Սուրեն Սարումյան | Աղջկա սերը, կախազարդն ու հաճախորդի սպանությունը պատերազմի օրերին

Սուրեն Սարումյան

Աղջկա սերը

Բիլիարդի սեղանի վրա կախված լապտերը տարօրինակ սարք էր. երկու անագե շրջանների արանքում բանտարկված լույսն իր մետաղյա բանտի երկրաչափորեն կատարյալ գերությունից Լուսանկարը՝ Յուջին Սմիթիդուրս էր գալիս բարակ շերտով, ու սեղանին ընկած նրա հետքը նմանվում էր կանաչ մահուդին դրված կլոր խարանի: Երբ սեղանի շուրջը լուռ կանգնած մարդկանցից որևէ մեկը պատահաբար կպչում էր ցածր, նրանց կրծքերի բարձրության վրա կախված լապտերին, խարանը, կարծես զայրանալով իր երկրաչափության աղճատումից, սկսում էր մահուդի վրա հուսահատորեն թպրտալ՝ իր օրորվող ծայրով երբեմն հասնելով մարդկանց ծնոտներին: Տատանվող լապտերը նյարդայնացնում էր մարդկանցից որևէ մեկին, ու այն բռնում և անշարժեցնում էին: Մահուդի վրա նորից հայտնվում էր դեղնավուն խարանը, որի վրայով գլորված անհամար փղոսկրե գնդակներն իրար դիպչելիս խուլ չրխկոց էին արձակում՝ ասես մեջտեղից ջարդված ու մի խոր ջրհորի մեջ նետված լուցկու հատիկներ, ասես իրար խփվող ու մի տիեզերական ջրապտույտում անհետացող տարիներ:
Կիսախավարում մահուդը խունացած էր երևում, խունացած էին երևում նաև սենյակի պատերը, թվում էր, թե անտեսանելի ժամանակը ագահաբար լիզել է պատերը՝ իր լեզվի երկաթե փշերի վրա անվերադարձ տանելով երբեմնի վառ գույներն ու թարմությունը: Թվում էր, թե մարդկանց ծանր հայացքներով ու շնչառությամբ լցված սենյակը մի անշուք զվարճավայր է, հերթափոխը նոր հանձնած մռայլադեմ բանվորների ու մոտակա նեղլիկ փողոցի ուրախ դագաղագործների հավաքատեղի, որտեղ համեմատաբար էժան կարելի էր կոնծել, բիլիարդի պարտիան ուղեկցել թունդ հիշոցներով ու մի գիշերվա համար աղջիկ գնել՝ հլու ու լռակյաց արաբ սրկուհու պես, ճկուն՝ ասես պորտապարուհի:
Աղջիկն էժան էր վաճառվում. զեղչված ու մատչելի ասորական թագուհուն, ծախու աստվածուհուն կարելի էր գնել մի քանի ճմռթված թղթադրամով, նրա կուսության պես օգտագործված, նրա մարմնի պես ձեռքից ձեռք անցած ճմռթված թղթադրամով: Նրա հետ սերը կարճատև էր, կրքոտ ու կատարյալ, որովհետև վճարված գինը բացառում էր կենցաղը: Կիրք ու ցածր առաստաղը քերծող խուլ տնքոցներ: Ոչ մի փնթփնթոց, ոչ մի պահանջ: Իսկ հետո կարելի էր անպատիժ մոռանալ աղջկան: Ու չխենթանալ մեղադրանքներից:
Աղջկան օգնել էին բարձրանալ վերև՝ բիլիարդի սեղանի շուրջը հավաքված խոժոռադեմ մարդկանց մոտ՝ բռնած նրա բարակ դաստակը: Բարձրանալիս աստիճանները հաճույքից ճռռացել էին նրա մերկ ոտքերի տակ: Ոտքերը փոխել էր կամացուկ՝ ասես աստիճանների վրա փշրված ապակի էր թափած: Քայլել էր զգույշ, կույրի պես՝ չիմանալով գալիքն ու վստահելով իր բարակ դաստակը մամլիչի ուժով սեղմող ուղեկցորդին:
Աղջիկը քաղաք էր եկել մեկ տարի առաջ: Եկել էր երեկոյան գնացքով: Կառամատույցում նրան առաջինն անամոթորեն տփտփել էր քամին, հետո աղջիկը լուռ ու արագ քայլել էր իր շուրջը թանձրացող ամբոխի միջով: Հիացական սուլոցների հետ թանձրացել էր նաև նրա այտերի կարմիրը: Ինչ-որ թոկից փախած կսմթել էր հետույքը: Գիտեր, որ տղամարդիկ տենչում են բոլոր գեղեցիկ ու ոչ այնքան գեղեցիկ կանանց: Ինքն էլ էր երբեմն խլրտոցներ զգացել, սակայն սովոր չէր, որ ցանկությունը, ոլորված սավանների վրա մինչ լուսաբաց սեր անելու ցանկությունը իրեն աչքով տա կայարանում ամբոխված մարդկանց արանքներից: Աղջիկը սեր չէր փնտրում, քաղաք եկել էր երջանկության հետևից: Սեր որոնելու կարիք չկար, աղջիկը համոզված էր, որ իր ամենօրյա ճանապարհի վրա, փայլփլուն ցուցանակով սրճարանի ու գործարանի՝ փոշոտ ապակիներով ՀԱԿ-ի արանքում սերը սպասելու է իրեն՝ անփութորեն կռթնած հեռագրասյանը, ատամների արանքում ծխի կապտավուն քուլաներ արձակող գլանակը, ոտքերի առջև ածուխի պես սև արևածաղկի կեղևի բուրգը: Սերը, հայհոյող ու կռվարար, քրտնամխած սերը բռնելու էր աղջկա բարակ թևքից ու տանելու էր նրան փոշոտ ապակիներից ու ածուխի պես սև արևածաղիկի սերմից հեռու: Բոկոտն ու գլխաբաց հետևելու էր քրտինքի գրեթե աննկատ հոտով պարուրված սիրուն, քրտինքի հոտն անհետանալու էր թարմ հնձած խոտի, սառը գարեջրի ու որսորդական երշիկի բույրերում: Երբ հոգնեին ծառերի ստվերներում իրար կատաղորեն տրվելուց, աղջիկը պառկելու էր ու երազկոտ հայացքով նայեր հորիզոնին: Մի կարճ, անորսալիորեն կարճ պահ երկինքը ողողած արևի շողերում տեսնելու էր երջանկության ցոլքը, ցոլքն ընկնելու էր գետակի մեջ ու, նրա ալիքների կատարներին թռչկոտելով, հեռանա: Աղջիկը ժպտալու էր, շրջվելու էր դեպի երիշիկի ու քրտինքի, թարմ հնձած խոտի ու սառը գարեջրի բույրերով շղարշված սերն ու ամուր փաթաթվելու էր նրան:
Սակայն աղջկա սերը գողացել էին: Մի օր երկինքն ահեղ էր եղել, կնճռած ճակատի, դիակառքի վարագույրների պես շերտ-շերտ ծանրացած սև ամպերի տակից խոժոռված նայել էր հեռու ներքևում խաղալիք հրանոթների շուրջը վազվզող զինվորներին: Հետո շիկացած արճիճ էր թքել խաղալիքի չափ փոքր երևացող հրանոթների ու նրանց շուրջը վազվզող մարդուկների վրա: Ատելությունից գալարվող մետաղի ու ծառս եղած հողի, անհամար կարմիր աստղերի պես սփռված արյան կաթիլների ու մինչ երկինք ոլորված թանձր ծխի ձագարներում անէացել էր նաև աղջկա սերը՝ թողնելով նրան մենակ փոշոտ պատուհաններով քաղաքի ու հրապարակներում խռնված սարսափելի մարդկանց հետ:
Այդ սարսափելի մարդկանցից մեկը՝ շիլաչք, դեղնած բեղերով, կարմրափոր մսագործը գնել էր աղջկա սերը: Գործնական մարդու անսխալ հոտառությամբ մսագործն ընտրել էր ամենից հարմար պահն ու առաջարկել իր գինը: Մսագործի համար միջնորդել էր աղջկա նեղլիկ սենյակի առջև կանգնած ու նրա գունաթափ դուռն իր ոսկրոտ մատներով կամացուկ թակող սովը: Աղջիկը դուռը չէր բացել, սակայն սովը ներս էր սողոսկել դռան ու հատակի միջև մնացած ճեղքից: Ճերմակ գիշերազգեստով, հերարձակ՝ նա կռացել էր մինչ ծնոտը սավանի տակ մտած աղջկա վրա, նայել էր լուսնի տակ փայլող սև լճերի պես անհատակ աչքերին ու աղջկա ականջին անասելիորեն քաղցր խոսքեր էր շշնջացել, տաք արգանակի հոտի չափ քաղցր խոսքեր: Սովի երկար, արծաթափայլ մազերը բազմաթիվ ասեղների պես ծակծկել էին աղջկա փորի նուրբ մաշկը, աղջկա ռունգերը խուտուտ էր տվել նոր տապակած խոզի մսի շշմեցնող բույրը:
Առաջին անգամ, երբ մսագործն իր հաստ փորը հպարտ-հպարտ ներս էր բերել աղջկա նեղլիկ սենյակը, գումարի մասին խոսք չէր եղել: Մի ափսե թանձր մսաջուր, յուղոտ, իրար կպչող շրթունքներ, աղջկա դեմքը ծակծկող կոշտ բեխեր ու բեխերի տակից՝ սխտորի, օղու ու թանձր մսաջրի հոտ: Մսագործի հաստ փորը սեղմվել էր աղջկա նուրբ փորին, մսագործի մազոտ ձեռքերը փաթաթվել էին աղջկա անմազ ձեռքերին, աղերսագին ճռռացել էր մահճակալը, հետո ճռռոցի մեջ ռիթմ էր հայտնվել, հետո ռիթմին միացել էին ծանր փնչոցները, հետո մսագործը պարպվել էր՝ գոռալով ու տնքալով, ճղճղալով՝ ասես իր մորթած անհամար գոճիներից մեկը: Ծանր հառաչելով՝ գլորվել էր աղջկա վրայից ու անուժ կախ գցել թավամազ ձեռքերը: Սենյակում տիրել էր գունաթափ պատերի պես անհրապույր լռություն, որի մեջ փայլել էր աղջկա սառած հայացքը: Մսագործին ճամփելուց հետո համառորեն պայքարել էր նրա թողած հոտի դեմ, դողացող ձեռքերով լամպից մի քիչ նավթ էր հանել ու արագ, տենդագին քսել իր մաշկին: Ասես թանկարժեք օծանելիք: Ասես մաքրագործող մեռոն: Լամպի շաղված լույսի տակ՝ նավթը թույլ փայլել էր աղջկա հարթ փորի վրա, նավթի կաթիլներն աղջկա կրծքերի վրա երկար, մուգ հետագծեր էին նկարել, հետո նրա դողացող մատներից կաթկթել գետնին: Լամպից հանած նավթը սենյակը լցրել էր միայնության, ցրտի ու լքվածության հոտով: Աղջկա սենյակում նավթը բուրացել էր թանձր, անամոք տխրության հոտով: Քամին զոհին որոնող բռնաբարիչի պես ցանկացել էր պոկել պատուհաններին կոճգամներով ամրացրած ցելոֆանը, նրա անհամբեր սուլոցից աղջիկը սոսկում էր ապրել, ցած էր սահել գետնին ու ձեռքերով բռնել գլուխը: Թվացել էր, թե քամին մոլեգնում է իր ներսում, ամեն պտույտի հետ պոկելով ու պտտահողմի բաձրացրած տերևների պես անվերադարձ տանելով աղջկական հոգու փոքրիկ կտորները: Արցունքի վերջին կաթիլի հետ հոգին դատարկվել էր: Իսկ առավոտյան, երբ ցուրտը կսմթել էր վերմակի տակից դուրս եկած ոտքի մատն ու արթնացրել աղջկան, մտածել էր, որ մի բաժին սիրո դիմաց մսաջրի ափսեն չափազանց փոքր վարձատրություն է: Նավթի թույլ հոտը ողջ օրը հետապնդել էր աղջկան: Ողջ օրը հիշել էր մսագործի բեղերն ու ծանր փնչոցը: Նրա կարմիր մաշկի մեջ ներծծված մսի հոտը: Կաթսայից բարձրացող անուշաբույր գոլորշին ու ճռռացող մահճակալին ձեռնաշղթաներով գամված սերը:
Աղջիկը բարձրանում էր վերև, բիլիարդի սեղանի շուրջ հավաքված խոժոռադեմ մարդկանց մոտ, գիտեր, որ քիչ հետո այդ մարդիկ ձկան թեփուկների պես պսպղուն, անկենդան աչքերով տնտղելու են իր մերկությունը: Աճուրդը լինելու էր կատաղի, համեմված գռեհիկ սրախոսություններով ու ծանր, ցեխաջրի մեջ ճլմփացող քարերի չափ ծանր հիշոցներով:
Հետո կրքից մշուշված լույսի ներքո կրքից մշուշված աչքերով հաճախորդը տիրանալու էր աղջկան: Տիրանալու էր կատաղորեն՝ վրեժխնդիր լինելով աճուրդի ու գրպանից հանած ճմռթած թղթադրամների համար:Մահճակալը ցնցվելու էր, երկար ու աղերսագին ճռռոցներ էր արձակելու: Ցնցվող ու ճռռացող մահճակալի ռիթմով տատանվելու էր աղջկա պարանոցը բարակ, սպիտակ սպիի պես օղակած շղթայի կախազարդը …

Կախազարդը

Աղջիկը կախազարդը պատվիրել էր Քաղաքի լավագույն ոսկերիչներից մեկի մոտ: Նրա արհեստանոցը տանող ճանապարհը ոլորվել էր կուրացրած, սև ակնախոռոչներով պահապանների պես կանգնած հսկայական, դատարկված շենքերի արանքով ու դեմ ընկել արհեստանոցի դրվագազարդված դռանը: Պատերազմը դահիճի մկանուտ ձեռքով կողպել էր նաև ոսկերիչի արհեստանոցի դուռը: Ոսկերիչն արհեստանոցի պատուհաններին ժապավեններ էր խաչաձև ամրացրել: Ամեն պատուհանը շրջանակի մեջ առնված ապակե նկար էր դարձել՝ սուպրեմատիկ սև քառանկյան փոխարեն՝ ջնջման սև նշանով: Ոսկերիչը սկսել էր ապրել օդային տագնապներին ու երկնքից աղետի պես անկասելիորեն թափվող ռումբերին նվիրված այդ ինքնաշեն պատկերասրահում՝ անհամար փոքրիկ դարակներով պահարանների, փոքրիկ մուրճերի, աքցանների և քիմիական նյութերով լի սրվակների լուռ հարևանությամբ:
Ոսկերիչն անասելիորեն զարմացել էր, երբ ժամացույցի զգուշավոր տիկ-տակով ընդմիջվող լռության մեջ հնչել էր դռան զանգը: Բարետես, բարակիրան աղջկան ներս էր հրավիրել: Աղջիկը գրպանից թղթի մեջ փաթաթած ոսկեղեն էր հանել՝ մատանի ու մի քանի ծռմռված ոսկյա ատամներ:
-Տատիկից է մնացել,- ասել էր՝ նկատելով ոսկերիչի հոնքերի վեր բարձրանալը:
Կախազարդ պատրաստելու անակնկալ պատվերը զարմացրել էր ոսկերիչին: Պատերազմը կյանքի որոշ կողմերի բարեկամն էր ու կյանքի որոշ կողմերի ոխերիմ թշնամին: Պատերազմը բարեկամություն անել նախընտրում էր ստամոքսի ու սեռական օրգանների հետ: Պատերազմն արհամարհում էր գլուխն ու սիրտը: Պատերազմի օրերին մսավաճառի գործերը լավ էին, ոսկերիչինը՝ վատ: Օղեվաճառներն ու ծխախոտ ներկրողները ծաղկում էին, գրախանութների տերերն ու անշարժ գույքի գործակալները սնանկանում: Պատերազմը սիրում էր վաղանցիկն ու կարճատևը, հմուտ բանաստեղծի պես՝ տիեզերական խորություն, հավիտենականության նշույլ հաղորդում անորոշ ստվերներին: Պատերազմն ատում էր հիմնավորն ու երկարատևը ու թեթև հպումով արժեզրկում, անպետք էր դարձնում քարակերտ դղյակներն ու նոր հատած դրամի խշխշան կապուկները:
Կախազարդը պատերազմի օրերին անպետք իր էր, սակայն աղջիկն ուզում էր այն ունենալ, պատերազմի օրերին կախազարդ պատվիրելը տարօրինակ էր, բայց ոսկերիչը ցանկանում էր այն պատրաստել:
Կախազարդն աղջկա պարանոցից կախ խաղաղության ոսկեփայլ բեկորը պիտի պիտի լիներ, մինչ երկինք ոլորված ծխի ձագարներում անհետացած սիրո ժպիտն ամփոփող նվիրական սափորը: Ոսկերիչը պիտի հալեր, ոլորեր, ձգեր ու ձուլեր խաղաղության այդ դեռևս տձև բեկորը, նրան օվալի անթերի ձևը պիտի հաղորդեր, փոքրիկ զսպանակներ ու կախազարդի կափարիչը բացող գրեթե անտեսանելի կոճակ պիտի դներ խաղաղության մեջ: Հետո աղջիկը կախազարդի մեջ էր թաքցնելու քրտինքի ու որսորդական երշիկի, թարմ հնձած խոտի ու սառը գարեջրի բույրերով լի բացատում սեր անելիս իրենց աչքերը ծակող արևի շիկացած կտորը, երկնքից ընկած ու գետակի ալիքների կատարներին թռչկոտելով հեռացած երջանկության ցոլքը, երազանքների մանրիկ, արյունոտ փշուրներն ու խոժոռադեմ մարդկանց սեր վաճառելիս կտոր-կտոր հեռացած հոգին:
Ոսկերիչն աշխատել էր ոգեշնչված. դեռ երբեք նրա հումքը խաղաղությունը չէր եղել, դեռ երբեք նա կանացի երազանքները չէր ձուլել, օվալի անթերի ձևը չէր հաղորդել մի կարճ ակնթարթ փայլատակած ու ալիքների կատարին թռչկոտելով հեռացած երջանկությանը: Դեռ երբեք նրա պատրաստած կախազարդը պահոց չէր դարձել մի տխուր օր մարդուն լքած հոգու համար:
Ոսկերիչն աշխատել էր դանդաղ, ցանկացել էր երկար, որքան կարելի է երկար պահպանել իր ձեռքերի մեջ խաղաղության ոսկյա բեկորը շուռումուռ տալու, նրանով զմայլվելու հնարավորությունը, կախազարդը պատրաստելիս ոսկերիչն ապրել էր, ապրել էր նրա արհեստանոցը, ուրախ զրնգացել ու ապրել էին անհամար փոքրիկ մուրճերն ու աքցանները, իրենց փայտյա ուսերից փոշին թափ տվել ու ապրել էին անհամար փոքրիկ դարակներով պահարանները, ժամացույցն ավելի եռանդուն և ուրախ էր տկտկացել:
Կախազարդն աղջկան հանձնելիս ոսկերիչը տխրել էր, տխել ու կարծես մի կողքի վրա էին թեքվել անհամար փոքրիկ դարակներով պահարանները՝ զգալով իրենց վրա իջնող փոշին, դիարանում շարված հանգուցյալների պես՝ անկենդան ու լուռ սառել էին անհամար փոքրիկ մուրճերն ու աքցանները: Ժամացույցը տկտկացել էր վհատ՝ ասես համրելով գետնին ընկնող արցունքի կաթիլները, ասես համրելով անհանգիստ տրոփող սրտի զարկերը, ասես չափելով ոսկերիչի դռան առջև կանգնած հուսահատության խորությունը:
Ոսկերիչը գումար չէր վերցրել: Մի քանի պահածո էր փաթաթել ձեռքն ընկած փալասի մեջ ու տվել աղջկան:
Համառել էր:
-Վերցրու, աղջիկս, ես այս բարիքից շատ ունեմ: Դու դեռ երիտասարդ ես: Պետք կգա: Բալիկ ունե՞ս:
Աղջիկը սկսել էր հեկեկալ:
-Մի լացիր, -գրկել ու շոյել էր աղջկա գլուխը,- խնայիր քեզ, կենդանի մնա, ու ամեն ինչ լավ է լինելու…

Հաճախորդի սպանությունը

Աղջիկը բարձրանում էր վերև, բիլիարդի սեղանի շուրջ հավաքված խոժոռադեմ մարդկանց մոտ, գիտեր, որ քիչ հետո այդ մարդիկ ձկան թեփուկների պես պսպղուն, անկենդան աչքերով տնտղելու են իր մերկությունը: Աճուրդը լինելու էր անամոթ, համեմված գռեհիկ սրախոսություններով ու ծանր, ցեխաջրի մեջ ճլմփացող քարերի չափ ծանր հիշոցներով:
Բարձրանալիս աստիճանները հաճույքից ճռռում էին աղջկա մերկ ոտքերի տակ: Ոտքերը փոխում էր կամացուկ՝ ասես աստիճանների վրա փշրված ապակի էր թափած: Քայլում էր զգույշ, կույրի պես՝ չիմանալով գալիքն ու վստահելով իր բարակ դաստակը մամլիչի ուժով սեղմող ուղեկցորդին:
Աղջկա մերկ կրծերի արանքում կրքից շաղված լույսի տակ թույլ փայլում էր կախազարդը, աղջկա ոսկեգույն, գլխի վրա ոլորված մազերի արանքում թույլ փայլում էր մետաղյա հերակալը, աղջկա մթին բիբերի մեջ թույլ փայլում էր առաստաղից կախված, երերացող լամպերի շաղված լույսը:
Բիլիարդի սեղանի շուրջը հավաքված խոժոռադեմ մարդկանց շարքերը ձուլվում էին դեպի պատերը խտացող մթությանը: Բիլիարդի սեղանի վրա կախված տարօրինակ լամպի աղոտ լույսի ներքո նրանց դեմքերը թվում էին ճարպոտ ու սպառնալից, նրանց դեմքերը մուգ փայլ ունեին՝ ասես օվկիանոսի սառը ջրերից նոր դուրս եկած փոկի կաշի:
Ցածր առաստաղի տակ քուլա-քուլա գալարվում էր անհամար գլանակների ծուխը: Անհամար գլանակների մարմանդ, կարմիր ծայրերը գայլերի ագահ աչքեր էին՝ հառնված աղջկա մերկ կրծքերին ու ոտքերի արանքում մգացող կնությանը:
Գայլերի վառվող աչքերի ու փոկերի թաց մաշկի, ճարպոտ դեմքերի ու դեպի պատը խտացող մթությանը ձուլվող շարքերի արանքում հնչող քրթմնջոցն ուժեղացավ, ասես ծովի աղմկոտ ալիք՝ բախվեց աղջկա մերկ մարմնին ու տրոհվեց կարճ, հատու աղաղակների:
-Լա՛վն է, արա:
-Ես հարյու՛ր կտամ սրա համար, հարյու՛ր:
-Հարյուր քսա՛ն:
– Ի՞նչ եք մանրանում, հարյուր հիսու՛ն:
-Երեք հարյու՛ր եմ տալիս:
Դեպի պատը խտացող մթության մեջ ալեկոծված, սպառնալից տատանմամբ համակված շարքը միանգամից լռեց: Շարքն ու մթության մեջ թանձրացող լռությունը ճեղքելով, ծանր ոտքերը քստքստացնելով մաշված հատակին` խորքից դուրս եկավ աճուրդի հաղթողը, օրվա արքան: Շիլ աչքով, հաստափոր, կախ ընկած, խիտ բեղերով մսագործը: Լապտերի աղոտ լույսի ներքո առաջ եկավ հպարտ, ասես գետաձի՝ փնչալով ու օրորվելով, բութ մատերը խոթած տռուզ փորի ու կեղտից փայլող, ճմռթված տաբատի արանքը:
Աղջիկն ընկրկեց, թանձր մսաջրի, օղու ու սխտորի հոտ զգաց, իր փորը ճզմող փորի ծանրությունը, իր շուրթերը ծակող կոշտ մազերը, իր բարակ դաստակները ոլորող մազոտ ձեռքերը, իր դեմքին թաց, ծանր փալասի պես ընկնող փնչոցն ու պարպվելիս՝ մորթվող եզի երկարաձիգ բառաչը լսեց:
Հետո սենյակում անվերջանալի, ողբագին ճռռում էր մահճակալը: Հետո աղջկա մերկ կրծքերի արանքում ցատկոտող կախազարդը խփվում էր շիլ աչքով մարդու կարմրած դեմքին: Հետո թավամազ ձեռքը պոկեց ու ատելությամբ լի ուժով հատակին նետեց կախազարդը:
Աղջկա ոսկեգույն, գլխի վրա ոլորված մազերի արանքում թույլ փայլող մետաղական հերակալը շիլ աչքը մտավ անարգել ու հեշտ: Ցավի հուսահատ աղաղակ դարձած փնչոցը փոխվեց հոգեվարքի խռխռոցի, երբ հերակալը մտավ ուռած երակներով պարանոցի մեջ:
Երբ ոստիկանները ձերբակալում էին մսագործի արնաշաղախ դիակի մոտ նստած աղջկան, նա լուռ էր ու հանգիստ: Կախազարդն ամուր բռնած բռի միջից երևում էր կտրված շղթայի կախ ընկած ծայրը…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *