ՆՈՒՆԵ ԼԵՎՈՆՅԱՆ| Բանաստեղծություններ

Նունե Լևոնյան

***
Ծիծաղելով գնացինք հոգեհանգիստ,
ծիծաղելով բարձրացանք աստիճաններն ի վեր,
ծիծաղելով իջանք աստիճաններն ի վար,
փռթկացինք՝ ծաղկեպսակները տեսնելով,
մի կերպ թաքցրինք ժպիտներս՝
լսելով ողբը հանգուցյալի հարազատների:

Երեկոն այնքան հրաշալի էր,
Եվ մենք այնքա’ն էինք ուզում ապրել:

***
Ես սիրում եմ հեքիաթներ,
որտեղ աղջիկը մազերի հյուսքը ցած չի նետում
աշտարակի իր պատուհանից՝
տղայի հերոսության համար հարթելով բոլոր խոչընդոտները,
և տղան կոտրում է աշտարակի դուռն ու
բարձրանում սովորական ճանապարհով:
Ես սիրում եմ այն վերջաբանը,
երբ երկնքից չի ընկնում երեք խնձոր,
այլ խնձորենու սերմերը
խնամքով ցանվում են
սեփական այգու հողում:
Ես սիրում եմ հեքիաթների ենթադրվող շարունակությունը,
երբ ծնված երեք որդիներից ամենաքաջ կրտսերը
ցուպն ուսին չի գնում բախտ որոնելու,
այլ մշակում է սեփական այգու
խնձորենին:
Ես իսկական հեքիաթներ եմ սիրում:
Ես չեմ սիրում իրականությունը:

***
Ես կկերտեմ քեզ, Բրուտոս, ոչնչից`
Հարազատ դիմագծերով,
Ներսումս ամեն օր
Նույն դավաճանին սպանելու համար:

***
Մի թող, որ բոլոր աղոթքներս, Տե’ր,
Ի կատարումն շուտ հասնեն այսքան,
Քանզի առաջին օրից արարման
Համբերության մեծ բաժակի համար
աղոթում եմ դեռ:

***
Դիմացից
եկող մեքենան
գնում էր մեր երազանքների ճանապարհով,

մենք չհամարձակվեցինք զգուշացնել վարորդին,
որ այնտեղ, ուր նա գնում է,
միայն վերադարձի ճանապարհներ են:

***
Անունդ սահում է կողքովս`
տարբեր իրերի վրայով,
իբրև իմիջիայլոց` նայում է աչքերիս,

ու մտաբերում եմ, որ
եղել ես,
իբրև իմիջիայլոց` նայել ես աչքերիս,
և իրերը սահել են մեր կողքով:

***
Տուփի մեջ,
որը վերջին վկան էր մեր հարաբերությունների,
դեռևս երեկ մի քանի անձեռոցիկ կար:
Բայց այսօր
վերջինը սրբեց
խոնավությունը պատուհանի ապակու,
և դուրսը
սկսեց
երևալ:

***
Չափավոր խելագարություն է, սիրելիս.
կանցնի, չմտածես, կանցնի:
Կվերադառնանք քո փափագած անդունդը՝
տագնապներից, կրքից հեռու:

Չափավոր վաղեմության մոտիվներ են.
վայելում ենք շեղումը օրվա:
Հավերժի պատկերն ու անունը
փոխում ենք վայրկյանը մեկ.
Կանցնի, չմտածես, կանցնի:

Մի օր, երբ գանք սկզբնակետին՝
սնուցված այսօրվա տագնապով,
մեր բոլոր խոստում-պարտքերը
իրենց դերը լիովին կկորցնեն:
Սիրելիս, չափավոր երջանկություն է,
չափավոր վախեր են, որ կանցնեն…

***
Ճանապարհս լքելու պատճառով
դիմացս հայտնվող ետդարձի սլաքով
տառապանքի ցուցանակներից դու այն ես,
որն ուզում եմ պոկել ու տանել ինձ հետ,
ու եթե չստացվի,
կանգնած կմնամ,
և դատաստանի օրվանից հետո անգամ
ինձ կարելի կլինի գտնել
ճշտի ու սխալի
ճամփաբաժանին:

***
Ես սիրում եմ լքել,
Որովհետև ինձ դուր է գալիս դռան շրխկոցը թիկունքիս ետևում:

Ու երբեմն հաճելի է զգալ քամու սառնությունը՝
Տնից բաժանող հազարավոր կիլոմետրերի վրա:

Քեզ սիրելը նման է թրև գալուն
Անիմանալի ինչ-որ խաչմերուկներում,
Ուր սպիտակ դրոշակները օրհնություն են թափահարում
Ցանկացած վերջաբանով ճանապարհի:

Ես այլևս չեմ վերադառնա այնտեղ,
Ուր վերադառնում են՝ դառնացած հնարավոր հեռուներից:

Եթե անգամ քնով են ընկել հարբած հրեշտակները՝
Դռներ կան, որ բացվում են միայն հեռանալիս:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *