Ֆյոդոր Տյուտչև | Օ՜, ի՜նչ մահացու ենք մենք սիրում

Օ՜, ի՜նչ մահացու ենք մենք սիրում,
Եվ կուրությամբ բուռն կրքի
Մենք ճիշտ հենց ա՛յն ենք կործանում
Ինչ սիրելի է մեր սրտին:

Վաղու՞ց էր, երբ հպարտ, հաղթած
Ասում էիր. «Ի՛մն է նա հավետ»…
Սակայն, տարի անգամ չանցած
Հարցրու՝ ի՞նչ եղավ նրա հետ:

Ու՞ր չքացավ վարդն այտերից,
Ժպիտը մեղմ, փայլն աչքերի,
Մոխրացել են թաց կրակից
Դառն ու աղի արցունքների:

Հիշու՞մ ես ձեր հանդիպումը,
Բախտով հյուսված ու մոգական,
Նրա աչքի դյութիչ հուրը,
Խոսքն ու խինդը մանկական:

Եվ հիմա ի՞նչ… Երազը սին
Ու՞ր է արդյոք, հավե՞րժ էր այն…
Ասես ամառ ցուրտ հյուսիսի
Մեկ ակնթարթ հյուր էր միայն:

Բախտի դաժան վճիռ դարձավ
Սերդ նրա հոգու համար,
Ու ամոթի չարժանացած՝
Նրա կյանքը դարձավ խավար:

Նրա հոգու խորքում փշեր,
Ու տառապանք, ու ցավ անտես,
Լոկ մնացին նրան հուշեր,
Որ ուրացան բոլորի պես:

Իր սուր ցավից նա հառաչեց,
Ու չքացավ հմայքը ողջ,
Բիրտ ամբոխի ցեխով պատվեց
Նրա հոգում ծառ ու բողբոջ:

Այս տանջանքից նա ի՞նչ ստացավ…
Ինչպես մոխրից փրկված մասունք,
Իր հետ տարավ նա դաժան ցավ,
Ցավ առանց հույս, առանց արցունք:

Օ՜, ի՜նչ մահացու ենք մենք սիրում,
Եվ կուրությամբ բուռն կրքի
Մենք ճիշտ հենց ա՛յն ենք կործանում
Ինչ սիրելի է մեր սրտին:

 

 

Silentium!

Լռի՛ր, թաքնվի՛ր ու ծածուկ պահի՛ր
Զգացմունքդ անհագ երազների,
Ու թող հոգուդ խորքում անհուն
Փոթորկվում են ու վեր հառնում
Աստղերի պես հույզերդ հուր՝
Գգվա՛ նրանց ու մնա լուռ:
Սիրտն իր ճիչը ինչպե՞ս բանա,
Ուրիշն արդյոք կհասկանա՞,
Թե ի՜նչ հողմեր կան քո կյանքում,
Խոսք դարձած միտքը ստեր է ծնում,
Գետ է խռովում բյուրեղյա, մաքուր՝
Սնվի՛ր հույզերով, բայց միշտ մնա լուռ:
Ապրի՛ր հոգուդ դռներից ներս,
Որտեղ վիթխարի տիեզերք կա ասես,
Քո մոգական մտքերն ահա
Կխլացնի աղմուկն օրվա,
Ու կսփռեն շողերը բյուր…
Զգա՛ նրանց երգն ու մնա լուռ:

bty

Թարգմանությունը ռուսերենից՝ Լիլիթ Գրիգորյանի

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *