Սուրեն Սարումյան | Պատերազմի դեմքը

Լուսնկարը` Սուրեն Սարումյանի

Լուսնկարը` Սուրեն Սարումյանի

Երկրի հիմքը

Ամեն անգամ, երբ անտեսանելի ու չար ոգու նման գլխավերևով սլանում էր հերթական արկը, զինվորին թվում էր, թե ինքը լսում է երկնքի պատռվելու ձայնը, հետո արկի հետագծի երկարությունն ունեցող պատռվածքից արցունքների պես խոշոր ու վճիտ թափվում էին անձրևի ծանր կաթիլները: Երկինքը հեկեկում էր լուռ ու երկար, արտասվող կնոջ ուսերի պես թույլ ցնցվում էր հողը, ու այդ հողի վրա, ցավից գոռալով ու անզոր կատաղությունից մայր հայհոյելով, մահանում էին հարյուրավոր մարդիկ: Մահը, չրխկացնելով իր ոսկորները, վառվռուն աչքերով ու ագահ, զբոսնում էր ապրիլյան կապարագույն երկնքի տակ: Նոր զոհին մոտենալուց առաջ սևեռուն նայում էր նրան, ասես հմուտ դահիճ՝ անշտապ մտորում՝ ընտրելով մահապատժի եղանակը: Գթասիրտ էր հազվադեպների նկատմամբ: Այդ քչերը կապարագույն երկնքից ու կպչուն ապրիլյան ցեխից հավիտենաբար հեռանում էին՝ չհասցնելով գիտակցել կատարվածի ողբերգական անդառնալիությունը, չհասցնելով վախենալ ու տառապել մարմինը մինչ բջիջներ մասնատող ցավից: Մյուսներին՝ շատերին սպանելու համար մահը հավատաքննության խարույկները միացնում էր պարսկական ցցի, քառատումը՝ միջնադարյան Եվրոպայի այդ սիրելի ներկայացումը, դժբախտ Վասակ Մամիկոնյանի տանջալից մահվամբ հռչակ ստացած մորթազերծ անելու հետ: Հերթական զոհը սպանվում էր՝ մի քանի տառապալից ակնթարթի ընթացքում հասցնելով զգալ բոլոր, մարդու հորինած բոլոր մահապատիժներին միաժամանակ ենթարկված լինելու սոսկումը: Հերթական արկը պայթում էր նրա ոտքերի տակ: Վառվող վառոդը դառնում էր մահապատժի խարույկ, արկի բեկորները դառնում էին անհամար ցցեր, միս պոկոտող աքցաններ, վերջույթները հատող տապարներ: Զոհը նաև խեղդվում էր, որովհետև արկը թերմոբարիկ էր լինում և այրում ամբողջ թթվածինը, ու մահանալուց առաջ հասցնում էր տեսնել գետնին ընկած սեփական փորոտիքը՝ լպրծուն և արնաշաղախ:

Ապրիլյան ցեխը շաղախվում էր արյունով ու ամրապնդում երկրի հիմքերը: Նոր շինության՝ կամուրջի կամ բերդապարիսպի հիմքում, այն անխորտակ պահելու համար, զինվորի խոժոռադեմ ու լռակյաց նախնիները դաշույնի վարժ հարվածով գրեթե անցավ սպանված մարդու մարմին էին ամփոփում: Երկիրը կամուրջի կամ բերդապարիսպի հարաբերությամբ մարմնավորում էր անսահմանությունը: Այդ անսահման կառույցի անսահման հիմքը՝ հորիզոնից հորիզոն ձգվող զոհասեղանը, ներկվում էր ապրիլյան ցեխի չափ թանձր արյունով, ու արյան բոսոր բծերը ուրվագծում էին երկրի ամուր, հաստատուն, երջանիկ ապագայի տեսիլքային պատկերները:

Հավասարությունը

Հերթական զոհին որոնող, վառվռուն աչքերով ու անողորմ մահվան մոտիկությունը զայրացած գնդապետի կտրուկ շարժումով կարծես պոկել էր բոլոր ուսադիրները: Հողի վրա խրթին զիգզագներ նկարած խրամատներում ՝ լաբիրինթոսի պես անսահման զոհարանի այդ ցեխոտ բավիղներում, հավասարապես հոգնած, կեղտոտ ու սարսափահար էին բոլորը: Ճիշտ է, մահը ճշմարիտ իմաստունի պես ձգտում էր մոտ լինել հասարակ ժողովրդին ու առաջին հերթին տանում էր տափաստանների թավշահեր կանաչի մեջ թաղված ու լեռնալանջերի մթին ծերպերում կորած գյուղերից եկած տղաներին՝ կարմրաթուշ, կենսախինդ ու միամիտ ինչպես գյուղական կյանքը:
Սակայն ժամանակ առ ժամանակ, ավելի հազվադեպ մահն իր հայացքը դարձնում էր նաև ժողովրդավարական պետության ազնվականների՝ պաշտոնյաների, գործարարների, հաջողակ իրավաբանների ու անվանի բժիշկների, հեռատես ու ողջախոհ արվեստագետների զավակների կողմը: Արկի ուղիղ հարվածից ավերված նույն խրամախորշում հավասարվում, հավիտենաբար եղբայրանում էին հարուստն ու աղքատը, գրկախառնվում այնքան ամուր, որ կրակի դադարի ժամանակ դիակներ հավաքող սանիտարներն ահռելի ջանքերի գնով էին կարողանում իրարից բաժանել երկաթի պես ամուր, երկաթի պես սառած ձեռքերը:
Շարունակվող կյանքն անհապաղ վերացնում էր մահվան հաստատած հավասարությունը: Մեկը հուղարկավորվում էր շքեղ դագաղի մեջ՝ խաղաղ, նիրհած մարդու պես անխռով պառկած, դիակառքի հետևից սգահար, դանդաղ ընթացող շքեղ մեքենաների ուղեկցությամբ, մյուսին թաղում էին հապճեպ, իրար արագորեն մեխված տախտակներից պատրաստած ու էժանագին մահուդով պատված դագաղի մեջ: Մեկի գերեզմանի վրա խոյացող կոթողը, որովհետև մարմարի այդ հսկայական վեմը անհնար էր անվանել շիրմաքար, գերազանցում էր մյուսի գյուղական տան արժեքը:
Նույնն էր լինում միայն գերեզմանին թափվող արցունքի քիմիական կազմը՝ ջուր ու աղ՝ շաղախված հավիտենական վշտով:

Այլ կյանքի անրջայնությունը

Խրամատում կանգնած, խանձված, փոս ընկած այտերով, դեմքը դեպի իր վրա թափվող արճիճն ու կրակը դարձրած զինվորն արագորեն մոռանում է, որ կա այլ կյանք՝ լռակյաց ինչպես ամառային կարճ գիշերը, լեցուն աստղերի առկայծուն շեղջերով ու քամու թևերի վրա ցատկոտող երջանկությամբ: Այդ կյանքում կան խոտի դեզեր, որոնք կարիք չկա հրդեհել: Ամառային կարճատև գիշերներին այդ դեզերը հարմար են հարևանի գեղեցիկ, անառակ աչքերով աղջկա հետ թաքուն սեր անելու համար, երբ թվում է, թե մթության մեջ անասելիորեն գեղեցկացած սիրուհին ոտքի չքնաղ մատերով խաղում է երկնքից կախված լուսնի հետ:
Այդ կյանքում կարելի է քայլել պարզապես քայլելու համար: Դիտել ստվերի ու լույսի խաղը, որը սովորական ծառուղին դարձնում է ճենապակյա ծառերի ու զմրուխտե սաղարթների անիրական պարտեզ: Չշտապել: Վախվորած ու աչալուրջ՝ չնայել չորս կողմը: Գետնին չնետվել, երբ անսպասելիորեն ինչ-որ բարձր ձայն է հնչում:
Այդ կյանքում մահը հեռու է թվում ինչպես ծերությունը, սակայն զինվորն այլևս չի հավատում նրա գոյությանը:

Ազատությունը

Մահվան գնացողին կարելի է ամեն ինչ: Արգելքներն անարժեք պատրանքներ են: Ցեխոտ խրամատում, ցցված գերանների ու ժանգոտած փշալարի, ականադաշտերի ու պարկուճների հարևանությամբ զինվորը վերագտնում է իր ճշմարիտ էությունը: Դաստիարակությամբ, մանկուց ներարկված նախապաշարմունքներով ու անբնական սովորություններով աղավաղված էությունը: Ցեխոտ խրամատում, բոլոր քամիների թրատող հարվածների ու բոլոր անձրևների լպրծուն սառնության դեմ անպաշտպան, նա մոռանում է հիվանդանալու մասին: Ուրախանում է, երբ կուշտ ուտում է: Ուրախությունը կրկնապատկվում է, երբ ուտելիքը համեղ է լինում: Երջանկություն է զգում, երբ կարողանում է օղի հայթայթել: Տաքացվող արտաքնոցն ու բաղնիքն անհնարին են ու կորուսյալ՝ ինչպես դրախտը: Յուրաքանչյուր ճաշկերույթը վերջինն է, հացի ամեն պատառը՝ ևս: Մահապատժի գնացողի վերջին գլանակը կիսում են եղբայրաբար: Ծուխը թվում է կենարար ու քաղցր: Որևէ համբույր այլևս երբեք չի կրկնվելու: Ամեն ձեռքսեղման ժամանակ ճմլվում է սիրտը: Բոլոր կանայք անասելիորեն գեղեցկանում են, որովհետև նրանց հետ մերձենալու կարճ րոպեներին ժխտվում է զինվորի տիեզերական մենությունը:
Զինվորը սկսում է նշմարել նաև պատերազմի արյունարբու գեղեցկությունը՝ լի մոտալուտ, անհամար վախճաններով ու անափ ազատությամբ:

Հրամանները

Հրամանները վախճանի անխուսափելիության տիեզերական օրենքի հնչյունավորումն են, մահվան հետ խելակորույս մոլեխաղի կանոնադրական մեղմասությունը: Ենթակային դիմելու հարգալից ձևը, որը սահմանված է ներքին ծառայության կանոնագրքով, ու մարտադաշտի արնաշաղախ համատեքստից դուրս՝ հրամանի միանգամայն անմեղ բառերն անխուսափելին քողարկող էֆեմիզմ են: Զինվորին երբեք չեն ուղարկում մահանալու, ինչպես առաջին քրիստոնյաներին՝ անլուր չարչարանքների մեջ տառապանքի հավերժությունը ճանաչելու. զինվորին ուղարկում են գրոհի:
Գետնատնակի մոտ տնկված փայտե ցուցանակի վրա պետական ներկի խունացած կարմիրով գրվում է շինության համարը, երբեք՝ եղբայրական գերեզմանոց, որին վերափոխվելու համար անհրաժեշտ է գետնատնակի մոտ պայթած ընդամենը մեկ պատահական արկ: Վիրավորների հեծեծող ու տառապող բազմությունն անվանում են սանիտարական կորուստներ, դիակները՝ քայքայված կամ անվնաս: Գարշահոտող կամ հողի վրա կուչ եկած մարդկանց բազմություն հիշեցնող, դաշտերում անկանոն թափթփված կամ փլատակների մեջ հայտնաբերված դիակները կոչվում են չվերականգնվող կորուստներ:
Հրամանները մեղմում են զինվորի գոյության ճակատագրականությունը: Հրամանները մոգություն են, քանի որ նրանք խոսքի ստեղծած իրականությունից բացառում են մահը, իսկ այն, ինչ չի անվանվում, չի կարող գոյություն ունենալ: Այդ տեսանկյունից՝ զինվորն անմահ է: Հրամանատարի ահեղ տեսքն ու զենքի շաչյուն հիշեցնող գոռ ձայնը սքողում են հրամանների՝ զինվորական կյանքին անհարիր մեղմ էությունը:
Երբեք չի կարելի իրերը կոչել իրենց անուններով: Մերկ ճշմարտությունը, ինչպես ամենուրեք, մահացու վտանգավոր է նաև մարտադաշտում:

Հիշողությունը

Զինվորն իր նախկին ես-ը թողնում է իր հիշողություններում, որոնք մշտապես լուսավոր են, լեցուն մեղմ թախիծով ու զղջումով: Ժամանակին ասված կոպիտ խոսքը՝ անպատեհ, ինչպես բոլոր կոպիտ խոսքերը, կամ ժամանակին չասված բառերը՝ լի սիրով ու անկեղծությամբ, ճակատային երկար գիշերներին գլխիվայր են շրջում զինվորի տիեզերքը:
Հիշողությունը դարանակալում է ամեն ակնթարթ ու տափաստանի քամիների պես անսանձ ու հորդ՝ խուժում դադարների ժամանակ վախից ու ատելությունից դատարկված զինվորի սիրտը: Մի անանուն սարի լանջին պարուրված ճանապարհից նշմարած կղմինդրե տանիքները՝ գյուղական անշուք տների անշուք կտուրները, զինվորի հիշողություններում ինչ-որ հեքիաթային բնակավայրի զարմանահրաշ երկրաչափությունը մատնող գաղտնագրեր են: Զինվորի հիշողությունը ամեն ինչը գեղեցկացնելու կախարդական ունակություն ունի:
Ճանապարհի ոլորանից իր քայքայված թափքի համար անասելի արագությամբ դուրս սլացած «Մոսկվիչը» հիշողությունը գործարկող բանալին է, ու զինվորին ստիպում է կարոտել նույնքան հնամաշ «Մոսկվիչ» ունեցող իր ծերունազարդ հորը:
Հիշողությունը գործարկող բանալիներն անթիվ են՝ սփռված զինվորի տիեզերքով մեկ: Ծառերի խորհրդավոր խշշոցը, շան հաչոցի հեռավոր արձագանքը, ոսկեծամ մանուկի վախեցած հայացքը, գիշերային երկնքում ցոլացող ամեն աստղն ու անձրևի տխրությամբ ընկնող ամեն կաթիլը աշխարհի անհամար իրերն ու մարմնի անհամար զգացողությունները ճակատային երկար գիշերներին գլխիվայր են շրջում զինվորի տիեզերքը:
Զինվորի հիշողությունը կենդանի է կյանքից: Զինվորի հիշողությունը լի է լույսով ու ներողամտությամբ: Զինվորի հիշողությունը գեղեցկացնում է այն ամենը, ինչը տեղավորում է իր սահմաններում: Եթե կյանքը նման լիներ զինվորի հիշողության ստեղծած իրականությանը, պատերազմներ թերևս չէին լինի:

Զինվորի հայրենիքը

Զինվորի հայրենիքն աշխարհագրական վայր չէ. այն կարող է անասելիորեն մեծ լինել Հայաստանի Հանրապետությունից, այն կարող է ծվարել շենքերի արանքում կորած մի փոշեթաթախ բակում:
Արևմտյան Հայաստանում մնացած սարը զինվորի համար կարող է լինել նույնքան օտար, որքան իր վրա մագլցող ամեն երկրորդ լեռնագնացին սպանող Անապուրնան, իսկ գեղեցիկ համարվելու համար անգամ պատմական Հայաստանից դուրս գտնվող ցանկացած բարձունքի անհրաժեշտ է պարզապես լինել փոքր-ինչ համաչափ:
Հայրենիքն այնտեղ է , որտեղ զինվորն իրեն լավ է զգում: Լավ զգալու համար կուշտ և առողջ լինելը քիչ է: Լավ զգալու հիմքը հիշողությունն է՝ խարսխված տատիկի մամռապատ գերեզմանաքարի և անցյալի անորսալի ստվերներով ու տխրությամբ լի հայրական տան վրա:
Սակայն հիշողությունը նաև ցավ զգալու հիմքն է, ու Արևմտյան Հայաստանում մնացած սարին նայելիս շատ զինվորների այտերով ցած են գլորվում արցունքի մատնիչ կաթիլները:
Զինվորի հայրենիք դառնալու համար երկիրը պիտի լինի աշխարհի ամենից արդար վայրը: Արդարությունը զինվորին հնարավորություն է տալիս ունենալ պատիվ: Արդարությունը զինվորին դրդում է լինել անձնազոհ:
Պատերազմող երկիրը դառնում է հայրենիք, եթե արշավի դուրս եկած մահվան առջև հավասարվում են բոլորը:
Փիլիսոփան պաշտպանում է տիեզերքը ճանաչելու իր իրավունքը: Նա կարդացել է Լայբնից ու Շոպենհաուեր: Նա գիտի, որ յուրաքանչյուր մարդ հայելու նման բազմապատկում է հնարավոր տիեզերքների քանակը, ու խրամատում կանգնած՝ պաշտպանում է իր ճանաչած, իրեն սեր ու բարություն նվիրած անհամար տիեզերքները:
Հողագործը ոռոգել է իր դաշտերը քրտինքով: Զինվոր դարձած՝ նա դաշտերում թափում է իր արյունը: Ոսկեգույն ու անուշաբույր հացը՝ երեք վիթխարի գոմշացուլերի մեջքին դրված անսահման տիեզերական հացը, նրա աշխարհի մոդելն է:
Հայրենիքում ամեն ոք պաշտպանում է իր աշխարհը:
Հայրենիքում յուրաքանչյուրը սիրում է իրենը, այն, ինչը այլ վայրում իրենը լինել չի կարող:
Հայրենիք համարվելու համար հիշողությամբ ու արդարությամբ լի հողը պիտի լինի մարդունը:

Փնտրաբառ՝ hayrenik barov naxadasutyun

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *