Իսկ բարոյակա՞ն մարդ էր արդյոք հանգուցյալը։ Ինչպիսին կլինի պատասխանը, երբ Մուշեղի երկրային կյանքն ավարտվի և տրվի դասականի արդեն ծամծմված և ամեն տեսակի միջակությունների կողմից բազմիցս չարաշահված հարցը։ Կարևոր է, թե ինչ չափանիշներ են կիրառվելու հարցի պատասխանը ստանալու համար։ Այ, օրինակ, քրիստոնեական պատվիրանների հետ նրա հարաբերությունները միանշանակ չէին։ Այլ աստվածների պաշտելու և կուռքեր կերտելու հարցում խնդիրներ կարծես չպետք է լինեին։ Հաճախ չէ, որ նա հիշում էր Աստծո մասին, թեև կնքված էր հայ առաքելական եկեղեցում։ Հավատը նրա համար ավելի շուտ ավանդույթ էր, մի արժեք, որը սերտորեն կապված էր արվեստի, գրականության և մշակույթի հետ։ Ինչէև, Աստծո անունը երբեք չէր չարաշահում։ Կուռքեր ստեղծելու հարցում նրան նույնպես մեղադրել չէր կարելի։ Բայց, օրինակ, շաբաթ օրը սուրբ պահելու հարցում խնդիրներ կային։ Այդ օրվա երեկոները նա ընկերների հետ բլոթ էր խաղում, իսկ թղթախաղով անցկացրած երեկոն սուրբ չես համարի։ Հաջորդ պատվիրանը խնդրահարույց չէր։ Գոնե ինքն անձամբ համոզված էր, որ ծնողներին պատվել է և պատվում է։ Չէր սպանել, չէր գողացել, սուտ վկայություն չէր տվել, դա միանշանակ էր և նույնիսկ քննարկման ենթակա չէր։ Լուրջ խնդիրները սկսվում էին շնանալու և մերձավորի կնոջ վրա աչք ունենալու հարցում։ Նախորդ դարի ինսունականներին, երբ դեռ տակավին երիտասարդ էր, մեկնել էր մի բարեկեցիկ եվրոպական երկիր` դրամ վաստակելու։ Նա Երևանում փայտե շրջանակ էր պատրաստել Արարատի պատկերով մի կտավի համար, որը վերնիսաժում գնել էր մի տարեց սփյուռքահայ, իր ընկերոջ ծանոթը։ Հենց այդ ժամանակ նա տեսել էր երիտասարդ դանիացի գեղեցկուհուն, ասել, որ նա նման է Կոպենհագենի ջրահարսին, հմայիչ ժպիտին արժանացել, հարցրել, թե արդյոք պարոն Հովսեփի դուստրն է, լսել պատասխանը «կինս եղած է»: Դանիա մեկնել էր մեծ ոգևորությամբ, աշխատել պարոն Հովսեփի փայտագործական արհեստանոցում։ Երիտասարդ կինը հաճախ էր այցելել արհեստանոց, զրուցել Մուշեղի հետ, կլանված լսել նրա պատմությունները Հայաստանի, իր ընկերների, ծիծաղաշարժ դեպքերի մասին, և մի օր հենց արվեստանոցում նրանք սիրեկաններ էին դարձել։ Սակայն երջանիկ և ռոմանտիկ սիրավեպն ավարտվել էր բացահայտմամբ։ Մի պայծառ առավոտ կինն արթնացել էր մեղքի գիտակցմամբ և համաձայն կաթոլիկ ընտանիքի դաստիարակության՝ որոշել գնալ եկեղեցի՝ թողություն ստանալու գործած մեղքի համար։ Խոստովանահայրն իր գաղտնի կյանքում խաղամոլ էր նաև անձամբ ծանոթ էր պարոն Հովսեփին, որը հաճախ նվիրատվություն էր կատարում այդ եկեղեցուն։ Լսելով գեղեցկուհու խոստովանությունը՝ խոստովանահայրը իր ֆինանսական ոչ բարվոք վիճակը շտկելու միտումով շտապել էր պարոն Հովսեփի մոտ և մատնել կնոջը։ Բացահայտումից հետո Մուշեղը բնականաբար կորցրել էր աշխատանքը և ստիպված եղել վերադառնալ հայրենիք, հետո մի ընդհանուր ծանոթ սփյուռքահայից իմացել, որ պարոն Հովսեփը «ձգել է կնոջը»։ Մեծ գումարներ ծախսելով՝ Մուշեղը մեկնել էր Կոպենհագեն, բայց գեղեցկուհի ջրահարսը, որն արդեն նոր սիրեկան ուներ, չէր ուզել նույնիսկ խոսել նրա հետ։
Այսպիսով, ամփոփելով Մուշեղի բարոյական նկարագիրը քրիստոնեական պատվիրանների լույսի ներքո, առնչվում ենք շատ լուրջ խնդիրների և գալիս եզրակացության, որ բարոյական, մանավանդ բարեպաշտ անձ նրան չէր կարելի անվանել։ Սակայն, մյուս կողմից, ընկերները սիրում և հարգում էին նրան, ասում էին, որ բարի է, հասնող, կամեցող։ Այնպես որ մեր օրերի, մանավանդ աշխարհիկ, առավել ևս եվրոպական չափանիշներով կարելի էր նրան լավ մարդ համարել։ Բոլորել էր իր հիսունյոթ տարին և սարսափում մոտեցող վաթսունից, ամուսնալուծված էր։ Նախկին կինը վերցրել էր երեխաներին ու հեռացել։ Մուշեղն ապրում էր մենակ, օրերն իմաստավորում՝ կարդալով, կինոներ դիտելով, ինչպես արդեն նշվեց, ընկերների հետ բլոթ խաղալով։ Օրվա հացը նա վաստակում էր տուրիստական գործակալությունների հետ համագործակցության միջոցով՝ արտերկրից ժամանած հյուրերին սեփական մեքենայով տեսարժան վայրեր տանելով և դրանց պատմամշակութային նշանակությունը ներկայացնելով։
Կնոջ հեռանալուց հետո նա ընկճվեց, սկսեց եկեղեցի այցելել և իր սեփական ընտանիքի քայքայումն ու ամուսնալուծությունը ընկալում էր որպես պարոն Հովսեփի կնոջ հետ շնանալու իր մեղքերի համար երկնային արդարադատության փոխհատուցում։ Հենց այդ միտքն էր այցելում նրան ամեն առավոտ, երբ լուսաբացին արթնանալով գիշերային մղձավանջից՝ շուռ ու մուռ էր գալիս անկողնում։ Մինչ վեր կկենար սուրճ պատրաստելու, չկաշկանդվելով կողակցի ներկայությունից, նա բաց էր թողնում գիշերվա ընթացքում ստամոքսում հավաքված գազերը, ինչն ուղեկցվում էր աղմուկով։ Ներողություն խնդրելով ընթերցողից՝ հարկ է նշել, որ այս ոչ էսթետիկ դրվագի նկարագրությունը պարտադիր է մեր պատմության որոշ նրբերանգներ ընկալելու համար և առանց դրա ուղղակի տեղի չէին ունենա այն զարգացումները, որոնք հիմք են հանդիսացել այս պատմության համար։ Մուշեղը երբեք ուշադրություն չէր դարձրել այն փաստին, որ գազերը արձակումը տեղի էր ունենում ամեն օր նույն ժամին, այն է՝ յոթ զրո, զրոյին։ Սակայն այս ոչ ուշագրավ փաստը կարևորություն էր ձեռք բերել նրա ննջարանի պատից այն կողմ ապրող երիտասարդ հարևանուհու՝ Նունեի համար։
Նունեն բժշկուհի էր։ Ամեն առավոտ մինչ նրա հեռախոսի զարթուցիչի ազդանշանը կմիանար յոթն անց տաս րոպե, նա արթնանում էր սեփական ննջարանի պատի մյուս կողմից լսվող գազարձակման դղրդյունից։ Դա էր պատճառը, որ երբեմն բակում հարևանին հանդիպելիս չէր կարողանում զսպել սարկաստիկ ժպիտը։ Սակայն այդ ժպիտը Մուշեղն ընկալում էր որպես համակրանքի խորհրդավոր նշան։ Նունեն գեղեցիկ էր և ցանկալի։ Միայն թե իրենց տարիքային տարբերությունը, ինչը հիշեցնում էր պարոն Հովսեփի և ջրահարսի տխուր պատմությունը, կաշկանդում էր նրան և նա սահմանափակվում էր քաղաքավարի բարևով։ Իսկ երիտասարդ աղջկա, որը դեռ նույնիսկ երեսուն չկար, սարկաստիկ, միևնույն ժամանակ հմայիչ ժպիտը ավելի էր խորացնում Մուշեղին պատած ընկճախտը։
Մի անձրևոտ առավոտ, երբ Մուշեղը բակից նկատեց պատուհանից նայող հմայիչ հարևանուհուն և գիտակցեց, որ նա ապրում է իր ննջարանի պատի մյուս կողմում և որ հնարավոր է՝ իր անզուսպ գազարձակման աղմուկը լսի պատից մյուս կողմից։ Շատ նեղվեց այդ մտքից։ Հաջորդ առավոտյան, արթնանալով չարի ու բարու, իր ճակատագրի վերաբերյալ մտորումներով, անկողնում շուռ ու մուռ գալով հիշեց հարևանուհու մասին։ Դժվարությամբ զսպեց փիլիսոփայական մտորումներին ուղեկցող, սովորույթ դարձած գազարձակումը, վեր ցատկեց մահճակալից և վազեց խոհանոց, որտեղ և կատարելով աղմկոտ գործողությունը՝ հանգիստ խղճով անցավ սուրճի պատրաստմանը։
Մարդկային կյանքը ճակատագրական պատահականություններից կազմված շարան է։ Հնարավոր չէ նախատեսել ամեն ինչ, երբ այն վերաբերում է կարևոր իրադարձությունների պլանավորմանն ու նախապատրաստմանը։ Հենց այդ առավոտ Նունեի կյանքում կարևոր իրադարձություն էր նախատեսված։ Նա պետք է հեղինակավոր հանձնաժողովի առջև պաշտպաներ իր գիտական թեզը բժշկության բնագավառում։ Հուզմունքը թույլ չտվեց քնել համարյա ամբողջ գիշերը և միայն լուսաբացին կարծես թե ննջեց։ Ննջեց, խառը երազներ տեսավ և չարձագանքեց հեռախոսի զարթուցիչի ազդանշանին։ Չարձագանքեց, որովհետև արդեն տևական ժամանակ զարթուցիչի ազդանշանը հնչում էր այն ժամանակ, երբ նա արդեն արթնացած էր լինում ուրիշ ազդանշանից՝ պատի մյուս կողմից հնչող հարևանի գազարձակման դղրդյունից։ Իսկ զարթուցիչի ձայնը նա ընկալեց որպես երազի բաղկացուցիչ մաս և շարունակեց քնել։ Երբ արթնացավ ու նայեց ժամացույցին, հասկացավ, որ թեզի պաշտպանությանը մնացել է քսան րոպե։
Մուշեղը նկատեց շենքի մուտքից արագորեն դուրս նետվող հարևանուհուն և միացրեց մեքենայի շարժիչը։ Զգացողությունը, որ ինչ-որ լավ բան է արել հարևանուհու համար, վստահություն էր ներշնչել նրան, և նա, մեքենայում նստած, սպասում էր Նունեին՝ առաջարկելու համար իր ծառայությունը որպես վարորդ և ջենտլմեն։ Նա մոտավորապես գիտեր հարևանուհու աշխատանքի գնալու ժամանակը և արդեն սկսել էր անհանգստանալ վերջինիս ուշացումից։ Բայց նկատելով նրան՝ գլուխը դուրս հանեց մեքենայի պատուհանից, բարի լույս մաղթեց, բայց սովորական դարձած սարկաստիկ ժպիտի փոխարեն հարևանուհու սառը և անհանգիստ հայացքը ստանալով՝ մի պահ շփոթվեց, բայց և այնպես արտաբերեց. «Կարծես ուշանում եք, եկեք տանեմ ձեզ, ուր է պետք, այսօր մի քիչ ժամանակ ունեմ»։ Նունեն մի պահ տատանվեց, բայց նայեց ժամացույցին ու համաձայնվեց. «Վատ չէր լինի, շնորհակալություն, մանավանդ…»։ Ուզում էր ասել, որ նրա պատճառով է ուշանում, բայց գիտակցեց չասվածի անհեթեթությունը, վերջապես հարևանին պարգևեց իր սարկաստիկ ժպիտն ու ասաց. «Մանավանդ, որ հարևան ենք»։ Բայց ասածը նրան ոչ պակաս անհեթեթ թվաց և հազիվ զսպելով ծիծաղը՝ բացատրեց, թե ուր է պետք գնալ։
Մուշեղը հիշում էր ճանապարհին մեքենայի մեջ կայացած զրույցի յուրաքանչյուր բառ և մանրամասն վերլուծում հետդարձի ճանապարհին։ «Ահա, ԲիԲիՍի տատիկը տեսավ ինձ ձեր մեքենայում, շուտով ամբողջ թաղամասը կիմանա օրվա լուրը»։ Մուշեղը հետադարձ հայելու մեջ տեսավ Թազո տատիկին, որը ձեռքը պարզելով և մատները տարածելով՝ ցույց տվեց չոռը նշանը, որը սակայն ժողովրդական ֆոլկլոր չիմացողն ավելի շատ կնմանացներ նացիստական ողջույնի։ «Իրականում դժբախտ, միայնակ կին է, որդիներն Ամերիկայում են արդեն քսան տարի և ոչ մի անգամ չեն եկել»,- տեղոկացրեց Մուշեղն ու շարունակեց. «Իսկ դուք արդեն կարծես բոլորին գիտեք մեր շենքում, քանի ամիս է անցե՞լ ձեր տեղափոխվելուց»։ «Իհերկե, ոչ բոլորին, բայց որոշ վառ կերպարների արդեն գիտեմ, արդեն երրորդ ամիսն է, ի դեպ իմ անունը Նունե է»,- ներկայացավ Նունեն։ «Մուշեղ, շատ հաճելի է, ես տուրիստների գիդ եմ աշխատում, իսկ դո՞ւք, եթե իհարկե գաղտնիք չէ», «Ես բժշկուհի եմ, դուք կարծես մենա՞կ եք ապրում», «Հիմա այո, կինս վերցրեց երեխաներին ու հեռացավ», «Ինչո՞ւ», «Չգիտեմ, երևի լավ մարդ չեմ, իսկ դո՞ւք, ամուսնացա՞ծ չեք», «Ամուսնացած էի, բայց իմ դեպքում ես հեռացա, դրա համար եմ եկել ձեր շենք», «Ցավում եմ, իսկ ինչո՞ւ, ես էլ ձեզ հարցնեմ», «Չեմ ուզում խոսել դրա մասին, կներեք, ես էլ ձեզ չպետք է հարցնեի, իսկ ինչու ենք դուքով խոսում, անցնե՞նք դու-ի, թե՞ ծերուկ եմ ձեզ համար», «Չէ, ինչո՞ւ, այ այնտեղ մեր բժշկական կենտրոնն է, շատ լավ մասնագետներ ունենք, կարող եք գալ հետազոտման, բայց այսօր գնում եմ իմ գիտական թեզը պաշտպանելու, այ այստեղ կանգնիր՝ խնդրեմ, դե ցտեսություն, շատ շնորհակալ եմ», «Հաջողություն եմ ցանկանում, ցտեսություն»։
Մուշեղը տուն էր վերադառնում, որովհետև գործեր չուներ։ Դուրս էր եկել հատուկ հարևանուհուն հանդիպելու համար։ Հանդիպումից գոհ էր։ Նունեն որոշակի հետաքրքրություն ցուցաբերեց նրա հանդեպ։ Լավ էր, որ չմերժեց մեքենայով տանելու նրա առաջարկությունը, հետաքրքրվեց ընտանեկան վիճակով, արդեն դու ով են խոսում։ Դե ինչ, կարելի է վաղը նույնպես պատահական հանդիպել բակում և առաջարկել տանել աշխատանքի։ Մուշեղը բարձրացավ տուն, մի քիչ ընթերցեց, ինչ-որ ֆիլմ նայեց, բայց չկարողացավ կենտրոնանալ ոչ գրքի, ոչ ֆիլմի վրա։ Նրա մտքերը հարևանուհու հետ էին։ Հաճախ պատուհանից նայում էր բակի կողմը, բայց հանդիպում էր միայն ԲիԲիՍի տատիկի դատապարտող հայացքին ու հետ քաշվում պատուհանից։ Միացրեց հեռուստացույցը, բայց մինչ կսկսվեին նորությունները, ննջեց։
Նրա քունն ընդհատեց դռան զանգը։ Սրտի զարկերն արագացան, ոտքի ցատկելով դիվանից հուզմունքից կորցրեց հավասարակշռությունն ու բռնվեց պատից։ Գուցե Նունեն է եկել՝ հաջողությունը կիսելու հարևանի հետ, շնորհակալություն հայտնելու ուշացող հարևանին օգնելու համար։ Վերջին անգամ հայելու մեջ նայեց ինքն իրեն, ուղղեց քնից խառնված մազերը, ժպիտով բացեց դուռը։ Աննկարագրելի էր նրա հիասթափությունը, երբ դռան առաջ տեսավ ԲիԲիՍի տատիկին։ Ժպիտն անմիջապես անհետացավ, իսկ ԲիԲիՍին շարադրեց կարծես նախօրոք նախապատրաստած ուղերձը. «Լսիր այ հարբեցող, ման եկող։ Խելքդ գլուխդ հավաքի։ Լավ կին ունեիր, հրաշք երեխաներ։ Գնա ներողություն խնդրիր, աղաչիր որ վերադառնան։ Ինչ ես խելքդ տվել էս փչացածին։ Տարիքիդ նայիր ու դրա տարիքին նայիր։ Ոնց գետինը չես մտնում։ Ինչ գիտես դու դրա մասին։ Ինչ գիտես դու դրա մասին, որ ոտքերդ թուլացան։ Գիտե՞ս, որ ամուսնացած ա եղել, բայց սիրեկան ա պահել։ Սիրածն էլ մի նախկին թալանչի։ Ոնց դրանք բոլորը պլստացին։ Ոչինչ, պատասխան են տալու դեռ։ Հենա, եկել ա, այ էշի ականջում քնած օլուխ։ Պատուհանից նայիր, էն գոլդ համարներով Մերսեդեսն իրանն ա։ Խելքդ գլուխդ հավաքի, գնա ընտանիքդ հետ բեր, յեքա մարդ ես, գլխիդ մի կոպեկի խելք չկա։ Մենակ ես մնալու, այ տղա։ Մենակությունը գիտես ինչ ա։ Լավ բան չի։ Կհասնես իմ տարիքին, նոր կիմանաս։ Ոչ բարով հասնեի էս տարիքին։ Պողոսս էլ էն աշխարհում մենակ մնաց։ Քո պես ման եկող էր, անասունը»։ Այս խոսքերով ԲիԲԻՍի տատիկն ավարտեց ուղերձն ու առանց որևէ պատասխան ակնկալելու՝ շրջվեց ու հևալով իջավ աստիճաններով։
Բակում կանգնած էր գոլդ համարներով Մերսեդեսը։ Մուշեղը պատուհանի մոտ կանգնած շշից գարեջուր էր ըմպում։ Հետո վերցրեց հեռախոսը, թերթեց անունների ցանկը և կանգ առավ Անուշ անվան դիմաց։ Մատը մոտեցրեց զանգահարելու նշանին, բայց չհպեց։ Հեռախոսը դրեց սեղանին, սառնարանից հանեց օղու կիսատ շիշը, երկար նայեց արծաթյա լուսնին, շիշը մոտեցրեց շուրթերին ու խմեց մինչև վերջ։ Հետո երերալով հասավ ննջասենյակ։ Պատի այն կողմից ուրախ երաժշտության հնչյուններ էին լսվում։ Մուշեղն ընկավ մահճակալի վրա, գրկեց բարձն ու քնեց։
Արթնացավ ինչպես միշտ վաղ առավոտյան։ Շուռ ու մուռ եկավ ու նրա դեմքին նենգ ժպիտ հայտնվեց։ Մեջքով շրջվեց դեպի պատը, հպվեց պատին ու տեղի ունեցավ ավանդական գազարձակումը։ Այս առավոտ այն ամենհզորն ու աղմկոտն էր։ Պատի այն կողմից շրխկոց լսվեց, հետո կանացի ծիծաղի ձայն։ «Վայ քո, ոնց որ երկրաշարժ լիներ»,- հստակ լսվեց տղամարդու խռպոտ ձայնը։ «Հարևանս է, իմ զարթուցիչը»,-Նունեի ծիծաղը վերածվեց քրքջոցի։ Մուշեղը վեր կացավ, գնաց խոհանոց և գազօջախին դրեց իր սուրճը։ Հետո վերցրեց հեռախոսը, թերթեց անունների ցանկը, գտավ Անուշի անունն ու նրա մատը հպվեց զանգահարելու նշանին։
Վերջ։