Մհեր Արշակյան | Պարականոն ըստ երազի

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի

Լույսը ընկավ։ Մեխված քո դեմ զարկերակի ձայնով եկած,
շունչս պահած, մտքով՝ անդեմ, քո ստվերը վրաս բեկված։

Ու՞ր ես հիմա, ասի ես ինձ ու լսեցի՝ փնտրու՞մ ես դեռ,
ես հիշեցի՝ իմ երեսից դու դարձել ես երազ ու դեր։

Կատակեցի աչքերիդ մեջ տողատակի դողով տկար,
դու աճեցիր, դու դարձար մեծ այստեղ՝ փույթով անզուգական։

Ես քեզ կորցրի իմ աչքերից՝ լոկ թիրախ էր համր ձայնըդ,
քո ստվերը ասաց՝ դերն իմ դեռ էն աշխարհում էր ծանր։

Կատակեցի իբր ինձնով, որ ինչ-որ բան պիտի լինի,
պիտի լինի սրտով ծանոթ եւ եւ դեւերով առաքինի։

Բառ չի հնչում, նախկին սեր է հաջորդ մահվան դեմքին պարում,
ինձ ասել են, ինձ հասել է քո բաց երակն առանց արյուն։

Ինձ տեսել է, ինձ տարել է քո ժպիտը նախորդ՝ խորթ ինձ,
քո ժպիտը նախորդ ելել ու մնացել է կոկորդիս։

Ես՝ շնչահեղձ, ես՝ սեւ լեղի, ես՝ սեւ թեքված սեւ երկնուսույց,
այս կողմերում հիմա տեղից վերջին երկինք եմ փլուզում։

Ասել է, թե այլ դեր չկա անդունդ ձեւով սիրուց բացի,
ասել է, թե այսպես ճկված խորացա ու համբառնեցի։

Ասել է, թե դու ես լույսը, ինչպես ձյունը վերեւներում,
ասել է, թե քեզ չեմ ուզում տարածության մեջ ու ներսում։

Ասել է, թե այնտեղ, ուր դու ու քեզնով է լույսը հանգում,
չի տրվելու Մարդուն, Որդուն ապրելու դեմք ու մահվան գույն։

Եվ կրկին ես քեզնով ծղրիդ, քեզնով արդեն հղի ու մոգ,
ապագայի վազող ծայրից վերադառնամ պիտի քեզ մոտ։

Մի գիշեր էլ պիտի մեռնեմ լինելիքին որպես հերքում,
նույն մոլեխինդ գարնան դերն է իմ աչքերում ցնծում դեռ կույր։

Ահա։ Չկաս։ Ինձնից տեւեց սոսկ զոհ փնտրող քարը հլու,
պիտի ինձնից դուրս գան դեւեր՝ պարապ սիրով մարդ մուրալու։

Քեզ հանձնեցի, քեզ ուրացա առասպելի կանոններով,
Բայց ու՞ր ես դու, իմ քույր դարձյալ, ու՞մ է ընտրել սերդ ներող։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *