Սուրեն Սարումյան | Չիկատիլոն և Չիկատիլոն. պատմվածք մոլագարի մասին

Սուրեն Սարումյան

Տանը

– Հեյ, Անդրեյ Ռոմանիչ, – ծղրտաց կինը, – ճղճիմ անասուն, մրափելու փոխարեն, լավ է,  ջուր բերեիր:

«Ռոստովներուդ» արտադրական միավորման մատակարար  Անդրեյ Ռոմանովիչ  Չիկատիլոն դժկամորեն բացեց աչքերը: Վերմակի տակից զգուշությամբ հանեց տարօրինակորեն ճերմակ, անմազ սրունքը և դեղնած եղունգով բութ մատով, ասես գերզգայուն ալեհավաքով, շոշափեց ննջարանի սառը օդը: Վախվորած հետազոտության արդյունքները սփոփիչ չէին. ընտանեկան անշուք ննջարանում ցուրտ էր ու խոնավ: Խոնավությունը` ամեն թաքուն պուճախ սողոսկող այդ անկուշտ ցեցը, Չիկատիլոների ընտանիքի հետ  ծանոթության օրից սկսած, տարիներ շարունակ կերել էր ննջարանի պատերին բնակարանամուտից անմիջապես հետո փակցված պաստառները, անկասելիորեն խունացնելով երբեմնի թարմ գույները` բորբոսի կանաչավուն-սև պուտերի տեսքով դրոշմել էր իր սեփականության իրավունքը  Չիկատիլոների համեստ օջախի նկատմամբ:

– Ու՞ր մնացիր, անբանի մեկը,- կնոջ ծղրտոցը փոխակերպվեց օդային տագնապի շչակի ոռնոցի:

Աղեկտուր ոռնոցը ափեափ լցրեց  Անդրեյ Ռոմանովիչ Չիկատիլոյի էությունը, ու նրա մարմինը, համակված կնոջ ձայնի գերբնական ուժով, կարծես առանց ջանք գործադրելու պառկած տեղից միանգամից ընդունեց ուղղահայաց դիրք:

Անագե դույլերը` Անդրեյ Ռոմանովիչ Չիկատիլոյի ամուսնական բախտի այդ ծանր կշռաքարերը, բաղնիքում էին:  Ճանապարհին իր նիհար, բայց ջղուտ և ուժեղ մարմինը փաթաթելով հնամաշ խալաթի մեջ, Անդրեյ Ռոմանովիչը բացեց բաղնիքի ֆաներայե ճաքճքած դուռը, երկար տարիների վարժվածությունը մատնող ճարպիկ շարժումով ճանկեց դույլերը և կնոջ` թաղման մորմոքող քայլերգի վերածվող ոռնոցի ներքո դուրս եկավ աստիճանահարթակ:

Գունաթափ պատերին դանակի շեղբով խզմզած գռեհիկ գրառումները, որ սեռական ցանկության անհագ կրքից տառապող պատանիները հասցեագրել էին Չիկատիլոների` անբասիր վարքով աչքի չընկնող մի քանի հարևանուհիներին, միշտ կատաղեցնում էին Անդրեյ Ռոմանովիչին: Ինքը` «Զնամյա» շրջանային թերթի արտահաստիքային թղթակիցը, երբեք չէր հայհոյում: Անգամ, երբ հարկ էր լինում վիճել ջրմուղ-կոյուղու լպիրշ բանվորների կամ նախորդ գիշեր պատշգամբից կախած իրենց կիսամաշ գորգը հմուտ օդաչուի դիպուկությամբ սեփական  փսխուքով ռմբակոծած վերևի հարևանի հետ: Երբ վեճը թեժանում էր, և հակառակորդը, նրա ակնոցների հաստ ապակիներում գուշակելով Չիկատիլոյի ինտելիգենտ լռությունը, սկսում էր հիշել Անդրեյ Ռոմանովիչի հեռու և մոտիկ նախնիներին, Չիկատիլոն սսկվում էր, ներսում եռացող կատաղության ուժից` սփրթնում, անսպասելիորեն շրջվում ու իր ծոծրակին խփվող հիշոցների ներքո` հեռանում: Տարաբախտ ախոյանը ամիսներ անց ապարդյուն փորձում էր կռահել, թե որ թոկից փախածն է լուսադեմին նետված քարով ջարդել իր պատուհանը: Հանցանքը չէր բացահայտվում, իսկ Անդրեյ Ռոմանովիչը ախոյանին հանդիպելիս լայնորեն ու բարեսիրտ ժպտում էր:

– Համա թե անհիշաչար մարդ է մեր հարևանը` Անդրեյ Ռոմանովիչը: – ընթրիքի շուրջ ասում էր ախոյանը իր կնոջը, հետո` յոթհարկանի հիշոցներով մտաբերում պատուհանի ապակին փշրողին:

Հասնելով առաջին հարկ` Չիկատիլոն գետնին դրեց դույլերը, ծանր փնչալով բացեց շքամուտքի դուռը և, ոտնաթաթով պահելով այն, նորից վերցրեց դույլերը ու դուրս եկավ բակ: Սառնամանիքը հարբեցող հոր  կատաղությամբ ապտակեց Անդրեյ Ռոմանովիչին: Ապտակի ցավացնող ուժը Անդրեյ Ռոմանովիչին ստիպեց կկոցել վայրկենաբար արցունքակալած աչքերը: Կուլ տալով չորացած կոկորդը սալորի թրմօղու պես քերծող թուքը` Չիկատիլոն գլխիկոր քայլեց դեպի ձյունածածկ բակի անկյունից իր սև երախը երկնքին հառած ջրհորը: Ամեն օր ջրի գնացող հարևանների աննկուն ոտքերով ձյան մեջ տրորված արահետը իր մարմինը գալարում էր բակում` մի տեղ գրեթե հպվելով Անդրեյ Ռոմանովիչի վարձակալած խարխուլ ավտոտնակին: Երբ Չիկատիլոն հասավ  ավտոտնակին, մի թաքուն հիշողություն գիսավորի պես առկայծեց նրա մտքի խորքերում, ակնթարթորեն բռնկված էներգիայի սարսռալի ջերմությամբ ողողելով նրա ողջ մարմինը: Անդրեյ Ռոմանովիչը,  իր խալաթի թևքով համարյա թե քերելով ավտոտնակի պատը, չնայեց մագնիսի պես իրեն ձգող շինության կողմը: Ուղեղի մի ծալքում հիշում էր`  վերջին գործուղումից հետո իր հատուկ պայուսակը թողել էր ավտոտնակում` հնոտիքի կույտի տակ հուսալիորեն թաքցրած:

– Բարի լույս, Անդրեյ Ռոմանովիչ – հարևանի դեռահաս աղջիկն էր` չարաճճի ու թռվռուն:

– Լույս բարի, Մարիա,- լուրջ-լուրջ պատասխանեց Չիկատիլոն:- Անտոնինա Նիկոլաևնան երեկ ժավել գնե՞լ է:

– Այո, Անդրեյ Ռոմանովիչ,  Լևենցովոյի տնտեսական խանութից է հաջողացրել, կարող եք փոխ վերցնել:

– Շնորհակալ եմ, աղջիկս,- ժպտաց Չիկատիլոն և, ուղղելով մեջքը, քթի տակ ուրախ պարեղանակ սուլելով,  մոտեցավ ջրհորին:

Հատուկ պայուսակում խնամքով տեղավորած պարանը վերջին գործուղման ժամանակ արյունոտվել էր: Մյուս Չիկատիլոյի անսահման իշխանության արտաքին հենակմախքի այդ ճկուն ճոպանների վրա մնացած կեղտոտ արնաբծերը չլսված մի բան էին, գարշելի ասես Անդրեյ Ռոմանովիչի  կնոջ օգտագործված ներդիրները:  Նման բարակ, բայց չափազանց ամուր պարան գտնելը հեշտ գործ չէր, նաև փոքր-ինչ վտանգավոր էր թվում. քաղաքում վխտացող միլիցիոներներին կարող էր հետաքրքրել, թե «Ռոստովներուդ»  արտադրական միավորման մատակարարի ինչի՞ն է պետք անտառաշերտում ժամանակ առ ժամանակ  հայտնաբերվող հոշոտված դիակների ձեռքերն ու ոտքերը կապոտած պարանի մնացորդներին ճիշտ և ճիշտ նման թոկի  խուրձը: Ժավելը, այդ օրհնյալ գյուտը, կօգներ հատուկ պայուսակի կարգուկանոնին հասցված բոսոր անարգանքը մաքրելուն ու հաջորդ գործուղման ժամանակ հատուկ պայուսակը կրկին կնմանվեր վիրաբուժական գործիքների արկղիկի` ախտազերծված, դիարանի չափ մաքուր:

Անդրեյ Ռոմանովիչը, մտովի թեժ զրույցի բռնված մյուս Չիկատիլոյի հետ, չնկատեց, թե ինչպես գլխավերևի երկնքի պես պողպատագույն ջրով լցրեց իր դույլերը, հետո, չզգալով սառնամանիքի  կատաղի ապտակներն, աքացիներն ու կսմիթները, արագ-արագ, դույլերի ծանրությունից բադի պես շորորվելով, քայլեց դեպի տուն: Կնոջ ձայնը անէացել էր խոհանոցի ինչ-որ անկյունում, և  Անդրեյ Ռոմանովիչը, խլացուցիչ լռության մեջ, արագ և զգույշ  սահեց դեպի բաղնիք: Դույլերը զգուշորեն տեղավորեց ժանգոտած վաննայի մոտ, կարմիր պլաստմասսայե բաժակը լցրեց ջրով, դրեց լվացարանի վերևում պատին ամրացված խունացած հայելու տակդիրի վրա, սափրվելու մածուկի մի թանձրացած-չորացած կաթիլ չարչարվելով դուրս սեղմեց ծռմռված տյուբիկից և, սառը ջուրը վճռականորեն ցայելով այտերին,  խոզանակը ջանադրորեն քսեց երեսին: Ածելին բութ էր, Չիկատիլոյին թվաց թե ինքը չի սափրվում,այլ խարտում է իր այտերը` ամեն շարժումից հետո դեմքին  վրա թողնելով գրգռված մաշկի կարմիր հետագիծը: Տհաճ էր, բայց աշխատանքի գնալ պատրաստվող Անդրեյ Ռոմանովիչը լուռ ու մունջ դիմացավ այդ ցավոտ գործողությանը:

Կնոջ ձայնը, ուսումնական զորամասի սերժանտի հրամանի պես կպնող ու ծաղրական, Անդրեյ Ռոմանովիչին կանչեց նախաճաշի: Սեղանը նմանվում էր մինիմալիստ նկարիչի կտավի. Անդրեյ Ռոմանովիչի կինը խոհանոցային գեղագետի անսխալ աչքով սեղանին դասավորել էր թեյով լի բաժակը, կլոր շաքարամանը, պովիդլոյով լի կլոր ափսեն և սև հացի խորանարդիկները` ապահովելով Չիկատիլոյի անպաճույճ նախաճաշի տեսողական հավասարակշռությունը:  Անդրեյ Ռոմանովիչը վարդակին միացված արդուկի պես անտարբեր՝ կլլեց առավոտյան էներգիայի կնոջ սահմանած չափաբաժինը: Արագորեն հագնվեց և ճաշասենյակի ամայության մեջ անտեսանելիորեն ինչ-որ տեղ մշտապես ներկա կնոջը հայտնելով իր գնալը, դուրս եկավ տնից ու քայլեց դեպի մերձակա կանգառը:

Կանգառը դատարկ էր: Մյուս Չիկատիլոն  սրտնեղությունից կրծոտում էր եղունգները, իսկ Անդրեյ Ռոմանովիչը, անտարբեր իրենց ընդհանուր եղունգների մակերեսի սրընթաց նվազմանը, գլխահակ կանգնած էր  ամայի կանգառում: Նրա կռացած, գորշ կերպարանքի վրա կենդանի, օձի հայացքի պես սևեռուն ու սառը,  որդերի պես շարժուն էին միայն մյուս Չիկատիլոյի  աչքերը: Աչքերը կիսախուփ կոպերի տակից ինֆրակարմիր լուսարձակի անտեսանելի ճառագայթներով շոշափում, տնտղում, զննում էին շրջակայքը: Հեռավոր ոլորանից դուրս վազած  բարակիրան աղջկա կերպարանքը կիզապակու մոգական ուժով իր վրա կենտրոնացրեց մյուս Չիկատիլոյի  հայացքի ճառագայթները: Սակայն քիչ անց ամեհի թափով փայլատակած ճառագայթները փշուր-փշուր եղան` բախվելով աղջկան մոտեցած տղամարդու լայն կռնակին:

– Քեռի, – Անդրեյ Ռոմանովիչի թիկունքից անսպասելիորեն հնչեց մի տղայական մրսած ձայն,-ինձ գլանակ կհյուրասիրե՞ս:

Մյուս Չիկատիլոն մամլիչի ամրությամբ բռնեց Անդրեյ Ռոմանովիչի ուսերից և ակնթարթորեն շրջեց նրան դեպի ձայնի տերը:

Գլխաբաց մի տղեկ էր`տասնչորս-տասնհինգ տարեկան, վտիտ, փոս ընկած այտերով ու  մեծ աչքերի զգուշավոր հայացքով: Մյուս Չիկատիլոն հսկայական փարոսների պես շողարձակող աչքերը հառեց տղեկի բիբերին ու սկսեց անհագ ըմպել դրանց պատանեկան խոնավ փայլը:

– Չեմ ծխում, երիտասարդ, սակայն եթե մի քիչ քայլենք, հաճույքով քո համար մի տուփ  «Սալյուտ» կգնեմ,- մյուս Չիկատիլոյի խզված ձայնով, շշնջալու չափ ցածր պատասխանեց Անդրեյ Ռոմանովիչը:

– Իսկ չե՞ք խաբի, քեռի,- վարից վեր թերահավատորեն նայելով Անդրեյ Ռոմանովիչին` հարցրեց տղան:

– Ոչ, երիտա…,- Անդրեյ Ռոմանովիչի խոսքը մնաց բերանում, կարծես անէությունից, ուրվականի նման լուռ ու կենտրոնացած նյութեղենացավ հսկայական կրծքերով մի կարմրաթուշ կին ու պինդ բռնեց տղեկի ականջը:

– Այ շան որդու զարմ, չունենամ քեզ, դասի գնալու փոխարեն թափառում ու անծանոթ քեռիներից ծխախո՞տ ես կրակում, հա՞, սրիկա,- բամբ ձայնով բղավեց նա,- ներողություն եմ խնդրում այս անամոթի համար, ընկեր- մսոտ շուրթերի ծայրով Անդրեյ Ռոմանովիչին ժպտաց կինը:

-Մայրիկ, այս քեռին պատրաստվում էր ինձ համար «Սալյուտի»  տուփ գնել- մոր զայրույթը դեպի Անդրեյ Ռոմանովիչը փորձեց ուղորդել  կնոջ հաստլիկ մատների պիրկ շարժումների տակ ծամածռվող տղան:

– Պապանձվիր,- ողջ ուժով տղայի դեմքին իջած ապտակի շառաչուն ձայնից Անդրեյ Ռոմանովիչը ուսերի մեջ մտցրեց գլուխը. տղայի մայրը այդ պահին շատ էր նման իր կնոջը:

– Այսպիսի ինտելիգենտ արտաքինով քաղաքացին չէր կարող ծխախոտ առաջարկել երեխային: Մեկ անգամ ևս կներեք, ընկեր,-ասաց արդարացի զայրույթից կարմրատակած կինը և հեռացավ` ականջից բռնած քաշ տալով իր  հեծկլտացող որդուն:

Մյուս Չիկատիլոն զայրացած թքեց իր և Անդրեյ Ռոմանովիչի ընդհանուր ատամների արանքից  և գորշ վերարկուի տակ քրտնած մեջքը հենեց կանգառի ծածկը պահող  սյանը:

  Որսը

             Նաստյան՝ գզգզված ցորնագույն մազերով ու կանաչ աչքերի անամոթ հայացքով 17-ամյա աղջիկը, միջքաղաքային էլեկտրագնացքի վերջին վագոնի ծայրամասում ծխում էր՝ նեղլիկ հարթակը լցնելով էժանագին ծխախոտի տհաճ հոտով: Աղջկա ներսը վառվում էր, նախորդ օրը տղաներից մեկը լիքը պորտվեյն էր բերել, հիշել էին թաղամասի կաթսայատանն այդ օրը հերթապահող Վովային, հյուր գնացել նրան: Ինքնամոռաց խմել էին, հետո ցրվելով  շենքի մութ անկյուններում մինչ լուսադեմ սեր էին արել: Տղան վատը չէր, սակայն առավոտյան Նաստյայի գլուխը գվվում էր կաթսայատան հսկայական հնոցի պես: Շշերի հատակին ապարդյուն որոնել էին գեթ մի քանի կաթիլ կենարար ալկոհոլ խումհարի կանաչ դևի ծարավը հագեցնելու համար:  Հետո ձեռքները թափ էին տվել՝ համակերպվելով ծնողական խրատների նման այդ օրն անխուսափելի սրտխառնուքի և գլխացավի հետ: Նաստյան հրաժեշտի մի համբույր էր դրոշմել իր գիշերային սիրեկանի անմազ սֆաթին ու նստել էլեկրագնացքը, որը նրան՝ արհեստագործական ուսումնարանի սանուհուն ամեն շաբաթ օր հասցնում էր իրենց գյուղ:

– Լա՞վ չես զգում, աղջիկս,- հաստ ապակիներով եղջրավոր ակնոցներով, գորշ վերարկուով այն մարդն էր, ով վագոնում նստած էր Նաստյայի դիմացը, կաշվե դարչնագույն պայուսակը խնամքով դրած ոտքերի արանքում, և վայրկյան իսկ աչքը չէր կտրում աղջկանից:

– Գնա, ֆռֆռա, քեռի,- ուղիղ անծանոթի դեմքին փչած կապտավուն ծխի քուլաներում ներդրված աղջկական  հանդգնությունը  տղամարդուն ամենևին էլ չզարմացրեց:  Նա պարզապես հազաց, ըստ երևույթին սովոր չէր ծխախոտին, ու արագ-արագ խոսաց.

–    Ես գիտեմ՝ ինչը կբուժի քեզ, նայիր էստեղ,- անծանոթը մեջքով կանգնեց դեպի Նաստյան՝ մարմնով ծածկելով իր հետ հարթակ բերած դարչնագույն պայուսակը: Երբ հետ շրջվեց՝ ձեռքին շոկոլադե սալիկ էր և մեկ շիշ կոնյակ:

Նաստյայի աչքերը վառվեցին ագահությամբ, սակայն նա շատ վաղուց գիտեր, որ այս աշխարհում երիտասարդ աղջիկներին հենց այնպես ոչինչ  չեն տալիս, իսկ տարեց հաշվապահին, այսպես էր մտքում կնքել դարչնագույն պայուսակից չբաժանվող անծանոթին, իր նման աղջկանից միայն մի բան կարող էր պետք լինել:

–      Այստե՞ղ խմենք կոնյակը, քեռի,-  համենայն դեպս հարցրեց Նաստյան:

–  Անդրեյ Ռոմանիչ ասա ինձ, աղջնակ: Ոչ, հաջորդ կայարանում կիջնենք: Անտառաշերտի մոտ մի փոքրիկ տնակ ունեմ, այնտեղ մեզ ոչ մեկը չի խանգարի, նաև մի տաս ռուբլի կտամ, նոր շրջազգեստ կգնես քո համար:- Ակնոցների տակ լայնորեն բացված ժպիտը ցույց տվեց հաշվապահի համաչափորեն կոր, մեխանիկական սղոցի ժապավեն հիշեցնող ատամնաշարը:

Հաշվապահի դեմքը Նաստյային մի վայրկյանից էլ կարճ պահ ամեհի գազանի կատաղությունից աղճատված մռութ թվաց, աղջիկը վախեցած հետ ընկրկեց, բայց  աչքերը թարթելուց հետո Նաստյան նորից իր առջև տեսավ  հավանաբար հաստլիկ, յուղոտ մաշկով կնոջ դժգոհ փնթփնթոցից անասելիորեն հոգնած մի սովորական հաշվապահի, ով, ինչպես շատերը, արկած էր որոնում երիտասարդ աղջկա հետ: Նաստյան գիտեր, որ տարեց տղամարդիկ երիտասարդ անհամբերներից շատ ավելի հմուտ և հոգատար են լինում, հաշվապահն արտաքուստ մյուսներից վատը չէր, իսկ  դարչնագույն պայուսակի կոնյակն ու շոկոլադը և խոստացած կարմիր տասնոցը նրան մրցակցությունից դուրս էին դնում:

– Ի վերջո՝ մեկն ավել, մեկը պակաս, ի՞նչ տարբերություն- մտածեց Նաստյան և, թույլ ժպտալով, գլխով արեց:

– Վագոնում հանկարծ ինձ չմոտենաս, աղջնակ, հաջորդ կայարանում միասին կիջնենք,- ասաց հաշվապահը և, պայուսակը ձեռքին,  նորից մտավ վագոն:

– Վախենու՞մ ես կնոջդ հասցնեն, որ թրև ես գալիս գնացքներում, քեռի,- մտովի չարախնդաց Նաստյան, – տեղն է քեզ, կիմանաս, որ երիտասարդ աղջիկները քո խելքի բանը չեն:

Ձմեռային կարճ ցերեկը շտապ-շտապ ծլկում էր, աստիճանաբար խտացող մթնշաղը ճեղքելով՝ կայարանի լապտերները երկարավուն-տարօրինակ ստվերներ էին ձգել չմաքրված սառույցի ու ձյան կեղտոտ շերտերով պատված կառամատույցի վրա: Նաստյայի սիրտը ճմլվեց անորոշ նախազգացումից: Միգուցե պետք չէր անծանոթ մարդու հետ իջնել այս ամայի կայարանում: Տագնապահար նայեց չորս կողմը: Նաստյայի առջից քայլող անծանոթի՝ մթության մեջ հազիվհազ երևացող մեջքը, հաշվապահը հրահանգել էր տասնհինգ քայլից ավել չմոտենալով հետևել իրեն,  չգիտես ինչու հանգստացրեց աղջկան:

– Քեռին քայլում է ձիու պես արագ, որտե՞ղից նրան այսքան էներգիա, սա ինձ գիշերը հաստատ սպանելու է ու ինչու՞ անունս չի հարցնում – մտածեց Նաստյան և չարաճճիորեն խնդաց՝ պատկերացնելով կենտավրոսի  պես անխոնջ հաշվապահի հետ սպասվող գիշերը :

Անտառաշերտում ստվերներն ավելի խտացան՝ ձուլվելով միմյանց ու եղևնիների թաթերը՝ հսկայական ու սև, Նաստյային թվացին մանկական հեքիաթների չար վհուկների դեպի իրեն մեկնված անհամար ցախավելներ: Ցանկացավ մոտ լինել հաշվապահին, սակայն չկարողացավ իրեն ստիպել անցնել նրա ցածրաձայն ասված բառերի գծած տասնհինգ քայլի արգելքը:  Լռության մեջ հաշվապահի ծանր քայլերի տակ ձյունը ճռթճռթում էր՝ ասես փշրվող ոսկոր, Նաստյան արդեն համարյա թե զղջում էր անծանոթի հետ խոսելու և անտառաշերտում հայտնվելու համար,  երբ  հաշվապահը հանկարծակիորեն անհետացավ: Լռությունը սառը փշերով ծակծկեց մահու չափ վախեցած աղջկան:

-Քեռի,- մոռանալով գնացքում իրեն ասված անունը՝ անծանոթին բղավեց նա,- քեռի,  ու՞ր կորար, ես վախենում եմ…

Նաստյային թվաց, թե հսկայական եղևնիներից մեկը մի քայլ առաջ եկավ ծառերի չարագուշակ շարքից, ողջ ծանրությամբ փլվեց իր վրա, գցեց ներքև ու, զարհուրելի ուժով ճանկելով իր վիզը, դեմքն ամբողջ թափով հարվածեց գետնին:  Ցավը միլիոնավոր աստղիկներ վառեց Նաստյայի ուղեղում, որոնք, օճառի պղպջակների պես պայթելով, նրա էությունը լցրեցին մինչ այդ երբեք չզգացած, անպատկերացնելի սոսկումով:  Արտասուքի կաթիլներով մշուշված աչքերի առջև փայլատակեց մի երկարավուն նեղ բան ու ագահորեն մխրճվեց նրա կողի մեջ, որովայնի, էլի ու էլի՝ ամեն հպման հետ աղջկա մեջ ներարկելով դժոխային ցավի մի նոր չափաբաժին: Հետո, մանկության հեքիաթների բոլոր չար վհուկների դիվային խրախճանքում բզկտվող Նաստյան ցավի կարմիր շերտերի միջից տեսավ, թե ինչպես ձմեռային գիշերը հայտնվեց իր աչքի մի անկյունում, որպես մի փոքրիկ սև կետ ու, աստիճանաբար մեծանալով լցրեց ողջ տեսադաշտը, իսկ հետո ընդարմացնող քնքշանքով  նրա արյունոտ մարմինը դանդաղ-դանդաղ ծածկեց  անթափանց խավարի այնքան պաղ ու այնքան անցավ վերմակով…

 Ավարտը

Անդրեյ Ռոմանովիչ Չիկատիլոն, ձգտելով չաղմկել, ասես մտնում էր թունավոր օձերով լի հոր, ներս սպրդեց խոհանոց: Գազօջախի մոտ խալաթի կապույտ կտորին նկարված ծաղիկների դեզը նրա կինն էր՝ լուռ ու սպառնալից:

-Սիրելիս, – վեհերոտ մրմնջաց Անդրեյ Ռոմանովիչը: Հուզմունքից եղջերավոր ակնոցների հաստ ապակիները քրտնել էին: Թեթևակիորեն դողացող մատներով հանեց ու վանդակավոր վերնաշապիկի թևքով խնամքով մաքրեց մշուշված ապակիները:

Կինը զբաղված էր իր գործով. լվացքի պարանի պես խունացած ու երկար ամուսնական կյանքի տարիներին վարժվել էր չնկատել  կողակցին:

-Սիրելիս,- այնուամենայնիվ, Անդրեյ Ռոմանովիչը անձնատուր լինել չէր պատրաստվում:-Կարո՞ղ եմ վերցնել քո բանկաներից մեկնումեկը:

– Էլի գարեջու՞ր ես ուզում լակել, սրիկա: Ողջ  օրը, իբրև թե գործուղումների ես, թրև ես գալիս, չգիտես թե որտեղ, ու տան վերջին կոպեկներն էլ ուզու՞մ ես փորդ լցնել, հարբեցողի մեկը, սև լինի այն օրը, երբ ռաստվեցի քեզ, ոչնչություն:

Կնոջ զայրույթի՝ սելավի բերած ցեխոտ գլաքարերի չափ ծանր խոսքերի տակ աստիճանաբար կուչ եկող-փոքրացող Անդրեյ Ռոմանովիչն անօգնական թարթում էր աչքերը:

Անսպասելիորեն հեղեղը խաղաղվեց.

-Լավ, թող այդպես լինի, վերցրու պահարանի մոտի երեքլիտրանոցը ու չհամարձակվես առանց երշիկ գնելու վերադառնալ տուն:

Անդրեյ Ռոմանովիչը, վախենալով, որ տարերքի պես անկառավարելի ու փոփոխամիտ կինը վերջին պահին կարող է փոշմանել, վերցրեց ապակե բանկան ու դուրս սուրաց տնից:

– «Դոկտորական» կբերես, Անդրեյ Ռոմանովիչ, ու նայիր, որ երշիկը թարմ լինի,- աստիճաների վրա նրան հասավ կնոջ ծղրտուն ձայնը:

Գարեջրի կրպակը՝ փայտաշեն բաղձալի կառույցը, հանգրվանել էր ստվերախիտ զբոսայգու մուտքի մոտ՝  շրջապատված մշտական ծարավից տանջվող պրոլետարների բազմությամբ: Անդրեյ Ռոմանովիչը մոտեցավ ծխող ու աղմկելով հայհոյող քրտնաթաթավ հերթին:

-Ո՞վ է վերջը, ընկերներ,- քաղաքավարությամբ հարցրեց նա:

-Տամբովյան գայլն է քեզ ընկեր, քեռի,- ատամների արանքից ծխախոտի կոթուկը թքելով Չիկատիլոյի ոտքերի տակ՝ հերթի միջից հռհռաց  հաստավիզ երիտասարդը: Հերթը հազաց, խեղդվեց ու ցնցվեց միահամուռ քրքինջից: Չիկատիլոյի աչքերը արցունքոտվեցին վիրավորանքից: Պատրաստվում էր շրջվել ու հեռանալ, երբ վանդակավոր վերնաշապիկի թևքը քաշեցին:

-Ուշադրություն մի դարձրու դրանց, Անդրեյ Ռոմանիչ,- հարևանն էր՝ թաղամասում ու, ասում էին, նաև քաղաքում հեղինակավոր Սանյան, – իսկ դու, ջահել,  լավ կանես՝ կարգի հրավիրես քեզ:

– Սանյա, ախպերս, քեռու հետ պարզապես հանաք էի անում, ներող,-կմկմաց հաստավիզը:

Սանյան նորից շրջվեց դեպի Անդրեյ Ռոմանովիչը:

-Ինչքա՞ն ես վերցնելու,  Ռոմանիչ:

-Լիտրուկես, Սանյա,- ցածրաձայն  պատասխանեց Չիկատիլոն:

-Դեսը տուր բանկան, չէ, չէ, այ էդ մեկն արդեն պետք չէ,- նկատելով ճմռթված երեքնոցի հետևից վերնաշապիկի ծոցագրպանը մտած Չիկատիլոյի ձեռքը՝ առարկեց  Սանյան,- էյ, գջլոտ,- դիմեց քիչ առաջ Անդրեյ Ռոմանովիչին ծաղրող երիտասարդին,- դե մի արագ լցնել տուր Ադրեյ Ռոմանովիչի բանկան:

Հաստավիզը պատրաստակամորեն գլխով արեց և, հողը հերկող գութանի համառությամբ ճեղքելով սսկված հերթը, մոտեցավ  կանաչ ներկված վաճառասեղանի հետևում հոլի արագությամբ պտտվող սևաբեխ վաճառողին: Երբ հաստավիզը վերադարձավ պռնկեպռունկ լցված բանկայի մեջ ուրախ-ուրախ ծփում էր փրրաբաշ «Ժիգուլևյանը»: Բանկան վերցնելիս Չիկատիլոն փախցրեց հայացքը.  հաստավզի աչքերում պարզորոշ տեսել էր հրապարակային ստորացումը չմոռանալու վճռականությունը:

-Շնորհակալ եմ, Սանյա,հարազատս…

Սանյան նույնիսկ չնայեց հարևանի կողմը:

– Լավ է դե, հաջողություն, Ռոմանիչ,- գռմռաց ու նորից իսպառ մոռացավ Չիկատիլոյի գոյության մասին:

Անդրեյ Ռոմանովիչը, արևի տակ հեքիաթային գանձի պես հուրհրացող, թարմ գարեջրով լի բանկան սեղմած կրծքին, քայլում էր հպարտ ու հաղթական՝ ասես Իտալիան նվաճած Նապոլեոնը: «Դոկտորական» երշիկն էլ թե հաջողացներ գնել՝ նրա վերադարձը տուն լինելու էր հարևանների նախանձը շարժող  իսկական հաղթահանդես:

– Անդրեյ Ռոմանովի՞չ,- ծառուղու նստարանից բարձրացած ամրակազմ անծանոթի շուրթերին խաղում էր թեթև ժպիտը, բայց աչքերը սառն էին, թշնամական ու ծակող:

– Այո, ներեցեք, մենք ծանո՞թ ենք,- ակնախոռոչներում տենդագնորեն ոլորելով աչքերը՝ հազիվ արտաբերեց մի անհատակ, արյունոտ պատերով  զնդանի մեջ անվերջորեն գահավիժելու ուժեղացող զգացումից սոսկումնահար Չիկատիլոն: Հանկարծահաս գլխապտույտի  միջից կարողացավ նկատել, որ քաղաքի առօրյա համայնապատկերից՝ խաղաղ զբոսնող զույգերից, տաք-տաք վիճելով դոմինո խաղացող խմբից   անջատվեցին ու իրեն մոտեցա ևս մի քանի ամրակազմ տղամարդիկ:

Անծանոթն աճպարարի անորսալի շարժումով Չիկատիլոյի քթի տակ բացուխուփ արեց սարսափելի, կարմիր կաշվեկազմ վկայականը, որը հավաստում էր Չիկատիլոյի թևերը ոլորելու ու քաղաքից արմատախիլ անելու  նրա անսահմանափակ իշխանությունը:

-Խնդրում եմ՝ հետևեք մեզ,- անծանոթի հրամանը հնչեց հրացանի փակաղակի չրխկոցի պես  կտրուկ:

Բանկան ընկավ Անդրեյ Ռոմանովիչի ձեռքից և միանգամից, կարծես մինչ ծառուղուն զարկվելը,  վերածվեց անհամար փշուրների: Ասես դանդաղեցված ֆիլմում՝ Չիկատիլոն հավերժության չափ երկարած ակնթարթի ընթացքում հետևեց յուրաքանչյուր բեկորի թռիչքին, երբ նրանք ընկան գետնին, Անդրեյ Ռոմանովիչը զգաց, որ թարմ «Ժիգուլևյանը» վախի պես լպրծուն ու թանձր, թրջել է իր վանդակավոր վերնաշապիկն ու տաբատը: Կկոցեց աչքերը, մեքենայական շարժումով ուղղեց ակնոցները,  քաշ գցեց գլուխը ու, ոտքերը քսքստացնելով, հնազանդորեն հետևեց իրեն դեպի մոտալուտ անէությունը ուղեկցող ոստիկաններին:

Դատը

Անդրեյ Ռոմանովիչ Չիկատիլոյի տիեզերքը՝ մութ ու սոսկալիորեն ազատ և անսահման, բոլորին անտեսանելի,  հրաբուխի պես անհանգիստ ու  ընդերքից բարձրացող սև, ամենակուլ կրակով ճարակված,  փոքրացել էր, տեղավորվել քննչական մեկուսարանի բանտախցի ու առաջին  նիստին նախորդած գիշերը դատարանի դահլիճում հապճեպորեն կառուցված հաստ ճաղերով վանդակի մեջ: Սարսափազդու ու անորսալի մոլագարին վերջապես ճանկած արդարադատությունը չէր վախենում, թե նա երբևէ դուրս կպրծնի իր ջլապինդ, մազոտ թաթերից: Տասնամյակներ շարունակ ձեռքն ընկած անհամար մեղավորների արցունքները, արյունը, քրտինքն ու դաժան ծեծին հաջորդող աղերսանքներըը արդարադատությանը օժտել էին մարդու էությունը մեկեն հասկանալու անըմբռնելի կարողությամբ: Հիմա, Չիկատիլոյին ճանկած արդարադատությունը գիտեր, որ անտառաշերտից դուրս, որտեղ տարիներ շարունակ կիսանեխած դիակներ էին հայտնաբերվում, որտեղ իրերի սկիզբն ու վախճանը պարում էին նրա դանակի սուր շեղբի ծայրին, որտեղ ազատությունն ու անսահման ուժը նրա նիհար, բայց ջղուտ և ուժեղ մարմինը ողողում էին  հերթական զոհի արյան պես առատ ու թանձր տաքության ալիքներով,  Չիկատիլոն գորշ ու անվնաս մեկն էր:

Վանդակն իրականում զոհերի հարազատներին բանտարկելու համար էր, պարզապես նրանք ավելի շատ էին և խելամիտ էր հարյուրավոր մարդկանց վրիժառությունն իր մեջ պարփակելու ունակ հսկայական վանդակի գաղափարը մարմնավորել ցածրիկ աթոռին նստած Չիկատիլոյի կորացած կերպարանքի շուրջը: Դատարանի՝ միաձայն հառաչող, աղաղակող ու հեծկլտացող դահլիճը ցանկացած պահի կարող էր փոխակերպվել դանակներով ու կռփազենքերով սպառազինված խելակորույս ամբոխի՝ անկառավարելի ու վտանգավոր: Իսկ եթե  դատարանի մուտքի մոտ  վարժ ձեռքերով խուզարկած լինեին  մոլագարի զոհերի հարազատներին, զենք էին դառնալու նրանց ատամներն ու եղունգները,  և արդարադատությունը զրկվելու էր Չիկատիլոյի խուզած ծոծրակի մեջ գնդակ մխրճելու բացառիկ իրավունքից: Վրեժը պետության մենաշնորհն էր,  ու նա հաստատել էր իր իրավունքը դատարանի դահլիճում վանդակի հաստ, թարմ ներկված ճաղեր բարձրացնելով:

Մեկուսարանի բանտախցում Չիկատիլոն բանտարկյալ մոլագար չէր, այլ դժբախտ ու պատմության՝ 1930-ական թվականներին մոլեգնորեն  պտտված  աղացաքարերի արանքում ոչնչացած սերունդների մի տձև բեկոր՝ պատված հղացման ժամանակ անթերի ու կատարյալ էությունն այլանդակած խազերով, ճաքերով ու  այդ ճաքերից մեկով մեջը խուժած սոսկալի խավարով: Բանտախցում նա սիրալիր ու պատրաստակամ էր իրեն անընդհատ այցելող քննիչների, հոգեբույժների ու լրագրողների հետ: Օրը սկսում էր մարզանքով, խնամում և հետևում էր իրեն:

Ամեն ինչ փոխվում էր, երբ նրան հագցնելով դաստակներին արնազեղումի կապույտ շերտեր թողնող  ձեռնաշղթաներ, ուղեկցում էին դատարան: Անեծքների, սպառնալիքների ու հայհոյանքների ժխորի տակ տեղավորվում էր  իր տիեզերքը պարփակող վանդակում: Ճաղերից այն կողմ մոլեգնող բազմությունը թվում էր հզոր, սպառնալից ալեկոծությամբ համակված ծով՝ թշնամական, իր գոյության հնարավորությունն իսկ մերժող: Այդ պահին հայտնվում էր մյուս Չիկատիլոն՝ հեղեղի պես կատաղի ու անողորմ, անտառաշերտի արյունալին գիշերներին իր դանակի շեղբին  կապույտ սառնությամբ առկայծող աստղերի նման անտարբեր մարդկային վշտի ու դժբախտության նկատմամբ:  Մյուս Չիկատիլոն իրեն համարում էր մարդկային ըմբռնման սահմաններից  դուրս, ինքը հեղեղ էր, ամենակուլ լավա, խոլ ու անսանձ տարերային ուժ,  կարող էր Անդրեյ Ռոմանիչի դողացող ձեռքերով իջեցնել շալվարը ու նրա տարիքից դեղնած հետույքը ցույց տալ իր կատարած սոսկալի սպանությունների հերթական դրվագը քննող  դատավորին, կարող էր լայնորեն բացել  մեխանիկան սղոցի համաչափորեն կոր ժապավեն հիշեցնող ատամնաշարը, երբ ուշաթափվում էր պաշտոնական  նկարագրության անհոգի բառերում իր մահամերձ զավակի սոսկալի տառապանքները  տեսած հերթական մայրը :

Մարդկանց աշխարհին իր վրեժը եղել էր սարսափելի: Գոլոդոմորի կաթսաներից մեկում եփված ու խժռված ավագ եղբոր՝ Ստեպանի, իր անմխիթար, քնքշանքի փոխարեն հիշոցներով, մուշտիներով ու բութ դաժանությամբ լի մանկության դիմաց տարիներ ի վեր հերձել էր ու սպանել՝ անտառաշերտում իրեն համարելով  պատերազմի հնդկացիական աստված՝ արյունռուշտ, ամենազոր, կատարյալ:  Վրեժը ձգվել էր երկար տարիներ, մինչ տիեզերքը հոգնել էր անմեղների արյունից և նրան փակել հաստ ճաղերով վանդակում՝ հետո սառնասրտորեն ճզմելու համար:

…Անդրեյ Ռոմանովիչ Չիկատիլոյի՝  մոլագար մարդասպանի մահվան վճիռը կարդացող դատավորի   ձայնը   խլացավ ուժգին ծափահարությունների աղմուկի մեջ:      Չիկատիլոն չհասկացող աչքերով նայեց փոթորկոտ ծովի պես մոլեգնած դահլիճի ալեբախությանը,   կանգնեց ու գլխիկոր հետևեց իր պահնորդներին՝ մարդկանց աշխարհ այլևս երբեք չվերադառնալու համար:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *