Պիեռ Պաոլո Պազոլինիի 100-ամյակին
Հարյուր տարի առաջ այս օրը ծնվեց իտալացի գրող, բանաստեղծ, ռեժիսոր, իրեն «միավորված Իտալիայի արդյունք» համարող նոր ժամանակների մտածող և յուրօրինակ փիլիսոփա Պիեռ Պաոլո Պազոլինին։ Իր արվեստի բազմաձև ու տարաբնույթ դրսևորումներով Պազոլինին մինչև կյանքի վերջ մեկնաբանում էր իտալացի ազգին՝ խորամուխ լինելով իտալացիների գիտակցության և ինքնության ծալքերի մեջ, փորձում վերլուծել ու միևնույն ժամանակ վերարտադրել դրանց շերտերը։
«Իտալացիք» բանաստեղծության սուր, հատու խոսքերով Պազոլինին դիմում է իր ազգին, որին նա պատկերում է որպես մի ժողովրդի, որն առանձնապես մտադիր չէ որևէ բան անելու՝ հանուն սեփական մաքրագործման։ Իտալացին, Պազոլինիի դատապարտող հայացքով, մի ժողովուրդ է, որը համակերպվում է դառը իրականության հետ, խուսափում արդար դատողությունից, եթե այն վերջինիս համար պատասխանատվություն է ենթադրում։ Ժողովուրդ, որի գաղափարներն անիրական են, որը կարող է ականատես լինել այլոց դաժան մահվանն ու վախվորած լռել՝ նույնիսկ վառ պահելով համակենտրոնացման «արնաներկ ճամբարի» հիշողությունը…
Այստեղ խոսքն, իհարկե, արժեքային ճգնաժամի մասին է։ Խնդիրը ոչ թե անհատն է, այլ հասարակությունը, որը պառակտված է և անհաղորդ, և հենց այդ անհաղորդ լինելն է ծնում անտարբերություն։
Այս բանաստեղծությունը իտալացիներն այժմ էլ արդիական են համարում։ Դրանում ուրվագծված «մեղադրականն» ասես այսօր էլ ոչ պակաս հնչեղ է, քան տասնամյակներ առաջ։ Իտալացի ժողովրդի այս «լուսանկարը» ահազանգի յուրատիպ մի կոչնակ է, որը ինքնահայեցողության և ինքնաքաննադատության տեղիք է տալիս նաև մեզ՝ հայերիս համար (հայերեն թարգմանության մեջ մեզ համար խորհրդանշական «ար» վանկը հանդիպում է 20 անգամ՝ կարծես ինքնաբերաբար ակնարկելով վերոնշյալ աղերսը)։
Պազոլինին բնագրում կիրառում է տերցինների շղթայաձև հանգավորման դանտեական մոդելը (որը պահպանված է նաև ներկայացվող թարգմանության մեջ)՝ ժամանակակից գրական աշխարհում վերստեղծելով և ապրեցնելով Դանտե Ալիգիերիին բնորոշ խոսքաստեղծման այդ բացառիկ ձևը։ Այս կառուցվածքը միանշանակ խտացնում է այն ներկապնակի գույները, որը Պազոլինին ընտրել է արդի հասարակության արատները պատկերելու համար։
Իտալացիք
Խելքը կշռաքար չի լինի երբեք՝
հանրային կարծիքի նժարի համար։
Ո՛չ էլ հիշելով ճամբարն արնաներկ
կլսես մեր ազգի հոգիներից ստվար՝
մեկին, որ դատի արդար, վրդովված.
արդ անիրական են հույզ ու գաղափար –
դարեդար արդեն անհաղորդ դարձած
այս մարդիկ հանճարեղ մտքով մեղրածոր
ապրում են՝ երբեք չազատագրված։
Եվ ձայնել միայնակ, մանկան պես մոլոր՝
ցույց տալով դեմքս՝ վտիտ մի կերպար –
այլևս անիմաստ է. վախկոտն է սովոր
տեսնելու այլոց մահը հույժ ցավարար՝
հույժ անսովոր մի անտարբերությամբ։
Մեռնում եմ. և սա՛ էլ է ինձ վնասարար:
Նախաբանը և թարգմանությունը բնագրից՝ Գրիգոր Ղազարյանի
Բ.գ.թ․, ԵՊՀ ռոմանական բանասիրության ամբիոնի Իտալերեն լեզվի և գրականության բաժնի դոցենտ