Լուսին Աթաբեկյան | Լկտիաբար՝ Էնկիդուին

Ասում է՝ քո ծնվելու պահին Փարիզի հոգեբուժարանում էի․ ինչպես յուրաքանչյուր իրեն հարգող Հիսուս՝ երեսուներեքում ես էլ պիտի վերջին անգամ գժվեի։ Դիմալույսին ուղղակի կոնյակն էր ավարտվել ու ապրելու հույսը, ասում է, Սելեստե, ավելին չկռահես։ (Մի շաբաթ խմում էր, մի անգամ տեսել եմ։ Խմում էր առանց դադարի ու հանգստի, մինչեւ ջրի մեջ գցած քարի պես չկապտեց ու նույն մարող հույսի պես չգլորվեց նեղլիկ ափերիս ու գետնի միջեւ ընկած ինչ-որ անհասկանալի զուգահեռ իրականության մեջտեղը)։

Դու հոգիների բուժմամբ ես զբաղվում, ասում էր, սեփական ցավից փախչելու ավելի փոքրոգի ճանապարհ ու ընթացք չկա։ Ինչպես նաեւ չկա ավելի կարճ ու արագ ուղի՝ հասկանալու՝ այդ հոգիները փրկվելու համար չեն։ Կայենի ցեղ։ Ընդհանուր առմամբ, եթե աչքերդ չթարթես՝ կտեսնես քեզ սիրելուց մինչեւ քեզ ստի մեջ կոխելու ու թաղելու եղանակային փոփոխությունը։ Իսկ դու հոգիների բուժմամբ ես զբաղվում, ասում էր։

Ամեն ինչ գրեթե առանց փրկության մոխրագույն էր՝ մերթընդմերթ (այս մերթընդմերթը հավանաբար ժամանակի միավորն է) ընդհատվող կասկածելի կյանքի իրավունքով եւ գոյության սինդրոմով հարեւանի ժամացույցի ձայնով, որ առավել հավատավոր օրերին ժամերգության ձայնի նմանողությամբ ստիպում էր մտովի խաչականքել զուգարանում ու մի լավ հռհռալ (հատկապես պարզ չէ՝ ինչի վրա կամ մասին), իսկ համեմատաբար պակաս հավատի արդեն տարիներին՝ ամբողջ ուժով ու անձնվիրաբար մատներով խաչ նկարել՝ կանգնած տան միակ սրբապատկերի առաջ։

Երբ տասնինն էի, ինքը, փաստորեն, նախնական թվին գումարած երեսուներեք, ասում էր՝ միակ ճշմարիտ գեղեցիկը, որին հանդիպել ես եւ դեռ կհանդիպես քո կյանքում, գրականությունն է։ Գիտեմ, ձեռքդ չի դողա Հեմինգվեյին մեղադրել ինչպես գրական, այդպես էլ տղամարդկային իմպոտենտության, Ֆիցջերալդին զգայնությունների ու զգացմունքների խիստ կանացի, արգանդային ամբողջականացման, Սելինջերին՝ ճգնավորի բարդույթի, Կամյուին՝ առերեւույթ հերքման նիհիլիզմի, Սթայնբեքին՝ ամերիկյան երազանքի ռացիոնալիզացիայի, դը Բովուարին՝ անդրոգենության, Բրոդսկուն՝ տղամարդկային բացահայտ թերարժեքության, Գումիլյովին՝ Աննա Ախմատովայի, Կորտասարին՝ շատախոսության ու թիթիզության, Պրուստին՝ հավեսի ու թուղթ մրոտելու, Խալիլ Ջիբրանին՝ ժպտերեսության, Տագորին՝ հավատի, իսկ մեր ողջ դասական գրականությունը՝ էկզիստենցիալ դատարկության մեջ։ Բայց հասկանո՞ւմ ես՝ տասնիննում հեշտ է սխալվելը ծայրահեղ կտրուկությամբ, ասում էր։ Իսկ ես վախենում էի, որ կխմի այն շշի ջից, որի մեջ տաբակի ծխուկներ էր հանգցրել։ Մինչեւ հիմա վախենում եմ, որ խմել է այն շշից, որի մեջ տաբակի ծխուկներ է հանգցրել։

Ասում էր՝ կանանց մեջ էլ փրկություն չկա․ ես քսաներկուս եմ, ինքը՝ նախնական թվին, փաստորեն, գումարած երեսուներեք։ Սեփականացման մոլուցքից դենը քիչ գեղեցիկ բաներ են ընկալելի նրանց համար, ովքեր սովորել են կյանքը ստեղծելու ձեւը։ Սկզբից՝ քեզ անհայտ ձեւով ու հնազանդությամբ դարձնում են ձեռնասուն, իսկ հետո այդ ձեռնասունից փորձում ազատվել՝ անողոքաբար տղամարդկությունից թողնելով ոչինչ՝ շների լափ, իբր թե՝ վրեժ, որ ժամանակին չհասկացվեց իրենց խոսքն ու լռությունը, սերն ու դրա մեռնելը դանդաղ։ Մինչդեռ պարզ բացատրությունը ավելի տղամարդկային է, եւ այն է՝ սերը պրծավ, արդեն՝ ընգեր-ախպեր, գնա գործիդ, ինձ հիմա ուրիշի հետ սեքսն է պետք, որ ոնց որ դու, էդպես էլ ես զգամ կանացիությունս, ասում է։ Բայց արգանդը կնոջը հո միայն եւս մի դժբախտի աշխարհիս երես հանելու համար չէ։ Դա նաեւ խորապես զգալու համար է, որ շունը երբեք չի կծում այն ձեռը, որից հաց է վերցրել։ Ո՞նց են մարդուց պահանջում լինել պատասխանատու, եթե իրեն աշխարհ բերած մտածող մարդը վախենում է տղամարդ լինելու պատասխանատվությունից․ այո, աշխարհ բերողը տղամարդ չէ։ Այ քեզ բացառիկ հայտնագործություն, ասում էր։

Ուզում եմ մոռանալ, որ իրեն հիշում եմ, ոնց որ սեփական սիրտն են ուզում մոռանալ, որի պատճառով այլեւս չի կարելի վազել։ Ուզում եմ վազել կարողանալ, երբ ուզում եմ, բայց չի կարելի, սիրտս բարակել է, ասում էր բժիշկը։ Սրտիդ մասին պետք է հոգ տանենք, Սելեստե, ասում էր, դա մեր փրկության միակ դուռն է, ինչպես եւ քո օձությունը։ Որ հանկարծ կանգնեց, ոչ դու, ոչ ես այլեւս չենք կարողանա վազել․ ծեր Էնկիդուն սրտից լավ է հասկանում․ այ, օրինակ՝ գիտե՞ս՝ ինչ կլինի, եթե մի շաբաթ ամեն օր խմեմ։ Ստացվում է՝ ես կարող եմ կառավարել սիրտս, Սելեստե, ասում էր, իսկ ես վազել էի ուզում, որովհետեւ լավ էր՝ ձյուների մեջ պառկած շունչս կտրվեր, քան թե նրանից, որ փոքր եմ ու սիրտս բարակել է։

Սիրտդ մեր փրկության միակ դուռն է, Սելեստե, որովհետեւ երկուսիս հարցերի պատասխաններն էնտեղ են։ Մի անգամ բոբիկ ոտքերով մտել էի գետը, որ գարշապարս ճղվի ապակենման քարից։ Մի ամբողջ օր հետս չխոսեց։ Ոտքերիդ մասին էլ հոգ պիտի տանենք, Սելեստե, դրանք մեր փրկության միակ հույսի դռան ոտքերն են։ Գետը սառն էր, որովհետեւ գարուն էր, այնքան գարուն, որ ձեռքերս էլ էին սառը, աչքերիս բիբերն էլ, իսկ սիրտս բարակել էր, ասում էր բժիշկը։

Ես ուզում էի մոռանալ, որ հիշում եմ իրեն, ոնց որ սեփական մեղքն են մոռանում, որ հանկարծ Աստված չպատժի, իբր Աստված հիշում է միայն այն, ինչ մենք ենք հիշում։ Ազատությունը թեպետ ճիշտ հակառակն է․ ամեն ինչ հիշելը եւ ամեն ինչ ներելը ինքդ քեզ՝ հանուն վերջնական ողորմած մտքի, որ մեռնելու ես․ վերջապես պատասխանատվությունը կլիներ միակ այբուբենը, եթե մեզ նվիրեին անմահություն։ Իսկ քանի դեռ մեռնում ենք, պատասխանատվությունը ամենեւին բարի բան չէ։

Մեծանաս, էլ չես լինի հաջողություն բերող զարդաքանդակ, Սելեստե, ասում էր։ Օձությունդ կհանես ու կսկսես բոլորին խաչել։ Ես հո գիտեմ այդ հայացքն ու կրակի գույնի աչքերը։ Վերջին ընթրիքին, միայն թե, ձեւացրու, թե հիշում ես ինձ, ասում էր։

Հիմա դու հոգիներ ես բուժում, փաստորեն, ասում է։ Իսկ կարողացար մոռանալ, որ ինձ հիշում ես, ինչպես սեփական մեղքն են մոռանում, որ հանկարծ բարակած սիրտը չպատժի։ Պատասխանատվության, մեղքի զգացումի ու վշտի հաղթահարման տակից մարդկանց միջից դուրս գալի՞ս է այն, ինչ ես կարող էի քեզ տալ, հարցնում է։ Չարչարանքիդ ապաշխարանք եւ այլ համանման բաներ, Սելեստե, ինչո՞ւ ուրացար։

Սոված եմ, պիտի գնամ, ասում եմ։ Փարիզի հոգեբուժարանների արխիվներում իմ ծննդի օրվա որեւէ գրանցում չկար քո մասին։ Սոված եմ, ասում եմ, պիտի գնամ։

Եւ այն։ Եւ Այլն։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *