Մեր գյուղում չկային պատահական անվանումներ, յուրաքանչյուր քարի, թեքված ճանապարհի, կիսաավեր տներով փողոցների համար կար խորհրդավոր մի անվանում։ Պատահականություն չէր այստեղ ապրելը, յուրաքանչյուր մասնիկ ընտրված պատմություն էր հեռավոր գյուղի համար։ Մենք պաշտում ենք, հավատում ենք երկնայինին, գիտեմ, որ ոչ ոք չի հավատում դրան, քանզի պատարագների հաճախ չենք գնում, բայց այ, եթե մի անգամ մեր տեղանունների մասին լսեք՝ կհասկանաք, որ մենք պարզապես հավատացյալ ենք։ Հավատում ենք լուռ՝ մեր խոսքերի, մեր թաքուն աղոթքների մեջ։ Մեր տեղանունների մեջ չկա մի անուն, որը չնշանակի սուրբ։ Հասկանո՞ւմ եք, մենք այդպես ենք սիրում ու հավատում։
Կյանքը ծորում էր մեր սուրբ գյուղում, ամեն օր քարը քարին էր դրվում, նոր երգեր էին լսվում, մարդիկ առօրյա հոգսերով ապրում էին, հաճախ էլ, եկեղեցու կողքով անցնելուց, չէին մոռանում թաքուն խաչակնքվել, մի կուշտ վերև նայել ու «Ամեն» մրմնջալով՝ գնալ տուն։
Այն տարիքը, որին հասել էի, հերիք էր՝ տանս անկյունները, քարերը անգիր անելու համար։ Ուզում եմ մի գաղտնիք բացել, ես սիրահարվել եմ, չէ էդպես չէ, սիրահարվել եմ, երբ աչքերս առաջին անգամ տեսան գյուղիս քարերը, չքնաղ լուսաբացները։ Ու հա, ես անմնացորդ սիրահարվել եմ հայրենիքիս, բայց ուրիշ սեր է դա։ Ինչպես ենք սիրում մեր հայրերին կամ նրանք մեզ, մի ուրիշ թաքնված, հավատարիմ ու անպատճառ սեր է դա։ Հայրենիք բառն էլ մեծապես ըստ իս կապված է մեր հայրերի հետ, գիտեմ, որ շատերը հայրենիքը համեմատում մեր սրբերի՝ մայրերի հետ, բայց ես պաշտում եմ հայրենիքս, ինչպես պաշտում եմ մորս, բայց սիրում եմ ինչպես հորս։ Դա անբացատրելի զգացմունք է։ Մեր հայրերն էլ ցույց չեն տալիս իրենց սերը, ջերմությունը, հպարտությունը, բայց աշխարհներ կավերեն մեզ պաշտպանելու համար։ Այդպես եմ ես զգում իմ հայրենիքը։
Ժամանակի ընթացքում հասկացա նաև, թե ինչպես է Հայրենիքս ինձ, քեզ, մեզ սիրում։ Միթե չենք հասկացել, որ չնաշխարհիկ բնություն, հեքիաթային արևածագեր, անհուն լեռներ ու անսահման խաղաղություն է լինում մեր տանը, չէ մեր տանը չէ, միայն մեր Հայաստանում։ Ուրիշ տեղ քարերը չեն ապրեցնում, ուրիշ տեղ քարքարոտ ճանապարհներին բերանքսիվայր ընկնելով՝ չես սիրում այն այնպես, ինչպես այստեղ։ Պարզապես ուզում եմ մի կարողություն, որով կփորձեի արտահայտել այն խենթ ու հորդաբուխ զգացմունքները, որոնք ես ունեմ, երբ լսում նրա անունը։ Ու երբ իրար հոգիներով շղթայված ենք, ամեն ինչ այնքան այլ է։
Բայց այս ամենը ապակու նման փշրվեց այն դղղրդոցից, որը ոչ միայն գյուղս, տունս, այլև մեզ ավերակների վերածեց, չվերականգնվող ավերակների;
Առավոտը նոր էր իր աչքերը բացել, երբ լեռները արձագանքեցին ողբը, երբ քամիները սփռեցին ցավի նոտաները։ Ինչպես զգացի այն, չեմ կարող պատմել, ուղղակի արցունքներս փորձում էի սրբել, երբ նկատեցի, որ արցունքներ չեն հոսում, ուղղակի դողում էի, սարսափից դողում ու ձեռքերս իրար միացնելով երկնքին էի աչքերս հառել, չգիտեմ էլ աղոթում էի կամ ընդհանրապես այդ րոպեներին գոյություն ունեի։
Ու հետո զգացի, որ հատակին եմ ու աղմուկ է, պայթյուններ, բայց հայրս հասցրել էր մտնել սենյակ ու պաշտպանել ինձ պատերազմից։ ՊԱՏԵՐԱԶՄ։
Պատերազմ, ինչն է հիմքում, երազ, ես նման երազ չէի ուզում ունենալ, երազից արթանանալ եմ ուզում, տանել չէի կարողանում ինձ, որ այսպիսի երազ էի տեսել, երազ չէր դա, երազները չեն տանում մեզնից մեզ, ա՜խ, ուզում եմ պատմել մեկին՝ հավատացած լինելով, որ դա պարզապես վատ երազ էր ու կմոռանամ, բայց այս Պատերազմը դրոշմվեց իմ մարմնի վրա, իմ աչքերում ու երդվեց երբեք չլքել ինձ։
Առաջին րոպեները անհասկանալի էին, երկար չէի գիտակցում արհավիրքը, կարելի է այն անվանել հայկական արհավիրք, մենք տարբերվում ենք չէ ամեն տեղ, սա իսկական արհավիրք էր, բայց արդեն հայի արյամբ։
Երբ դադարեցին այդ պայթյունները, բոլորս դուրս էինք եկել փողոց։ Երանի, երանի, թե չտեսնեի ավերակված հայրենիքս, երանի այն աչքերին, որոնք չտեսան այս փոթորիկը։ Չեմ ուզում տեսնել այս ամենը, այն պարզապես խեղդում է ինձ, ես շնչասպառ էի լինում, չգիտեի՝ ուր գնամ, որտեղ թաքցնեմ իմ աչքերը, որ մոռանան, որ նորից հեքիաթով ապրեն, վերջ հեքիաթին, իմ հորինած հեքիաթը կիսատ մնաց, ինչպես և ես։
Քարին նստած նայում էի փոշեհատիկներին, որոնք դեռ նստում էին ավերակների վրա, երբ հայրս հայտարարեց, որ գնում է կռվելու ու անհրաժեշտության դեպքում, երբ կզգանք, որ բոլորը գնում են կամ, երբ երկրորդ անգամ ռմբակոծում լինի, գնանք ուրիշ տեղ ու չմնանք այտեղ, նաև ավելացրեց՝ չսպասեք ինձ։
Խոսքերը շեշտակի էին, առանց պատասխան սպասելու ակնակալիքով ու գնաց, շրջվեց ու գնաց։ Ես հիշում եմ, թե ինչպես պարզապես գոռացի․
-Պաաաաաաա՜պ։
Նա կանգ առավ, մի քանի վայրկյան այդպես մնաց, ապա շրջվելով՝ արագ քայլերով եկավ մեզ մոտ, գրկեց այնպես, ինչպես երբևէ, համբուրեց մորս ու փոքր եղբորս, ապա մոտենալով ինձ՝ այտս համբուրեց, ամուր գրկեց ինձ ու ականջիս շշնջաց․ «Մի բուռ հող կտանես քեզ հետ», ու գնաց․․․բայց Անվերադարձ։
Այդ պահին մի ցանկություն ունեի՝ մեռնել նրա գրկում, որ չզգայի այս ամենը, որ այլևս իր բաց տեղը իմ սրտում չունենայի, չէ Պապ, ուժեղ չէի այդքան, որ ինձ այս անիծյալ աշխարհի դեմ մենակ թողեցիր, չեմ ուզում պատկերացնեմ մեր տունը, մորս, մեզ առանց քեզ։ Իսկ այդ համբույրը, կյանքիս ամենատաք ու ջերմ համբույրն էր։ Չմտածես, թե չեմ տեսել արցունքները աչքերիդ մեջ, չեմ տեսել այն աչքերը, որոնք ինձ վերջին անգամ էին տեսնում, չեմ մոռանում, Պաաապ, այն կնճիռները, որոնք միայն այդ օրը առաջացան, ու տեսա այնքան բան, որոնք չէի նկատել, տեսա մեծ սերդ ․․․․․Երանի թե չշրջվեիր, երանի թե նույն քայլերով ինձ տուն տանեիր ու այնքան ամուր գրկեիր ինձ, որ բողոքեի, թե ցավեցնում ես։ Ախ պաապ, կարոտս դարձար, աչքերդ էին տունս, իսկ դու տարար այն, հիմա նույնիսկ տուն չունեմ ինձ պաշտպանող։ Անպաշտպան թողեցիր այն ծառը, որի բերքով պիտի հպարտանայիր։
Հայացքս հառած էր մնացել ճանապարհի վրա, ես հավատում էի, հավատում էի, այս ամենը չէր կարող հենց այսպես մնար, ու նորից սկսվեց աղետը, բայց ավելի ուժգին։ Մի բարձր կանչ լսեցի, հանկարծ գիտակցեցի, որ այն մոտ էր շատ։ Մայրս, մայրս էր եղբորս կանչում։ Երբ մոտեցա նրանց տեսա, որ եղբայրս արկի բեկորներից վիրավորվել էր ու արյուն էր գալիս, մանկան արյամբ էր ներկվում հողը։ Դժվար է տեսնել թանկ էակիդ ցավերը ու չկարողանալ ոչ մի բանով սփոփել ու տանել այդ զգացմունքները։ Հենց այստեղ է սկսվում ու ավարտվում մարդկային անզորությունը։
Խորը շունչ քաշեցի ու տեսա, որ կողքի հարևանը վազելով գալիս էր մեր տան ուղղությամբ, վերցրեց եղբորս ու մեզ հրահանգեց վերցնել անհրաժեշտ իրերը, որովհետև Գնում ենք, թշնամին մոտ է, պիտի շուտ գնանք։
Գնանք․․․․, ինչպես են բառերը ավերում մեզ։ Թողնենք այս ամենը ու գնանք, որ օրենքն է թույլ տալիս այս փախուստը կամ աշխարհում կա արդյոք արդարություն, որ մարդը, որը ապրել ու մեծացել է իր տանը, պիտի գնա այնտեղից, պիտի դառնա փախստական ու ամբողջ կյանքում ապրի հայրենիքի կարոտով, որ աչքերը պիտի մշտապես փնտրեն դեպի տուն տանող ճանապարհները․․․․Անհավատալի է․․․․
Մայրս, ձեռքս բռնելով, ինձ տարավ տուն, սկսեց հավաքել անհրաժեշտ իրերը, իսկ ես վերջին անգամ նայում էի մեր տան պատերին, նայում էի ավելի ճիշտ մանկությանս, որը կսպասի ինձ այստեղ, որ մի օր հետ կգամ ու միավորվելով ինձ հետ՝ կիսատ հոգիս կլրացնի։ Նրան էի թողնում տանս պաշտպանությունը, ինձ ու վերջապես նրան, հույս ունենալով, որ կգա, կվերցնի այն ու կերդվի այլևս չթողնել անպաշտպան․․․․։
Հիշեցի նրա արտացոլանքը այս պատերի կողքով անցնելիս ու սկսեցի մի տարա փնտրել, որի մեջ կարող էի հող լցնել, գտա, վերցրի ու գնացի այն ճանապարհի մոտ, չէ որ նրա ոտնահետքերն էի դրա վրա, լցնում էի ագահաբար ու լացում էի, չէ այդ պահին երկնքին էի նայում ու խնդրում մի վերջին գթություն, խառնել էի երկիր ու երկինք, պարզապես թաղում էի ինձ այնտեղ, որ երբեք ու երբևէ չկտրվեմ այս հողից։ Վերջում անգիտակցաբար խոնարհվեցի հողի վրա, գուցե նաև հորս գերեզմանի վրա ու համբուրեցի այն, միայն հետո էի գիտակցել, որ հորս անունն էի բղավում, բարձր, այնքան, որ մայրս վազելով եկավ ու ինձ գրկեց, ինքն էլ խոնարհվեց սառը հողի վրա։ Բերանս, ձեռքերս ամբողջությամբ հող էր ու ես ողբում էի, անիծում էի այս երկիրը, որ զրկում էր հորս հետ հանդիպելուց, որ թույլ չի տալիս տուն ունենալ։
Պարզապես զգում էի, որ հողն ամուր բռնել էր ինձնից ու խնդրում էր չգնալ, չթողնել իրեն մենակ, հողը պայքարում էր մեր այստեղ ապրելու համար ու հիմա մեզ տմարդիաբար բաժանում են։ Ես չեմ ուզում գնաաալ, ես չեմ ուզում ուրիշ հող, ինձ սա հերիք էր, ինձ հերիք էր նրա ոտնահետքերը, ինձ պետք են այստեղի արևածագերը, չեք հասկանում, որ ես ուրիշ տեղ չեմ ապրելու, ինձ ուրիշ տեղի օդը չի հերիքելու, ես պարզապես, պարզապես այստեղ ապրել էի ուզում, ինձ մի տարեք իմ լեռներից, ես ուղղակի ապրել եմ ուզում, ԱՊՐԵԼ․․․ապրել հողիս վրաա։ Ու թող ոչ ոք այստեղ երջանկություն չգտնի ու խելագարվի անգամ շունչ քաշելուց, բացի իր իսկական տերերից;
Մայրս ինձ բարձրացրեց ու ասաց, որ գնամ ու փակեմ տան դուռը, չէ որ տնից դուրս ենք գալիս ու պետք է փակել այն։ Ինչ անմտություն է թվում փակելը այն տան դռները, որտեղ նույնիսկ տունը չէր մնացել, որտեղ գիտակցում ես, որ այլևս հետ չես գալու։ Ու գիտեի, որ այն իմաստ չունի, բայց հետո միայն հասկացա, որ ես հեռացել էի այնտեղից որպես տան տեր ու ինձ է պատկանում նորից դուռը բացելու իրավունքը։ Իմ գալստյան են սպասելու փլված տանս քարերը։ Չգիտեմ ՝ կյանքը ինչ օրենքներ է սահմանել, բայց սա իմ պահանջն է ու ոչ մի մարդկային օրենք չի կարող այն փոխել, ինչքան էլ հենց մարդն է հենց այս ամենի հեղինակը։
Ես դողում էի, երբ կողպեքի մեջ բանալին վերջին անգամ պտտեցի ու փակեցի, փակեցի մեր տան դուռը, մեր ընտանիքի, մեր գյուղի պատմությունը ու տանում եմ հիմա այս բանալիի հետ, փակեցի խաղաղության դռները՝ բացելով ցավի ու կորուստի դռները, հիմա այնտեղ ցավն է իշխում․․․․Փակում եմ ինձ այստեղ, որ մի օր հետ գամ, մի օր։
Հետո չգիտակցեցի, թե ինչպես հայտնվեցի այլ աշխարհում, ճանապարհ էր, երկար, անծանոթ ու ոչ հարազատ, Աչքերս բարձրացնելով՝ տեսա մի ամբողջ ցավ բոլորի աչքերում։ Հետ շրջվեցի ու տեսա ճանապարհը, ճանապարհը, որը տանելու էր տուն, որը պիտի տուն կանչի․․․․
Բայց աշխարհը մեզ չընդունեց, աշխարհը չհանդուրժեց մեր գոյությունը ու կյանքը պայքարը սկսեց մեր դեմ․․․
Հիմա հորս նկարը ձեռքիս, աչքերը՝ մտքումս, ես գնում եմ, գնում եմ դեպի օտարություն՝ թողնելով այն, ինչ ունեի, թողնելով ինձ այնտեղ՝ իմ սրբության գրկում։
Հետ կգամ մի օր․․․