ՕԳՅՈՒՍՏ ՌՈԴԵՆ
Սույն այրն
իսկապե՞ս կարճատես էր, թե
խորամանկ պատրվակ էր դա՝
բնորդուհիներին չափազանց մոտիկից նայելու
և որ «ամենակարևորն» է՝ նրանց ․․․ ձեռք գցելու,
շոշափելու համար․․․ Ինչ որ է։
Բայց կավն իր մատների մեջ այնպես էր տրորում,
ինչպես Աստված Ինքն՝ իր երկնային արվեստանոցում,
և ծեփածն ինքնին այդ արվեստանոցի գործերից էր ասես․․․
Եվ ինքն է՛լ ՆՐԱ պես վերևներում էր՝
մի ձեղնահարկում — ու հենց այդ վերևներից էլ
ավելի ՎԵՐԵՎ գնաց․․․ Ասում են՝ ցրտից ու քաղցից,
բայց ոչ, հավանաբար՝ իր Վերնային Վարպետի կարոտից․․․
Թեկուզ՝ ցրտից։ —Ներքևի՝ տակի Փարիզն ի՜նչ գիտի՝ մի վայրկյան
ՎԵՐԵՎՆԵՐՈՒՄ լինելն ի՞նչ է․․․ Ներքևի Փարի՜զը՝ տաք բուխարիների
կողքին, տաք ինքնաշարժերի, տաք տռփանքների մեջ,
կում-կում կոնյակից մշուշված-․․․էշացած հայացքներով․․․
ՄԱՄԻԿԸ
«Տա՛տ, քսան կոպեկ տուր,- ասում էի, խնդրում –
թախանձում էի ,- տա՜տ, շու՜տ արա․․․»։ Դանդա՜ղ
շուռումուռ էր տալիս․․․շրջազգեստները և չգիտեմ ՝
դրանցից որերորդի տակից, գրպանից հանում էր
սովետական քսան կոպեկանոց մետաղադրամը, որին
«մի աբասի» էր ասում ՝ երևի շահ Աբասի ժամանակներից
եկած եզրաբանությամբ․․․ «Տա՛տ, շու՛տ արա, կինոն սկսվեց․․․»։-
Սնքռտում էի ես ոտքերս գետնին խփելով, վախենալով, որ
կինոյից կուշանամ — հնդկական հերթական ֆիլմից
գյուղական ակումբում, ուր պիտի դահլիճի մթության մեջ
ես՝ մանչուկս՝ անձայն արտասվեի փափկած-ջիգյարակալած
գեղջկուհիների հետ, անհայտ մի անբախտ հնդիկի
դառը ճակատագրի վրա․․․Ախ, Սիրանույշ տատ, ողորմի հոգուդ․․․
․․․ Հիմա այս մամիկը կողքովս անցավ՝ հիշեցի — շատ նման էր տատիս՝
բարձրահասա՜կ, մեր բակի շաքարկենի խնձորենու պես ճերմակամաշկ․․․
Մամի՛կ, ծե՜ր մամիկ, ախ, կյանքը ցամաքել է քո մեջ արդեն —
և դու մանրաքայլ անցնում ես՝ ․․․ չորացած սիմինդրի ցողունի խշխշոցով,
ցամաքող հիշողությունների դատարկվող կողրերով ծանրաբեռն․․․
Գեղեցիկ աչքունքով մի մամիկ, որ ուլի պես խայտացող աղջնակ է
եղել մի ժամանակ, անողորմ անցա՜ծ մի ժամանակ․․․
ՊԱՏՈՒՀԱՆԻ ՄՈՏ
Քրքումագույն,
շղարշազգեստ
կաղամբաթիթեռներ են
թևում, բարդու սերմեր՝
զվարթնական սահքով։
Թեթև է ամեն ինչ
մանկան շնչառության պես։
Միայն մարդկայինն է
ծանր։ Թե հաջողվեր
թիթեռի պես թափ տալ
մտքի ալրափոշին,
թափ տալ ու ազատվել ․․․
Կամ ՝ բարդու սերմի պես
ծիսական վերզատվել ․․․
ՎԱՐՔ ԿՈՐՈՒՍՅԱԼԻ
Ատմանը վերևում է։
Ատմանը ներքևում է․․․
«Չհանդոգյա ուպանիշադ»
Մի մառախլապատ, ցուրտ օր,
մի ո՛չ օր ամենևին—
Նա նայեց ինձ պաղ , խոժոռ,
թեև՝ կույր էր տեղը տեղին․․․
Ուրու՞էր, թե համակ հոծ,
մարմի՞ն էր, թե՞անմարմին․․․ —
«Հանուն Հոր, հանուն Որդվո․․․» —
դեռ չասած՝ կարկամեցի․․․
«Ո՞վ ես դու,- խուլ գրմռաց,-
զիա՞րդ ես դու աստ հաստված»։
Խավարում ահեղ լռեց․․․
Անհույս էի ու․․․անաստված․․․
«Ստորինն եմ,- ասացի ես,-
ու նաև՝ ես վերինն եմ։
Ճերմակն եմ ես մաքրածես
ու նաև․․․սևերինն եմ»։
«Զավեն Բեկյանն եմ ՝ տես ՝ որ կամ,
ու նաև՝ Ոչ Ոքն եմ այն։
Տերն օրվա՝ ես եմ ներկան,
բայց նաև՝ անցածն ունայն․․․»։
Աշխարհիկ այս հայելում ՝
շողարձակ մի ակնթարթ։
Ակնթարթն ինձ վայելում ՝
ասում է․ «Կաս, և՝ չկաս»․․․
․․․ Ինչ-որ տեղ էր ամայի։
Մշուշից՝ աներևույթ,
ցավագար մի բու վայող։
Փախչել էր պետք շուտափույթ․․․
* * *
Եգիպտական բուրգերը հողմահարվում,
մաշվում-անցնում են,
նրանց արձանագրություններն են միայն
գրքերում հավետ մնում։
Գահերը, արքաները մոլեգնում-անցնում են,
իմաստունի խոսքերը, պոետներն են մնում։
Շահերն՝ աշխարհը շահում պատրանքով՝ անցնում են,
հուր-հավիտենից Ֆիրդուսին, «Շահնամեն» է մնում։
Ոսկու, աթոռի ճորտերը մի պահ տիրում – անցնում են,
հերոսը, քանքարավորն ու նվիրյալն է մնում։
Ագահությունը, որկրամոլությունը, խաբեությունն անցնում են,
Աստծո օրենքն ու ժողովրդի դարավոր ճիշտն է մնում։
ԵՐԿՈՒ ՍԱՂՄՈՍ
1․ ՍԱՂՄՈՍ ԴԱՌԸ ԺԱՄԻ
Տեր, Քո պես հայտնվել եմ այս անապատում
ու սուրբ զառանցանքի խոսքեր բարբառելով
թափառում եմ գիշեր ու տիվ․․․—
Ինձ չեն լսում, կամ չլսելու են տալիս․․․
Սատանան է միայն չարախնդալով ունկնդրում,
որ եկել է ինձ փորձելու քար լռությամբ․․․
2․ ՍԱՂՄՈՍ ՀՈՒՅՍԻ
Դողում եմ աշխարհի ունայնությունից
և առաստաղից ցած գահավիժող սարդի նման
հյուսում իմ հավատո
բանաստեղծությունների սարդոստայնը —
Տեր, Դու այդպես ես փրկում ինձ․․․
ՏԱՂ Ի ՎԵՐԱՅ ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ԱՍԱՑԵԱԼ
Մենք մեր արտը հորովելով ենք հերկել՝
աչքներս գցելով աղոթարանին,
վաղ ծեգին, արտասվելով Լուսաստղի հետ,
փառք տալով Արարչին ․․․ Մենք
սերմացուն, առաջին բուռը,
պահել ենք մեր շնչի մոտ, տաքացրել այն,
վրան շշնջացել Տերունականի բառերը,
ապա նոր նետել ակոսը հողի ․․․
Մեր հորովելը տաճար է եղել երգեցիկ՝
առ երկինս սլացիկ, կամարակապ կառուցված,
զի հացը մեզ համար մարմինն է Իր,
և պիտո է այն հոգևորով պարուրել։
* * *
Հեռավոր,
վաղնջական,
կորուսյալ
մի անձավում
գրիչ էի ,
տենդի մեջ
տքնական այն օրերի․․․
Խշշում էր
մագաղաթը,
տաք հոսում էր
մելանը —
և ընդ փողն
եղեգան
բարկ սի՜րտս ելաներ․․․
Ծաղկեցի
ու լուսանցքում
գրեցի․ «Շերանիկ,
քանի գաս՝ ձուկն բեր»։
Ախ, ո՞վ ինձ
այս երազից
նորից առ կյանք հանեց․․․
ԱԴԱՄԱՄՈՒԹԻ ԼՈՒՅՍԸ
Ադամամութի լույսը
ամենամաքուրն ու ․․․ համեղն է։
Այն կաթի համ ունի —
և ասես գալիս է Կաթընծիրից․․․
Այս ժամին էր
Ադամը խոսում Աստծո հետ,
երբ քնած են չարն ու բարին —
և ժամը կոչվեց ադամամթյան․․․
Մայրական կաթո՛վ
աշխարհ մտանք,
իսկ հիմա Հայրական Լռության
ստինքներին ենք մերձ․․․
ՄՇԱԿԱԿԱՆ
Գարուն է,
ծառերի մաշկը փափկել է,
քնքշացել։ Ասում են՝
արի, շոյիր, խնամիր ինձ ․․․
Կիր պետք է քսել բներին –
և կնմանվեն ճերմա՜կ
զանկապաններ հագած աղջիկների ․․․
Զրուցելն է՛լ են հասկանում –
կա այգեպան, որ
հինգ-վեց լեզու գիտի՝
դեղձերեն, խնձորերեն, սալորերեն ․․․
ԷԼԵԳԻԱ
Երբ նայում եմ շուրջս,շվարում տեսածից,
երբ ՇՈՒՐՋՍ չի նայում ինձ, չի ճանաչում —
ինձ զգում եմ ինչպես գողթան երգի
պատահական մի պատառիկ Խորենացու գրքում․․․
* * *
Եվ արտասվեցինք մենք
անունդ տալով
Երկնային Հորդանանի ափերին,
և արցունքը՝ բացի աղից մարմնականի,
նաև մեր մեղքերից էր թեթևություն անում։
Եվ մեր տրտմությունը հեռանում էր
Հորդանանի գնացկան ջրերի հետ։
Եվ թևաբախման ձայներ էին մեր գլխավերևում —
և մենք առույգ էինք, ամենևին ոչ լքված,
և ոչինչ չկար այլևս առ ի փրկություն անհնար։
ՈՒռենու ոստ կար ճկված,
կախ՝ զվարթացյալ մի քնար ․․․
Դու բորոտին էլ ես հպվում,
դիվահարի պղտոր աչքերի մեջ էլ ես նայում,
բղջախոհին էլ ես ձեռք տալիս,
խոցոտվածին էլ ես մոտենում,
վերքը զննում-վիրակապում,
ցավագարին էլ ես
երկու արծաթահունչ բառ բաշխում,
բայց ամեն մեկս Քեզ
ՍՏՈՒՅԳԱՊԵՍ կարող ենք մերձենալ
մեր մաքրության չափով միայն,
որ կարողանանք արտաբերել ․
«ՄԵՐ ՀԱՅՐ ԵՎ ԵՂԲԱՅՐ»։

