Թվում էր՝ լավ գաղափար է, բայց սպասեք, հիմա կպատմեմ: Մենք հարավում էինք, Բիլ Դրիսկոլն ու ես, երբ այս առեւանգման գաղափարը ծնվեց: Բայց Բիլը առաջարկեց այն՝ «ժամանակավոր մտավոր շեղման ժամանակ», որի մասին ավելի ուշ հասկացանք:
Մի քաղաք կար, նրբաբլիթի նման տափակ՝ Գագաթ անունով, իհարկե: Այնտեղ ապրում էին ինքնաբավ, մեծամիտ գյուղացիներ:
Բիլն ու ես միասին վեց հարյուր դոլար ունեինք ու մեզ անհրաժեշտ էր եւս երկու հազարը՝ արեւմտյան Իլինոյսի քաղաքաշինական սխեմայում խարդախություն անելու համար: Մենք այդ մասին պայմանավորվածություն ձեռք բերեցինք հյուրանոցի աստիճանների վրա: Մենք գիտեինք, որ կիսագյուղացիական համայնքներում երեխաների հանդեպ սերը ավելի մեծ է, հետեւաբար, եւ այլ պատճառներով նույնպես, որոշեցինք, որ հենց այդտեղ հաջողության կհասնենք առեւանգման պլանով: Մենք գիտեինք, որ Գագաթի բնակիչները ամենաշատը պետք է ոստիկաններին ներգրավեին հետախուզման գործում, եւ, գուցե, թեթեւ արյունահեղություն լիներ ու մերկացուցիչ ճառ՝ գյուղացու աշխատավարձի համեմատ:
Մեր զոհը հայտնի բնակիչ Էբենեզեր Դորսեթի միակ որդին էր: Հայրը հարգված ու խստաբարո մարդ էր: Տղան մոտ տասը տարեկան էր՝ պեպեններով ծածկված, իսկ մազերի գույնը նման էր այն ամսագրի շապիկին, որը գնում ես կանգառում՝ գնացքիդ ժամերով սպասելու ձանձրույթը մեղմելու համար: Ես ու Բիլը մտածեցինք, որ Էբենեզերի սիրտը կհալվի ու նա կվճարի երկու հազար դոլարը: Բայց սպասեք, պատմեմ:
Գագաթից երկու մղոն հեռավորության վրա փոքր սար կար՝ ծածկված խիտ մայրենու անտառով: Բարձունքի վրա քարանձավ կար: Հենց այդտեղ մենք տեղակայվեցինք:
Մի երեկո, մայրամուտից հետո, մենք կառքով անցանք Դորսեթների տան մոտով: Երեխան դրսում էր՝ ցանկապատից այն կողմ կատվի վրա քարեր էր նետում:
-Փորքի՛կ,-ասաց Բիլը,-կցանկանա՞ս մի տոպրակ շոկոլադ կամ կառքով զբոսա՞նք:
Նույն պահին մի փայտի կտոր եկավ ուղիղ դեպի Բիլի աչքը:
-Սրա համար հորից եւս հինգ հարյուր կուզենք,-ասաց Բիլը:
Տղան այնպես էր կռվում, ասես մի ծանրաքաշ գորշ արջ լիներ, բայց մեծ ջանքերից հետո կարողացանք նրան նստեցնել կառքի մեջ ու հեռանալ: Մենք նրան տարանք քարանձավ, ձին կապեցինք մոտակա մայրենուց: Գիշերը ես կառքը տարա քաղաք, հանձնեցի այնտեղ, որտեղից վարձակալել էի ու ոտքով բարձրացա սարը:
Բիլը դեղ էր քսում իր վերքերի ու քերծվածքների վրա: Քարանձավի մուտքի մոտ մի մեծ քար կար, որի հետեւում կրակ էր վառվում, ու տղան հետեւում էր կրակի վրա դրված սուրճին՝ մազերին արծվի փետուրներ կպցրած: Նա մի փայտի կտոր բռնեց ձեռքում ու դեպի ինձ ուղղելով` ասաց.
-Լսի՛ր, այ գունա՛տ, կհամարձակվե՞ս մտնել Կարմիր Առաջնորդի ճամբարը՝ սարսափների որջը:
-Հանգստացել է,- տաբատը բարձրացնելով ու վերքերը համրելով` ասաց Բիլը:- Մենք հնդկացիների խաղն ենք խաղում: Ես ծեր Հանքն եմ, թակարդ գցողը, Կարմիր Առաջնորդը գերի է, ու արշալույսին ինձ պետք է մաշկահան անի, ըստ Ջերոնիմոյի: Այդ երեխան ուժեղ է հարվածում:
Կարծես այդ տղան կյանքի լավագույն րոպեներն էր ապրում: Քարանձավում վրանի մեջ լինելը այնքան է ոգեւորել նրան, որ մոռացել է գերի լինելու մասին: Նա անմիջապես ինձ կնքեց Օձի աչք՝ հետախույզ անունով ու հայտարարեց, որ երբ իր քաջերը վերադառնան ռազմադաշտից, ես պետք է կռվեմ օձի հետ ու այրվեմ արեւածագին:
Հետո մենք ընթրեցինք, ու նա՝ լի բերանով սկսեց ելույթ ունենալ: Այն հիմնականում այսպիսին էր.
-Սա ինձ շատ է դուր գալիս, ես երբեք վրանում չեմ մնացել, ես մի պարկամուկ ունեի, երբ դեռ ինը տարեկան էի: Ես ատում եմ դպրոցը: Առնետները Ջիմի Թալբոթի մորաքրոջ հավերի տասնվեց հավկիթ են կերել: Այս անտառում իսկական հնդկացիներ կա՞ն: Ինձ էլի միս տվեք: Ծառերի շա՞րժն է քամի առաջացնում: Մենք հինգ ձագուկներ ունեինք: Աստղերը տա՞ք են: Հանք, ինչո՞ւ է քիթդ կարմիր: Հայրիկս շա՜տ փող ունի: Շաբաթ օրը Էդ Ուոքերին երկու անգամ ծեծել եմ: Աղջիկներին չեմ սիրում: Գորտերին բռնում են միայն պարանով: Ինչո՞ւ է նարինջը կլոր: Քարանձավում անկողին ունե՞ք: Թութակը խոսում է, իսկ կապիկն ու ձուկը՝ ոչ:
Ամեն րոպե նա հիշում էր, որ ձանձրալի կարմրամորթ էր, վերձնում էր փայտե զենքը, գնում դեպի քարանձավի ծայրը՝ այն պաշտպանելու համար, կամ հանում էր նետը, որից թակարդը գցող Հանկը սկսում էր դողալ: Այդ տղան ահաբեկել է Բիլին հենց սկզբից:
-Կարմիր Առաջնորդ,-ասացի,-կցանկանա՞ս տուն գնալ:
-Ինչո՞ւ,-ասաց նա,-տանը ուրախ չէ: Ես ատում եմ դպրոցը: Ինձ դուր է գալիս այստեղ Ձեզ հետ մնալ: Դու ինձ տուն չես տանի չէ՞, Օձի աչք:
-Հիմա՝ ոչ,-ասացի,-մենք մի փոքր կմնանք քարանձավում:
-Ինչ լավ է,-ճչալով ասաց տղան,-ես երբեք այսքան լավ ժամանակ չեմ անցկացրել:
Մենք ժամը տասնմեկին քնեցինք. Կարմիր Առաջնորդը մեր միջեւ էր: Բոլորվին չէինք վախենում, որ նա կփախչի: Նա երեք ժամ մեզ արթուն պահեց՝ թռչկոտելով ու զենքի հետ խաղալով: Ի վերջո ես խորը քնեցի ու երազումս տեսա, թե ինձ առեւանգել է մի կարմրահեր ծովահեն ու շղթայել ծառից:
Արեւածագին արթնացա Բիլի ահավոր ճիչերից: Դրանք պարզապես բղավոցներ, աղաղակներ, պոռթկումներ ու ոռնոցներ չէին, համենայնդեպս այդպիսի ձայն չես ակնկալի մարդու ձայնալալերից լսել, դրանք անպարկեշտ, սարսափեցնող, նվաստացնող ձայներ էին, ինչպես օրինակ կինը կհաներ՝ կախարդ կամ սողուն տեսնելիս: Ահավոր էր նման ձայն լսել մի ուժեղ, հուսահատ, գեր տղամարդուց քարանձավում՝ լուսաբացին:
Տեղիցս վեր թռա, որ տեսնեմ՝ ինչ է կատարվում: Կարմիր Առաջնորդը նստել էր Բիլի վրա: Մի ձեռքով բռնել մազափունջը, իսկ մյուսով սուր դանակ, որը մենք օգտագործում ենք խոզապուխտ կտրատելու համար, ու իսկապես մեծ ջանասիրությամ փորձում էր Բիլի գլխի մաշկը կտրել, ինչպես ասել էր անցած գիշեր:
Ես դանակը վերցրեցի տղայի ձեռքից, ու ստիպեցի պառկել: Այդ րոպեից ի վեր Բիլի հոգին կոտրվել էր: Նա պառկել էր, բայց այլեւս երբեք աչքերը չփակեց: Ես նորից քնեցի, բայց շուտ արթնացա, քանի որ հիշեցի, որ լուսաբացին ինձ նույնպես վտանգ է սպառնում, ինչպես գիշերը Կարմիր Առաջնորդն էր ասել: Ես չէի վախենում, բայց նստեցի քարին հենված ու ծխում էի:
-Ինչո՞ւ ես այսքան շուտ արթնացել,-հարցրեց Բիլը:
-Ե՞ս: Օ՜հ, մեջքիս ցավ ունեմ, մտածեցի՝ նստելուց կանցնի:
-Սուտ ես ասում: Վախենում ես, որ քեզ կայրի արեւածագին: Հաստատ կայրի քեզ, եթե լուցկի գտնի: Ի՜նչ ահավոր է, Սեմ: Կարծում ես որեւէ մեկը նման չարաճճիի համար այդքան գումար կվճարի՞:
-Իհարկե,-ասացի,-հենց նման երեխաների վրա են դողում ծնողները: Հիմա դու ու Կարմիր Առաջնորդը նախաճաշ պատրաստեք, մինչ ես գնամ մի փոքր հետազննեմ քաղաքը սարի գագաթից:
Ես բարձրացա այդ փոքրիկ սարի գագաթը ու նայում էի անսահման հեռուն: Իրականում ակնկալում էի տեսնել Գագաթ քաղաքում իրարանցում, ուժեղակազմ ու մինչեւ ատամները զինված գյուղացիներ՝ առեւանգողին մասերի բաժանելու պատրաստակամությամբ: Բայց միակ բանը, որ տեսա՝ խաղաղ քաղաքն էր ու մի գյուղացի, որ ձին էր թամբում: Ոչ ոք չէր անհանգստանում, ոչ մի խառնաշփոթ չկար:
-Գուցե,-մտածեցի,-դեռ չեն նկատել, որ գայլերը գողացել է փոքրիկ գառնուկին: Տեր Աստված, օգնի՛ր գայլերին,-ասացի ես ու իջա ներքեւ՝ նախաճաշելու:
Երբ վերադարձա քարանձավ, գտա Բիլին՝ հենված պատին, դժվար շնչելով, իսկ տղան կոկոսի չափ քար բռնած ձեռքին՝ սպառնում էր խփել ուղիղ գլխին:
-Նա տաք կարտոֆիլ գցեց մեջքիս,-ասաց Բիլը,-հետո տրորեց այն ոտքով: Ես խփեցի նրա ականջներին: Սեմ, զենք ունե՞ս:
Ես քարը վերցրեցի տղայի ձեռքից, իսկ նա շրջվեց ու ասաց Բիլին.
–Դու դեռ սպասի՜ր: Ոչ ոք դեռ չի ազատվել Կարմիր Առաջնորդից: Զգուշացի՛ր:
Նախաճաշից հետո տղան գրպանից հանեց կաշվի կտոր, թելերով փաթաթած ու դուրս եկավ քարանձավից:
-Հիմա ի՞նչ է անելու,-հարցրեց Բիլը վախեցած,-Կարծում ես կփախչի՞, Սեմ:
-Ոչ, մի վախեցիր,-ասացի,-նա տունը շատ չի սիրում: Բայց մենք պետք է փրկագնի մասին մտածենք: Գագաթում չեն անհանգստանում նրա անհետանալու պատճառով, կամ դեռ չեն նկատել, որ անհետացել է: Երեւի ծնողները մտածում են, որ նա մորաքույր Ջեյնի կամ հարեւաններից մեկի տանն է գիշերել: Ինչեւէ, այսօր կնկատեն: Մենք պետք է հենց այսօր նամակ ուղարկենք հորը՝ պահանջելով երկու հազար դոլար փրկագին:
Հենց այդ պահին մի պայթյուն եղավ, այնպիսին, ինչպիսին Դավիթն էր իրականացրել՝ Գողիաթին պարտության մատնելով: Դա ինչ-որ պարան էր, որ Կարմիր Առաջնորդը հանել էր գրպանից ու պտտում էր գլխավերեւում:
Բիլը մի խորը հոգոց հանեց, ինչպես ձին կհաներ, երբ վրայից հանեին թամբը: Ու մի մեծ սեւ քար եկավ ու հարվածեց Բիլի ձախ ականջի հետեւամասին: Նա հավասարակշռությունը կորցրեց ու ընկավ կրակի վրա, գրեթե եռացող ջրի մեջ: Ես նրան դուրս քաշեցի ու մոտ կես ժամ գլուխը մտցրել էի սառը ջրի մեջ:
Բիլը կամաց-կամաց ուշքի էր գալիս:
-Սեմ, գիտե՞ս ով է Աստվածաշնչյան իմ ամենասիրած կերպարը,-ասաց նա:
-Հանգստացի՛ր, հիմա կանցնի:
-Հերովդես թագավորը,-ասաց Բիլը,-դու ինձ մենակ չես թողնի նրան հետ, չէ՞:
Ես դուրս եկա ու այնպես թափահարեցի տղային, որ նրա պեպենները սկսեցին շարժվել:
-Եթե քեզ խելոք չպահես, ուղիղ տուն կտանեմ,- ասացի:
-Ես ընդամենը զվարճանում էի,-ասաց նա,- չէի ցանկանում վնասել Ծեր Հենքին: Բայց ինչո՞ւ էր նա ինձ հարվածել: Ես խելոք կմնամ, Օձի աչք, ինձ տուն մի տար ու թույլ տուր Սեւ սկաուտների խաղը խաղամ:
-Ես չգիտեմ այդ խաղը, դու եւ Բիլը որոշեք: Նա է քո խաղընկերը: Ես կարճ ժամանակով գնում եմ: Հիմա ներս մտիր ու ներողություն խնդրիր Բիլից կամ տուն կգնաս:
Ես ստիպեցի նրան ու Բիլին ձեռք սեղմել ու Բիլին ասացի, որ գնում եմ Գագաթ՝ պարզելու, թե ինչ է կատարվում, նաեւ պետք է նամակը ուղարկեմ ծնողներին:
-Գիտե՞ս Սեմ, ես առանց աչքս թարթելու քո կողքին եմ եղել երկրաշարժի, կրակի, ջրհեղեղի, պոկերի խաղերի, ռումբի պայթյունների, ոստիկանների հետապնդման, գնացքների գողության ու ցիկլոնների ժամանակ, ու երբեք այսքան չեմ բարկացել, որքան հիմա, երբ առեւանգել ենք այս երկու ոտքանի հռթիռին: Դու ինձ նրա հետ մենակ չես թողնի, չէ՞:
-Ես շուտ կգամ,-ասացի,- բայց նախքան գնալս Դորսեթի նամակը գրենք:
Ես ու Բիլը թուղթ ու մատիտով գրեցինք փրկագին պահանջող նամակը, իսկ Բիլը ինձ աղաչում էր, որ երկու հազարի փոխարեն հազար հինգ հարյուր պահանջենք, որ հաստատ վճարեն:
-Ես չեմ փորձում թերագնահատել այնքան գովելի ծնողական բարոյականությունը, բայց մենք մարդկանց հետ գործ ունենք, ու այդքան էլ մարդկային չէ քսան կիլոգրամանոց պեպենոտ վայրի կատվի համար երկու հազար դոլար պահանջելը: Իսկ հազար հինգ հարյուրը արդարացի կլինի, մնացած հինգ հարյուրը ես կտամ:
Բիլին հանգստացնելու համար՝ համաձայնեցի:
Պարոն Էբենեզեր Դորսեթ,
Ձեր որդին մեզ մոտ է՝ Գագաթից հեռու մի վայրում: Անիմաստ է փորձառու հետախույզներ վարձել: Միակ պայմանները, որոնք կատարելուց հետո միայն կստանաք Ձեր որդուն, հետեւյալն են. մենք պահանջում ենք հազար հինգ հարյուր դոլար, որը պետք է դնեք կեսգիշերին նշված վայրում: Եթե համաձայն եք այս պայմաններին, ուղարկեք Ձեր պատասխանն այսօր՝ ութն անց կես: Եթե փորձեք խարդախություն անել, այլեւս երբեք չեք տեսնի Ձեր որդուն: Իսկ եթե վճարեք պահանջված գումարը, Ձեր որդին տուն կվերադառնա երեք ժամ անց: Այս պայմանները վերջնական են ու ենթակա չեն բանակցությունների կամ փոփոխությունների:
ԵՐԿՈՒ ՀՈՒՍԱՀԱՏ ՏՂԱՄԱՐԴ
Նամակը դրեցի գրպանս ու պատրաստվում էի ճամփա դուրս գալ, երբ տղան մոտեցավ ինձ ու ասաց.
-Օձի աչք, ասացիր, որ կարող եմ Սեւ սկաուտի խաղը խաղալ:
-Իհարկե, կարող ես, պարոն Բիլը կխաղա քեզ հետ: Ի՞նչ խաղ է դա:
-Ես սեւ սկաուտն եմ, պետք է ձին քշեմ դեպի պարիսպը ու հայտնեմ մարդկանց, որ հնդկացիներն են գալիս: Հոգնեցի հնդկացի լինելով, հիմա ուզում եմ սեւ սկաուտ լինել,-ասաց նա:
-Լավ, անվտանգ է թվում, կարծում եմ Բիլը կօգնի քեզ վերացնել այդ հրեշներին:
-Ես ի՞նչ պետք է անեմ,-ասաց Բիլը՝ կասկածով նայելով տղային:
-Դու ձին ես,-ասաց սեւ սկաուտը,-իջիր ձեռքերիդ ու ոտքերիդ վրա: Ինչպե՞ս պետք է պարիսպի մոտ գնամ առանց ձի:
-Լավ կանես՝ խաղաս հետը, մինչ գործը ստացվի: Թուլացի՜ր:-ասացի Բիլին:
Բիլը արդեն չորեքթաթ էր, իսկ դեմքի արտահայտությունը վախեցած նապաստակից էլ խղճալի էր:
-Պարիսպը որքա՞ն է հեռու,- հարցրեց նա մեղմորեն:
-Ինսուն մղոն,-ասաց սեւ սկաուտը,- ու արդեն սկսիր թռչկոտել, որ ժամանակին տեղ հասնենք:
-Ի սեր բոլոր երկնային սրբությունների, շուտ վերադարձիր,-ասաց Բիլը,- երանի այդ փրկագինը հազար գրեինք:
Ես հասա փոստի բաժամնունք ու հետեւում էի գյուղացիների ելումուտին ու նրանց խոսակցություններին: Մեկն ասաց, որ Գագաթում խուճապ է, քանի որ Էբենեզեր Դորսեթի որդին անհետացել է: Դա միակ բանն էր, որ ուզում էի իմանալ: Ես ծխախոտ գնեցի, նամակս ուղարկեցի ու վերադարձա:
Երբ հասա քարանձավ Բիլն ու տղան անհետացել էին: Ես ամենուր փնտրեցի նրանց, ամեն քարի տակ, բայց չգտա:
Մեկ ժամ անց թփերի խշխշոց եկավ: Բիլը ճոճվելով ներս ընկավ, հետեւից՝ տղան՝ ինքնավստահ սկաուտի նման: Բիլը կանգնեց, գլխարկը հանեց, դեմքը մաքրեց թաշկինակով:
-Սեմ,-ասաց Բիլը,-հիմա կկարծես, որ ես դավաճան եմ, բայց չկարողացա դիմանալ: Ես հասուն մարդ եմ, արական հակումներով ու ինքնապաշտպանության սովորույթներով, բայց լինում է ժամանակ, երբ էգոիզմի ու վերադասության համակարգերը դադարում են աշխատել: Տղան գնաց: Ես նրան տուն եմ ուղարկել: Ամեն ինչ վերջացավ: Հին ժամանակներում մարտիրոսներ կային, ում տանջելով սպանում էին, փոխանակ պարգեւատրեին: Բայց այդ տանջանքներից ոչ մեկը չի կարող համեմատվել այն անբնական խոշտանգումների հետ, որոնց ես արժանացա: Ես փորձում էի հավատարիմ մնալ մեր դավադրության պլանին, բայց այլեւս անկարող եմ:
-Ի՞նչ է պատահել, Բիլ,-հարցրեցի ես:
-Նա ինձ քշեց ինսուն մղոն՝ առանց հանգստի: Հետո երբ գյուղացիները փրկվեցին, ինձ վարսակ տվեց: Հետո մոտ մեկ ժամ փորձում էի իրեն բացատրել, որ փոսերի մեջ ոչինչ չկա, թե ինչպես կարող է փողոցը երկու կողմ ունենալ ու թե ինչու է խոտը կանաչ: Ես բռնեցի նրա հագուստից ու վար նետեցի սարից: Ընթացքում նա ոտքերիս հարվածեց ու հիմա ծնկներիցս վար ամենը կապույտ է, մատերիս վրա երկու կամ երեք կծածի տեղ կա:
Բայց նա գնաց,- շարունակեց Բիլը,- գնաց տուն: Ես նրան Գագաթի ճանապարհը ցույց տվեցի ու ոտքով հարվածեցի ու նա մոտ ութ մետր թռավ: Կներես, որ կորցրեցինք փրկագինը, բայց կամ նա տուն էր գնալու կամ Բիլ Դրիսթոլը՝ հոգեբուժարան:
Բիլը սկսեց ուռել, բայց վարդագույն դեմքը հանգիստ էր:
-Բիլ,- ասացի,-ընտանիքումդ կա՞ սրտի արատով մեկը:
-Ոչ, միայն մալարիա կամ դժբախտ պատահարներ:
-Այդ դեպքում շրջվիր ու հետ նայիր:
Բիլը շրջվեց ու տեսավ տղային: Նա կրկին կորցրեց ինքնատիրապետումը, նստեց գետնին ու սկսեց փայտիկներ խրել խոտի մեջ: Մոտ մեկ ժամ ես վախեցած հետեւում էի նրան: Հետո ասացի, որ մինչ կեսգիշեր մենք փրկագինը կստանանք ու կազատվենք: Բիլը ճգնելով թեթեւակի ժպտաց տղային ու խոստացավ նրա հետ ռուսների ու ճապոնացիների պատերազմը խաղալ՝ հենց որ մի փոքր լավ զգա իրեն:
Ես բարձրացա ծառի վրա ու ճիշտ ժամանակին թղթատարը նամակը նետեց ծառի տակ: Մեկ ժամ սպասելուց հետո իջա, վերցրեցի, գնացի Բիլի մոտ ու կարդացի: Ահա թե ինչ էր պարունակում նամակը.
ԵՐԿՈՒ ՀՈՒՍԱՀԱՏ ՏՂԱՄԱՐԴ.
Պարոնայք, ես ստացա Ձեր նամակը փոստով, որով փրկագին եք պահանջում տղայիս համար: Կարծում եմ չափազանցրել եք Ձեր պահանջները, հետեւաբար ես փոխադարձ առաջարկություն ունեմ, որը, կարծում եմ, կընդունեք: Դուք կբերեք Ջոնիին տուն ու ինձ կվճարեք երկու հարյուր հիսուն դոլար, որ ես համաձայնեմ ընդունել նրան: Լավ կլինի, եթե գիշերը գաք, քանի որ հարեւանները վստահ են, որ նա կորել է ու վստահ չեմ, թե ինչ կանեն այն մարդկանց հետ, ովքեր տղայիս կվերադարձնեն:
Մեծագույն հարգանքով,
ԷԲԵՆԵԶԵՐ ԴՈՐՍԵԹ
-Մեծն Պենզանսի ծովահեններ,-ասացի ես,-ինչպիսի՜ լկտի…
Բայց նայեցի Բիլին ու հանձնվեցի:
-Սեմ, ի՞նչ է երկու հարյուր հիսուն դոլարը, ի վերջո: Մենք ունենք այդ գումարը: Այս երեխայի հետ եւս մեկ գիշեր ու ես գժանոց կգնամ: Բացի դա, կարծում եմ՝ պարոն Դորսեթը մեծահոգի է գտնվել նման առաջարկություն անելով: Մենք չենք կարող այս հնարավորությունը բաց թողնել:
-Անկեղծ ասած, Բիլ, այս գառնուկը իմ նյարդերի վրա շատ է ազդում: Մենք նրան տուն կտանենք, կվճարենք փրկագինը ու կհեռանանք:
Մենք գիշերը նրան տուն տարանք, ու ասացինք, որ իր հայրը արծաթե հրացան է գնել ու կոշիկներ ու մենք առավոտյան գնալու ենք արջի որսի:
Կեսգիշեր էր, երբ Դորսեթի դուռը բախեցինք: Հենց այնպես, ինչպես ես պետք է հաշվեի իմ հազար հինգ հարյուր դոլարը, նույն կերպ Բիլը հաշվեց երկու հարյուր հիսուն դոլարը ու դրեց Դորսեթի ձեռքի մեջ:
Երբ տղան իմացավ, որ մենք թողնելու ենք իրեն տանն ու հեռանալու, սկսեց բարձր ճչալ ու ամուր կառչեց Բիլի ոտքից: Դորսեթը կամաց-կամաց նրան պոկեց ոտքից:
-Որքա՞ն ժամանակ կկարողանաք պահել նրան,-հարցրեց Բիլը:
-Ես առաջվա պես ուժեղ չեմ, բայց տասը րոպե խոստանում եմ:
-Բավական է,-ասաց Բիլը,- տասը րոպեում ես կհասնեմ կենտրոնական, հարավային ու միջին արեւմտյան նահանգները ու այնտեղից սահուն կերպով կհատեմ Կանադայի սահմանը:
Եւ թե ինչ մութ էր ու Բիլը որքան գեր էր, բայց նա արագ անցավ Գագաթի կեսը, մինչ ես կհասնեի նրան: