Ճոու Ծյանին | Պարոն Պաոլոն


Լուլուին ասացի.
– Ուղարկելուց առաջ թքիր բաժակի մեջ: Լուլուն այնպես ուժեղ գնդով թքեց, որ մտածեցի՝ այրող սուրճը կցայտի նրա նոր քսած կարմիր շրթներկին, ապա իր պիրկ սրնքամսերը պտտելով՝ բաժակը դրեց պարոն Պաոլոյի սեղանին: Պարոն Պաոլոն: Պարոն Միայնակը: Պարոն Անիծվածը:
Ոչ ոք չէր սիրում պարոն Պաոլոյին: Ես հենց այն մարդկանցից մեկն էի, որոնք նրան չէին սիրում և որոնց շարքերն էի այդպես անհոգ խցկվում՝ Լուլուին դրդելով թքել նրա էսպրեսոյի մեջ: Լուլուն նույնպես արհամարհում էր նրան, թեև դա չէր խանգարում, որ նրա առջև ցանկասիրաբար իրեն ցուցադրի: Լուլուն բոլորի հետ էր սիրախաղ անում՝ շիկնելով, աչքով անելով և այնպես հագնվելով, ասես հավերժ տասնութ տարեկան էր, դույզն իսկ չամաչելով իր տափակ կրծքավանդակից՝ երկու մնացուկ-բալերի կենտրոններով: Կասկածում եմ, թե նույնիսկ պարոն Պաոլոն կգայթակղվեր և երկրորդ անգամ հայացք կգցեր նրա կողմը: Օգտվելով առիթից՝ Լուլուն միտումնավոր սայթաքեց սամբուկա խմող մի իսպանացու կողքին: Երբ վերջինս չշտապեց օգնել, նա ոտքով դոփեց տեղում, շարունակեց քայլել առաջ և սուրճը շրխկոցով դրեց պարոն Պաոլոյի սեղանին: Ես կանգնած՝ նրա ծեքծեքուն շարժումներին էի հետևում սուրճի ջարդված մեքենայի ետևից, որն անընդհատ գոլորշի էր արձակում:
Դեռ նույնիսկ ժամը 10-ը չկար, իսկ Լուլուն ուզում էր տուն գնալ: Բարերում կանանց գիշեր էր, դրա համար էլ նա ուզում էր անվճար մարգարիտա խմել և օտարերկրացիների հետ անգլերեն խոսել: Նրան դուր էին գալիս օտարերկրացիները, և կապ չուներ, թե քանի տարեկան էին, կամ որքան մազոտ էր նրանց կրծքավանդակը: Մի անգամ նրան հարցրի.
-Իրո՞ք հաստ են նրանց՝ գիտես ինչերը: Պատասխանելուց առաջ լրջորեն մտածեց.
-Մոտավորապես ձեռքիս հաստության: Հետո երկար, անդադար հռհռացինք:
Դիմացի կինոթատրոնը երկուշաբթի օրերը ֆիլմեր չէր ցուցադրում, դրա համար էլ սրճարանն այդ գիշեր հանգիստ էր: Լուլուի գնալուց հետո մի քանի հաճախորդ միայն մնացին, և ես արմունկներս հենեցի վաճառասեղանին, իսկ բարձրախոսները շարունակում էին երաժշտություն ճռռացնել: Պարոն Պաոլոն նստած էր իր սովորական տեղում՝ անկյունում, սուրճի բաժակով: Նա վաղուց խմել վերջացրել էր, բայց չէր երևում, թե էլի ինչոր բան կպատվիրի: Սակայն հանեց կոշտ, չորացրած ծխախոտի մի փաթեթ, փորձառու հմտությամբ փաթաթեց այն բարակ թղթի մեջ և գլանակը կպցրեց թքով: Ապա թիկնեց գնացքի ոճ ունեցող խցիկի նստարանին՝ գլուխը հենելով գլխակալին և մտմտալով իր հոգսերի մասին: Մի քանի ժամ նստեց այդտեղ, մինչև մոտեցա և ասացի, որ սրճարանը փակում ենք:
Նա վեր կացավ և վճարեց՝ խիստ նրբագեղ շարժուձևով: Զզվելի է, բայց չէի կարող մեղադրել նրան, և նա չփնթփնթաց: Նույնիսկ ինձ ասաց.
-Ջեյն, բարի գիշեր: Մի՞թե սուրճը խմելիս չէր զգացել թքի համը։
Պարոն Պաոլոն ասում էր, որ ինքն իտալացի է, բայց բոլորս գիտեինք, որ իրականում հնդկական ծագում ունի: Տարիներ շարունակ նա լռվել էր երկու թաղամաս այն կողմ գտնվող մի սրճարանում: Ես տեսել էի նրան այնտեղ՝ էսպրեսոն ձեռքին, անվճար համացանցով համակարգչի դիմաց էլեկտրոնային մեծաքանակ փոստեր ուղարկելիս, կամ վաճառասեղանի մոտ սրճարանի տիրոջ հետ շախմատ խաղալիս: Նա չէր կարողանում միշտ վճարել սուրճի համար, դրա համար էլ հաշիվ ուներ բացված, և երբեմն սրճարանատիրոջից պարտքով փող էր խնդրում: Շատ չէր վերցնում, ասենք՝ մի 100 կամ 200 յուան, և դրանից հետո ուրախությամբ տապակած խոզապուխտի սենդվիչ էր գնում, ապա ուղիղ դուրս էր ելնում ու տաքսի կանչում, որ իրեն տուն տանի: Սկզբում բոլորը համբերատար էին նրա հանդեպ: Օտար երկրում նա ունեզուրկ հեղինակ էր: Բայց շախմատ խաղալիս անազնիվ էր, իսկ հենց որ չեկ էր ստանում, գոռում էր սրճարանում բոլորի վրա և սառը գարեջուր ուզում: Բայց հետագայում սկսեց ավելի ու ավելի շատ գումար պարտք մնալ և կախման մեջ ընկավ մարիխուանայից: Երբ սրճարանի տերը հրաժարվեց նրան պարտքով 1000 յուան տալ, էլ երբեք չվերադարձավ այդտեղ: Նա մտածում էր, թե բոլորն իր բարեկամներն են, բայց նրանց աչքում ինքը պարզապես զվարճալի ծաղրածու էր:
Ահա թե երբ նա տեղափոխվեց մեր սրճարան: Երկու սրճարանների սեփականատերերը ընկերներ էին. նրանք օգտագործում էին միևնույն՝ «կատվի կղանք» սուրճի հատիկները: Առաջին օրը, երբ պարոն Պաոլոն եկավ, մեր սրճարանատերը Լուլուին և ինձ մի կողմ տարավ և ասաց.
-Չթողնեք, որ նա հաշիվ բացի և չթողնեք սրճարանում մարիխուանա ծխի:
Տարվա չորս եղանակին նա միայն երկու ձեռք հագուստ էր հագնում: Ձմռանը դա մուգ, ծովայինի զգեստի ոճի վերարկու էր: Գարնանն ու աշնանը՝ ավանդական չինական սպիտակ կոճակներով վերնաշապիկ, որը, կարծում եմ, գնել էր առաջին անգամ Չինաստան եկած ժամանակ: Ամռանը նա պարզապես ծալում էր այդ նույն վերնաշապիկի թևքերը: Ամեն անգամ, երբ Լուլուն տեսնում էր նրան փողոցն անցնելիս, մի ավելորդ անգամ գոչում էր՝ «Ահա գալիս է պարոն Պաոլոն», որից հետո ես լիքը լցնում էի սուրճը և սկսում էսպրեսոն պատրաստել: Ուրիշ ոչինչ երբեք չէր լինում, ոչ մի հաճելի անակնկալ:
Պարոն Պաոլոյին ճանապարհելուց հետո ես ճամփա ընկա դեպի տուն: Կեսգիշերից անմիջապես հետո հանկարծ սկսեց ուժեղ անձրև գալ, և ազատ տաքսիները մեծ ջրացայտեր էին գոյացնում, երբ անցնում էին իմ և հեծանվիս կողքով:
Ավտոմայրուղիների վերնակամուրջների տակ ջուրը շատ խորն էր, և երբ ես հեծանվով անցնում էի դրա միջով, լողացող տանկի պես էի ինձ զգում: Մի պահ մտածեցի պարոն Պաոլոյի մասին և այն մասին, որ գուցե նա հովանոց չուներ, և երբ դա մտածեցի, ինքս ինձնից զզվեցի: Ես պետք է նման լինեի ֆիլմերի ռոբոտ-մարտիկներին՝ անտարբեր և անողոք:
Գիշերը երկար էր: Տաք ցնցուղ ընդունելուց հետո նստեցի համակարգչի դիմաց՝ գրելու իմ մշտապես անավարտ վեպը: Չգիտեմ, թե որն է խնդիրը, լեզուն, ռիթմը, մարմնական ցանկությունները կամ ուրիշ մի բան, բայց պարզապես չեմ կարողանում ավարտել այդ գիրքը: Տասը տարի է՝ աշխատում եմ դրա վրա, բայց հավանաբար ամբողջ մի հարյուրամյակ կպահանջվի, որպեսզի ավարտեմ, և այդ ժամանակ ես կլինեմ միայնակ, ճերմակահեր մի ծեր վհուկ: Լուլուն զանգեց ինձ: Խմած էր:
-Ջեյն, դու պետք է ինձ մի լավ շշպռես, ուղղակի հայհոյիր ինձ, երբ տուն գամ: Ես չեմ ուզում արթնանալ օտարի անկողնում:
Ես հեռախոսով մի քանի հայհոյանք նետեցի՝ իմանալով, որ նա հաստատ կարթնանա օտարի անկողնում: Լուլուն համառեց.
-Ի՞նչ ես անում:
Ասացի, որ հեռուստադրամաներ եմ նայում, ապա հեռախոսն անջատեցի: Եթե երկար շարունակեինք խոսել, նա էլի կսկսեր հեկեկալ: Միշտ լաց էր լինում, երբ հարբած էր:
Պատուհանից դուրս հորդ անձրև էր և ամպրոպ: Ես ուղղակի մտածում էի, թե խոհանոցի տանիքը կկաթի, և թե ինչպես պետք է այդտեղ տաշտ դնեմ կաթող ջրի տակ: Հետո քնեցի: Ամեն օր այսպես է՝ տխուր ու հուսալքող:
Բնականաբար, հաջորդ օրը Լուլուի պարանոցի վրա բուռն սիրո հետքեր կային: Արհեստական գործվածքից շարֆ էր գցել՝ վրան գանգի պատկեր, թարթիչներին հատուկ մուգ ծարիր էր քսել և մռայլ նստած էր լուսամուտագոգին: Ես հեռավորություն պահպանեցի՝ ձևացնելով, թե թյուննոսից սենդվիչներ եմ պատրաստում, բայց նա կողքանց մոտեցավ:
-Ինչո՞ւ նա ինձ հաղորդագրություն չի ուղարկում: Երևի հարբած՝ սխալ համա՞ր եմ տվել:
Այդ աղջկա ուղեղը շարքից դո՞ւրս էր եկել խմելուց: Ինչո՞ւ չէր հասկանում, որ այդ սիրալիր ու պատրաստակամ օտարերկրացի սիրեցյալները միգուցե իրականում երբեք էլ չեն սիրել իրեն:
Երկուսս էլ ճնշված էինք: Այդպիսի դեպքերում մենք լռում ենք, կտրում ենք լոլիկը, թյուննոսի թիթեղյա տուփերում խառնում ենք սալաթի սոուսը և շոգեխաշող ջարդված կաթսայով կաթի ցածրորակ փրփուր պատրաստում: Մեկ տարի երեք ամիս ես սեռական կյանք չէի ունեցել: Սկզբում հաշվում էի օրերը, բայց հետո դրանք դարձան անզանազանելի, միանման: Հիշում եմ միայն, որ վերջին անգամ սիրով զբաղվեցի մի լուսանկարչի բնակարանում, նախքան թատերական ակադեմիան ավարտելս: Ամբողջ սրտով ուզում էի ապրել Սագանի կենսակերպով, ողջ օրը խմեի ճամփեզրի բարերում նստած արվեստագետների հետ, սիրով զբաղվեի, խոսեի գրքերի մասին և հաճույքներ որոնեի: Հետո հասկացա, որ գտնվում եմ ոչ համապատասխան տեղում՝ ոչ համապատասխան ժամանակ: Հիմա ոչ մի հետաքրքրություն չունեմ սիրո հանդեպ, և ոչ ոք չի հայտնվել, որ սիրի ինձ: Հնարավոր է՝ մի քանի տարի հետո ես էլ կլինեմ այդ անհայտ ու չճանաչված, լռակյաց գրողներից մեկը:
Այդ օրը պարոն Պաոլոն չերևաց: Մտածեցի՝ միգուցե մրսել է՝ անձրևից թրջվելով: Եվ այդ գիշեր տարօրինակ մի զգացողություն ունեցա, երբ ցած էի քաշում գլանավարագույրը:
Պարոն Պաոլոն երբեք ինձ չէր վիրավորել. ընդհակառակը, նա ինձ լավ էր վերաբերվում: Գիտեմ, որ հաճախ էր ինձ նայում, երբ հենվում էի վաճառասեղանին: Դա լրիվ տարբեր էր Լուլուին նայելու ձևից: Նրա հայացքի մեջ մի տեսակ հարազատ բան կար, բայց դա հենց այն հայացքն էր, որ նյարդայնացնում էր ինձ:
Հիշեցի, թե ինչպես անցած ձմռան մի ուշ գիշեր, չկարողանալով վեպս գրել, բեյսբոլի գլխարկը դրած և մինչև ոտնակոճերս հասնող մեծ, փափուկ վերարկուն հագիս՝ ամբողջ ճանապարհին ոտքով քայլեցի մինչև թատերական ակադեմիայի դարպասները, որպեսզի խորովածի համար շամփուր ճարեի: Աստիճանների վրա ցածր կուրսի մի քանի ուսանող էին նստած, գարեջուր էին խմում և սպասում իրենց քյաբաբին: Վախեցա, որ կճանաչեն ինձ՝ մի ժամանակ լավագույն ուսանողուհուս, որ պոեզիայի ընթերցանության միջոցառումներին կանգնում և Ռիլկե էի արտասանում: Մեկը, որ գիշերվա կեսին հայտնվել էր մեքենաներով, ջիպերով ու մոտոցիկլետներով շրջապատված հանրակացարանի մոտ: Այդ օրերի հիշողությունն ինձ ստիպեց կարմրել:
Ուսանողներից խուսափելու համար մտա հարևան ինքնասպասարկման խանութը և չորս լիտրանոց մեծ շշով Նունֆու լեռան աղբյուրի ջուր գնեցի: Երբ կանգնած էի մուտքի մոտ՝ մեծ անոթը բռնած, լսեցի, որ ետևիցս ինչ-որ մեկը ձայն է տալիս՝ «Ջեյն»: Ջեյնն իմ անգլիական անունն է, որով ինձ դիմում են սրճարանում: Սրճարանի բոլոր աղջիկները անգլիական դիպուկ անուններ ունեն, հիշելու համար հեշտ, բայց առանձին իրար ասելու համար՝ դժվար:
Դա պարոն Պաոլոն էր: Հագին իր ծովայինի վերարկուն էր, մի ձեռքում ծխախոտի տուփ էր, մյուսում՝ չոր թխվածքաբլիթներ: Նա ինձ ասաց.
-Եկել էի այս դիմացի հիվանդանոցը՝ աղալուծույթի կաթիլներ ընդունելու… ստամոքսի համար:
Չափազանց սահուն հյուսիսչինական՝ մանդարինի լեզուն, որով խոսում էր, միայն ավելի ցայտուն էր դարձնում նրա միայնակ լինելու զգացումը: Հանկարծակի մի մղումով ջուրը թաքցրի իմ ետևում: Նա աչքերն ինձ էր հառել, և ես ոսկորներիս մեջ սարսափ զգացի: Հետո նայեցի նրան իմ բեյսբոլի գլխարկի տակից, նայեցի նրա աջ ձեռքի կպչուն սպեղանուն՝ արյան բիծը վրան: Մենք կանգնած էինք այդպես՝ ուշադիր, հոտոտելով մեկս մյուսիս, փորձելով պարզել, թե արդյո՞ք նույն տեսակից ենք: Ի՞նչ տեսակից: Այն տեսակից, որ ստիպված է գիշերվա կեսին մենակ դուրս գալ՝ կաթիլային ներարկում ընդունելու համար, որ ստիպված է չոր թխվածքաբլիթներ գնել ինքնասպասարկման խանութից՝ քաղցը հաղթահարելու համար, որ ստիպված է, չորս լիտրանոց շիշը ձեռքին, ձմռանը կեսգիշերին կանգնել փողոցում: Այդ տեսակից: Մեր մարմինները այնպիսի հոտ ունեին, որ միայն նույն տեսակի մարմինները կարող են արձակել: Պարոն Պաոլոյի դեմքի արտահայտությունն արագ մեղմացավ: Նա այլևս ոգևորված չէր, բայց թվում էր՝ խոնավ մի գոլորշի է լողում նրա շուրջը:
Հակակրանքի մի ալիք զգացի և մատնացույց արեցի քյաբաբի վաճառասեղանի մոտ դանդաղ խմող երիտասարդների խմբի կողմը:
-Ընկերներս այնտեղ ինձ են սպասում,- ասացի կանխամտածված:
Ապա, ջրի մեծ շիշը բռնած, վազեցի աղմուկի, ծիծաղի ու տապակած մսի բույրի կողմը:
Այդ գիշերվանից հետո սկսեցի Լուլուին ստիպել, որ թքի պարոն Պաոլոյի սուրճի մեջ: Չցանկանալով դա անել՝ համոզված էի, որ բոլորը գիտեն, որ ատում եմ պարոն Պաոլոյին նույնիսկ ավելի, քան այն սարսափելի տղամարդկանց, որոնք կեղտոտ խոսքեր են սկսում ասել և ձեռ են գցում աղջիկներին, հենց որ խմում են: Բոլորն արդեն ատում էին նրան, որովհետև նա այդքան ժլատ էր: Երբեք թեյավճար չէր տալիս և երբեք 20 յուանից ավելի արժողության ոչինչ չէր պատվիրում: Եվ երբ սրճարանը շրջապատված էր դրսում դռնամուտ հաճախորդներով, նա շարունակում էր զբաղեցնել ամբողջ մի սեղան, որի վրա դրված էր իր դատարկ բաժակը: Կարծես ապրում էր այլ մոլորակի վրա:
Մի քանի անգամ, երբ սրճարանում սոխ չէր լինում, ես իջնում էի բանջարեղենի շուկա, որ մեկ թաղամաս այն կողմում էր, և տեսնում էի, որ պարոն Պաոլոն երեկոյան մենակ քայլում է իր համար: Սովորաբար մտազբաղ տեսք էր ունենում և չափազանց դանդաղ էր քայլում: Իր սեփական աշխարհում խորասուզված՝ թվում էր փողոցում չի տեսնում ո՛չ ինձ, ո՛չ ուրիշ որևէ մեկի: Ես ենթադրում էի, որ նրա առօրյան հետևյալ շարանին նման մի բան էր՝ արթնանալ, գրել, հասնել գրողների միավորում, թափառել, քայլել, գուցե ճամփեզրի ճաշարանում փնթի մի ճաշ ուտել, ապա ուղևորվել մեր սրճարան:
Նա սրճարանում երբեք որևէ բան չէր անում, միայն խմում էր իր էսպրեսոն և մի քանի նշում էր կատարում նոթատետրում իր հինավուրց Փարքեր գրիչով: Նստում էր այդտեղ մինչև սրճարանի փակվելու ժամը՝ այդպիսով մեկ օր էլ անցկացնելով: Ոչ ոք երբեք չէր հարցնում նրան, թե ինչու է եկել Չինաստան: Ոչ ոքի պետքն էլ չէր: Նրա շուրջ բոլորը գտնվող հաճախորդները վիսկի, ջին և սամբուկա էին խմում, բայց նա հեռու էր այդ ամենից և այդ եռուզեռի հետ կապ չուներ:
Հենց որ նա մոտ էր լինում, ես Լուլուի հետ բարձրաձայն զրուցում էի: Թեև իմ հանկարծակի հետաքրքրությունը Լուլուի տարակուսանքն էր հարուցում, բայց նա երբեք չէր հոգնում իր սիրելի պարոնների, նրանց չափերի, դիրքերի ու մազոտ կրծքավանդակների մասին խոսելուց: Երբ լսում էի, քունս ասես տանում էր, որովհետև ավելի շուտ կգերադասեի նստել անկյունում ու նայել տարածության մեջ, կամ սենդվիչներ պատրաստել, կամ պիցցայի խմոր հունցել: Բայց երբեմն նկատում էի, թե ինչպես է պարոն Պաոլոն ինձ նայում: Նրա հայացքը կասկածանքով լի էր, զայրացած, շփոթված և խանդոտ. ակներևաբար՝ չէր կարողանում հասկանալ, թե ինչու է այս անձնավորությունը, որ իր նման այդքան ակնհայտորեն հանդարտ ու միայնակ է, այդպես խռպոտ ձայնով կատակներ անում ու ծաղր ու ծանակով խոսում էժանագին վարձու աղջկա նման:
Հաճախ երեկոներ էին լինում, երբ շատ գործ չկար, և Լուլուն հրավիրում էր իր խուլիգան ընկերների խառնախմբին՝ պատշգամբում ծխելու և գարեջուր խմելու: Նախկինում նրանցից հեռու էի մնում, բայց հիմա ներքին մի մղում ինձ ստիպեց գնալ ու նստել հենց նրանց մեջ: Նորաթուխ ջահելների նման կոշիկներս հանեցի պատշգամբի աստիճանների վրա և նստեցի՝ սառը «Հայնեկենը» ոտքերիս մոտ: Նույնիսկ, հարյուր տարվա մեջ առաջին անգամ, ծխախոտ ծխեցի: Նրանք խոսում էին կոպիտ, վիրավորական տոնով, հռհռում էին և վիճաբանում: Տղաներից մեկը շոյում էր իր գրկին նստած Լուլուի բացված կրծկալի ուսակապը:
Հենց այդ ժամանակ էլ պարոն Պաոլոն ներս մտավ: Ինչպես միշտ՝ նրա հագին այն սպիտակ կոճակներով վերնաշապիկն էր՝ ամռան համար վեր քշտած թևքերով: Նա մոտենում էր պատշգամբին՝ հայացքն իմ դեմքից չկտրելով: Անթարթ ինձ էր նայում, այնքան, մինչև որ սրտումս զայրույթ բռնկվեց, և ես ծխախոտիս մնացուկը նետեցի ուղիղ նրա վրա: Ուզում էի, որ ծխախոտի մնացուկը դիպչի ուղիղ նրա վերնաշապիկին, բայց թույլ էի նետել, և այն ընկավ գետնին՝ նրա տաբատի փողքի մոտ: Այդուհանդերձ, պարոն Պաոլոն ակնհայտորեն ցնցված էր: Նա կանգ առավ, բայց չզայրացավ: Պարզապես իրեն ստիպեց ժպտալ բերանի անկյունով: Այնքան անօգնական տեսք ուներ, այնքան վշտահար, և այնքան շփոթված: Մտածեցի, որ պարզապես կշրջվի ու արագ խույս կտա:
Շուրջս գտնվող հորմոնառատ, բայց խելապակաս տղաները բոլորը հարայհրոց, ճիչ ու քրքիջ դրեցին, ինչպես և Լուլուն, որի նիհարիկ ուսերը ցնցվում էին ծիծաղից:
Ես այնպես արեցի, իբր չէի տեսել պարոն Պաոլոյին, և մի մեծ կում թունդ գարեջուր խմեցի:
Նա երեք օր չէր երևացել, երբ Լուլուն, որ երբեք որևէ մեկի համար անհանգստություն չէր ցուցաբերում, սկսեց հարցեր տալ:
-Հնարավո՞ր է պարոն Պաոլոն տուն է գնացել: Իհարկե ոչ, մի՞թե իսկապես կարող է իրեն թույլ տալ ինքնաթիռի տոմս գնել: Ա՛յ-այ, արդյո՞ք նա իսկապես կարող է իրեն թույլ տալ ինքնաթիռի տոմս գնել՝ տուն գնալու համար: Դա չափազանց ողբերգական կլիներ:
-Ծննդյան տոներ չեն, ինչո՞ւ պիտի տուն գնար:
-Բան չի կարող պատահած լինել, չէ՞:
-Իր նման ապրելու դեպքում մարմինը կսկսի փտել, մինչև որ կհայտնաբերեն:
Ես մտածում էի, որ մի քիչ կհանգստանայի առանց պարոն Պաոլոյի, լուռ կնստեի սուրճի մեքենայի ետևում, ինչպես միշտ էի անում, անտարբեր հայացքով կնայեի քաղցր պղպեղներին և սալաթի տերևներին՝ լվացարանի մեջ՝ մտածելով այն վեպի մասին, որ երբեք չէր ավարտվելու և այն երազանքների, որ երբեք չէին իրականանալու: Բայց հիմա այստեղ անգիտակցաբար դուրս էի նայում պատուհանից՝ վատ զգալով այն կնոջ նման, որ սպասում է, թե իր սիրելին ե՞րբ տուն կգա: Պարոն Պաոլոյի սովորական տեղում լուդո խաղացող մի զույգ էր նստած, աղջիկն իմ ամենաչսիրած տիպի էր՝ հիմնականում Լուլուի տիպի, չափից դուրս զարդարուն հագնված, ծեքծեքուն, հռհռացող և հիմար, սակայն կենսունակությամբ լի:
Մոտ մեկ շաբաթ անց, երբ անձրևոտ մեկ այլ երեկո կինոթատրոնը դատարկվեց, կինոդիտողներից շատերը, որոնք հովանոցներ չունեին, վազեցին մեր սրճարան ժամանակ սպանելու՝ սպասելով, որ անձրևը կտրվի: Հուսահատված՝ թե աշխատանքը վերջ կունենա, Լուլուն որոշեց, որ հաճախորդների այս հանկարծակի հորձանքն ավելին է, քան ինքը կարող է սպասարկել, մի քանի անգամ սխալվելով պատվիրած ուտեստները բերելիս: Ես նույնպես անհանգստությունից իրար էի խառնվել և շոռակարկանդակը դրեցի միկրոալիքային վառարանի մեջ՝ կարծելով, թե բրաունի է: Բոլոր պատվերներն ընդունելուց և սպասարկելուց հետո սրճարանը բզզում էր: Անձրևը հաճախ մարդկանց գրգռում է, և այս պահն, ըստ երևույթին, շատերի համար անսպասելի հաջողություն էր: Նրանք բարձրաձայն զրուցում էին, գարեջուր խմում և ֆրանսիական թարմ չիփսեր ծամում, իսկ ջեռոցից տարածվում էր սխտորով հացի բույրը, և բարձրախոսներից հնչում էր Ջեկ Ջոնսոնի թարմացնող երաժշտությունը: Ամեն անգամ, երբ այսպես է լինում, ես կանգնում եմ լվացարանի մոտ և ամանները եմ չորացնում՝ մի տեսակ շվարած, չիմանալով, թե ինչ եմ անում կամ ինչ եմ անելու հետո: Նայեցի և տեսա Լուլուին իսպանական պարային թատերախմբի սեղանի մոտ, որ ծիծաղելիորեն բանեցնում էր իր բոլոր սովորական հնարքները: Դա այն ժամանակ էր, երբ կինոյի նեոնային լույսերը մթնեցին: Ի զարմանս ինձ, վերջինը հայտնվեցին պարոն Պաոլոն և մի կին: Ես նրանց էի նայում ապակու միջով: Որոշ ժամանակ նրանք կանգնած էին կինոթատրոնի մոտի աստիճանների վրա, ապա պարոն Պաոլոն բացեց մեծ սև հովանոցը, որն ամբողջությամբ ծածկեց փոքրամարմին կնոջը: Նրանք շատ մոտ էին միմյանց. պարոն Պաոլոն պետք է որ մի ձեռքով գրկած լիներ կնոջը: Նրանք քայլեցին սրճարանի ուղղությամբ: Չգիտեմ, թե ինչու այդքան նյարդայնացա: Ինձ նույնիսկ թվաց, թե շնչահեղձ եմ լինում: Բայց պարոն Պաոլոն ներս չմտավ: Գուցե այն պատճառով, որ սրճարանի բազմությունն իր սպասածից ավելի շատ էր: Նախկինում երբեք այս ժամին չէր եկել. նա արդեն պետք է զբաղեցրած լիներ իր տեղը՝ ապահով տեղավորված իր սեփական աշխարհում: Ակներևաբար, աղմկոտ բազմությունը վախեցրեց նրան: Նա ժպտաց կնոջը, բռնեց նրա ձեռքը, և միասին հեռացան: Ես վերադարձա մի խումբ հաճախորդների ետևից, որոնք խմում էին վաճառասեղանի մոտի աթոռակներին նստած, քարացած՝ որ նա կտեսնի ինձ, կտեսնի ինձ միայնակ՝ անհաշիվ ափսեներ չորացնելիս, ինչպես միշտ, մշտապես: Մի հայացք գցեցի հովանոցի տակ գտնվող կնոջ կողմը: Ոտքերին չստեր էին, արևահարված մուգ մաշկ ուներ, հաստլիկ հետույք: Դեմքի անորոշ արտահայտությամբ էր, յուղոտ մազերը ծածկում էին ուսերը: Այնպիսի կնոջ տեսք ուներ, որ կտեսնեք բանջարեղենի շուկայում կամ շամպունի խանութում: Ընդհանուր առմամբ, աչքի ընկնող ոչինչ չկար, բայց նա ևս մեկ պատճառ կլիներ, որ մարդիկ ծաղրեին պարոն Պաոլոյին: Բայց կատարյալ քնքշությամբ և գեղագիտությունը հաշվի չառնելով՝ պարոն Պաոլոն կնոջն իր կողմն էր գրավում: Կկարդա՞ր կինը նրա պատմությունները: Եթե պարզեր, որ նա չքավորության հասած և հուսահատ մի գրող է, որը Չինաստանի որոգայթն է ընկել, կլքե՞ր նրան: Արդյո՞ք ես սպասում եմ այն օրվան, երբ նա լքված ետ կգա սրճարան, որպեսզի Լուլուն թքի նրա էսպրեսոյի մեջ: Ես սարսռում եմ իմ սեփական չարակամությունից: Անձրևը դեռ չէր դադարել, երբ սրճարանը փակեցինք: Երբ հեծանվով անցնում եմ էստակադային կամուրջների տակով, զգում եմ, որ իսկապես դառնում եմ մարտաֆիլմերի ռոբոտներից մեկը՝ անտարբեր, անողոք:

Թարգմանությունը անգլերենից՝ Խորեն Գասպարյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *