Կիկի Դիմուլա | Պատկերավոր քարը

Խոսիր:
Մի բան ասա, որևիցե բան:
Միայն թե մի կանգնիր այդպես`
պողպատե բացակայություն ասես:
Մի բառ ընտրիր թեկուզ,
որ անորոշության հետ
քեզ ավելի ամուր կապի:
Ասա`
«իզուր»,
«ծառ»,
«մերկ»:
Ասա`
«տեսնենք»,
«անչափելի»,
«ծանրություն»:
Այնքան բառեր կան, որ երազում են
մի կարճ, անկապանք կյանք քո ձայնի հետ:
Խոսիր:
Մեզ այնքան շատ ծով է սպասվում:
Այնտեղ, ուր վերջանում ենք մենք
Ծովն է սկսվում:
Մի բան ասա:
Ասա` «ալիք», որ կանգ չի առնում:
Ասա` «նավակ», որ խորտակվում է,
երբ այն գերբեռնում ես ձգտումներով:
Ասա` «պահ»,
որ խեղդվում է ու օգնություն կանչում,
մի փրկիր նրան
ասա`
«չլսեցի»:
Խոսիր:
Բառերն իրար հանդեպ թշնամանք ունեն,
մրցում են միմյանց հետ`
թե նրանցից մեկը քեզ գերի,
ազատ կարձակի մյուսը քեզ:
Պատահական մի բառ քաշիր գիշերվա միջից:
Պատահականությանը թողնված
մի ամողջ գիշեր:
«Ամբողջ» մի ասա,
«կարճատև» ասա,
որ թողնում է` գնաս:
Կարճատև զգացմունք,
ինձ համար`
մի ամբողջ տառապանք:
Խոսիր:
Ասա` «աստղ», որ հանգչում է:
Մի բառով լռությունը չի խախտվի:
Ասա` «քար»,
որ անկոտրում բառ է:
Հենց այնպես, այնքան որ
զբոսանքին այս ծովափնյա
մի վերնագիր դնեմ:

Թարգմանությունը հունարենից` Շամրիկ Խաչատրյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *