Նորածնի ամեն ճիչ հղի է անկանխատեսելի հետևանքներով: Մանավանդ, եթե ճիչն արձակվում է լուսնի խավարման օրը՝ գայլերի կլանչոցի տխուր նվագակցությամբ: Այդ տիեզերական ճիչն է որոշում, թե Դրախտն իր հյուրընկալ դռները ի վերջո բացելու՞ է այն արձակած ծնյալի առաջ, թե մի չար սլաքավար ուսերը թոթվելով ցույց է տալու աշխարհի հակառակ կողմը: Չլինելով սնահավատ մարդ ու աստղագիտությունից էլ գլուխ չհանելով, ստիպված ենք այդ տեսության ապացուցումը վստահել գիտնականներին ու հանգիստ խղճով շարադրել Պադոյի անհավատալի ոդիսականը:
Որպես տոհմիկ, ուղղափառ սասունցի երդվում եմ, որ պատմվածքիս գլխավոր հերոսի համընկնումը իրական մարդու հետ զուտ պատահականություն է: Պադո անունով մարդ երբևէ գոյություն չի ունեցել, ոչ էլ Պադոյի ինչ-որ ոդիսական: Իրականությունը կարող է գաղտնազերծվել միայն հիսուն տարի անց, երբ դերակատարները տեղափոխված լինեն մեկ այլ աշխարհ։ Ուրեմն սա ընդամենը իմ աղճատված մտքի և հիվանդագին երևակայության արգասիքն է, գրական փնտրտուքի ծնունդ կամ թե խումհարային երազից կյանք սպրդած մի դիպված: Եթե չեք հավատում, կարող եք գնալ մեր գյուղ ու հարցնել, թե երբ է վերջին անգամ գյուղում գողության դեպք պատահել ու ականատես լինել մարդկանց կնճռոտված ծամածռությանն ու ինչ-որ բան մտաբերելու անհույս մտատանջությանը: Ո՞վ կհավատա շամփուրի վրա կատու խորովելու և միամիտ ընկերներին որպես ճագար հրամցնելու, ոչխարներին գլխատելու կամ հարևանի լկստված շանը դպրոցի սպորտային դահլիճի առաստաղից կախելու մասին սարսափազդու հեքիաթներին: Գիշերային ուրվականի կյանքով ապրող թափառականի ու տապանաքարերի վրա գիշերող արծվաքիթ լուսնոտ պատանու մասին ասեկոսեներն էլ արժանահավատ չեն հնչում: Ո՞վ է լսել, որ այբուբենը դպրոցն ավարտելուց հետո սերտեն, այն էլ միայն «Խաչագողի հիշատակարանը» կարդալու համար: Նման բաներ հնարավոր չեն, այն էլ սասունցիների գյուղում, որտեղ ծնված բոլոր երեխեքը մանկուց երազում են ֆիդայի դառնալ։ Երազում են թուր ու թվանք կապել, գնալ Էրգիր ու հետ բերել Անդոկն ու Մարաթուկը, ոսկեզօծվել Մեղրագետի ջրերում։ Բոլորը երազում են «բարով արժանանալ հրեղեն գնդակի համբույրին», մեռնել Սուլուխի կամրջի վրա կամ սուլթանի դեմ գործած մահափորձի համար հարյուր մեկ տարով դատապարվել օսմանյան երանելի տաժանակրության: Առավել հավակնոտները շտապում են առաջինը կտրել Խալիլ փաշայի ճամփեն ու բերել գլուխը։ Ով չի բռնում այդ սուրբ ճանապարհը, հռչակվում է դավաճան, աղանդավոր։ Պարզ բանաձև է՝ չես ուզում կռվել՝ ջուր ես լցնում թշնամու ջրաղացին։
Բայց արի ու տես, որ չկա գյուղ, որ շուն չլինի: էս մեկը ուրիշ կավից էր ծեփված. մանկուց երազում էր գող դառնալ։ Ինչ պատմական ու առասպելական ցնդաբանություններ, երբ կան հողեղեն ու մարդկային փեշակներ, ժամանակի շնչին հարիր: Սասունցուն ֆիդայինով չես զարմացնի, այ ուրիշ բան է գողը: Ով չգիտի, որ գողերն են այս երկրի ամենահարգված մարդիկ: Գող չեն դառնում, գող ծնվում են: Դա մի աստվածային շնորհ է, որ տրվում է վերևից, միայն ընտրյալներին: Երբ կա երկնային հովանավորություն, առանց աչք ճպպացնելու մի հավ կամ ղուշ գողանալը մեկից մեկ է, հարևանի գոմից լինի, թե հարազատ քեռու օջախից: Հոգ չէ, թե գյուղի ավագանին իր ճարահատյալ որոշմամբ «Պատվական» պատվարժան անունը ցաքուցրիվ է անելու, ինչպես հին հնդկացիներն էին որպես խստագույն պատիժ անվանազրկում ոճրագործներին: Ի՞նչ պատիվ, նամուս, հարգանք: Պարզապես՝ Պադո, սասնա բարբառին ներդաշնակ, որ շատ ճգնելու դեպքում ֆիդայական կեղծանունի տակ էլ կանցնի:
Այնինչ, գյուղական հասարակությունն այլ ակնկալիքներ ուներ Պադոյից, անտեսելով նրա ծննդյան խորհրդավոր հանգամանքները: Երբ հինգ-վեց տարեկանում նախիրը տարավ սար արածեցնելու՝ գյուղի մարգարեները նրան Սասունցի Դավթի ապագա գուշակեցին, իսկ հարազատ քեռին ուշացած խոստովանեց, թե կարելի էր ավելի սրտացավ լինել ու էպոսահունչ մի անուն տալ նրան, ինչն էլ իբր կկանխորոշեր երեխայի հերոսական ճակատագիրը: Այդ մտքերով համակված՝ հենց հաջորդ օրն էլ պիտի կանչեր գյուղում ամառային արձակուրդ վայելող քաղաքաբնակ զարմիկներին ու ասեր.
– Պադոն կլինի ձեր առաջնորդը առյուծների դեմ ահեղ պայքարում, իսկ երբ մի քիչ էլ մեծանաք՝ կգնաք բերելու Խալիլ փաշայի գլուխը:
– Իսկ չի լինի Բրաբիոն ծաղիկը բերենք,- այն ժամանակ վախեցած պիտի հարցնեի ես:
Իհարկե ծիծաղելի էր պատկերացնել Պադոյին Բրաբիոն ծաղիկը ձեռքին, արևի շողերի լույսով ողողված, ու մենք ստիպված էին ընդունել առյուծի տարբերակը: Պադոն մեր աչքին պիտի պատկերանար որպես մի Առյուծաձև Մհեր, որ հաղթելու է արյունարբու գազանին ու կենարար ազատություն պարգևելու խեղճ ու վախեցած գյուղացիներին:
– Մեզ պետք է կիսալուսին, որքան վտիտ, այնքան մութ, որքան մութ, այնքան լավ: Առյուծները գիշերները լավ չեն տեսնում: Վաղվանից կսկսվեն պարապմունքները,- պիտի ասեր Պադոն:
Պարապմունքների մեկնարկի լուսադեմին գյուղում տարածվեց ոչխարների գլխատման գույժը: Փսփսում էին, թե սպանդը կազմակերպվել է վրեժխնդրական շարժառիթներով: Որոշ չարախոսներ էլ զրպարտում էին, թե նույնիսկ գրանցվել է ոչխարի հետ կենակցության մեկ դեպք: Չգիտեմ, «եթե չկտրես ոչխարի գլուխ, չես կարող կտրել փաշայի գլուխ» կարգախոսը մեր մանկական քիմքին քաղցր էր, թե դառը, բայց կամաց կամաց պարապմունքները թևակոխեցին մեկ այլ կախարդական աշխարհ: Ճիշտ մինչև այն պահը, երբ ձմեռ օրով գոմի մեջ զույգ ղշերը ձեռքներիս՝ գոմի տիրոջ զայրույթին ի պատասխան փորձեցինք արդարանալ, թե եկել ենք ծիրան քաղելու:
– Ձու գողացողը ձի էլ կգողանա,- խրատեց Պադոյի քեռին, որ որպես իմաստուն ու փորձառու մարդ կամավոր ստանձնել էր անսանձ երեխային դաստիարակելու անիմաստ առաքելությունը:
Հաշվի առնելով Պադոյի ազնիվ մղումները՝ բոլորը սկզբում հանդուժում էին նրա մանր չարաճճիությունները, մի քանի ձվի, ղշի կամ հավի համար հո երեխին չեն տա միլիցի ձեռքը: Այնքան հանդուրժեցին, մինչև որ ձուն աճեց աճեց ու մի հիշարժան օր դարձավ խոշոր եղջերավոր անասուն, իսկ երդիկից կով գողանալու դեպքերն էլ՝ մի առտնին բան։ Այսպես Պադոն դարձավ գյուղի ամենահայտնի մարդը: Գիշերային ասպատակությունների վտանգը քունուդադարից զրկել էր մարդկանց: Որոշ միամիտներ իրենց ապահովագրելու համար նույնիսկ մտերմություն էին որոնում Պադոյի հետ, բայց հանուն արդարության պետք է ասել, որ կաշառքը Պադոյի դեմ անզոր էր, ու անհետացման վտանգի տակ ավելի շուտ հայտնվում էին մտերիմների մոզիները:
Պադոյի առասպելական կերպարը ամբողջանում էր չգիտես որ քարափից փրկած վիրավոր գայլուկի ներկայությամբ, որ մշտապես քարշ էր տալիս հետը: Չէ որ նա ընտրյալ էր, ոչ թե հասարակ մահկանացու: Պադոյի ուխտագնացություններից տուժած մարդիկ ժամանակի ընթացքում սկսեցին ընդամենը ափսոսանքով արձանագրել, թե սրա կամ նրա գառանը գելն է տարել: Որպես մեղմացուցիչ հանգամանք պետք է հիշատակել ժամանակ առ ժամանակ ձորի բերանին ալեկոծվող ֆիդայական երգերի դղրդյունը. այդ Պադոն էր կոկորդ պատռում՝ ասես քավություն հայցելով գործած մութ մեղքերի համար:
Ավելորդ է ասել, որ Պադոյի միակ հավատարիմ ընկերը գայլն էր մնացել: Մարդիկ երես էին թեքել նրանից, երեխաներին զսպելու համար ահաբեկում էին Պադոյի հրեշավոր կերպարով ու վախենում, թե փաշայի գլուխը թողած կարող են շեղվել ու դառնալ գյուղի անասնապահության դեմ նյութված նենգ դավադրության հետևորդներ: Էս գյուղացիք գործից, գողականից բան չեն հասկանում, գոմից ու թրիքից այնկողմ բան չեն տեսել: Պատահական չէ, որ Պադոն դեռ մանկուց սիրում էր ընկերություն անել քաղաքի աչքաբաց տղերքի հետ՝ մի օր աշխարհի հերը անիծելու համար: Նույնիսկ քիչ էր մնում ուժերի մի անհավանական լարումով ձեռնամարտում հաղթեր մայրաքաղաքից եկած ձյուդոյի աշխարհի չեմպիոնին, երբ չեմպիոնը արյունլվա քիթ֊մռթով ստիպված մի կողմ նետեց բոքսի ձեռնոցները ու մի լավ տրորեց Պադոյի կողերը: Զարմիկները հազիվ կարողացան չեմպիոնի մահաբեր բազուկներից ազատել նրան: Եթե չփրկեին, Հայաստանի զինված ուժերը կզրկվեին Պադոյի նման զինվոր ունենալու բարեբախտությունից: Զորամասն էլ, ուր զորակոչվել էր Պադոն, չէր զրկվի այն հարուստ զինանոցից, որ գյուղի գաղտնարաններից մեկում հայտնաբերելու էին ապշահար իրավապահ մարմինները:
Ինչպես և սպասվում էր, գյուղի պառավների անեծքները մի օր տեղ հասան, ու Պադոն պարբերաբար սկսեց անհետանալ: Ասում էին, թե գողության համար հերթական «սռոկն» են տվել, ու մի քանի տարի սրտատրոփ սպասում, թե ում կովն ու ոչխարն է մատաղացու դառնալու՝ կրկին ավետելով Պադոյի զարմանահրաշ գալուստը:
Ամեն ինչ իր հունով կընթանար, եթե այս անգամ դադարը չերկարեր: Գողության համար յոթ տարուց ավել չեն տալիս: Գյուղի համբերությունը սպառված է։ Որտեղ է վերջապես Պադոն: Գուցե բանտում է: Գուցե ոչ մի տեղ էլ չի գնացել, ցերեկները թաքնվում է քարայրում, իսկ գիշերները իր գայլուկի հետ միանում մոտակա ոհմակների խրախճանքին: Գուցե ճիշտ ուղու վրա է ու գնացել է փաշայի գլուխը բերելու կամ էլ մի հեռու մոռացված պանդոկում ֆիդայական երգեր է դնդնում: Լավ կլիներ առեղծվածը առեղծված էլ մնար, ու գյուղի մեծերը թոռներին ու ծոռներին սերնդեսերունդ փոխանցեին Պադոյի ոդիսականը։ Երբեմն էլ ավելի չափազանցնելով՝ նրա վարկն ու համբավը տանեին հասցնեին աշխարհի ամենահեռու ծեգերը։
Պատմվածքի վերջաբանը գրելիս պետք է նրբանկատ լինել։ Ինչ կարիք կա հորինելու, թե մի օր Պադոյի անունը ընկել է թերթ: Մարզային և հանրապետական մամուլը միահամուռ ահազանգել է, որ մայրաքաղաքում տեղի է ունեցել դարի կողոպուտը։ Հանցագործը գիշերվա կեսին ուրվականի պես տանիքից աննկատ թափանցել է ամենախոշոր բանկը ու սրբել տարել եղած֊չեղածը։ Ոստիկանությունը տեխնիկայի վերջին ճիչին համահունչ կազմել է ֆոտոռոբոտ և վտիտ մարմնով ու արծվաքիթ երիտասարդին ճանաչողներին խոստացել դրամական փոխհատուցում։ Ավելի լավ է գրել ճիշտը՝ ինչպես որ եղել է։ Պադոյի ոդիսականում պարզորոշ, առանց ձեռքը դողացնելու պետք է ամրագրել, որ ճիշտ այն օրը, երբ գյուղի ձորակում տարածվել է գայլերի աղեկտուր ոռնոցը, թերթերը առաջին էջի ակնառու սյունակում ազդարարել են, թե հետախույզ Պատվական Այվազովսկին ցուցաբերած խիզախության համար հանրապետության նախագահի հրամանագրով արժանացել է արիության մեդալի։ Հետմահու։