Պիեր Պաոլո Պազոլինի | Ազգիս

Իտալացի մեծ բանաստեղծ, վիպասան և ռեժիսոր Պիեր Պաոլո Պազոլինիի (1922-1975) գրական գործունեությունը բնորոշվում է իր ժամանակի հոսանքին հակառակ, խիզախ և ըմբոստ մտավորականի քննադատական կեցվածքով։

Պազոլինին իր ժամանակի հասարակական-քաղաքական և մշակութային նահանջով մտահոգ՝ իրականությունը բնութագրում է այնպիսի գույներով, որոնք ուղղակիորեն թիրախավորում են հորիզոնում արդեն նշմարվող կարգերն ու դրանցից ածանցվող երևույթները՝ պատմության մեջ բռնապետության ամենամեծ դրսևորումը։  

«Ազգիս» (“Alla mia nazione”) բանաստեղծությունը ներմարմնավորում է Պազոլինիի հասարակական, քաղաքական և մշակութային քննադատական մտքի ողջ լիցքը, ու թեև այն գրվել է 1960-ականներին՝ մինչ օրս էլ զարմանալիորեն պահպանել է ասելիքի արդիականությունը։ Բանաստեղծությունը ներկայացված է Նոր էպիգրամներ (1958-1959) շարքում, որը լույս է տեսել 1961 թվականին «Իմ ժամանակի կրոնը» խորագրով ժողովածուի մեջ։

Պազոլինիի կողմից կանխամտածված է «Իտալիա» և «հայրենիք» բառերի փոխարեն «ազգ» բառի կիրառումը, ինչը համահունչ է նաև Պետրարկայի և Լեոպարդիի ձեռագրերին, ովքեր, խոսելով հայրենիքի մասին, դիտավորյալ կերպով թույլ էին տալիս վերոնշյալ «բացը», որը խոշոր հաշվով արտացոլում էր «հայրենիքի» իրենց ընկալումը[1]։ Սրանով իսկ հայրենիքը ներկայացվում է որպես անցյալում եղած զորավոր ուժ, որը ներկայումս կորսվել է, զրկվել դարերի ընթացքում փայփայած իր նվիրական արժեքներից։ Սա է անցյալի «հայրենիքը» ներկայիս «ազգով» փոխարինելու պոետի հիմնական շարժառիթը։ Հատկանշական է նաև, որ բնագրում ազգ («nazione») բառի կիրառումը գաղափարին հավելում է «ծագումի» իմաստը, քանի որ իտալերենում նշված հիմքը ստուգաբանորեն կապվում է «ծնվել» nascere արմատի հետ։

Ա զ գ ի ս

Ո՛չ արաբական, ո՛չ բալկանյան, ո՛չ հինավուրց ժողովուրդ,

այլ ապրո՛ղ ազգ, եվրոպացի՛ ազգ…

և ի՞նչ ես դու այսօր. մանուկ, սոված, այլասերված հող,

կառավարիչդ՝ ֆեոդալի կցորդ, ոստիկանապետդ՝ հետադիմական,

փաստաբան-գրչակդ՝ լպստած մազերով, կեղտոտ ոտքերով,

պետական այրդ՝ լիբերալ ստահակ, մոլի վանական,

զորանոց ես, դպրոց, անվճար լողափ, ա˜յ քեզ խենթանոց․․․

Լիքը պստիկ բուրժուաներ բյուրավոր խոզերի պես

արածում են հրմշտվելով պալատների տակ ապահով,

ուր ամեն գաղութատուն վանքի պես է վեր խոյացել։

Հենց քանի որ դու եղել ես, այժմ գոյություն չունե՛ս,

Հենց քանի որ գիտակից էիր, զու՛րկ ես գիտակցությունից։

Եվ լոկ խաչովդ կաթոլիկ երբեք հանկարծ չկարծես,

թե քո վատը վատ է բոլորին. այդ կարծիքը վա՛տն է ամենից։

Սուզվի՛ր քո այս հրաշք ծովում․ ազատի՛ր աշխարհը քեզնից։

 

Պիեր Պաոլո Պազոլինի, Իմ ժամանակի կրոնը, 1961

Նախաբանը և թարգմանությունը բնագրից՝  Գրիգոր Ղազարյանի

Բ.գ.թ․, դոցենտ
ԵՊՀ ոոմանական բանասիրության ամբիոնի Իտալերեն լեզվի և գրականության բաժին

[1] Pasolini e lo stato borghese degli italiani  // Lo stato degli italiani

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *