Դիանա Համբարձումյան | Փեակների տարաբախտություն

(հատված վեպից)

6. ՄԵՐՍ ՄԵՆԱԿ ԷՐ. ԱՉՔԵՐԸ ՓԱԿՈՂ ՉԵՂԱՎ

«Ճչում եմ, ու ճիչս միացնում է տագնապի ազդանշանը, բժիշկները թափվում են իմ հիվանդասենյակ: Ես գիժ չեմ: Մի քիչ յանս տարած է, բայց ես խելքը գլխին, անող-դնող, եփող-թափող տան կնիկ եմ, հինգ երեխայի մայր եմ ու հնարավոր է, որ մոտ ապագայում նաև միայնակ մայրիկ լինեմ, բայց ինձնից գիժ դուրս չի գա, ինձ բա´ց թողեք` գնամ տուն, ինձնից ի՞նչ գիժ, երեխեքս մեղք են, հո կրակը չե՞նք ընկել ձեր ձեռքը, հոնքը շինելու տեղ աչքն էլ եք հանում, իմ երեխեքին ուրիշ մայրիկ պետք չի, լսու՞մ եք, պետք չի, պետք չի:
Ուղեղս մթագնում է: Էլ ոչինչ չեմ հիշում: Իսկ երբ նորից եմ զգում մարմինս ու հիշում, թե որտեղ եմ ու ինչու եմ էստեղ, էս բժիշկների թեթև ձեռքով գրված դատավճիռս` «հոգեկան անհավասարակշռությունը», սուր սրում է մեռնելու ցանկությունս: Տեսնես մեռնելն ինչի՞ է էսքան դժվար:
Շուրջս եմ նայում. մենակ եմ: Էս բժիշկները ցնդած են, ա´յ մեր: Կարծես էդ քիչ է, հիմա էլ հօդս են ցնդել ու ինձ թողել էս չորս պատի մեջ` քոռ չղջիկի նման թփթփալով շրջելիս: Ոտ ու ձեռս կապկպել են: Ասում են` քեզ վնաս կտաս: Սուտ է, ա´յ մեր, վախենում են` իրենց վնասեմ, էդ ահից էլ ծակուռն են մտել: Որ աջ նայես, պատի տակի մահճակալը կտեսնես, մա´մ: Հիմա դատարկ է: Մահճակալս դատարկել են ինձնից: Վերմակս կիսածալ կախվել է մահճակալիս ոտնակողմից: Թե ձեռքդ հասներ, վերմակիս ծերից կբռնեիր, ամբողջ ուժով թափ կտայիր ու մարմինս կծածկեիր, մա´մ, բայց քո փռած փափկությունը, մարմնիցս առավել, հիմա սրտիս է պետք, ա´յ մեր, դու էլ ինձ մենակ թողնելու ժամանակ գտար: Գիտեմ, ուզում ես վեր կենաս, վրայիդ հողը շուռ տաս ու գաս հասնես, վերմակը փռես վերքերիս վրա: Ձեռքդ չի հասնում, մա´մ: Գիտեմ:
Տե´ս, թե ինչեր եմ հասկանում, ա´յ մեր, իսկ էս խելքից պատուհասները, որ մի բան էլ ի´նձ են անուն դնում, ո´չ խիղճ ունեն, ո´չ էլ դարդ ու ցավ, դրա համար էլ սրանց ձեռքը հասնում է ամեն մարդու էն թաքուն պահած անկյունին, փորում-փորփրում են, շիշն են մտցնում ու խորովելով հանում, դեն են նետում: Սրանք հիմա ոտ ու ձեռս կապկպել են, պառկեցրել գետնին: Սրանք հիմա իրենց սև գործն արել են ու սպասում են, չգիտեմ, թե ինչի են սպասում, ա´յ մեր: Իրար բերան թքած` սրանք ասում են. «Վտանգավոր գիժ է»:
– Գիժ է, գիժ է, գիժ է, գիժ է, գիժ է, գի´ժ, գի´ժ, գի´ժ, գի´ժ, գի´ժ:
Ու՞ր ես, ինչի՞ չես օգնում, Տե´ր, ինչի՞ ես ինձ ծաղրում, քեզ չեմ գտնում, արի´, հայտնվի´ր, ու՞ր ես: Էսքան սպասել կլինի՞:
Անհուսությո´ւն, քեզ ո՞նց հայհոյեմ:
Նայում եմ ձեռքերիս, ոտքերիս ու հանկարծ զգում, որ բարձրանում եմ մարմնիցս, տեսնում եմ, թե ոնց եմ արձակում ձեռք ու ոտքիս հանգույցները, ոնց եմ վեր կենում պառկած տեղիցս, ոնց եմ երկու շրջան անում սենյակի մեջ ու կամավոր գալիս պառկում գետնին` մահճակալի կողքին փռված սպիտակ սրբիչին, մեջքս ուղիղ եմ պահում, էնպես, որ գլուխս հարմար նստի ուսերիս, ոտքերս կողք կողքի մեկնվեն ու հանգստանան` ոնց որ քոքահան եղած երկու ծառի բուն, չէ´, անխղճորեն սղոցված երկու գերան, չէ´, չէ´, լոբու երկու ճիպոտ, որ սխալմամբ ուրիշի քոլից են կտրել:
Էնքան շատ եմ մտածել էս մասին. երբ կարծես չկամ, բայց կամ ու ամեն բան զգում եմ: Ամեն վայրկյան էստեղ եմ ու էստեղ չեմ ու զգում եմ իմ լինելը, որ չլինել է: Կատարյալ անդորր: Բայց կատարելությունն ի՞նչ կապ ունի էս անդորրի հետ: Գյուղական իդիլիայի մեջ ճայթող աքլորականչը, որտեղից որտեղ օվկիանոսի փոթորիկ է հիշեցնում, որ իրիկնամուտին անգամ չի ուզում ու չի կարող խաղաղվել: Առավոտվա սառնության մեջ սուլող գնացքի շչակները, որ մորս ժպիտն են նկարում սառցե պատուհանին` կորցրած գուլպան թախտի ու պատի արանքից հանելիս, հեռանում են, խլանում ու մարում են Երևանը բոլորած բլուրների հեռվում:
Առավոտը մի բան է խոստանում, ցերեկը տաք-տաք ուրիշ ճաշ է մատուցում, որի համար էդպես էլ ներողություն չի խնդրում` գլուխը կախ մեզ սպասող իրիկունը:
Մերս մենակ էր. աչքերը փակող չեղավ:
Ես երեխա ժամանակ էլ չէի սիրում լացել: Դու քեզ ճղում ես, մարդիկ ձևացնում են, թե ուզում են օգնել, գալիս կանգնում են գլխիդ, ռետինե ծծակը խոթում բերանդ ու ոտնաթաթերի վրա ոստոստելով` մանրաքայլ հեռանում, իբր` քնի, պրծնենք քեզնից: Հետո լաց ես լինում, որ քեզ լսեն, ցավդ թեթևանա, մարդիկ թաշկինակ են տալիս, իբր` արցունքդ սրբի, շորերդ չթրջվեն, թե չէ աղի հետքը կմնա դիպակիդ վրա: Երբ լաց ես լինում, ամենամեծ անհարմարությունը թաշկինակը բռանդ մեջ տեղավորելն է, ճմռթելով ու մատներիդ արանքում տրորելով` բռանդ մեջ պահելը:
Չեմ սիրում վշտից տնքացողին: Փոքր էի: Մեր բարեկամներից մեկը մեռել էր: Ինձ էլ էին տարել մեռելատուն: Մի ջահել կին, որ անշարժ նստել էր մեռելի գլխավերևում, նայում էր մեռածի երեսին ու միալար տնքում: Նայում էր ու տնքում: Տնքում էր ու նայում: Մեկ էլ վեր կացավ կանգնեց, կանգնած տեղում օրորվեց ու դրխկաց դագաղի վրա: Հիշում եմ, որ մի անպատմելի իրարանցում սկսվեց. լացուկոծ, սարսափահար ճիչ ու կանչ, մեկ էլ մի պառավ կին վայրագորեն գոռաց. «Մեռա՜վ, մեռա՜վ էս մարդամեռը, վաշ-վաշ-վա՜շ, մեռա՜վ»: Էդ օրվանից չեմ սիրում վշտից տնքացողին:
Որ ինձ հարցնեք, ես սեր անելիս էլ չեմ սիրում տնքալ: Սիրելն էլ է մարդուն տանում մահվան դուռ ու հետ բերում, երևի մահվան ահից են տնքում սիրողները: Ես սիրում եմ հենց ինձ համար սափրված տղամարդկանց: Միշտ զսպել եմ գայթակղությունս, որ ցուցամատս դանդաղ ու թեթև սեղմելով` չքսեմ նոր ածիլված այտերին: Հերթով: Սկզբից` մի, հետո` մյուս այտի վրայով սահեցնեմ: Հետո, եթե չձանձրանամ, ճակատին, ծնոտին, մի քիչ էլ ներքև, էլի ներքև սահեցնեմ: Էդպիսի բաներ ինձ հետ պատահում են: Ահա, եթե ինձ չընդհատեք, կշարունակեմ մանրամասն նկարագրել ու բացատրել, թե ինչու չեմ սիրում պետքարանում գիրք կամ թերթ կամ ամսագիր կամ խզբզած ինչ-որ գրություններ կարդալ: Ես սիրում եմ քթիս տակ դնդնալ պետքարանում: Կարծես թեթևանում եմ, ներսիս ամբողջ կեղտից ազատվում ու նորացած երգում եմ: Դա նման է կյանքը զրոյից սկսելուն: Ես նաև չեմ սիրում քնած ժամանակ ֆսսացնել. հենց լսում եմ ֆսսոցս, խստասիրտ սաստում եմ ինձ ու հիշելով առաջին դասարանի դասատուիս` ականջս ոլորում եմ ու սսկվում:
Իմ կյանքում շատ հաճույքներ կան, որ ինձ համար հեչ հետաքրքիր չեն, բայց ես սիրով եմ զբաղվում էդ հաճույքներով, ասենք` աման լվանալը: Ամեն անգամ, երբ օճառի փրփուրը ներծծում է կարմրած յուղի պղպջակները, ես էլ եմ հաճույքից կարմրում, ու ինձ թվում է` նույնիսկ ուզում եմ շուրթերս կլորացնել ու համբուրել մաքու՜ր, մաքրամաքուր ափսեի տակը: Էսպիսի բաներ էլ են պատահում ինձ հետ:
Ես արդեն մի քանի օր է` փոխվել եմ, բոլորովին ուրիշ մարդ եմ դարձել: Ո´չ, ո´չ, ո´չ այն իմաստով, ինչպես սովորաբար փոխվում են մարդիկ: Ասենք` ինչ-որ արտասովոր քայլ են կատարում ու դրանից հետո իրենց մի ուրիշ տեսակ են պահում, ասենք` ազգի հերոս են զգում: Ո´չ այդ իմաստով: Ես ոչ մի հերոսական քայլ չեմ կատարել իմ կյանքում, ոչ մեկին «մատ» չեմ արել, անգամ «շախ» չեմ արել: Երբեք չեմ հերոսացել: Ասենք` չէ´, հերոսացել եմ: Ես ամուսնացել եմ Արի հետ: Դե, իհարկե, սա աշխարհը ցնցող էն հերոսություններից չէ, որոնց մասին լսելիս մարդու կուրծքը փքվում է մարդ լինելու պատեհությունից. ես ինձ չեմ պայթեցրել` թշնամու տանկի տակ նետվելով, ոչ էլ Սևանում մարդ եմ փրկել խեղդվելուց, ես ամուսնացել եմ Արի հետ էն ժամանակ, երբ գիտեի, որ նրան ուզում է սպանել իմ հարազատ սիրեկան Հովանը: Սա ինձ մի քիչ հերոսություն թվաց էն ժամանակ, բայց էդպես էլ չխորշեցի հանիրավի հերոսանալուց: Ես ամուսնացա` մահվան վտանգը, էն ի՞նչ սուր էր, հա´, դամոկլյան սրի պես գլխին կախվածի հետ, որը մահապարտի հլությամբ ձեռքը դրել էր ձեռքիս ու լռել. իբրև` տեսնում եմ` տեր ես:
Ես, արդեն մի քանի օր է` ուրիշ մարդ եմ: Ես ամուսնացել եմ Արի հետ»:

7. ԵՂՈՒՆԳ ՈՒՆԵՍ` ԳԼՈՒԽԴ ՔՈՐԻ

– Մանե՜, Մանե՜, սուրճն ու պաղպաղակը դիր սեղանին, մազերս չորացնեմ` գամ: Համ էլ քեզ բան ունեմ պատմելու:
– ……………………………………………………
– Մանե՜, էս ի՜նչ դառը սուրճ ես սարքել, աղջի´կս, մոռացե՞լ ես, որ Սկալդինադ քաղցրասեր է, Մանե՜ ջան, ո՞նց ես մոռացել, աղջի´կս:
– ……………………………………………………..
– Մի օր, երբ փոքր էի, էնքան փոքր, որ դեռ չգիտեի աշխարհի վտանգների մասին, բայց արդեն գիտեի, որ աշխարհը շարունակվում է մեր գյուղը շուրջկալած բլուրների մյուս երեսին, կանգնեցի փայտե աթոռին, կողպեքի փականն աջ պտտեցի, լեզվակը սահուն ճթթոցով դուրս թռավ տեղից, մեր տան դուռը բացվեց, աթոռից թռա ճռճռացող հատակին, աթոռը մի կողմ հրեցի ու կիսաբաց արանքով դուրս եկա` դուռը հետևիցս բաց թողնելով: Երևի կարծում էի` շուտով հետ կգամ ու էդ նեղ արանքից տուն կմտնեմ: Մի մատ երեխա էի ու բնազդորեն զգում էի` ուր էլ գնամ, տուն եմ գալու, թող դուռը կիսաբաց մնա:
Չգիտեմ, թե ինչքան ժամանակ էի քայլել, բայց երբ երևաց, որ գյուղի մի ծերից մյուսն եմ հասել, ինձ չկորցրի, էլի ոտքերիս զոռ տվեցի, գնացի, գնացի ու հասա մի հեռու տեղ, վերևից նայեցի, ի՜նչ տեսնեմ. ներքևում թշշալով, վշշալով` ջուր է հոսում, քիչ էր մնում ընկնեի էդ ջուրը, բայց ինձ մի կերպ զսպեցի ու հետ-հետ գնալով` գլուխս խփեցի մի կոշտ կոտոշի, շուռ եկա, տեսնեմ` սև, մեծ, դատարկ խողովակ է, էնքան մեծ էր, որ երբ կանգնեցի բերանի մեջ ու ձեռքերս բարձրացրի, մատներս չհասան, որ վիզը բռնեմ ու ճոճվեմ: Մտա էդ խողովակի մեջ ու տմբտմբալով էնքան քայլեցի, մինչև որ դուրս եկա մյուս ծայրից, հիմա չգիտեմ, թե քանի ժամ, օր կամ շաբաթ էի քայլել, բայց հիշում եմ, որ անընդհատ քայլում էի, ընկնում էի, վեր էի կենում, նորից էի ընկնում, նորից էի վեր կենում, շունչս կտրվում էր, մի քանի բերան օդ էի կուլ տալիս ու շարունակում մաքառել. ծնկներս ու արմունկներս էնքան էի խփել խողովակի կողերին, որ ցավից մրմռում էին, բայց անգամ փորսող տալով` էլի առաջ էի գնում, որ դուրս գամ էդ թունելից: Վերջը տեղ հասա:
Ուրեմն, երբ տեղ հասա, աչքերիս դիմաց մի հազար շրջան լույս էր պտտվում, հետո սարերը, տները, ծառերն էլ սկսեցին պտտվել, հետո երկինքն իջավ ոտքերիս տակ, հիմա արդեն երկնքում էի քայլում, հետո, երբ երկինքը մթնեց, ինձ չկորցրի, մի բարձր ցատկով իջա երկնքից ու վազելով գնացի հասա մի անծանոթ տեղ, որտեղ լույսի շիթերն ընկան աչքերիս մեջ, որ ինձ կուրացնեն, բայց ես նայեցի, տեսա, ու խելքս էնքան կտրեց, որ հասկացա` քաղաք եմ ընկել, քանի որ մամաս ասել էր` քաղաքի փողոցներում գիշերը լույսեր են վառվում: Շշմած քայլեցի էդ քաղաքի փողոցներով, լույսերի միջով վազեցի, աստիճաններով բարձրացա, լույսերի վրայով թռա, աստիճաններով իջա, կռացա ու քիթս դեմ տվեցի ապակուն, գետնին կպած պատուհաններից ներս նայեցի. մութ էր, բան չէր երևում, ու երբ տեսա` էդքան վազվզելուց հետո ոչ մեկն ինձ չի նկատում էդ քաղաքում, շրջվեցի ու հետ եկա` մեր գյուղի ճամփան բռնած, շատ քայլեցի, քիչ քայլեցի, հասա էն մեծ, սև խողովակին, մտա մեջը, նորից տմտմբալով, ընկնել-վեր կենալով, քերծվելով ու կապտելով շարժվեցի, հասա խողովակի մյուս ծերին, դուրս եկա, նորից քայլեցի, գյուղի էս գլխից մտա, էն գլխով դուրս եկա ու հասա տուն:
Հաջորդ օրը մեր գյուղը խոսում ու բերնեբերան պատմում էր իմ հերոսության մասին: Բոլորը միաբերան վկայում էին, իրար հերթ չտալով` նկարագրում ու պատմում էին, թե ես ոնց էի մոլորվել անմարդ ու անցուցանակ ճանապարհին ու առանց կողմնակի օգնության, առանց որոնող ջոկատի փրկության` ոնց էի գլխիս ճարը տեսել ու ողջ-առողջ տուն հասել:
Մեր գյուղացիները նաև վկայում էին, որ ես հաստատ քաղաք էի հասել, որտեղ գետնահարկի պատուհաններից մեկում մի կախարդի գլուխ էի տեսել, վախից լեղիս ճաքել էր, ու ես պուկ` փախել էի իմ հարազատ գյուղը, որտեղ հորս տատմերը մոմ էր թափել ու վախս բռնել, որ մի ցավի չտիրանամ: Կա-չկա` մոմը քչություն էր արել:
Վերադարձիս օրը կարմրանախշ թվով մտավ մեր գյուղի տոնացույցի մեջ:
Օրեր ու ամիսներ ու տարիներ անց միայն իմացա, որ անգամ ինձ բանի տեղ չդրած քաղաքում էին մարդիկ խոսում աննախադեպ հերոսությանս մասին: Ես հերոս էի: Մեր ժամանակների հերոսը ես էի: Ուրիշների փոխարեն ե´ս էի ինձ որոնել, գտել ու փրկել, ես էի ինձ ճանաչել քաղաքի օտարության մեջ, ես էի ինձ բռնացրել ու դարձի բերել: Էդ օրվա հերոսությունս մնացած կյանքիս համար սովորություն դարձավ: Հենց նեղն էի ընկնում, մենակ իմ օգնությանն էի դիմում: Երբ մի քիչ էլ մեծացա, արդեն գլխի էի ընկնում, թե մերս ինչի էր ասում. «Է՜հ, սուտ բան ա, էս կյանքը փուչ դուրս եկավ, ամեն մարդ իրա համար ա ապրում, ամեն մարդ իրա դարդն ա լացում, թե եղունգ ունես` գլուխդ քորի»: Հիմա եմ հասկանում, որ մերս ճիշտ էր ասում: Հասկանու՞մ ես` ինչ եմ ասում, Մանե: Մի օր կհասկանաս:
– ……………………………………………………
– Հիմա, հենց հիմա հիշեցի, որ մի բան էլ եմ ուզում խոստովանել, Մանե´, աղջի´կս, դու սուրճդ խմի` չսառի, ես սառն էլ եմ խմում, էս պատմեմ, քանի դեռ չեմ մոռացել, պատմեմ, քանի դեռ էն բժիշկները չեն եկել ու ինձ, իրենց կարճ խելքով, խիստ օգտակար, հանգստացնող չեն ներարկել, քանի դեռ դրանց ձեռքին իսկական գիժ չեմ դարձել, քանի դեռ ինձ փորձադաշտ չեն սարքել և փուքսը նստած փուչիկի պես աղբաման չեն նետել, ուզում եմ էս մի բանն էլ պատմել, որ կյանքս լրիվ պատկերացնես:
– ……………………………………………………
– Ուրեմն, ամառվա մի կարմիր օր, երբ դեռ դպրոցական էի ու արդեն երազածս արձակուրդն էի վայելում, հանկարծ սկսեցի մրսել, էն ո՜նց էի մրսում, ո՜նց էի մրսում, բայց չէի ուզում, որ տատս ու պապս կամ մերս ու հերս իմանային, թե ինձ հետ ինչ էր կատարվում: Իսկ ինձ հետ էնքան էլ սովորական բան չէր կատարվում, Մանե´, ես մրսում էի, սարսռում էի մի օր, երբ բոլորը շոգից խեղդվում էին, երբ արևը վառում էր հողն ու խոտը, մեր Ծաղիկ հորթի գլուխը, պոչն ու ականջները կտրած մեր Չամբարի մռութը, ես մրսում էի, բայց ոչ մեկին չէի ուզում ասել, որ ոսկորներս ցրտից շխկշխկում էին, զնգզնգում, կտկտում ու ջարդվելու պես ցավում էին:
Մարմինս ցրտից փայտացել էր, ես ինձ փայտե տիկնիկ էի զգում` փայտե երեսով, փայտե ձեռք ու ոտքով, փայտե մազերով ու փայտե սրտով տիկնիկ, որի փայտե թիկունքին մի ահագին անցք կար, ու էդ անցքում էր պահվում էդ փայտե տիկնիկի փայտե սիրտը լարելու բանալին:
Հիմա, երբ հիշում եմ, թե ինչպես ինձ չնետեցի վառարանը, որ վերջապես ուշքի գամ, զարմանում եմ, քանի որ արդեն հասել էի բոցերի մեջ հուրհրացող օջախին ու սրթսրթալով նայում էի: Նայեցի, նայեցի, բայց էդպես էլ չհամարձակվեցի նետվել օջախի ճթճթացող գիրկը: Քաջությունս չհերիքեց, որ խոստովանեմ. «Ներեցե´ք, որ ձեզ նման չեմ շոգում, ներեցե´ք, որ ձեզ նման չեմ»:
Սառած-փայտացած նստել էի վառարանի թեժության կողքին. ոչ մի հույս չկար, որ կտաքանամ: Էդպես էլ չտաքացա: Ու երբ գլուխ էի կոտրում, որ հասկանամ, թե ինչի չէի տաքանում վառարանի թեժության մեջ, հանկարծ կայծակնահար եղա: Դու մի ասա` վառարանը ես էի հորինել ու միայն ես էի տեսնում: Ես տեսնում էի մի վառարան, որը չկար, ավելի ճիշտ` կար, բայց ուրիշ տեղ էր, համենայն դեպս, ո´չ էնտեղ, որտեղ ես էի մրսում, ու քանի որ ինձ տաքություն էր պետք, նստած երևակայում էի, թե հասել եմ էն մեն միակ վառարանին, որին աչքս ջուր կտրած սպասում էի դեռ ծնվելուց առաջ, որպեսզի ուրախությունից ինձ անխնա նետեմ նրա թեժության մեջ ու հանուն վեհ գաղափարի, հանուն շրջապատի ծափահարության` կյանքս զոհաբերեմ:
Մանե՞:
– ………………………………………………………
– Հասկանու՞մ ես` ինչ եմ պատմում, Մանե´ս:
– ………………………………………………………

8. MITT NAMN ÄR SKALDINNA

– Մա՜-նե, Մա-նե՜, օրը ճաշ դառավ, աղջի´կս, վե´ր կաց, վե´ր, վեր գնա սո´ւրճ դիր, ես կաթով եմ ուզում, պարզվում է` շաքարն ինձ վնաս է, էլ շաքարով չեմ խմում, չէ´, աղջիկս, շոկոլադն էլ է վնաս, քաղցրը հիմա հակացուցված է մայրիկիդ, դու սո´ւրճ դիր, եղունգներիս լաքը չորանա, գալիս եմ: Համ էլ` քեզ պատմելու բան ունեմ, վա՜յ, աղջի´կ ջան, էս ինչքա՜ն պատմելու բան ունեմ. չգիտեմ` որտեղից սկսեմ, որտեղ վերջացնեմ: Կարևորն սկսելն է, հիմա գալիս եմ, սուրճը դիր, հասա: Մանե՞:
– …………………………………………………….
– Ես ուր գնում եմ, ում հետ խոսում եմ, բոլորն ինձ ուշիուշով լսում են ու ամենակարևորը` ասածիս հավատում են: Մարդիկ ինձ հավատում են, Մանե´: Դու սա լա´վ հիշիր: Հա´, գիտեմ` հիշում ես: Խանութ գնամ, փոստատուն, թե պատկերասրահ, մարդիկ վստահում են իմ տված փողին, ուղարկած ծանրոցին ու հավանած նկարին:
Մարդկանց ասում եմ. «Դուք գիտեք, որ ես Սկալդինան եմ: Ես եմ ձեզ ասել ու, որ ես եմ ասել, դուք ինձ հավատում եք, գիտեմ»: Ու մարդիկ, ձեռքերն ինձ մեկնելով, ձեռքս թափահարում են ու ասում.
“Hej, Skaldinna!”
Մարդիկ գիտեն, որ ես Սկալդինան եմ, բայց էս բժիշկները կարծում են, ավելի ճիշտ` համոզված են, մինչև հիմա համոզված են, որ ես Նարեն եմ: Սրանք համոզված են, որ իմ անունը Նարե է: Ասա´` ձեր ի՞նչ խելքի բանն է անունը: Ձեզ ի՞նչ, որ մեկը Կարմիր է ծնվում, մեկը` Սև, մեկը Առնետ է ծնվում, մեկը` Խոտ, մեկն էլ` Սկալդինա: Ձեզ համար կարևորն էն է, որ ամեն րոպե մարդ ծնվի, ավելի ճիշտ, որ ամեն վայրկյան հիվանդ մարդ ծնվի, կամ մարդ հիվանդանա: Դագաղագործի համար ո՞նց է, ի՞նչն է կարևոր, ըհը´, ճիշտ եք, դագաղագործի համար կարևորը մարդու մահն է, ինչքան շատ մարդ մեռնի, էնքան դագաղի բիզնեսը կծաղկի, հա´, մեկ էլ` ծաղկի բիզնեսը, մեկ էլ` հացատների ու սգո սրահների ու գերեզմանաքարերի ու եկեղեցիների բիզնեսը կծաղկի, բայց էլի ամենակարևորը մոռացա` գերեզմանատիրոջ բիզնեսը թափ կառնի, թափ առած կգնա ու կհասնի Արարատի փեշերին:
Էս բժիշկներին ասում եմ. «Ձերն էլ ձեր նշտարն է: Ինչքան կարող եք, մո´տ պահեք մարդու սրտին, որ կտրելիս ուղիղ թիրախին հասնեք: Մո´տ պահեք ու անվարան կտրե´ք: Խը´րթ, խը´րթ, խը´րթ, խը´րթ: Վերջ»:
Սրանց թողնես` ամեն Աստծու օր կոնսիլիում անեն ու դատավճիռ կայացնեն. «Օրը կգա, բարին` հետը»: Ու երբ օրը գալիս է, ահա´, լսեցե´ք, թե սրանք ինչ են խոսում, ինչ են ասում չոր գանգերը, իրար քիթ մտած, ոնց են փսփսում ու որոշում ինձ հարց տալ, հարցն էլ մի հա՜րց լինի.
“Vad heter du?”
Ես լսում եմ սրանց տանջող ցավը, երկար-բարակ ծանրութեթև եմ անում պատասխանս, ու որքան հնարավոր է, աչքերս լայն բացած, ափերս երկնքին պարզած` մտքումս ճշմարիտ խոսելու երդում եմ տալիս և ուղիղ նայում հարցնողի աչքերին, որ հավատացնեմ, թե ճիշտ եմ ասում. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում», ու որպեսզի ճիշտս ազդեցիկ լինի, մի քանի անգամ կրկնում եմ.
“Mitt namn är Skaldinna. Mitt namn är Skaldinna. Mitt namn är Skaldinna.”
Բայց սրանք ինձ չեն հավատում, սրանք կարծում են, թե ես գիժ եմ, բայց ես գիժ չեմ, ճիշտ է` մեկ-մեկ թարս ու շիտակ դուրս եմ տալիս ու, երբ հոգնում եմ մտածելով խոսելուց, ինձ ազատ եմ հռչակում, ինչ խելքիս գալիս է` ասում եմ ապուշի նման, բայց գիժ չեմ, ես առաջ էլ երկար-բարակ չէի մտածում խոսելուց առաջ, ինչ մտքիս էր, էն էլ լեզվիս էր, դրա համար էլ ինձ սիրում էին, դրա համար էլ ինձ չէին սիրում: Էդ «առաջը» Հայաստանում էր, բայց հիմա էլ բան չի փոխվել, հիմա, երբ Հայաստանից հեռացել եմ անհիշելի ժամանակներ առաջ, էլի նույն շաշն եմ մնացել, նույն` գլուխը ծակը, բայց գիժ չեմ, ինչո՞վ երդվեմ, որ հավատաս, աղջի´կս:
Չէ, ոնց որ թե էնքան էլ ճիշտ չամփոփեցի մտքինս: Էսպես ասեմ. հիմա, երբ էլ Հայաստանում չեմ, ոնց էլ նայես, մի չնչին բան փոխված կլինի ներսուդրսումս, հա´, հիմա ավելի անտարբեր եմ դարձել շրջապատիս կարծիքի հանդեպ, ճիշտն ասած` շրջապատս էլ իմ ու իմ կարծիքի հանդեպ է անտարբեր. թքած ունի` ես ով եմ, ինչացու եմ, գուլպայիս հատը թռած եմ հագնում, թե հարևանի մարդու ծոցն եմ թռնում, ոռս բաց եմ ման գալիս, թե փեշերիցս կախ երեխեքիս թափառախումբը ծով եմ տանում, մեկ է, շրջապատս խստագույն չեզոքություն է պահպանում իմ գոյության հանդեպ:
Դե որ էդպես է, ես էլ թքած ունեմ, թե ինչ են մտածում կամ խոսում իմ մասին նրանք, որոնց գոյությունը ծառի տերևների վրայով սողացող թրթուրների պես աննկատ է ինձ համար, ա´յ օրինակ, երբ ընդունարանի խարտյաշ աղջիկը հարցնում է. “Vad heter du?”, ես, առանց շունչ քաշելու, առանց գցել-բռնելու, վրա եմ տալիս` “Mitt namn är Skaldinna”, և ընդունարանի բոյով-բուսաթով աղջիկը քթի տակ խնդմնդում է, բայց ես թքած ունեմ, իմ պետքը չի, թե էդ աղջիկը, որ բոյով-բուսաթով խարտյաշ է, ինչի է խնդմնդում քթի տակ, ինչի չի ինձ հավատում, ինչի է կարծում, որ «Սկալդինան» ոչ թե անուն է, այլ հիվանդություն, անբուժելի հոգեխախտում է, ինչի է իմ ճշմարիտ պատասխանն իր կասկածով ստվերում: Ես թքած ունեմ:
Ասում եմ` թքած ունեմ, բայց մտքիցս դուրս չի գալիս էդ ջահել-ջիվան անհավատը: Ասում եմ` ուրիշի դժբախտության վրա չեն ծիծաղի: Ինչ ճիշտ է` ճիշտ, ինձ թվում է` էդ աղջկա գործը մարդկանց չհավատալն է: Մի´ ծիծաղեք: Ինքը դրա համար է աշխատավարձ ստանում: Ինձ թվում է` էս աղջկանից բացի էլի կան աշխատողներ, որոնց գործատուները փող են տալիս, որ մարդկանց չհավատան: Կարևոր չէ, թե նրանք ինչ են անում կամ հանուն ինչի են անում, նրանց բան ու գործի անունը մարդկանց չհավատալն է: Ինչ ճիշտ է` ճիշտ:
Ասենք` մի կին իր մարդուն ամբողջ կյանքում հավատարիմ է եղել: Չնայած, որ ինձ հարցնեն, էդ հավատարմությունն անճոռնի, լպրծուն դիմակ է. ո´չ ձև ունի, ո´չ գույն, ո´չ համ ու հոտ, ու էդ դեռ ոչինչ, բայց ամենամազալուն էն է, որ էդ անտեր դիմակը ոչ մի բանի պիտանի չի. ո´չ ուտելու է` ուտես, ո´չ հագնելու է` հագնես, ո´չ էլ թանգարանում դնելու է` ի ցույց հանես:
Ասում եմ` քառակուսի մարդ տեսած կա՞ք: Ես տեսել եմ. իմ էս բժիշկները քառակուսի են: Անալի հավատարմություն տեսած կա՞ք: Ես տեսել եմ. է´ն, որ ասում էի` կինը մարդուն ամբողջ կյանքում հավատարիմ է եղել, հենց էդ անալի հավատարմությունն էի տեսել, ասե՞մ` ինչի էր անալի. մեջտեղ սեր չկար: Բա քանի՞ կոպեկ արժե էն հավատարմությունը, որ սիրուց չի ծնվում, որ հանուն սիրո չի լինում ու լինում է` իրեն զոհելով, զսպելով ու զրկելով այլուրեքությունից, այլասիրությունից, հա´, հենց սիրուց:
Ինձ թվում է` ես ճիշտ խոսքը ճակատին եմ ասում, դրա համար էլ էս բժիշկները կարծում են, թե գժվել եմ: Հա´, բա` ճիշտ խոսողի գլուխը ծակ է: Ես սա իմ փորձով գիտեմ, ինչպես որ սա իրենց փորձով գիտեին մայրս ու տատս: Ավելին` հայրս ու պապս էլ իրենց փորձով գիտեին: Մի խոսքով` ճշտախոսների իմ տոհմը գլուխս ծակել` դառը կորիզ է դրել պտղիս մեջ ու ինձ տվել էս քաղցրակեր աշխարհին:
Սերնդեսերունդ փոխանցելու ուրիշ բան չկար. էս են կտակել, ես էլ աչքիս լույսի պես է´ս եմ փայում-փայփայում, որ իմոնց կտակեմ, բայց որ ճիշտն ասեմ, երանի՜ կտակս անտեսեն ու մարդավարի ապրեն, թե չէ էս ինչի՞ նման է. ո´չ ասածիդ տերն ես, ո´չ էլ չասածիդ, ո´չ լավությունդ է անցնում, ո´չ բարությունդ, ով ոնց ուզում, իր արշինով է չափում քեզ ու քո ճշմարտությունը: Ա՜հ, քարը գլուխը: Ճշմարտություն է, էլի՜, հո ոսկի չի՞, որ մի փութ գլխներով շուռ տաս, էլի չկշտանան, հետ դառնան ու ծակաչք նայեն քո էն մի ծեղին: Ճշմարտություն է, որ եղբորից թանկ գնահատելիս եղբորդ կորցնելու վտանգը միշտ կա: Կա ու կա»:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *