Հենրիկ Էդոյան | Նույն արևը

Լուսանկարը՝ Կարեն Անտաշյանի

ՆՈՒՅՆ ԱՐԵՎԸ

1.
Ապրում եմ միայնակ, բարձրացող և իջնող
արևների միջև, երկու անվերջության, որոնց ստվերները
ընկած են իմ բոլոր
քայլերի վրա: Նույն արևն է, սակայն
տարբեր են վայրերը: Հավերժը մեկ է,
բայց նրա դռները
անթիվ են, անսահման: Ամեն դուռ քո առջև
բացում է մի աշխարհ, ո՛չ նման մյուսներին:
Ո՞ր դուռը պիտի բացես, որ չմոլորվես,
ո՞ր ուղու վրա
քո ոտքը պիտի դնես, բարձրացող և իջնող
արևների միջև, միակ օրվա մեջ,
որ լույս է տալիս քո բոլոր օրերին,
իսկ ինքը մնում է անհայտ ու աներևույթ:

 

2.
Արևելքից բարձրացող արևը և Արևմուտքում
մայր մտնող արևը՝ նույն արևն է, հզոր
իր գոյության մեջ,
շրջված դեպի մեզ: Չկա առավոտ՝ առանց
մայրամուտի և չկա մայրամուտ՝
առանց առավոտի: Նրանց մեջ դու քայլում ես
քշված քո սեփական մտապատրանքներից,
նայած՝ թե քամին ո՞ր կողմից կփչի: Քո աչքերի դեմ
բծերն են փայլփլում կեղծ արևների: Քո գլխավերևում
հավերժությունը իր հին խաղն է խաղում –
դու տեսնում ես նրա հետևանքները,
բայց խաղը չես տեսնում: Այդպես ծառերը
անտառն են թաքցնում, այդպես բառերի մեջ
մեռնում է լեզուն:

 

ԿՈԼՈՒՄԲՈՍԻ ԱՐՁԱՆԸ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅՈՒՄ

Ետևում քաղաքն է, առջևում՝ օվկիանոսը, ուր դանդաղ
նավերը լողում են ինչպես հարյուրամյակները:
Բարձրահարկ շենքի քսանչորսերորդ հարկից մի սրճարանի
լույսերն են առկայծում,
ինչպես երկնքում Փետրավոր Օձի համաստեղությունը,
որի քրմերը օրվա մարմինը տանում են դեպի
զոհաբերություն: Ծուխը բռնել է քաղաքն ու օվկիանոսը:
Ուրանի ամպեր են լողում տագնապահար
ծովում հանդարտ սահող զբոսանավակների
գլխավերևում: Մայր մտնող արևը ինչպես քրմի ձեռքում
թրթռացող մի սիրտ
ընկնում է ջրերի մեջ և հանգչում աղմուկով:
Քո աչքերը տեսնում են հեռուները՝ անհայտի
էկրանի վրա, ինչպես արտաքին ինքնապատկերները
ներքին ամայության: Մի՛ մտածիր, նայիր –
մեռյալների հոգիները անցնում են կամուրջով:
Նրանց լռությունը տիեզերքի ողբն է, որ իջնում,
կանգ է առնում քո դեմքի վրա:
Ճիշտը հենց այն է, ինչը տեսնում ես դու Սուրբ Ֆրանցիսկի
արցունքոտ հայացքի տակ:

 

ԻՄ ՔԱՅԼԵՐՆ՝ ԱՎԱԶԻՆ

Իմ քայլերն՝ ավազին, իմ քայլերն՝ ավազին,
տեղատվության բաց տարածություն,
մինչև մոտեցումը
մակընթացության, երկու շարժումների
սահմանագծին:
Իմ քայլերն՝ ավազին, իմ քայլերն՝ ավազին,
հենվում եմ ստվերներին, ջրերին, բառերին,
բռնում եմ փրփուրներից, հույսից, պատահարից,
գիշերվա մոմերից: Սրանք երազներ չեն,
այլ բառեր քեզ համար,
նշաններ ավազին, որ միայն դու գիտես,
մի ձեռքի թափահարում,
որ դու կհասկանաս:
Ոչ տրտունջ, ոչ հրաժեշտ:

 

ԱՐՎԱՐՁԱՆԻ ԳԻՇԵՐԸ

Լապտերը գիշերվա մեջ իր լույսերն է սփռում
մառախլապատ: Չղջիկներն արագընթաց
կտրատում են օդը, ինչպես վամպիրներ, և մի պահ
անհետանում: Տները խավարի մեջ
ննջում են՝ ականջը ինչ–որ ձայների: Նրանց
քնի մեջ լուսինը կնքում է
դռները ամուր փակված և դնում նրանց վրա
իր նշանները: XXI դարի
նշաններն անորոշ են, լուսինը
դա գիտի: Գիշերը ծանր է անցնում
արվարձանի անհարթ, անուղիղ
նրբանցքներում: Սոսկալի մի սարդ ամպի մեջ համառորեն
իր ցանցն է գործում, որպեսզի նրա մեջ
քո ցրված ոսկորները մեկ–մեկ հավաքի: Ոչ, դա
լուսինը չէ, որ հեռվից քո քայլերն է լուռ հաշվում:

Ես գիտեմ՝ անհնար է մտածել
քո մասին, գիտեմ՝ ինձ տրված է
լսել և ոչ՝ խոսել: Ես ինչ փնտրում եմ՝
թաքցնում է դեմքը, ինչը
գտնում եմ՝ դնում եմ
մի կողմ: Օրը վերջանում է: Տխրության
ստվերները սուզվում են անդորրի մեջ:
Արդեն մթնում է:
Դու որտե՞ղ պիտի քնես, որտե՞ղ է բացված
քո անկողինը:
Դրսում անձրև է:

 

* * *
Օրվա երեսը շրջվում է դեպի ինձ:
Քաղիր արդեն հասուն զգացմունք–մտքերը,
մնացածները թող լցվեն, կանաչեն,
բարձրանան թարմ օդի շնչառության մեջ,
ճանաչեն իրենք իրենց:
Ձեռք մի՛ տուր նրանց, քո երեխաներին,
որոնք մի օր քո աշխարհը պիտի արդարացնեն:

 

ԼՈՒՅՍԸ ՄԻ ՀԱՆԳՑՐԵՔ

Լույսը մի՛ հանգցրեք

երբ ես քնում եմ
լույսը թող վառ մնա
մինչև առավոտ
և մինչև գիշեր

Լույսը մի հանգցրեք

 

ԻՆՉ–ՈՐ ԲԱՆ ՑԱԾ Է ԸՆԿՆՈՒՄ

Ինչ–որ բան ցած է ընկնում աղմուկով, շառաչյունով,
ինչ–որ մեկը խեղդվում է, շնչահեղձ լինում
հողի կոշտ մարմնի մեջ, քարերի
մակերեսներին, կոտրվող ոսկորների ճարճատյուններում:
Նա, ով մեռած էր, աչքերն է բացում,
նա, ով ապրում է,
փակում է աչքերը: Մեկը կտրում է
ճակատագրերի ձգված
լարերը: Ինչ–որ ձեռք շարժում է
պետությունների անկյունաքարերը, ձայները
չքանում են,
մնում են նրանց արձագանքները, իրերը չեն ապրում,
ապրում են ստվերները: Մեկը շրջում է
կյանքը հակառակ
իր կողմի վրա, դեպի անհասցե
արահետները, շփոթում տեղն ու
տարեթվերը: Մեկը հեռուներից ձեռքն է թափահարում,
ինչ–որ բան աղաղակում:
Ոչ ոք չի պատասխանում:
Ոչ ոք չկա շուրջը:

 

* * *
Քաղաքից հանել են տրամվայը, ինչպես
քո կյանքից հանում են քո մանկությունը:
«Գնա,— ասում են,— դու չունես ոչ մի սկիզբ,
չունես նպատակ»: Չկա վերջ: Վերջն արդեն
ոչ վերջ է, ոչ սկիզբ:
Մեկն ինձ ձայն է տալիս:
Մեկն ինձ է որոնում տարիների մեջ –
երկու փայտ, մի անուն,
ոչ այստեղ, ոչ այնտեղ,
միաժամանակ և՛ այստեղ, և՛ այնտեղ,
այսինքն՝ ոչ մի տեղ,
ոչ մի տեղ՝ իմ տեղը:

 

ՆՈՒՅՆ ՕՐՎԱ ՄԵՋ, ԱՅՍՏԵՂ

Մենք աշխարհ եկանք միաժամանակ,
ավաղ, երկու տարբեր գալակտիկաներում,
մեր ուղեծրերը մի անգամ հանդիպեցին
իրենց պտույտի մեջ, ձեռքով արեցինք
մեկս մյուսին և անցանք իրար կողքով,
տարբեր մայթերով,
նույն օրվա մեջ, այստեղ,
բայց երկու տարբեր գալակտիկաներում:
Նրանց սահմանը մեր մեջ էր քաշված,
շրջված իրար դեմ, անհնար՝ անցնելու
մի մայթից մյուսը:
Իսկ տարածությունը փոխում էր իր տեղը,
Դառնում ավելի
օտար ու անմատչելի: Նույն օրվա մեջ:
Այստեղ:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *