Մենք բաժանվեցինք,
Եւ ես զգում եմ, ասես,
Կիսել են հոգիս ու մարմինս,
Ասես՝ պիտի դուրս գամ փնտրելու եդեմական ծաղիկ,
Որ ապրեմ գոնե մահականացուիս կյանքը,
Այնինչ ուզում էի կատու լինել,
Որ ինը կյանք ապրեի,
Որ իննում էլ քեզ սիրեի:
Մենք բաժանվեցինք,
Ու նկարը, որ պատերազմի դեպքում
Պիտի ծոցումդ պահեիր,
Չի պատռվել, չի ջնջվել, չի թաղվել,
(կուղարկեմ Գրանիշին, որ սրա հետ դնի)
Պատռվել եմ, ջնջվել եմ, չեմ թաղվել:
Պատերազմ չեղավ սահմանին,
Իսկ այս կռվից իմ դիակն ու՞մ են հանձնելու,
Դու ես հարազատս:
Ռումբերի տակ վազելն ավելի հեշտ է, քան ավերակների վրայով քայլել,
Եւ հիմա կանգնած ենք.
Դու՝ քո ավերակների առաջ,
Ես՝ իմ,
Ու քեզնից հետո չի գալու մեկը, որ ինձ հավաքի,
Ու ծվեններս մնալու են այսպես,
Մարմինս՝ այստեղ,
Իսկ հոգիս …
Առավոտյան կիսել սարքելիս միամիտ թափե՞լ ես:
Եւ ինձ մնում է գրել բանաստեղծություն,
Որտեղ խոսում եմ քո մասին,
Իմ կիսվելու ու քո կիսելի,
Ու գոնե այսպես միանա մարմինս հոգուս:
Դու՝ մի Ոդիսեւս,
Իսկ ես՝ Պենելոպե,
Վերադարձիր:
Պիստակով պաղպաղակի մասին
Եւ նստել մետրո,
Եւ հենվել ապակուն,
Եւ նայել արտացոլանքին,
Մենակ,
Մենակ,
Մենակ,
Եւ հենվել ապակուն,
Ոչ թե ուսիդ։
Ու միալար կյանքը քարշ տալ
Իմ փխրուն ուսերին։
Մենակ,
Մենակ,
Մենակ։
Եւ ոչ մի ծանոթ`
Աշխատանքից տուն վերադառնալիս։
Հալված պաղպաղակներ պիստակով, Տանիքները՝ դատարկ,
Եւ կաթն այլեւս չեն խտացնի հեռավոր Ուկրաինայում։
Ու Մերձավոր Արեւելք մենք չենք գնա միասին։
Ու թե հարցնեն՝ իսկ կարոտն ի՞նչ է,
Ես կասեմ` երեք օր առաջ ես ապրում էի քաղաքում,
Իսկ հիմա ես քաղաքում եմ։
Եւ պետք է կրկին քայլել սովորել,
Սովորել նայել քաղաքին,
Ոչ թե քեզ փնտրել,
Եւ սովորել ինքնուրույն գնալ զբոսանքի,
Ապրել,
Լինել,
Մենակ,
Մենակ,
Մենակ։
Եւ մտածել, որ միայնակ պիտի գրեի,
Այլ ոչ մենակ,
Ու հասկանալ, որ սա հոգու մասին չէ,
Այլ պիստակով հալված պաղպաղակի։