Պարոն Հրանտի մասին ինձ պատմել է նրա բժշկուհին, որը համոզված էր, թե իր բուժառուն կտրել-անցնելու է երկրային կյանքի սահմանագիծը և ապրելու է Հին կտակարանի հերոսների երկարակեցության օրենքներով։ Թերևս բժշկուհուն ո՛չ այնքան պարոն Հրանտի մահվան տխուր փաստը վշտացրեց, որքան դրա հետ կապված հանկարծահաս ու զավեշտական հանգամանքները։
* * *
Պարոն Հրանտը միշտ տիկնոջ հետ էր գնում հերթական բժշկական այցի։ Երբ առաջին անգամ բժշկուհին տեսավ նրան, պարոնը իննսունչորս տարեկան էր: Բժշկուհին այդ օրը և հետագա հանդիպումներին երբեք ծեր մարդու հոտ նրանից չառավ։ Աշխույժ էր, միշտ լոգանք ընդունած, սափրված, օծանելիքի նուրբ բուրմունքով, cravatte[1] ձիգ կապած, գլխին` շլյապա։
Կինը` Կարոլինը, ութսուն տարեկան էր։ Յուրաքանչյուր այցելության ընթացքում բժշկուհին նորովի էր հայտնաբերում տիկնոջը՝ գեղեցիկ հագուստներին ներդաշնակ լայնեզր գլխարկներով, վառ, գունեղ շրթներկով և մատները հարդարված։ Զննելով մյուս հիվանդներից տարբերվող այդ զույգին՝ բժշկուհուն թվում էր, որ դրսում ո՛չ թե քսաներորդ դարն էր, այլ անցյալ դարի երեսնականները։ Նրան նույնիսկ թվում էր, որ զույգը վաղուց անցած-գնացած բարի, բարեպաշտ դարերից եկած վերջին մոհիկանների պես տարբերակվող տեսակ է…
Երկուսն էլ առողջ էին, և բժշկուհին ընդամենը չոր մաշկը փափկեցնող քսուկներ էր դուրս գրում պարոն Հրանտի համար, իսկ նրա կողակցին հազվադեպ փռշտոցների համար՝ խոտաբույսի կաթիլներ։
Պարոն Հրանտը քչախոս էր, զուսպ, կինը`անմիջական, զրուցասեր։
– Բժշկուհի, ըսէք, որ ան կամաց ուտէ, Հրանդը շատ արա՛գ կուտէ։
– Ինչքա՞ն արագ…
– Ճաշը հազիւ դնեմ, մինչեւ երթամ խոհանոցէն հաց բերելու, վերադարձիս արդէն պնակը մաս-մաքուր է, Հրանդը արդէն ամէն ինչ կլլած է։
Պարոն Հրանտը սրճագույն բռնկուն հայացքով խեթում էր կնոջը։ Տիկինը խոնարհում էր աչքերը նորահարսի պես և տեսակցության ամբողջ ընթացքում այլևս ոչ մի բառ չէր արտաբերում։
– Պարոն Հրանտ, պետք է դանդաղ ծամեք, արագ ուտելը վնասակար է մարսողությանը։ Զարմանալի է, որ ստամոքսի ոչ մի խնդիր չունեք։
– Կարեւորն ատիկա է, բժշկուհի։
Այնումենայնիվ, բժշկուհին ինչքան էլ փորձում էր երևակայել նիհարավուն կազմվածքով պարոն Հրանտին խփշտելիս կամ տաք ճաշը հապճեպ կուլ տալիս` չէր ստացվում։ Փոխարենը նրան պատկերացնում էր շքեղ հյուրասենյակի բյուրեղապակե ջահի ներքո էթիկայի խստագույն կանոններով, արծաթե սպասքեղենով զարդարված սեղանի շուրջը, կոստյումով, փողկապը` ձիգ կապած, սեղանակիցների հետ կենտրոնացած զրուցելիս և հետն էլ` մի քիչ անտարբեր, փակ շուրթերով դանդաղորեն սնունդը ծամելիս։
Խնամառու ամուսնական զույգը տարին մեկ–երկու անգամ բարեխղճորեն այցելում էր բժշկական հերթական տուգումներին։ Բժշկուհին ամեն անգամ նրանց տեսնում էր առողջ, անուշաբույր, ավելի պայծառ գույներով ու ծաղկուն տեսքով։ Սովորաբար բժշկական զննումը արագ էր վերջանում։ Երիտասարդ կինը հարգալից ուղեկցում էր նրանց դեպի առանձնասենյակի ելքը, քթի տակ ժպտում էր, մտորում, որ աստվածաշնչյան քնարերգուն սաղմոսի այս հանգով կարծես թե մարգարեացել էր նրանց մասին. «Ջրերի հոսանքի վրա տնկված ծառի նման, իրենց պտուղը ժամանակին են տվել, ու նրանց տերևը չի թափվում»։
Ընդունարանում նրան սպասում էր հիվանդների երկար շարքը, կային ծանր ախտորոշում ունեցող հիվանդներ, որոնք լավագույն հմտությունների, գիտելիքների և ի վերուստ տրված բժշկական շնորհի կարիք ունեին։ Ուստի ամենօրյա պարտականությունների մեջ բժկուհին մոռանում էր անխնդրահարույց բուժառու զույգի մասին, մինչև նրանց հաջորդ այցը։
Շարունակական այցելությունների ընթացքում տիկին Կարոլինի անմիջական խոսք ու զրույցի, այլ բուժառուներից ստացած տեղեկությունների շնորհիվ բժշկուհին ծանոթացավ տարիքով զույգի պատմությանը։
Պարոն Հրանտը մեծացել էր մանկատանը, եղեռնից փրկվածներից էր։ Դեր-Զորի անապատում կորցրել էր բոլոր հարազատներին։ Երեքամյա մանչուկին նորվեգացի միսիոներներն էին հայտնաբերել կիսամեռ վիճակում՝ մահացած մոր ստինքը բերանում։ Գթության քույրերի հոգածու խնամքից հետո նրան տեղավորել էին որբանոցում, որտեղ անցել էր մանկությունը։
Ուսյալ էր, ամբողջ կյանքում գրչով էր փող աշխատել։ Բժկուհու համար այս փաստը անվիճարկելի էր։ Տարիքով տղամարդու խորշոմած, բայց երբեմնի գեղեցիկ, երկարավուն ձեռքերը նրան միշտ հիշեցնում էին Վան Դեյկի արտիստիկ մատների ուրվագիծը նկարչի համանուն ինքնանկարում։
Լիբանանում աշխատել էր ամերիկյան դեսպանատանը՝ որպես գրագիր, տիրապետել մի քանի լեզուների։ Տարիներ անց, երբ երիտասարդ Հրանտը այցելել էր մանկության որբանոց, այնտեղ հանդիպել էր անչափահաս Կարոլինին, որը հետո դարձավ նրա կինը։ Երեք զավակ ունեին, որդիներից ավագը Կալիֆոռնիայում հանրաճանաչ Federal Judge էր, երկրորդը` հեղինակավոր պատկերասրահի սեփականատեր, դուստրը` ժամագործական գործարանի գործադիր տնօրեն և բաժնետեր:
Հրեա բուժառուներից մեկը պատմել էր, որ պարոն Հրանտը հայասեր, հայրենասեր մարդ է, հաճախ է ելույթներ ունենում Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Նրա կյանքի պատմությունը ներառվել է Shou Foundation*[2]-ում: «Հետագայում, երբ հիմնադրվեց Հիշատակի այգին Preshing հրապարակում, այնտեղ հայտնվեց նաև պարոն Հրանտի սև-սպիտակ մեծ լուսանկարով ցուցատախտակը»,- այդպես զրույցը ավարտեց հրեա խնամառուն։
Ուստի, երբ բժկուհին նրան հանդիպեց ապրիլի 24-ին, Little Armenia[3]-ում` ցեղասպանության 100-ամյակի արարողություների ժամանակ, որպես խորհրդատու` բնավ չզարմացավ։ Բժշկուհին ընկերուհու հետ էր։ Երիտասարդ կանայք համարյա մեկ ժամ կողք կողքի քայլեցին կազմակերպիչների խմբի հետ։ Հարակից փողոցներից մարդիկ հոծ խմբերով միանում էին «արդարության»[4] քայլարշավին: Այդ պատճառով երթը դանդաղ էր առաջ ընթանում: Բոլորն ոգեշնչված էին։ Անծանոթ մարդիկ համակված են միմյանց նկատմամբ հարազատության զգացումով, հոգում էին, ընդառաջ գնում միմյանց կարիքներին: Հուզված, արևից կարմրակատած պարոն Հրանտը բաժանումից առաջ գրկեց նրան.
– Բժշկուհի, գիտէինք, որ այս տարի սովորականէն աւելի մարդաշատ պիտի ըլլար ցոյցը, եթէ յիսուն հազար մարդ մասնակցէր, շատ գոհ պիտի ըլլայինք, բայց եւ այնպէս, մեծ բազմութիւն կայ, մարդկային գետեր կը հոսին…
– Ճիշտ եք, պարոն Հրանտ։ Թերևս հարյուր հազարից ավելին են… Խնդրում եմ զգույշ եղեք, համարյա վեց ժամ դեռ պետք քայլեք, ջուր խմեք, որ չջրազրկվեք… Խնայեցեք ձեզ, նախկին կտրիճը չեք…
* * *
Մայիսյան աշխատանքային այդ օրը ուրախ և թեթև անցավ։ Բժշկուհին սնահավատ էր, օրվա բարենպաստությունը կապեց առաջին այցելուների` պարոն Հրանտի և տիկին Կարոլինի «խերով» ոտքի հետ։ Զույգի հետ, թվում էր, բժշկուհու առանձնասենյակ էին ներխուժել մայիսյան Կալիֆոռնիայի շենշող գույներն ու բույրերը, իսկ տիկին Կարոլինի խոսքն ու զրույցը նման էր ծաղկած ճյուղի վրա բազմած գարնանային թռչնակի ճռողվյունի։
Երբ պարոն Հրանտը գնաց հարևան սենյակ` արյան հերթական քննությունը հանձնելու` տիկինը հարցրեց.
– Ինչո՞ւ չամուսնանար մեր անուշիկ բժշկուհին։
– Չեմ ամուսնանում, որովհետև չեմ գտնում պարոն Հրանտի պես մեկին։ Նա հոգի է տալիս ձեզ համար։
– Աւելի շատ ես հոգի կուտամ իրեն։ Դեռ տասնհինգ տարեկան էի, երբ առաջին անգամ տեսայ երիտասարդ Հրանդը, պզտիկ աղջիկ մըն էի։ Այդ օրը ես ընտրեցի զինք… եւ ընտրեցի ամբողջ կեանքիս համար։
– Կարծում եմ Ձեր զգացմունքները փոխադարձ էին…
– Ո՛չ… ան արդէն հասցուցած էր մէկ անգամ ապրիլ առաջին սէրը եւ վայելել ատոր քաղցրութիւնն ու դառնութիւնը։ Երկար սիրավէպ ունեցած էր ֆրանսուհիի մը հետ։ Հարսանիքէն քանի մը օր առաջ հարսնցուն երեսի վրայ ձգած էր իրեն։
– Եվ…
– Մեր առաջին հանդիպման անոր աչքերը շատ տխուր էին եւ անյոյս։ Յուսահատած էր կեանքէն… Իմ սէրը երկրորդ կեանք տուաւ անոր, կարծեմ գիտէք, որ փոքրիկ Հրանդը Տէր-Զօրի անապատներէն յարութիւն առած ուրուականներէն մէկն է։
Պարոն Հրանտը վերադարձավ, ու խոսակցությունը ընդհատվեց։ Նրա ներկայությամբ տիկինը կարծես թե վերալիցքավորվեց, «աչուկները» շողշողացին և հայտնվեց սովորականի պես զվարթ, լավատես տրամադրության մեջ։
Ու չնայած Հիպոկրատի երդում տված կինը հոգատար էր բոլոր հիվանդների հանդեպ անխտիր, այնուհանդերձ, այդ օրը նորեն հայտնաբերեց, որ ինքն ընդամենը տկար մահկանացու է և անկարող է Բարձրյալի նման անաչառ լինել։ Սիրտ սրտի ապրած ամուսնական այս զույգին երիտասարդ կինը մի տեսակ առանձնացնում էր մյուս բուժառուներից։ Սա պարզապես կանացի համակրանք կամ քմահաճույք չէր խնամված, ակնահաճո տեսքով ամուսինների հանդեպ կամ բժշկուհու ակնածանք դեպի ծեր, բայց փթթուն առողջության տեր մարդիկ։
Թերևս խնդիրն ավելի խորն էր՝ ավելի անաձնական զգացմունքների դաշտում։ Զույգը հաղթել էր Ճակատագրի Սև Շանը[5]։ Խնդիրը խոր թաքնված էր բժշկուհու արյան հիշողության մեջ։ Իր ազգակիցներից շատերի պես այնտեղ անանձնական տապնապներ կային կործանումների, բնաջնջումների, դառնագին հիշողությունների և կորուստների մասին։ Քնած թե արթմնի այնտեղ երբեմն զարթնում, ուրվագծվում էր ճակատագրի Սև Շունը` սև ուրվականի կերպարանքով։
Ամուսնական զույգը վրեժ էր լուծել ճակատագրի սև ուրվականից, որպեսզի հարատևի ցեղի շարունակությունը։ Նրանք ոգեշնչում էին երիտասարդ կնոջը։ Կինը հավատում էր, որ զույգի կենսունակությունը տարածվելու է իր վրա, ազգովի բոլորի վրա, որ հայն ի վերջո կլինի հաղթող, երբե՛ք թույլ չի տա նորից ցեղասպանվել ու այլևս երբե՛ք հայրենիքներ չի կորցնի։ Ուստի խնդիրը անձնական դաշտում չէր, առավել ևս՝ համակրանքի։
Նույն գիշերը բժշկուհին երազ տեսավ։ Երազում Փարիզում էր։ Այնքան էլ անհավանական չէր Ֆրանսիայում նրա հայտնվելը, մանավանդ, երբ նախորդ տարի այցելել էր Փարիզ։ Տարօրինակն այն էր, որ դա հին Փարիզն էր։ Ամենուրեք կառքեր էին, լայնեզր գլխարկներով, սմոկինգներով տղամարդիկ, ժանեկազարդ, ատլասե հագուստներով կանայք։
Կինը կանգնել էր Pont Alexandre III կամուրջի վրա։ Դա այն կամուրջն էր, որ ուղևորության ընթացքում առանձնացրել էր Սենայի վրա գտնվող մյուս կամուրջներից, քանի որ ամենազարդանախշն էր ու վեհաշուքը։ Ներքևում պղտոր գետն էր։ Ջրերին երկար նայելիս աչքերը մաղվում էին, այնուհանդերձ, պատկերները հստակ էին, իրական։ Կողքին սիրահար ջահել մի զույգ կար` ֆրանսուհին շիկահեր խոպոպիկներով, բարձր սանրվածքով գեղեցիկ օրիորդ էր, իսկ շլյապայով ջահելի դեմքը այնքան ծանոթ էր, այնքան հարազատ… Հանկարծ երիտասարդը սկսեց հազալ չոր խեղդող հազով։ Հետո այն վերածվեց անտանելի խռխռոցի… Վիճակն օրհասական էր։ Բժշկուհին նետվեց երիտասարդին փրկելու… ու սրտխփոցով վեր թռավ տարօրինակ երազից։
Երկար շուռումուռ եկավ անկողնում, չհաջողվեց քնել։ Խեղդվող մարդն իր բուժառուն էր՝ պարոն Հրանտը ջահել հասակում։
* * *
Հաջորդ օրը բժշկուհին զանգ ստացավ ոստիկանությունից։ Նման զանգերը տագնապ էին առաջացնում նրա հոգում։ Դա նշանակում էր, որ մարդ է մահացել, այն էլ՝ տանը։ Սպան հայտնեց, որ պարոն Հրանտն էր մահացել։
– Mom…Այո, Doctor, ճիշտ եք լսել…մահացել է ո՛չ թե քնի մեջ, ո՛չ թե վայր ընկնելուց, այլ ուտելու ընթացքում։
Սովորաբար նման դեպքերում բժշկուհին ցավակցական քարտ էր ուղարկում հանգուցյալի ընտանիքին։ Այս անգամ բացառություն արեց և երեկոյան այցելեց տիկին Կարոլինին` անձամբ ցավակցելու։
Սևազգեստ տիկինը նրան դիմավորեց հյուրասենյակում։ Նույն ծանոթ հյուրասենյակն էր շքեղ բյուրաղապակե ջահի ներքո, որը տարիներ ի վեր կար բժշկուհու պատկերացումներում։ Միայն պարոն Հրանտն էր բացակայում։
Տիկինը երկու օրվա մեջ կարծես քսան տարով ծերացել էր։ Այրին պատմեց, որ փոքրիկ Հրանտը որբանոցում եղել է ամենավտիտը, դալուկը և փոքրիկը։ Ոչ ոք հույս չի ունեցել, որ նա կապրի։ Ավելի ուժեղ, խոշոր ու մեծ երեխաները խլում էին նրա ուտելիքը, նույնիսկ ծամելուց հետո բերանից էին հանում։ Շատ քաղցած օրեր էր ապրել մանչուկը։ Որպեսզի գոյատևեր, նա սովորել էր ուտելիքը առանց ծամելու հապճեպ կուլ տալ։ Նման հմտությունը օգնել էր մանչուկին գոյատևել, փրկվել, բայց մի ամբողջ կյանք նա չկարողացավ հաղթահարել այդ սովորույթը, որը ի վերջո սպանեց նրան։
– Բժշկուհի, ամբողջ կեանքիս ընթացքին աղաչած եմ անոր ատանկ չուտել։ Բայց որու խօսք պիտի հասկցնես։ Այդ օրը պրոքլի եփած էի, կոկորդին կեցաւ եւ այս անգամ չկրցայ փրկել զայն։ Երբ շտապ օգնութեան ինքնաշարժը հասաւ, ան արդէն մահացած էր։
Բուժառուի մահվան հաշվետվության մեջ բժշկուհին արձանագրեց` «Հրանտ Փոլադիան, հարյուր չորս տարեկան, մահացել է տանը` սնվելու ընթացքում»։ Իսկ անձնական գրառումներում նշեց. «Հրանտ Փոլադիան՝ Ցեղասպանության ևս մեկ զոհ. մեկ ու կես միլիոն + մեկ` հարյուր տարի անց»։
[1] Փողկապ (ֆր):
[2] Հոլոքոստը վերապրածների և ականատեսների հետ աուդիո-վիզուալ հարցազրույցների, վկայությունների հավաքածու, որը ստեղծվել է 1994թ․ Սթիվեն Սփիլբերգի կողմից։ 2006թ․ հիմնադրամը տեղափոխվեց Հարավային Կալիֆոռնիայի համալսարան, վերանվանվեց USC-ի Shou Foundation, որպես Տեսապատկերային պատմության և կրթության ինստիտուտ, որը ունի նաև հայկական գրասենյակ հայ աշխատակցով։
[3] Լիթլ Արմենիան թաղամաս է Լոս Անջելես քաղաքի Հոլիվուդ շրջանի արևելյան մասում, սովորաբար այստեղ ամեն տարի ապրիլի 24-ին տեղի են ունենում Ցեղասպանության զոհերին նվիրված հանրահավաքները։
[4] Ըստ Լոս-Անջելոսի ոստիկանական հաղորդագրության 2015թ ապրիլի 24- ի հայերի “Արդարություն” քայլարշավին մասնակցել է 130 հազ. մարդ, մեկ շաբաթ հետո ճշտվեց, որ 160.0 հազ մասնակից է եղել։
[5] Ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանի համանուն վերնագրով վեպը, որ տարեգրություն է Օսմանյան Թուրքիայում իրականացրած Հայոց Մեծ Ցեղասպանության մասին։