Զավեն Բեկյան | Պարականոն գրառումներ

1․ ՄԱԶԱԾԱԾԿՈՒՅԹԸ

Ինչի՞ համար է մազածածկույթը մարդու երեսին։
Պիտեկանթրոպին, սինանթրոպին և
նեանդերթալցուն այն պաշտպանել է
երեսի մաշկի ցրտահարումից
ու ամառային մոծակ, լվիճից։
Լուսավոր դարում այն խնամել են Լուսավորները՝
ինտելեկտուա՜լ, որ չճառագի ու չվնասի Իմաստը Ներքին՝
հանց լույսը այն հին՝ անկեզ մորենուց ․․․
Այն փոխ է առել դասը տերտերաց,
թեև չի եղել վերոնշյալի՝ Ոգեճառագման
վտանգ այդ դեպքում – այսպե՛ս եմ սեպում,
թեկուզ նզովքի շրջաբերական կարդան զօրգիշեր ․․․
Մազածածկույթը երեսի՝ նաև զենքն է բջածին
երկերեսանու, որ դիմացինին շփոթ է գցում ՝
իբր եկել է հանց մի առաքյալ, բա՜ն պիտի փոխի,
յուր դրոշն արած ․․․ Ցռան Վերգոյի լավոթած փոխան,
երեսափոխյա՜լ, բա՜ն պիտի փոխի ․․․

 

2․ ՑԵՑԸ

Նախ՝ ցեցն են գցում տաք, կույր մի ոխի,
որ սուղ ուժերը հանրության ելնեն միմյանց դեմ, ճեղքվեն,
ցրիվ գան, զրկվեն դիմադրության,
ողջամտության վերջին նշույլից,-
շները կռվեն, որ բիջ աղքատի բանը հաջողի ․․․
Ու ցեց են գցում հանրային անտեր մահուդների մեջ,
որ այն քայքայվի, ողջամիտ միտքը մնա ․․․ ոռաբաց,
ու հտպիտները ինչ ուզեն՝ անեն – սաբանտու՜յ, հարբա՜ծ ․․․
Ամեն ինչ սև է և կամ սպիտակ – ուրիշ գույն չկա՛,
ու արդ ամենից հանապազօրյան է դառնում մոխրագույն,
ուղեղի կեղև հանդիսացողը՝ գորշ նյութն է լխկում –
ու տանելի է դառնում անպատիվ ․․․ ամեն մի ․․․ «զըխկում»․․․

 

3․ ԱՐՄԵՆԱԿ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՁԱՅՆԸ

Լույսը դոնդող էր՝
ասես թունավոր,
օդը՝ հարամված։
Արյունս՝ քամված,
բիբերս՝ մթնած,
հայացքս՝ մոլոր։
Այսպես, մինչև որ
ինձ ձայնը հանեց ցավի թմբիրից,
իսլամամերձից ու ․․․ իքիբիրից ․․․
Եվ մայր Արաքսի ափերը տեսա
մտովին։ Տեսա՝ ինչպես են կշռում
մե՜ղրը Մեղրիի – ու մատ են լիզում,
մեջ-մեջ են անում ու թիքա-թիքա,
սահմաններ նշող կայմերին միզում ․․․
Եվ «Անտունիի» ողբից կռացա,
թքեցի, ասի՝ թողնեմ-հեռանամ ՝
գոնե պատրանքով։ ՈՒ ապավինած
Ձայնին՝ գնացի մոլոր տեսիլքով։
Այն, ինչ բախտից է՝ չես ուղղի խելքով ․․․

 

4․ ՎԱԶԳԵՆԸ

Օպերայի մոտ, ծառի տակ նստած։
Իսկ միկրոֆոնը՝ քիչ այն կողմ, զըլած,
ճառերից թունդ էր հանում, պատերը
դղրդում էին, թամանյանական ամուր շաղախը
հազիվ էր պահում որմը։ Ստրատեգ
այրեր՝ հավաքված այսպես – Ռուբիկոնը
ազգային պիտի անցնեն՝ հայհա՛յ է ․․․
Վազգենը, տխուր, նստած ծառի տակ
( դեռ անուն չուներ, դեռ տեղում չէր իր),
պատասխանեց իմ ողջույնին տխուր,
ասաց ․«Սրանով չի վերջանալու»։
Արդյո՞ք հեռահար մի երազով նա
չէր տեսնում իրեն՝ ընկած ․․․ ու արյուն ․․․

 

5․ ՍԱՀՄԱՆ ՔԱՋԱՑ՝ ԶԵՆՔ ՅՈՒՐՅԱՆՑ ․․․

Այն ինչ գծում էր Տիգրան Մեծ արքան իր սուր նիզակով,
հիմա ԳԵՆՇՏԱԲԻ արխիվներից է հանելու Նեռը՝
թղթախաղի մի խփված քարտի պես։
Կարմիր մատիտն են հանելու նորից
թաթար Բջորդու, որ գծեր դրեց
անդամահատման՝ հին քարտեզներին։
Այն, ինչ գծում էր Տիգրան մեծ արքան իր սուր նիզակով ․․․

 

6․ ՎԵՐՋ, ԼՌՈՒԹՅՈՒՆ

Ու հիմա պիտի այսպես սըսկըվե՞մ,
ողբամ ՝ ավարտվե՞մ, նորից սկսվե՞մ ՝
ինչ-որ հույս փնտրեմ, բռնվելու մի տեղ ․․․
Դառնամ ՝ հայհոյե՞մ ես ափեղցփեղ,
թե՝ վիզս ծռած՝ նայեմ ջրերին,
տապանը փնտրեմ գալիք օրերի,
մի նշույլ փնտրեմ ինչ-որ փրկության։
Ախ, օ՜ր ցրտահերկ, ու ցավ դու՝ գութան ․․․

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *