Տիգրան Պասկևիչյան | Աշխարհուրացում

1
Հիվանդանոցի կապտամոխրագույն-գորշ, նեոնային հատուկենտ լապտերների բզկտած խավար միջանցքով պատգարակին դրած հրում են մարմինը-երբեմնի կենդանի նյութ, ցուցանմուշ աստվածային կարելիության, մարմինը – անմխիթար որպես հազարամյակներ առաջ վերացած ցեղի վերացած հայրենիքի ավերակ մայրաքաղաք: Ամբողջ գիշեր բաժանմունքից բաժանմունք են տանում, վիրահատում ու կապկապում են, միացնում ինչ-որ համակարգերի, արհեստական շնչառություն տալիս, որ ապրի, իսկ ապրեցնելու ճիգը բացառապես մեկ նպատակ ունի՝ չտեսնել Մահը:
Նրանք մոռացել են կյանքի մասին ու մահ չտեսնելու նրանց ճիգը մահն արժեւորելու՝ հեռու, բարձր, անտեսանելի մի տեղից վերցնելու եւ մոտ, աչքին, քթին ու ականջին մոտ մի տեղ դնելու ճիգ է հենց:
Ու այսպես, հոգնած ու տառապյալ մի բուժակ, այսպես համառորեն հիվանդանոցի կապտամոխրագույն-գորշ, նեոնե հատուկենտ լապտերների բզկտած խավար միջանցքով հրում է պատգարակը վիրահատարանից դեպի մի հիվանդասենյակ, որ ռեանիմացիա կամ վերակենդանացում է կոչվում:
Հիվանդասենյակում հատկապես անքննելի է դառնում ճանապարհը:
Հիվանդասենյակում թմրադեղերի ազդեցությունից ազատվելով, գիտակցության գալով՝ նա առաջին հերթին ծիծաղում է անմահության վրա եւ ապա լրջորեն խորհում, որ անմահությունը, եթե այն կա, կա միայն եւ միայն ծննդից առաջ, որ անմահությունը հոգու ընտրությունն է:
Հիվանդասենյակն է ճշմարիտ հայելին ու ճշմարիտ պատուհանը, որից ոչ թե առարկաներ ու մարմիններ են երեւում, այլ հակառակը՝ չեն երեւում առարկաներ ու մարմիններ, ինչպես անգմբեթ եկեղեցու ներսից՝ ամպեր ու երկինք, աստղեր ու երկինք, որ ո՞վ հաստատ կասի, թե նյութ են ու մարմին:
Հիվանդասենյակում ժամանակը ոչ թե հոսում, այլ հալվում է, եւ մարդն ինչպես տերեւ լողում է մածուցիկ հալույթի մեջ՝ ամեն վայրկյան միաձուլվելու ահը սրտում: Հիվանդասենյակում հակադրություն չկա, բայց եւ չիք միասնություն, այստեղ ամեն մի բնութագրում կարելի է բարդացնել «ինքնա-» բառով:
Հիվանդասենյակում օտար ու յուրային չկա, ամեն ինչ կարգավորվում է մեկ ձեռքով:
Հիվանդասենյակը երկրինը չէ, թեեւ բավական հեռու է երկնքից: Երկիրն այստեղ ձգողություն չունի, բայց զարմանալիորեն գործում է ազատ անկման օրենքը:
Հիվանդասենյակը բազմաթիվ դռներ ունի, որոնց մեջ անընդհատ խաղացող քամիներն արագացնում են անխուսափելի վճռի կայացումը: Կա դուռ հուսալքության եւ կա դուռ հաղթանակի, կա դուռ ճանաչման եւ կա մի դուռ, որ դեպի աղբանոց է բացվում: Ուրիշ շատ ու շատ դռներ կան՝ չճշտված նշանակության – քամիների դեմ ժանգոտ ծղխնիներն առկախ – ճռռացող:
Հիվանդասենյակում կան աստիճաններ, որոնցով անանուն հրեշտակներ են վերուվարում՝ բանտապահի կաշվե բաճկոններ հագած եւ գոտեւորված եւ սպառազեն:
Հիվանդասենյակում ծաղկի փոքրիկ կրպակ կա, որտեղ մի հռոմեացի զինվոր տարբեր չափերի մեխեր է վաճառում, եւ, ամեն անգամ տրամվայի անցնելիս՝ կրպակի ցուցափեղկերը ցնցվում են՝ արծաթվարդագույն զնգոց արձակելով:
Հիվանդասենյակում, հիվանդասենյակի խորքում՝ կամարի տակ, հայ թագավորներից մեկի դրոշն է պահվում, որի մոտ պարսատիկով զինված մի տղեկ անընդհատ պատվո պահակ է կանգնած ու երբեմն ձանձրանալով՝ քարեր է արձակում ու փշրում հռոմեացի զինվորի ծաղկի կրպակը:
2
Պատգարակի անիվները ճռռում են: Վերելակի դռները բացվում են անասելի աղմուկով: Հոգնատանջ բուժակի շունչը սպիրտի գոլորշիներ է արձակում: Ճանճն անաղմուկ պոկվում է վերելակի պատից, նստում թաց վիրակապին: Բուժակը ծույլ շարժումով քշում է ճանճին: Պատգարակի անիվներն սկսում են ճռռալ ու տրորել հիվանդանոցի միջանցքի քլորահոտ մոմլաթապատ հատակը: Բուժակն առօրյա հրում է մարմինը, ինչպես կհրահրեն հանգչելու պատրաստ մի մորմոք, ինչպես յուղ կլցնեն, որ արագ ու վերջնականորեն այրվի:
Հրում է մարմինն ամեն տեսակ քար ու փշի միջով՝ ցնցելով աստվածային վիրավոր կատարելությունը:
Բժիշկը, հայացքը փախցնելով, հրահանգել է դուրս բերել հիվանդասենյակից. թող հարազատների ձեռների վրա խաղաղորեն մեռնի:
Եւ հիմա հոգնատարջ բուժակը հրում է աստվածային վիրավոր կատարելությունը դեպի մահ ու ջանում շուտ վերջացնել գործը:
3
Հոնքամիջում տաք արնահոսում է վերքը, քունքի մեջ ծույլ մրճահարվածներ, ունկերում ընկերների կանչերը, կոչերը, հայհոյանքն ու մնացյալ աղմուկը՝ շառաչմռունչ, աչքերի դեմ՝ ճերմակ-ճերմակ, – ոչ բամբակ-վիրակապի,- ճերմակ-ճերմակ – համատարած դաշտ զգայությանց, ասպարեզ վերագտնումի: Հոնքամիջից մինչեւ ոտների ծայրը-թմբիր, կատարյալ ընդարմություն, ինչպիսին երազել կարելի է ծովափի փխրուն ավազների մեջ, ինչպիսին չի լինում երբեւէ երկնքի ճնշման եւ երկրի ձգողականության պայմաններում:
Նա խաղաղորեն պառկած է: Նա չկա: Նա չի գնահատվում իբրեւ մարմին՝ միս, արյուն, ոսկոր, նյարդեր, նյարդիկներ, մկաններ, մազանորթներ: Նրա գոյատեսակը դիմադրությունն է, պատնեշում-դիմագրավումը:
Այլեւս ոչինչ պիտի խանգարի նրա մոլեգին ներգոյությունը: Այլեւս ոչ ողբ, ոչ արտասուք, ոչ կանչ ու ազդանշաններ կենդանական՝ շուրջ բոլոր խմբված ազգակիցների, ոչ երգ ու նվագ, ոչ կրակոցներ պիտի թափանցեն դիմադրողականության պողպատ զրահից ներս:
Բժիշկները հիվանդասենյակից պիտի դուրս բերեն խելացնոր մորը, պիտի հեռու տանեն անմխիթար հորն ու եղբայրներին, քույրերին պիտի ուժով պոկոտեն հեւացող մարմնից ու նրանց վերջին խնդրանքով պիտի ջանան, նշտարով պիտի վերստին փորփրեն հոնքամիջի ծորացող վերքն, ու նշտարը խուլ զնգոցով պիտի դեմ առնի մի այլ մետաղի…
4
Այսքան թմրություն եւ այսքան թանձր: Աչքերի վրա եւ ուղեղին մերձ բանաստեղծության բառեր են հնչում, (Օ, Տեր իմ Աստված), որտեղի՞ց եկավ, ինչպե՞ս թափանցեց, ո՞ր խելագարն է հորինել արդյոք: Բանաստեղծության բառեր են հնչում: Ինչ-որ մեկն ասես ծնծղա է զարկում: «Ահեղացունց ցնցում…»:-Ու ցնցվում է:-Հեռվում մի անծանոթ, երբեք-երբեք ծանոթ չեղած, մի ձեռք ուղղություն է նշում կամ չափ տալիս… «Ցնցում ցուցանակները չոր…»: Չոր խոտերի շրշյուն:- Ահեղացունց շրշում:- Չոր խոտերի շառաչ:- Հսկա, հսկա, հսկա դեզը այրվում, ճարճատում է, ցնցվում, թափվում, գետնատարած ցնցում… ցուցանակները չոր…: Ոտքը ծանր իջնում սալքարերին ու ելնում է նորից ու իջնում է կրկին. աջը, ձախը, դարձյալ աջը ու վերստին ուժգին,- սալքարերն են ցնցվում: Ցուցանակները չոր…: Պոկված ջրհորդանի անառարկա, անկյանք տարուբերումներով, մետաղաթեւ հսկա թռչունների աննախադեպ անկմամբ:- Մետաղ, խոտեր, գետին… Գետնատարած ցնցում… չոր, արնաքամ…: Ցնցում…: Ահեղացունց իջնում մաշված սալքարերին. աջը ձախից առաջ, ձախը աջից հետո: Տասնյակ, հարյուրավոր կամ գուցե բյուր իջնում, ելնում կրկին ու նորից է իջնում եւ ելնում է նորից հրկեզ համատարած անվերջ դեզերի մեջ:
Այրվում է ամեն ինչ՝ ծովը, քամին, լեռը, սիրտը արնապապակ, հոգին անհանգչելի… Այսպես հոնքամիջից մինչեւ ոտնածայրեր՝ զզվանք ու ափսոսանք:
Այսպես աչքերի դեմ տեսիլունակ անվերջ ճերմակություն, որ լցվում է միայն բանով առաջնային, բայց ոչ պատկերներով, որ շոշափել ուզես ու մատներով խրվես հոնքամիջի ծորուն վիրախոռոչի մեջ ու հանքափոր որպես խորանալով գտնես ու դուրս բերես ի տես այնքան փափագելի ազնվական մետաղ:
Տիգրան Պասկեւիչյան
Գրվել է 1991-95 թվականներին։ Առաջին անգամ տպագրվել է 1996-ին «Արար» մշակութային ամսաթերթում։ Ներկայացվում է աննշան խմբագրումներով։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *