են գրականության, նրա թեմայի, ընթերցողի, պահանջարկի վերաբերյալ էսսեների։ Կարծես թե մինչև 20-րդ դար բոլոր թեմաները քննվել են, Սիզիփոսի նման գլորել սարն ի վեր և բաց թողել ընթերցողի առաջ կատաղի արագությամբ, իսկ այժմ ընթերցանությունը վերածվել է նորաձևության մի ենթաոճի, իսկ նոր գրողներին էլ մյուս գրողներին են կարդում՝ լավ ու վատ տարբերակելու համար։ Հայ գրականության մեջ էլ զարգացել է արձակը։ Ու դրա հզոր վարպետ Մաթևոսյանն իր կնիքն ունի հեղինակի ոճում։ Թեթև ակնարկ կա նաև ներկայի գրականության դասագրքերի վերաբերյալ․ «նայում ես գրականության դասագրքերն ու մտածում ծրագրավորող դառնալու մասին»։ Այս ամենը մեկաբանության կարիք բնավ չունի։
«Մի նախադասություն բան է գրականությունը. ես վախենում եմ մեռնել», որը համարժեք է «ես սիրում եմ կյանքը» արտահայտությանը։ Չնայած այն, որ էքզիստենցյալ մտքերի հոսքը գերակշռում է պատմվածքներում, այնուամենայնիվ տեսանելի է կյանքից կառչած լինելու պատկերը։ Սիրո ու կենցաղի՝ երկկենցաղի մեջտեղում գտնվող մարդը ամեն քայլափոխի մտածում ու վերլուծում է շուրջը կատարվածը։ Նրա անձը բաժանված է մի քանի մարդու մեջ, մեկ հոգի, սակայն սոցիալական տարբեր դերեր, որոնք իրենց ներքին փնտրտուքով ծնունդ են տալիս նոր գրվածքի։ Խմիչք, սթրես, դեպրեսիա, ավելի լավը լինելու ձգտում, կյանքը պլանավորելու համար ծախսված ժամանակահատված․ այս ամենն իրականում սպանում են կյանքը, որովհետև պլանավորածը ևս մեկ անգամ անելը կրկնակի կորուստ է ժամանակի։ Այն մեծ Չինական պատը, որն ուղղահայաց վեր է խոյանում, քանդման կարիք ունի, իսկ այդ հնարավոր է անել միայն գրելով, ընդունել մարգարեական դեմքը ու շարունակել Ֆոլկների նման մեկը մյուսի հետևից, արտաքուստ իրար հետ կապ չունեցող մտքեր գրել, որովհետև գրելը կենսական անհրաժեշտություն է, բնությունից տրված պահանջ, որը գրողը համարում է իր առաքելությունը։ «Մտքերի մեջ համարձակները կյանքում վախկոտ են լինում, ինձ նման։ Ինչքան հեռու կարող ես գնալ մտքերով, այնքան վախեր կարող ես գտնել գրիչը բարձրացնելու մեջ»։
Մեր մտքերը հողի ու ջրի խառնուրդ են, որից առաջանում է ճահիճը. որքան շատ ես մտածում, այնքան ներքաշվում ես ճահճի մեջ։ Անընդհատ հետևող սրտխառնոցն ու կյանքի՝ անեծք լինելու հանգամանքը ստիպում են կտրվել իրականությունից։ Այս պատմվածքներում երազի ու իրականության սահմանը խիստ հարաբերական է, մեկ՝ մարդ-հարբեցող, մեկ՝ Չե Գևարա, մեկ՝ Մաթևոսյանի զրուցակից, մեկ՝ հայելու դիմաց կանգնած դեմքը երկար ուսումնասիրող էակ, որը հավատացած է, թե կեսն իրեն է պատկանում, կեսը՝ չէ։ Վերջապես ո՞վ է նա, ինչպե՞ս հասկանալ ներսի մարդուն։ «Հոգին ուղեղի ստեղծած ալեգորիան է, որը ամեն մեկը հնարում է իր համար, որ արդարացնի սոցիումով պարտադրված օրենքները»։ Տեղ-տեղ տողերը վերածվում են սովետական հեռուստացույցի․ սև ու սպիտակ հորիզոնական փիկսելներից հետո պատկերը ծամածռվում է, հետո վերադառնում նախնական տեսքին։
Եթե ուզում ես անմահ լինել, դարձիր անտարբեր կամ գրիր, մեկ է ժամանակը ամեն ինչ կգցի տեղը։ «Կյանքը կդառնա տողեր։ Անմահությունը անտարբերությունն է շրջապատի հանդեպ։ Էլ ուրիշ ինչպե՞ս կբնութագրես անմահ էակին, եթե ոչ անսահաման, տիեզերքի չափ անտարբերությամբ»։
Պատմվածքներում կա նաև հայրերի ու որդիների հավերժական հարցը, հարազատների նկատմաբ սիրո դրսևորման ուշացածության խնդիրը։ Նա որոշել է միայն գրել և մտքում սեր արտահայտել ու ափսոսանք, բայց արդյո՞ք սա լուծում է։ «Հայրը տղայի համար Աստված է, ու կապ չունի, թե ինչպիսին է, ինչ է անում, ուժեղ է, թույլ է։ Ճանապարհին երազում եմ շատ փող ունենալու մասին, բայց ոչ թե իմ, այլ հայրիկի։ Բայց առավոտը արթնանում էի ու մորիցս փող էի վերցնում սիգարետի համար, որ ավելի լավ երազեմ, որ ավելի շուտ սատկեմ»։
Հպանցիկ տողեր կան նաև նվիրված պատերազմին, դրանք ավելի նուրբ են ու ներկայացնում են մի ամբողջ սերնդի հոգեբանություն։ «Ու կռվի գնացած տղեքի կույր տղությունը չկա, ու կռվի չգնացած տղեքի ամոթալի վախը չկա, ոչինչ չկա պատից հետո, ոչինչ չկա հեռուներում, ոչ մի նոր բան։ Շատ կարևոր բաներ էին եղել 90-ականներին, որ անցնեին-գնային»։
Այս բոլոր պատմվածքները՝ («Չե Գևարա», «Չինական պատ», «Դուռը», «Անեծք» և մյուսներ), ճամփա են հարթում ամենածավալուն պատմվածքի՝ «Ներկած քուչա»-յի համար։ Ժամանակին Մաթևոսյանը գրում էր․ «Օհանեսի փորձն եմ ուզում կրկնել գրականության մեջ. ուզում եմ մի նոր հովիտ բռնել ու բնակեցնել նոր մարդկանցով ու կենդանիներով և կարծես թե հաջողում եմ։ Շատերն իմ հիշողության գյուղից են գալիս, երբեմն էլ կարողանում եմ զուտ ինձանից ստեղծել։ Շատ կուզենայի, որ իմ հովիտը մեծ ու արևոտ լիներ, կուզենայի՝ նրա բնակիչները միայն լավ մարդիկ լինեին, բայց ես ստիպված եմ լինել իմ ժամանկի տարեգիրը»։
Նորայր Սարգսյանը, գուցե ոչ մտադրված, սակայն առաջին հայացքից կատարել է գրեթե նույնը։ Ներկած քուչան նրա մանկությունն է՝ իրենք իրենց բնակեցված ու սեփական գույներով ներկված մարդկանցով։ Ընդհանրապես մանկությունը պարբերաբար երևում է բոլոր պատմվածքներում, այստեղ՝ առավել ևս։ Պարզ, անմիջական, ֆուտբոլի մոլի երկրպագու, որի համար աշխարհը սահմանափակվում էր այդ ներկած ճաղավանդակներում ու բնավ էլ նշանակություն չուներ, որ իրենց փողոցում մի երևելի մարդ չի ապրել։ Այստեղ գույն ուներ ամեն մանրուք, գունավոր էր ընկերությունը, մտածելակերպը։ Ներկած քուչան ազատություն էր՝ դեպի անըմբռնելին, անշահախնդիրը, անվերջանալի թվացողն ու մանկականը։ Այդտեղ է նրան համբուրել տիկին արվեստը, այն բոլոր բոհեմներից ավելի սիրուն է, բոլոր երեկույթներից ավելի վառ։ Ձեր բակում էլ հաստատ կգտնվեն Շալախի, Ռոկի, Պուխի նման մարդիկ ու ընթերցելիս կզգաս երևանյան կոլորիտը, հոտը։ Մենք սիրում ենք մեզ մանուկ հասակում։
Գրողն ունի սեփական ոճը, կարողանում է գտնել համապատասխան բառերը, սակայն նրա պատմվածքներում գերակշռում են նաև ուրիշները՝ հայտնիները, նրանց մտքերից պատառիկները։ Բնականաբար գործ ունենք գրական ազդեցությունների հետ, ի վերջո մարդը իր կարդացած գրքերն է, և այն փաստը, որ Նորայր Սարգսյանը ինտելեկտուալ գրող է, անհերքելի է։ Նա փորձ է անում վերացնել տարածության ու ժամանակի առասպելը։
Ու ինչ գրականություն՝ առանց ժամանակաշրջանի քաղաքական որոշակի ենթատեքստի. հեղափոխություն, երկար սպասված ոգևորություն։ Ու թող մտքերն էլի գան ու գնան․ մի օր պատին նկարած արևները կվառվեն, կմեծանան ու կայրեն մակերեսը, և միայն այն ժամանակ սև ներկի տակ դու կտեսնես ինձ․․․ Ես քո մեջ կամ, որովհետև դու գույն ես, իսկ ես՝ լույս։ Ով գուցե մի օր այդ պատին փորագրվի՝ Այստեղ ապրել է Նորայր Սարգսյանը։
Եթե ընթերցողն իրեն գտնի, տեսնի այս գրքի մեջ, ուրեմն հեղինակն իրապես հաջողել է։