Ժուկով ժամանակով լեռների խորքում մի փայտահատ էր ապրում։ Մի օր ծանր աշխատանքից հետո փայտահատը որոշեց հանգստանալ։ Հանկարծ մի եղնիկ է վազում նրա մոտ և ասում։
– Փայտահա՛տ, Փայտահա՛տ, փրկի՛ր ինձ խնդրում եմ։ Որսորդը ընկել է հետևիցս։ Փրկի՛ր ինձ խնդրում եմ։
Լսելով եղնիկի խոսքերը՝ փայտահատը իսկույն թաքցնում է եղնիկին։ Շուտով գալիս է որսորդը։
– Փայտահատ ջան, այստեղով եղնիկ չի՞ անցել։
– Եղնի՞կ։ Հա, ոնց որ այն կողմ վազեց,- պատասխանում է փայտահատը։
Որսորդը շարժվեց դեպի փայտահատի ցույց տված կողմ։
– Եղնի՛կ, եղնի՛կ, կարող ես արդեն դուրս գալ։
– Շնորհակալ եմ, որ փրկեցիք ինձ։ Ասա՛, թե ինչ ես ուզում և ես կկատարեմ քո ցանկությունը։
Փայտահատը մտածեց և ասաց։
– Երազանք․․․ ես․․․ ամուսնանալ եմ ուզում։
Եղնիկը որոշում է նրան մի գաղտնիք բացել։
– Լիալուսնի օրը գնա՛ լեռան գագաթին գտնվող լճի մոտ։ Այդ օրը փերիները իջնելու են, որպեսզի լողանան լճակում։ Երբ նրանք հանեն իրենց հագուստը, գաղտնի վերցրու նրանցից մեկը։ Եթե թաքցնես այն, փերիներից մեկը չի կարող հետ վերադառնալ Երկինք։ Այդ փերիի հետ էլ կամուսնանաք։ Բայց հիշի՛ր, դու չես կարող նրան վերադարձնել շորերը մինչև ձեր 3-րդ երեխայի լուս աշխարհ գալը, այլ դեպքում նա իսկույն կբարձրանա և կփախչի երկինք։
Փայտահատը արեց այնպես, ինչպես եղնիկը ասեց նրան, և լիալուսնի օրը բարձրացավ լեռը և գողացավ փերիներից մեկի կախարդական հագուստը։ Երբ փերին նկատեց, որ իր հագուստը բացակայում է, սկսեց արտասվել։
– Հիմա ի՞նչ անեմ, ո՞նց տուն վերադառնամ։
Փայտահատը մխիթարեց խեղճ փերիին և տարավ իր տուն։ Շուտով նրանք ամուսնացան և ունեցան 2 երեխա։ Սակայն փերին տխուր էր։ Նա նայում էր դեպի երկինք և լաց էր լինում։ Փայտահատը չէր ուզում տեսնել փերիին նման վիճակում։
– Գուցե եթե հագուստը ցույց տամ, նա մի քիչ կուրախանա։ Եթե պարզապես տեսնի ոչինչ չի լինի։
Այսպես մտածեց և ցույց տվեց հագուստը փերիին, իսկ փերին վերցրեց հագուստը, գրկեց երեխաներին և բարձրացավ դեպի Երկինք։ Փայտահատը, որը կորցրեց ամեն ինչ, շատ տխրեց։ Որոշ ժամանակ անց նա որոշեց կրկին գտնել եղնիկին։ Երբ գտավ նրան և պատմեց, թե ինչ է պատահել, եղնիկն ասաց․
– Ախր ես ասել էի քեզ, որ հագուստը ցույց չտաս փերիին։
– Ախր չէի կարող ցույց չտալ նրան, շատ տխուր էր։ Խնդրում եմ օգնի՛ր ինձ նորից հանդիպել փերիին։
Եղնիկը շատ հուզվեց փայտահատի փերիի հանդեպ ունեցած զգացմունքներից և որոշեց նորից օգնել նրան։
– Այն օրվանից, երբ դու գողացար փերիի հագուստը, փերիները այլևս չեն իջնում լեռան գագաթ, այլ դույլ են իջեցնում, որ լճակից ջուր վերցնեն։ Լիալուսնի օրը վերադարձի՛ր այնտեղ և մտի՛ր դույլի մեջ։ Այդպես կկարողանաս հանդիպել փերիին։
Այսպես փայտահատը սպասեց լիալուսնի օրվան, այնուհետև նստեց դույլի մեջ, որը իջել էր Երկնային երկրից, և բարձրացավ վեր՝ դեպի փերին։ Մի օր, երբ փայտահատը տխրում էր, փերին ասաց նրան
– Կարող ես հեծնել երկնային ձին և իջնել երկիր, բայց եթե ձիուց իջնես և ոտքդ գետնին դիպչի, այլևս երկինք չես կարող վերադառնալ։
– Մորս գոնե մի պահ տեսնեմ և հետ կգամ, խոստանում եմ։
………
Եվ փայտահատը հեծավ ձին, և գնաց մորը տեսնելու։
– Վա՛յ, այս ո՞վ է, փաստերեն ողջ է որդիս։
– Մայրի՛կ, ինչպե՞ս ես։ Ներիր որ քեզ թողել ու հեռացել էի։
– Ի՞նչ ես ասում։ Կարծես հրաշք լինի, որ քեզ կրկին տեսնում եմ։
– Մամ, իսկապես շատ էի կարոտել քեզ։ Ինչպե՞ս ես, քեզ լա՞վ ես զգում։
– Լավ եմ, լավ։ Ձիուց իջի, ներս արի։
– Մայրիկ, ձիուց չեմ կարող իջնել։ Խոստացել եմ որ քեզ մի պահ կտեսնեմ ու երկինք կվերադառնամ։
– Լա՛վ, լա՛վ, այդ դեպքում մի պահ սպասիր, քո սիրած ճաշը բերեմ քեզ։
Մայրիկը բերեց թարմ ու տաք ճաշը, տվեց փայտահատին։ Փայտահատը հաճույքով կերավ ճաշը։ Հանկարծ ճաշը պատահաբար թափեց ձիու մեջքին։ Ձին վախեցավ, իրեն թափ տվեց ու փայտահատին գցեց գետնին։ Ձին թևեր առավ ու թռավ երկինք։ Այսպես, փայտահատը մնաց ներքևում։ Այնքան տխրեց, որ հավ դարձավ։ Դրա համար ասում են որ հավերը մինչ օրս էլ նայում են երկնքին ու լաց են լինում։
Թարգմանությունը կորեերենից՝ Աշոտ Շահբազյանը և Լաուրա Գրիգորյանը