Կար ժամանակ, որ Նորոյի անունը թաղում պատ էր ծակում։ Համբավը տարածվել էր հարակից թաղերում էլ։ Մի քանի կանգառ ներքևում Նորոյին էլի էին տեղը բերում, բայց հիմնականում հասակակիցները, ում համար Նորոն մեքենա էր բերել Գերմանիայից, ջահեր՝ Չեխոսլովակիայից, սպիտակեղեն՝ Սիրիայից։ 80-ականների վերջի ու 90-ականների սկզբի ալիքի վրա էր Նորոն սերֆինգ վարել, բարձրացել, գլխապտույտներ ապրել ու հետո մնացել ալիքի տակ՝ պարտքերով ու գլխիկոր, ինչպես ժամանակին շատ շատերը։ Նորոյի երբեմնի բարեկեցիկ կյանքի մասին վկայում էին միշտ թարմ վիճակում գտնվող 600 Մերսեդեսը, լեհական կահույքն ու միշտ պճծնված ու վրան փող չխնայող տիկինը։ Կենտկոմի քարտուղարների, իսկ հետագայում նորելուկ կապիտալիստների տիկնանց բոմոնդին էր պատկանում Նորոյի կինը, ում հմայքն ու անունը ոչ պակաս մասշտաբներ էին ընդգրկում, քան առևտրականությամբ նոր շրջապատում հայտնված ամուսնունը։
90-ականների կեսերը ճակատագրական էին Նորոյի և իր սերնդակից շատերի համար, որոնք տոգորված էին արագ հարստանալու, մի բան քերելու մոլուցքով։ Երկաթյա վարագույրի պատռվելուց հետո արևմտյան հովերն անասելի արագությամբ սողոսկեցին մեր կողմեր և տակնուվրա արեցին յոթ տասնամյակի ընթացքում ձևավորված հոմոսովետիկուսի վարքն ու բարքը։ Նորոն հայտնվեց վայրի կապիտալիզմի ճիշտ կիզակետում, որտեղ ծնողը՝ զավակին, եղբայրը՝ եղբորը, հարևանը՝ հարևանին, թոռը պապին ուրանում ու չէին խնայում, ու այն էլ հանուն ինչի՞, հանուն նորահայտ կանաչ թղթադրամի, որը Նորոյի անվան պես ծակում էր պատեր՝ մեկը մյուսից հաստ ու անանցանելի։ Ու Նորոն դիմադրեց թե՛ տարատեսակ պարտապանների սպառնալիքներին, թե՛ ամեն քայլափոխի հանդիպող խաբեբա գործարարներին, թե՛ նույնիսկ հայրական տան վրա աչք ունեցող խորթ քրոջ նկրտումներին։ Դիմադրեց համառորեն, դիմացրեց տղամարդու պես՝ լուռ ու ներքուստ, առանց գանգատվելու ու նեղվելու։ Ու վերջապես, կիսամաշված առողջությամբ դուրս եկավ 2000-ականների սկիզբ։
Նորոն մեծացել էր գրեթե որբ։ Պատանի հասակում կորցրել էր հորը։ Խորթ հորից չէր հասկացել ոչինչ, իսկ մորից ստացել էր սառն անտարբերություն՝ որպես պատասխան խաբեբա ու հարբեցող հոր հասցրած տառապանքներին։ Անկեղծ մղումներով ու պարզ մարդկայնությամբ, բայց վաճառականի խորամանկությամբ էր Նորոն հայտնի շրջապատում։ Ինքն իրեն տիրություն անելով, շառից ու փորձանքից հեռու մնալով, լավից-վատից կարողացել էր ոտքի կանգնել, իրեն մարդ սարքել ու մի բան էլ՝ ընտանիքի հայր դառնալ։ Ու հիմա, ի թիվս Մերսեդեսի, Նորոն ուներ մեկ այլ հպարտություն ևս՝ Հովոն՝ մինուճար որդին։ Իրենց ցեղին մի քանի սերունդ հետապնդող քրոնիկ վաղամեռիկությունը մտքում պահած՝ Նորոն անմնացորդ նվիրվել էր որդուն իր նպատակին հասցնելու սրբազան գործին՝ չխնայելով ոչինչ։ Հովոյին էին պատկանում թաղի ամենաթանկարժեք խաղալիքները, հեծանիվների մեկը մյուսից տարբերվող մոդելները, դեղին լաբրադորը և, վերջապես, թաղի առաջին ՓլեյՍթեյշնը։ Նորոն դարձել էր միտք ընթերցող և Հովոյի խոսքը բերանից դեռ դուրս չեկած՝ «приз в студию»։ Հայրը որդուն տուն էր բերում միայն ուշ գիշերին։ Երբեմն պատահում էր, որ օրերով տուն չէին էլ գալիս, և Հովոն գիշերում էր Նորոյի սիրուհիների տներում կամ ընկերների ամառանոցներում։ Հովոն մեծանում էր՝ հարմարված միջավայրին, որտեղ նրան կարելի էր ամեն ինչ ու ներվում էր ամեն ինչ։ Հակառակ հորը՝ որդու մեծանալուց գրեթե անտեղյակ մնացած մայրը չէր էլ թաքցնում իր երջանկությունը, որ Նորոն նրան ազատել էր Հովոյով զբաղվելու գլխացավանքից։ Ցանկության դեպքում անգամ նրա հագեցած օրակարգում որդու համար տեղ գտնելը բարդ էր․ դժվար էր թողնել գեղեցկության սրահները, թանկարժեք խանութներն ու ռեստորանները, իսկ սուրճի բաժակ նայող ընկերուհիներից կտրվելը մի յուրատեսակ փորձություն պիտի լիներ։ Կարճ ասած՝ գոհ էին բոլորը, երջանիկ էր Հովոն։
Իրար հաջորդող տարիները ոչինչ չավելացրեցին Նորոյի թափին և այն մի պահ կանգ առավ, ապա սկսեց կամաց-կամաց թուլանալ։ Նրա երբեմնի անունն էլ ոչինչ չէր ասում Հովոյից տարիքով փոքրերի շրջանում։ Միայն լավ պահպանված 600-ն ու ծերության դեմ անմնացորդ կռիվ տվող մայրն էին հուշում, որ վաղ անցյալում Հովոյենք ապրել են առոք-փառոք։ Նորոյի Չաղկալը մեծացավ և դեմքը ծածկվեց մազերով, հանգամանք, որ շատ էր մտահոգում հորը. որդու հետ կապված ամեն թերություն վերագրում էր մորական կողմին։ Ու պատահեց, որ Հովոն փորձեց ճտպտալ թաղում և ինչ-որ մի պահ, ինչ-որ մի ձև գտավ իրեն ենթարկեցնելու ծխախոտի կոթուկ հավաքող մի քանի ջահելի։ Հոր հպարտության խորհրդանիշն իրեն հետայսու բացարձակ հեղինակություն էր զգում և վաղ երիտասարդության հովերից քշված՝ որոշեց դուրս գալ «հեղինակության» համաերևանյան բարձրագույն լիգա։ Չհաջողվեց։ Թափը չհերիքեց։ Ու Հովոն գլխիկոր վերադարձավ թաղային մակարդակ և բավարարվեց իրենց ինը հարկանի շենքի տարածքով։ Հայրը շարունակ գլխի վրա էր պահում որդուն։ Նրա համար Հովոն միշտ ճիշտ էր՝ անկախ ամեն ինչից։ Այս համոզմանը կառչած մնալով՝ Նորոն բազմիցս հայտնվել էր անախորժությունների մեջ՝ փորձելով փրկել որդու անկառավարելի ու անընդունելի վարքը։ Ներքուստ զգալով, որ Հովոյին սանձելու հարցում ինքն արդեն անզոր է՝ հայրը հաճախ էր նրա սրտով շարժվում՝ փորձելով գոնե մոտ պահել իրեն։ Փողոցային վեճերում ու տարբեր միջադեպերում որդու ականջ ծակող ձայնը Նորոյին մի պահ տևած հայրական սնանկ հպարտությունից փոխադրել էր մշտական տագնապի շրջան։ Ամեն անգամ մի նոր փորձանք, ամեն անգամ նոր դեմքերի հետ՝ մեկը մեկից ազդեցիկ, մեկը մեկից հանցագործ։ Տագնապն ու մտահոգությունը Նորոյի սրտում կանոնավոր բույն էին հյուսել։ Հովոն հաճախակի տուն չէր գալիս, բակում էլ գրեթե չէր երևում, երևալուց էլ հոր հարցերին տալիս էր ցրողական ու ոչ հստակ պատասխան։ Ոստիկանության Երևանի մի քանի բաժիններում Հովոն արդեն ծանոթ էր շատերին։ Մոր համար, սակայն, ոչ մի անհանգստացնող հանգամանք էլ չկար․ նույն Հովոն էր, ում դեմքն օրերով չտեսնելուն վաղուց էր վարժվել ու եթե չլիներ նրանց միավորող գենետիկ հանգամանքը, դժվար էր սառնությունից կռահել, որ մոր ու որդու հարաբերություններ են։
Հովոն դարձել էր հոր հոգեառը։ Պետք էր որդուն նախ տեղավորել աշխատանքի, հետո էլ շտապ լուծել ամուսնության հարցը․ «աղջիկը կկապի սրա ոտը տնից ու խելքի կբերի»,- առավոտից ինքն իրեն համոզում էր Նորոն։ Բայց Հովոն ո՛չ մասնագիտություն ուներ, ո՛չ էլ ձեռք բերելու առանձնապես ցանկություն։ Փողոցն էր նրա բնական արեալը, ու հանել, կտրել նրան փողոցից անհնարինին մոտ գաղափար էր։ Աղջիկների հարցում էլ հաջողությամբ աչքի չէր ընկնում։ Թեև շիկավուն մազերն ու կանաչին խփող աչքերը աղջիկների մոտ հետաքրքրություն էին առաջացնում, բայց լոթի-փոթի կենսակերպը միանգամից վանում էր։ Ի պատասխան՝ նա մանկամտաբար պիտակավորումն էր իրեն մերժողներին, երբեմն նույնիսկ, վիրավորում, կոպտում ու նոր խնդիրներ ստեղծում ինքն իր համար։
Հոսող ժամանակը Նորոյի մտքում վառ էր պահում ահագնացող խուճապի և գրեթե կեսդարի մոտեցող փոթորկալից կյանքի պատկերը։ Ամեն ինչ ներս գցող տղամարդն աստիճանաբար հյուծվել ու կորցրել էր քունը։ Պարբերաբար ավելացող դեղերի քանակի հետ զուգահեռ նա ավելի քիչ էր ներսուդուրս անում։ Օրը թվում էր տարի, իսկ ծառերից պոկվող տերևներն ավազի ժամացույցի պես բերում էին ժամանակի ավարտը։ Ու մի աշնանային ցուրտ գիշեր, երբ Հրազդանից եկող մեքենաներն իրենց տանիքներին առաջին ձյունն էին կրում Երևան, հանկարծ մի լալահառաչ կական պայթեց օդում։ Նորոյի կինը գիշերվա կեսին իր ողբաձայն գոռոցով գուժում էր ամուսնու վախճանը։ Քաղաքի վրա կախված գիշերային սառնամանիքը սրաշեղբ ածելու պես հատում էր ողբաձայն հեկեկոցին ականջալուր հարևանների դեմքերը։ Իր 50-ամյակից երեք օր առաջ Նորոն կնքեց մահկանացուն։ Հորն ու պապին երիտասարդ տարիքում վրա հասած մահը նրան էլ չխնայեց։ Նորոյի մահը վերջ դրեց անհոգության անժամկետ թվացող ժամանակաշրջանին և ընտանիքին դեմ տվեց կյանքի դաժան դարձերեսին։ Կինն ու որդին մնացին միայնակ՝ առանց իրենց կերակրողի և իրար կապողի։
***
Մի օր, երբ դեռ տարին չէր էլ սահել Նորոյի հողաթմբի վրայով (որը ենթադրաբար արդեն ծանր շիրմաքարով բեռնված պիտի լիներ), իսկ թաղի ողջերը նարդու շխկոցով խաթարում էին վերջալույսում խեղդվող արևի վախճանը, հանկարծ երևաց Հովոն։ Հոր մահից հետո նիհարել էր, հյուծվել, ինչպես պատահում է նման դեպքերում՝ մի քանի տարով ծերացել ու դարձել էր սակավախոս։ Փողոցային վեճերի ու դատարկաբանության երբենի լեգենդար վարպետը լուռ էր ու ինքնամփոփ։ Աչքի զարնող փոփոխություններից թերևս ամենացցունը կաղացող ոտքն էր։ Թաղում բոլորը միաբերան պնդում էին և փակում բոլոր խոսակցությունները միանգամից՝ «Հոր մահը խփեց ներվերին։ Ոտքը դրանից ա քաշում, ուրիշ բան չկա»։
Ամիսներն անցնում էին առանց իրար հերթ տալու, բայց Հովոյի կաղությունը չէր անցնում։ Ավելին, գնալով ակնառու էին դառնում նաև ձեռքերի դողը, կակազող լեզուն և մի երևույթ ևս՝ մուրացկանությունը։ Ու՞մ մտքով կանցեր, որ Ֆրանկլինի դիմանկարը բուխարու կպչան օգտագործող, որդուն ծննդյան օրը զինվորական գրքույկ նվիրող Նորոյի որդին այդքան երիտասարդ հասակում կհայտնվեր այդքան աննախանձելի վիճակում։ Թաղի բնակիչները և պատահական անցորդները չէին անտեսում, հնարավորինս տիրություն էին անում Հովոյին։ Մեկը մարդասիրությունից ու կարեկցանքից դրդված, մեկը Նորոյի նկատմամբ ունեցած հարգանքից, մի ուրիշը տան եղած-չեղածը ջրի գնով ձեռք գցելու հաշվենկատությունից։ Հովոյի վիճակը գնալով օր օրի վատանում էր, իսկ մարդկանց քսակն ու ուշադրությունը նույն արագությամբ էլ պակասում էին, մինչև կհասներ լիակատար անտարբերության, երբեմն էլ անթաքույց արհամարհանքի շրջանը։ Հետո Հովոն սկսեց փողոց դուրս գալ մոր հետ, որը սկզբում հսկում էր որդու վարքը, ապա մայրական բնազդներին խիստ անհաղորդ՝ տարվում էր բամբասանքով ամեն պատահածի հետ և անտեսում որդուն։ Ծերացման դեմ էլ ոչ մի միջոց ու միջամտություն իզորու չէին քողարկելու Հովոյի մոր կնճիռներն ու թոշնած մաշկը։ Անհոգության կենսախինդ տիրուհին, որը իր կյանքում երբևէ մեկ րոպե անգամ չէր աշխատել, վերջին խաղամոլի պես հերթով վաճառում էր լավ օրերից մնացած ոսկեղենը, թանկարժեք կահ-կարասին, ավտոտնակում և հորական տանն ի պահ տված չեխական ջահերը և վերջապես Նորոյի փառքի դափնին՝ 600-ը։ Բայց Նորոյի ժառանգությունն անսահմանն չէր և պետք է մի օր վերջանար, իսկ Հովոյի բուժումն էլ օրըստօրե ավելի էր թանկանում ու դառնում գրեթե անհնարին։
Գոյատևման հանապազօրյա մարմնական պահանջմունքները սոված ու մռայլ օրերի միջով դեպի լիակատար անորոշություն էին քարշ տալիս Նորոյի ընտանիքին։ Ինչպե՞ս պետք է ապրեր որբևայրին, եթե կյանքում երբևէ նեղություն չէր կրել, եթե որևէ աշխատանքի պիտանի չէր, իսկ փառավոր տարիներին տանն ունեցել էր եփող-թափող։ Ինչպես հետո պարզվեց, նեղության մեջ հայտնված երբեմնի տիկին Բովարիին «օգնության» ձեռք մեկնողների պակաս չկար։ Նորոյի շրջապատի որոշ թաքնված կնամեծարներ դեռ երիտասարդ տարիներից մի այլ աչքով էին նայել իրենց առաջ հաց դնող ու սրտաբաց պչրուհուն, բայց Նորոյի ահից չէին համարձակվել ավելորդ քայլ անել։ Իսկ հիմա, երբ Նորոն արդեն չկար, օջախի կենացը անցյալում իրար հերթ չտալով խմող հացկատակները հագուրդ են տվել տասնամյակների հեռվից ենթագիտակցության մեջ պահեստավորված տռփանքին ու հերթ են կանգնել Նորոյի ննջարանի դռան մոտ։ Ոմանք իրենց պարտքն են վերադարձնում մաշված թղթադրամների միջոցով, ոմանք անցյալից սրբորեն պահպանված հաշիվներն են զրոյացնում Նորոյի հետ։ Որդու տաժանակիր խաչը ուսերից գրեթե թոթափած և բթացած անտարբերությամբ՝ մայրն ինքն իրեն հանձնել էր բախտի կամայականությանը։ Երջանիկ օրերը մարդկային բացառիկ ունակություններին վերագրող, իսկ նեղության ժամին ճակատագրապաշտության մեջ սփոփանք փնտրող Նորոյի այրին առավոտից անիծում էր բախտը։ Նա մոռանում էր, սակայն, որ տասնամյակներ շարունակ այդ նզովյալ բախտը ատլասյան ամենազոր կամքով իր ձեռքերի վրա էր կրում անհոգության բազմոցին փռված իր անբովանդակ էությունը և անտարբերությունից հոգնած՝ մի օր պետք է թոթափեր երախտամոռության լուծը։
***
Ծագող արևի ու մռայլ գիշերների մեջտեղում Հովոյի հալումաշ եղած մարմինը հալածվում էր անխնա։ Ցավերը նրան հաճախ էին հասցնում հիվանդանոց։ Հետո սակայն շտապօգնության կանչերն ավարտվում էին զուտ տան պայմաններում ներարկումներով, որոնք մի քանի ժամով փրկում էին նրան ու մորը տառապանքից։ Հերթական կանչից հետո տուն մտած բժիշկները հարևանների օգնությամբ Հովոյի ծանր մարմինը մի կերպ պոկեցին հատակից ու տեղավորեցին մահճակալին։
– Խեղճ տղա, հոր մահը խփեց ներվերին,- քթի տակ շշնջաց հարևաններից տարեցը՝ ձևակերպելով պաշտոնական էպիկրիզը, որը կասկածի տակ չէր դրվում ողջ թաղում։
Հորդառատ արցունքներն աչքերից սկիզբ առնող առվակների պես թափվում էին Հովոյի ուշագնաց գլխին, որն ափերի մեջ ամուր սեղմած մայրն օրորում ու մրմնջում էր ինքն իրեն։ Ինչ-որ մի պահ վրա հասած լռության մեջ նրա ձայնն էլ ավելի պարզ ու ընկալելի դարձավ հավաքվածների համար։ Ներկաներից ոչ ոք չէր ընդհատում և ոչ էլ պատասխանում էր օդում մեռնող նրա մտքերին։ «Ի՜նչ ներվեր, ու՜մ եք խաբում»։ Հատկապես վերջին բառն արցունքները կուլ տալով արտաբերելուց հետո հարևանների ականջները սրվեցին ու կախ գլուխները վեր խոյացան սրտի սովորականից արագ բաբախոցով։ «Ո՜վ չգիտի, որ ասեղն ու դեղը տունս քանդեցին»,- խզված ձայնով հազիվ դուրս շպրտեց մայրը։ Խոստովանանք՝ եղերական ու վաղուց սպասված։
Բժիշկների համար ամենևին էլ անսպասելի չէր լսածը։ Նույնը կարելի է ասել նաև հարևանների մասին, որոնք թեև գիտեին ինչն ինչոց է, բայց պահը նրանց նետել էր ափսոսանքի, կարեկցանքի և այլ հակասական զգացումների հորձանքը։ Ոչնչով չօգնող լռությունը երբեմն ընդհատվում էր միայն Հովոյի ուշադրություն շեղող խռխռոցով։ Ներկաների հայացքները կախ էին դեպի ներքև, դեպի անդունդը, որը նայել էր Չաղկալի մեջ։ Որդուն գրկի մեջ առած՝ մայրն աչքերը չռել էր պատից կախված Նորոյի մեծադիր նկարին՝ դեմքին վաղուց պատած տագնապով։ Անիծում էր Նորոյին, ապա ինքն իրեն, դառնում ու փնտրում չուզողներին, որ աչքով տվեցին իրեն։ Հետո երանի էր տալիս Նորոյին, որ պրծավ, գնաց ու չապրեց այս ամենը և, ապա, հոգնած իր տառապանքից՝ Աստված էր կանչում, որ շուտ առնի իր ու որդու հոգիները։
Առավոտյան Նորոյենց շքամուտքն անսովոր մարդաշատ էր։ Սևազգեստ լռությունը միայն ծխախոտի ծուխն էր խաթարում։ Բժիշկների ու հարևանների գնալուց ժամեր անց Հովոն մահացել էր քնի մեջ, հանկարծակի վրա հասած ուղեղի կաթվածից՝ ճիշտ հոր նման։ Թաղի երիտասարդ գույներից մեկը խամրեց ու դարձավ հուշ։ Չնայած, երևի, շատ վաղուց էր խամրել, երբ հեշտամոլության ու քիմիայի խորտակող ճահիճը կլանել ու կանխորոշել էր անչափ կանխատեսելի ու թախծոտ վերջաբանը։ Գրբացներն ու բախտագուշակները, որոնց դռները ժամանակին բախել էր Նորոն, վանքերի պատերի տակ արված մատաղն ու տան բոլոր անկյուններից իրեն նայող սրբապատկերներն անգամ անզոր գտնվեցին բեկելու ցեղին կրնկակոխ հետապնդող վաղամեռիկությունը։