ՆՇԱՆ ԱԲԱՍՅԱՆ | Հողին ցորեն կաթեց

 

Նշան Աբասյան

ԵՐԿՈՒՆՔ

Հողը եռ է գալիս.
հասկին ցող է պատել,
հասկը երակվում է…

ԾՆՈՒՆԴ

Հողին ցորեն կաթեց:

* * *
Ամռանը տանը կլինեմ:
Մայրս սուրճ կպատրաստի:
Երկուսով կնստենք պատշգամբում:

Արևը կզրնգա:
Ճնճղուկը կծլվլա կարճլիկ-կարճլիկ…
Խաղա՜ղ-խաղաղ կլինի…

– Ի՞նչ կա քաղաքում, – մորս ձայնը կշոյի լռությունը:
Հետո ծառից մի ծիրան ցած կթրմփա…
Ես ու մայրս երկա՜ր կնայենք կեսօրին ու սուրճ կխմենք…
– Առաջվա պես, մամ…

Ամռանը տանը կլինեմ:

* * *
Սարերում սոսափում է ծիրանագույն լուսաբացը:
Մի գյուղացի բակում մորի է հավաքում:
Ծեգի զովաշունչ լռության մեջ մի մարդ մեխում է ախոռի դռնակը…
Ցածից ահա լսվում են զանգերը, և սարերում զրնգում է օդը:
Ճերմակ գլխաշորով կինը ժամերգության է իջնում…

Քչախոս մարդկանց այս գյուղը այդպես անխոս էլ արթնանում է`
հանդա՜րտ, անսեթևեթ, արևագալի պես պարզ…

* * *
Ռեհանի փոքրիկ մարգի մեջ
գլուխը խոնարհ` կանգնած է ցածրիկ արևածաղիկը…

Ամեն օր կեսօրվա ժամին արեգակն այստեղ բեկվում է,
թևերը օծում ռեհանով…

* * *
Դեղձուտի խորքից իր ծե՜ր քայլերով
ելնում է պապս…
Եվ ինձ թվում է`
դարերը հսկա դեղձենիներ են,
պապս` մենություն…

* * *
Արևը հատեց, բոկոտն անցավ
աղջիկը դեղին շալերով:
Ամառը կիսեց,
պիրկ խփե´ց-անցավ
մարմարին ծիրանի ոտքերով…

* * *
Արևի մի փեշը` թաց քարին,
մյուս փեշով առվի հետ է խաղում…

* * *
Լռի՜ն կեսօր է,
և վանականի երկայն փեշերից
ավազի վրա կեռաս է կաթում…

Տեր Արամ քահանա Ղազարյանին

Share Button

Նշանաբառ՝

1 Կարծիք

  • Տաթև says:

    Հիանալի գործեր՝ անսահման մաքուր, զուսպ, առանց ավելորդ բառերի: Լռության մեջ ամեն ինչ է ասված:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *