Ռեբեկա Բեսեռա | Պայմանավորվել էինք, չէ՞

 

Ռեբեկա Բեսեռան ծնվել է Հոնդուրասի մայրաքաղաք Տեգուսիգալպայում 1970թ․: Բանասեր է, նաև սովորել է դրամատիկական արվեստի ազգային դպրոցում։ 1992թ․ «Քար և լուսին» գրքի համար արժանացել է Կենտրոնական Ամերիկայի «Ուգո Լինդո» պոեզիայի մրցանակին։ Նրա բանաստեղծությունները, պատմվածքներն ու ուսումնասիրությունները տպագրվել են տեղական և արտասահմանյան ամսագրերում։ Հրատարակել է «Քար և լուսին», «Ժամանակը ներսում», «Նույն քարերի վրա» (2004), «Բառեր օդից»(2006) ժողովածուները։

 

***

Սեղանի մոտ մենակ
Ինձ դուր չի գալիս
մենակ սեղան նստել
դանակների մասին լռեմ
սփռոցն ասեմ վայելուչ է
սուտ կլինի
գեղեցիկ սփռոցներ չունեմ։
Ես նյութ եմ նյութի արանքում
ու դեռ չեմ ընտելացել,
ինձ ցավ է պատճառում աթոռին նստած
աչքով անել ժամանակին,
որն արդեն գնացել է
կամ դանդաղ քայլել փողոցներով
թողնելով հետևում
շների լուռ գոլորշին։
Դանդաղ անցնում եմ այդ ժամանակի միջով
նվաճելով տարածքներ, որ գուցե
ինձ չեն պատկանում,
զավթելով օրեր որ սպասում են
նստած դռան շեմին՝
կուտակելով այս երկրի փոշին
որ բարձրանում է գլուխներից վեր։
Այս ամենը տոն է
որին հրավիրված չեմ։
Մենությունների ելումուտ է
որտեղ մարմնիս ծնծղան
իր արձագանքով բախվում է
ծովին այս անվախճան։

 

 

Պայմանավորվել էինք, չէ՞

Պայմանավորվել էինք, չէ՞, ծերուկ,
որ մեզ տեսության էիր գալու
ու չպիտի մնայիր ըմբոշխնելու քո մահը։
Որ պիտի փնտրեիր մնացածներին,
գայիր տերևների կմախքների հետ,
կիտրոնի ծաղկի մեջ քնած,
թարմացած՝ դեղձի ծաղկի մեջ,
շշնջալու ականջիս անձայն բառդ։
Այս ժամին երևի մեզանից ես խոսում,
զգալով որ կամաց-կամաց հավաքվելու ենք
մեկ առ մեկ,
ոնց որ քարը քարի հետևից։
Քարը քարի վրա,
ինչպես խմբվում են ծառի տերևները
երբ հանկարծ անձրև է գալիս։
Բայց ինչ համառն ես
մահացած անգամ ստիպում ես հետդ վիճել,
ինչո՞ւ տուն չես գալիս։

 

Հիմա գալիս եմ հետ

Էնպես չի, թե լքել եմ ճամփեքը,
ընտանի ստվերի մեջ էի
բաժակներում արտացոլվող
մթնշաղը դիտելիս։
Հիմա գալիս եմ հետ,
փախչում եմ իրերի փոշուց.
պոկվում եմ կյանքը կես արած
դանակից։
Ինձ համար չեն
պատուհանի միջի մայրամուտները,
առաստաղի մշտական ստվերը,
զբոսանքներն առագաստանավով,
հեռուստազրույցները,
օր առ օր բաշխված սերը։
Ես ինձ կհանդիպեմ հուշերում
որ թաքցնում են քաղաքի հին տները։
Այն փոշու մեջ որ դավեր է նյութում
պատմության վայրիվերումների միջակայքում։

 

 

Հազիվ եմ գրում
1
Դատարկ, գրեթե դատարկ
Սենյակ.
երկու միացված մահճակալ,
հնդկարմավե աթոռ՝ իր ձևի մեջ մունջ։

Արդուկի սեղանին՝
իր աշխարհում քնած կատու,
արդուկ՝ մեկ այլ՝ սպիտակ կատվի նման,
հազիվ մի ժամ առաջ
մարած հեռուստացույց,
ֆիլմեր՝ սկավառակներն անկողնումս խռնված,
հորանջոցներս կլանող բարձեր։

Վարագույրներ, որ հասնում են գրանիտե հատակին՝
վրան սփռելով ծաղիկներ
ու իրենց սարեր երևակայող վերմակներ
ու մեկ-երկու կորսված մրջյուն
որ համարձակվում են դրանց վրա մագլցել։

2
Դատարկ, գրեթե դատարկ
Սենյակ.
ջրից հեռու կախած մի հովանոց,
հնդկարմավե աթոռին վայել
սոճու փայտից մի պահարան,
որ սազում է անկյունային մի դարակի,
որոնք իրենց հերթին
հարիր են պատուհանի շրջանակին
ու ծովավազով շփած ապակիներին։

3

Դատարկ, հազիվ
ինձնով լեցուն սենյակ։

Պստլիկ մարդը
Կար մի մարդ որը պստլիկ տուն էր,
ապրում էր տարածքի ճիշտ մեջտեղում,
եղունգներն ու մազերը կտրելիս էլ
ժամանակն էր հետը կրճատում։

Նրա սիրտը ընթանում էր
տիեզերքի սնամեջ տարածքով,
մատներից թափվում էր փրփուրը
ճակատից անձրև էր մաղում։

Լոկ մի օր էր ինքն իր մեջ դիմանում,
Մի օր արյան մեջ ցողված,
Մի գիշեր՝ մոխրում հանգած։

Մարդ, որ քաղաք էր փոքրիկ։
թաքնվում էր գմբեթների որոշակի կետերում։
Ես,
ուզում էի որ դիպչի դեմքիս,
որ աչքերս բացի,
բերանս,
բայց կյանքը տերևը կորցրած
տխուր մրջյուն է։
Մեկը չհասավ նրա մահվան պահին։
Մեկը չկարողացավ փակել
ավազի հատիկի չափ նրա պստլիկ աչքերը ։

Մի պստլիկ մարդ էր
որին միայն ես տեսա։

Թարգմանությունը իսպաներենից՝ Ալիս Տեր-Ղևոնդյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *