Մար Մարգարյան | Պատերազմների չհանդարտվող ձայները

*
ես անցա բոլոր մութ ճանապարհների միջով,
որ գաս ու փրկես ինձ ինձնից, սեր իմ,
ես բոլոր լքված կղզիներում կղզիացա
ու միայնակ ապրել չսովորեցի,
որ չկորցնեմ քեզ հետ լինելու երազանքս, սեր,
ես կախարդներ, հրեշներ, դևեր հնարեցի,
որ գաս ու բոլորին հաղթես, սեր իմ,
ես ոչնչացրի ինքս ինձ,
որ կառուցես ինձ
ինչպես նոր ստեղծվող աշխարհ,
Ես դատարկություն նվիրեցի ինքս ինձ
ու ինձ լցրի դատարկությանս մեջ չգիտեմ ինչով, երևի արվեստով,
որ սրտով զգաս ինձ, իմ սեր…
հիմա չգիտեմ ինչպես շարունակեմ ապրել,
երբ կողքիս ես միշտ,
հիմա չգիտեմ ինչպես շարունակեմ ապրել,
երբ կողքիս (չ)ես….

 

***
օ իմ փոքրիկ խիզախություն,
ցավը թափանցիկ
վարագույր է կախում
իմ ու արծաթե երազիս միջև

օ իմ լույսի փայլ,
անցումային մի ընթացք է, գիտեմ,
շուտով օրերը կլցվեն
ջինջ երազի լույսով

տուր ձեռքդ, չընկնեմ,
իմ արծաթե հույս,
ես չեմ ներդաշնակվում ցավին

լսո՞ւմ ես՝
մանուշակագույն սիրտս
կանչում է քեզ,
երգում է ՝
շնչելու կյանքն այս
ապրումի ու արարման,
երգում է սերը՝
հույզի ու սպասման,
երգում է հոգին՝
լի՝ հույսով ամենախոր…

տես ինձ ու կտեսնես,
զգա ինձ ու ես կամ,
ես կամ հիմա այստեղ,
քեզ մոտ…

 

***
ես լսում եմ
դահուկներով քայլերդ
ցանցառ հողի վրա,
ես տեսնում եմ,
թե արևը ոնց է հարվածում
բիբերիդ մոխրագույն եզրերին,
ես տեսնում եմ,
թե ոնց ես շտապ-շտապ
ստեղծում պատրանքներ
ապագա հույզերի մասին,
որ չձանձրանաս երևի…
հե՜յ, թող տանջող արևն ու
ցանցառ հողին դահուկներով քայլելդ,
տե՜ս, ծովը խաղաղ ալիքներ է
գծում ափերին,
տե՜ս, ալիքներ կան նաև շուրթերիս,
որ սպասում են քո հպմանը…

 

***
աշխարհի և ոչ մի կետում
չէր դադարում անձրևը,
հիշո՞ւմ ես`
բոլոր դռները փակ էին,
պատուհանները փակ,
մարդիկ անկյուններում թաքնված…
բոլորը սպասում էին ինչ-որ մի բանի,
ինչ-որ կարևոր մի բանի,
ու ես վախենում էի,
որ երբեք ոչինչ չէր կատարվի…
աշխարհի բոլոր անկյուններում
մարդիկ դողում էին ցրտից ու ցավից,
աշխարհի բոլոր անկյուններում
մարդիկ դեղնած տերևներ էին,
ու ոչինչ ավելին չէր կատարվում…

 

***
հայրենասիրությունն
ինչպես լոլիկի թանձրուկ
անթափանց ու կարմիր
խիտ արյուն…

ես վաղուց ապրում եմ
սահմաններից դուրս
իմ ու իմ հիշողության
իմ ու քարտեզների
աշխարհի ու տիեզերքի…

ես վաղուց ապրում եմ
կարիքավորներին տեսնելով
խաչմերուկներում
վախեցած ու ալարկոտ,
իսկ ճանապարհները բաց են
սահմաններն ազատ…

ես վաղուց ապրում եմ
սերն ընդունելով որպես
հաղորդակցություն հոգու
առանց ապագայի ու անցյալի…

ես վաղուց ապրում եմ
որպես ներդաշնակ միտք
ինչպես ամռան քամին
խոտերն ալիքավորելով…

տես աչքերն այս
որոնք սահմաններ չեն տեսնում
ու մարմինն այս
որ քայլում ու շնչում է ամենուրեք…

ես թռչուն եմ առանց թևերի
տիեզերանավ առանց կշռի

ես գիտեմ մի բան
որ մենք էլ սահմաններ չունենք
ես գիտեմ մի բան
որ մենք  ազատ ենք

 

***
պատերազմների չհանդարտվող ձայներից
մի թռչուն թռավ,
գնաց, որ երգի հոսող ցավի մասին,
նա ոչ անուն ուներ,
ոչ գույն, ոչ սիրտ,
նա ուղղակի թռչուն էր,
որ ծնվել էր ոչնչից…
ես ամեն օր լսում եմ նրա երգելը,
ու ցավն օվկիանոսի պես
հարվածում է ինձ ալիք-ալիք,
ոչինչ չի փրկի ոչ թռչնակին
և ոչ այն կյանքը, որ կա հիմա
իմ մեջ ու իմ շուրջ, որ տեսնում եմ…
լցնեմ օրերս գունավոր մատիտներով
ու գունավոր թղթերով,
գուցե գունավոր ագռավներ նկարեմ,
մի բան, որ գոյություն չունի,
մի բան, որով անցանկալի չգոյությունը
կլրացվի ցանկալի չգոյությամբ։

 

***
սովորեցրու ինձ լսել լռությունը,
աշխարհում ահավոր մի աղմուկ կա
պատերազմի ու թշնամանքի,
ես ուզում եմ զրոյանալ այնտեղ,
որտեղ միայն մենք գոյություն ունենք,
որտեղ կյանքը դեռ թափանցիկ է…

 

***
քաղաքի կեղտի ու աղմուկի մեջ գարուն է,
նուրբ, թափանցիկ-դեղնականաչ գարուն,
ես լսել եմ բույրը դեռ չծաղկած յասամանների՝
ինձ՝ դեպի տուն տանող ճանապարհին,
ու պտտվել եմ օղակ-օղակ
երկինքն ու ծառերը գրկելով,
չգիտեմ ինչ կլինի հետո,
պատերազմն ու սովը ինձ կխլե՞ն, թե՞ չէ,
բայց հիմա, այս պահին ես երջանիկ եմ…

 

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *