1․
Պահի բերկրանքով ոգևորված՝ չէի կարող պատկերացնել, որ Դիարբեքիրում իմ պոեզիայի ընթերցանությունը կազմակերպած երկու տղամարդիկ երկու տարի անց աքսորի մեջ կամ բանտում կհայտնվեն, և որ քաղաքի պատմական թաղը մեր հեռանալուց ընդամենը մի քանի ամիս անց ամբողջությամբ կավերվի։ 2015 թ․ մայիսը Դիարբեքիրում՝ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող քրդական կենտրոնում, գտնվելու համար խանդավառ ժամանակ էր։ Տասնամյակների բռնություններից և ճնշումներից հետո Թուրքիայում ժողովրդավարության և քրդերի իրավունքների առումով հույսով լի պահ էր: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից անմիջապես հետո Դիարբեքիրում քուրդ բանաստեղծ Քավա Նեմիրի հետ ընթերցանություն կազմակերպելու առթիվ այցս նշանակում էր, որ ես կարդալու և քննարկելու էի իմ ընտանիքի զանգվածային սպանության և նրանց՝ իրենց պատմական հայրենիքից վտարելու պատմությունը: Մի քանի տարի առաջ նման միտքն անհեթեթ կհամարվեր՝ հատկապես հաշվի առնելով Թուրքիայում գործող օրենքներն ու տաբուները։ 2007 թ․ օրը ցերեկով Ստամբուլի կենտրոնում հայ իրավապաշտպան և լրագրող Հրանտ Դինքի սպանությունը նույնպես դեռ թևածում էր օդում: Սակայն այդ գարնանը, ընտանիքիս հետ ուխտագնացության ճամփին դեպի արևելյան Թուրքիայի տարածքում գտնվող պատմական Հայաստան, ժողովրդավարության նոր հովերն ինձ մեծ հույս էին ներշնչում:
Այստեղ մշակութային հեղափոխություն էր տեղի ունենում՝ մի երկրում, որտեղ քսանմեկերորդ դարի առաջին տարիներին դեռ «քուրդ» բառը հրապարակավ օգտագործելը հակաօրինական էր, որտեղ քրդական ավանդական տարազը, դպրոցները և ռադիոն անօրինական էին համարվում։ Թուրքիայում ապրում էր տասնհինգ միլիոն քուրդ՝ Թուրքիայի բնակչության մեկ քառորդը, երկրի ազգային ամենամեծ փոքրամասնությունը և աշխարհի ամենախոշոր պետականություն չունեցող էթնիկական խումբը՝ մարդիկ, որ օրենքի ուժով ստիպված էին իրենք իրենց «լեռնային թուրքեր» անվանել։ Քրդերի քաղաքացիական իրավունքների համար տասնամյակներ մղված պայքարի, Թուրքիայում որոշ ազատական ուժերի և Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու սպասելիքների հետևանքով Եվրոպայի ճնշման արդյունքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու իր վարչակազմը համաձայնել էին օրինականացնել քրդերենը, քրդական ռադիոն և ավանդական տարազը։ Սակայն փողոցներում այս նոր ոգևորության ալիքի մեջ իսկ ամենուրեք իր ներկայությունն էր ապահովել թուրքական պետությունը։ Ռազմական ամենագնաց, ինքնաձիգներ, փողոցների անկյունադարձերում ոստիկանություն։ Իսկ մեր հյուրանոցի բակից ընդամենը մի քանի յարդ հեռավորության վրա ռազմաբազայի մետաղյա կանաչ ցանկապատը կարծես մղոններով ձգվեր։ Վառոդի տակառ հիշեցնող այդ տարածքում քրդերը մեզ ողջունում էին հրճվանքի և հուսալքության միախառնությամբ, այսպես ասած․ «Ուրախ ենք ձեզ տեսնել, մեզ այստեղ մենակ չթողնեք»։
Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) [1] և Թուրքիայի կառավարության միջև կեղտոտ պատերազմը 1980-ականների կեսերից ի վեր 30-40 հազար քրդերի և, անկասկած, հազարավոր թուրք զինվորների կյանք է խլել։ 2015 թ․ ամառվանից սկսած քրդական շարժման վրա հարձակումները հանգեցրին հարավ-արևելքում 4000 գյուղերի ավերման, ինչպես նաև 400 հազարից մինչև մեկ միլիոն մարդկանց տեղահանման: Դիարբեքիրի բանտը՝ աշխարհի վատթարագույն բանտերից մեկը, վայր է խոշտանգումների, սպանությունների և քուրդ երիտասարդների բազմաթիվ ինքնասպանությունների։
Կյանքիս մեծ մասի ընթացքում մտովի պատկերացրել եմ Դիարբեքիրը, քանի որ այն դարեր շարունակ եղել է իմ մայրական տատի ու պապի ընտանիքների տունն ու նրանց զանգվածային սպանության վայրը 1915 թ․ Հայոց ցեղասպանության ժամանակ։ Քաղաքն ու նույնանուն վիլայեթը հայերի կոտորածների էպիկենտրոն են եղել սկսած 1895 թ․-ից, երբ ջարդերի առաջին ալիքները սկսվեցին սուլթան Աբդուլ Համիդի օրոք: 1915 թ․ Դիարբեքիրը սպանդի նույնքան սարսափելի դաշտ էր, ինչպես Թուրքիայի այլ մասերը, քանի որ նահանգապետ Մեհմեդ Ռեշիդը նույնքան մոլեռանդորեն էր լծվել Թուրքիայում հայերին բնաջնջելու գործին, որքան Հայոց ցեղասպանության ճարտարապետը՝ ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան։
Տատս՝ իր մեծահարուստ վաճառականների մեծ ընտանիքից միակ փրկվածն էր․ մնացածին քրդական ոճրագործ ջոկատները հանել էին իրենց տներից և սպանել 1915 թ․ օգոստոսի առաջին օրերին։ Նրա ընդամենը երկու տարեկան զարմիկները, քույրերն ու եղբայրները, հարազատներն ու ծնողներն այն 120․000 հայերից էին՝ վիլայեթի բնակչության մեկ երրորդը, որոնք սպանվեցին կամ բռնի տարագրվեցին: Տատս՝ Նաֆինան, իր եղբայրներից ու քույրերից ամենաերիտասարդն էր, նա կարողացել էր վերապրել Սիրիական անապատով մահվան երթը՝ իր երկու մանկահասակ դուստրերի՝ Զվարթի (Գլեդիսի) և Արշալույսի (Էլիսի) հետ: Նրա առաջին ամուսինը՝ Հակոբ Չիլինգարյանը, մահացել էր մահվան երթի ժամանակ՝ այդ անապատում ինչ-որ տեղ: Մինչև 1915 թ․ սեպտեմբերը նրանք փախստականներ էին Հալեպի մի սովահար և հիվանդությունների մեջ կորած թաղում, որտեղ հաջորդ հինգ տարիների ընթացքում Նաֆինան դերձակությամբ պիտի գումար վաստակեր, որի արդյունքում միջոցներ կկուտակեր ԱՄՆ մեկնելու համար։ Նյու Ջերսիում՝ Պատերսոնում, որտեղ նա հասել էր Էլիս կղզով, ամուսնացել էր պապիս՝ Պետրոս Արուսյանի հետ և ունեցել էին երկու դուստր՝ Լյուսիլին և մորս՝ Արաքսին։
Ուխտագնացության էինք՝ մայրս, քույրերս, եղբայրս, դուստրս, որդիս, փեսաս, զարմիկներս և երկու ընկերներս, ճամփորդության ընթացքում մեզ ուղեկցում էին Լոս Անջելեսից ամերիկահայ երկու արտակարգ զբոսավարներ՝ Արմեն Արոյանն ու Անի Կաչեկյանը, որոնք Արևելյան Թուրքիայի պատմական Հայաստան հարյուրավոր խմբեր էին տարել: Մեր սպիտակ «Մերսեդես» ֆուրգոնով Դիարբեքիր մտնելուն պես ասես անցյալի ուրվականները հառնեցին: Մղձավանջների քաղաք էր։ Տիգրիսի ջրերում լողացող դիակներ։ Այծի կաշվից պատրաստված այրվող լաստանավեր։ Կիզիչ արևի տակ ճանապարհներից առևանգված կանայք։ Կոտրված ապակու կույտեր։ Այրվող տներ և խանութներ։ Քաղաքի հնագույն պատերի մեջ պարփակված անձավների և քարայրերի մեջ թակարդված երեխաներ։ Ռազմական ոստիկանության կողմից բռնագրավված հայկական ամառանոցներ, ագարակներ և տներ։
Կապույտ մեծ ճանապարհային նշանի վրա «Բարի գալուստ Դիարբեքիր» գրություն՝ քրդերեն, թուրքերեն, հայերեն և ասորերեն՝ երևույթ, որը մինչ այս պահն աներևակայելի էր: Քաղաքապետ Օսման Բայդեմիրը՝ իրավապաշտպան, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ)[2] անդամ, և այլ խիզախ քուրդ քաղաքական առաջնորդներ, ինչպիսին է Սելահաթթին Դեմիրթաշը, անցած տասնամյակի ընթացքում աշխատանք էին տանում Դիարբեքիրը Թուրքիայում քրդական մշակույթի կենտրոն դարձնելու ուղղությամբ: Կարծես հույս էր առաջացել խաղաղության և ժողովրդավարության նոր դարաշրջանի համար մի երկրում, որն անցած քառասուն տարիների ընթացքում մարդու իրավունքների ամենավատ ցուցանիշներից մեկն է ունեցել աշխարհում․ հույս՝ ամենամեծ ազգային փոքրամասնության համար, որը տասնամյակներ շարունակ մշակութային ազատության և կառավարությունում ներկայության էր ձգտում։ Մեր ֆուրգոնը հասավ շողշողացող սպիտակի մեջ «Հիլթն» հյուրանոց, դուրս եկա մեքենայից, չոր ու տաք օդը պարուրեց ինձ, նայեցի ներքև՝ մոտ 300 ոտնաչափ դեպի Տիգրիսի շագանակագույն ջուրը և շրջակա կանաչ մշակահողերը։ Ապա շրջվեցի, մի քանի ոտնաչափ այն կողմ տեսա փշալարերով ցանկապատը, որը պարփակում էր ջիպերով և հրացանակիր զինվորներով լի հսկայական ռազմաբազան: Հնագույն քաղաք, գետ, մշակահողեր, փշալարեր, ռազմաբազա, զբոսաշրջային հյուրանոց։ Կկարողանա՞մ արդյոք գտնել իմ տատի ու պապի կորսված աշխարհը:
Հյուրանոցում գրանցվելուց հետո վերադարձանք մեր մեքենան և ուղևորվեցինք դեպի քաղաքի սև բազալտե պարիսպները։ Մոտ 297 թ․ հռոմեացիների կառուցած երեսուն ոտնաչափ բարձրությամբ պարսպապատերը Դիարբեքիրն ավելի քան հինգ մղոնանոց օղակի մեջ են առնում՝ տեղ զբաղեցնելով աշխարհի ամենաերկար ամբողջական քաղաքային պարիսպների ցուցակում: Երեսունհինգ նեղ քարե աստիճաններ հաղթահարելուց հետո դուրս եկանք հսկայական հրապարակ, որտեղից նայեցինք Տիգրիսին և հետևում ընկած դաշտերը պատած բրոնզե լույսին: Երեկոյան զբոսնեցինք հին քաղաքի սալարկված նեղլիկ փողոցներով, որտեղ համեմունքների և կտորեղենի խանութները լեփ-լեցուն էին մարդկանցով։ Խորոված քաբաբի ծուխ, կույտերով դիզված և զամբյուղներով ընկուզեղեն, չրեղեն և համեմունքներ: Խանութի կիսածածկերից թելերով կախված չորացրած սմբուկներ և պղպեղներ, խոտաբույսեր, սուջուխ, բաստուրմա: Տղամարդիկ և կանայք՝ ավանդական տարազներով՝ բաճկոնակներ, ապարոշներ, մեջկապեր, ոսկե քամարներ, փիրուզագույն քոլոզներ, կարմիր շապիկներ, մանուշակագույն զգեստներ, սաթե վզնոցներ։ Շուրջբոլորը քրդական Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության[3] (ԺԴԿ) եռանկյունաձև դեղնականաչ դրոշներն էին ձգվում փողոցներով և հրապարակներով։ Կարս և Էլազիկ քաղաքների օրինակով, կարծում էի, թե այդ ոգևորությունն էլ կմարի, սակայն այստեղ փողոցներում մարդիկ էին, լույսեր, երգ ու պար՝ ԺԴԿ-ի հնարավոր հաղթանակով պայմանավորված նոր ապագայի ակնկալիքով։ Մենք Արմենին մի կերպ համոզեցինք ընթրել ոչ զբոսաշրջային որևէ տեղում, և նա մեզ ուղեկցեց երկրորդ հարկում գտնվող ռեստորան, որի մեծ պատուհանները նայում էին դեպի փողոցային լույսերն ու խանութները։ Շուտով մեր սեղանին հայտնվեցին թթուների, կծու պղպեղով համեմված խորոված սոխի, քրդական թանձրուկի (սալսա) սկուտեղներ, տաք պիտա հաց և խրթխրթան, կծու լահմաջո, որն ամենահամեղն էր, ինչ համտեսել էինք Թուրքիայում: Ապա հերթը հասավ տաք տոլմայի սկուտեղներին՝ բրնձով և գառան մսով լցոնած սմբուկ, պղպեղ, լոլիկ, դդմիկներ՝ գինձով, քիմոնով, բահարով և հալեպյան կարմիր պղպեղով: Գինձով և սխտորով ապխտած գառան քուֆտա ու հավի քաբաբ, լավ խորոված պղպեղի կույտեր, բլղուրով թասեր և Անատոլիայում ամենուրեք տարածված մածնաջրով ու դաղձով պատրաստված ըմպելիքի՝ թանի կժեր: Բուրմունքների անհնազանդություն, որն ինձ տարավ տատիս խոհանոց:
Առավոտյան նախաճաշի սեղանին՝ չորեկներով ու հարած հավկիթի մեջ թաթախված հյուսված հացեր, զաթարով հաց, ծիրանի, բալի, սերկևիլի և թթի մուրաբաներ, մեղրախորիսխ, ձիթապտուղ, թթուներ, սև սերմերով ու պանրով ձողիկներ, և մենք՝ արդեն կուշտ, նայում ենք Տիգրիսի վրա փայլփլող արևին: Կեսօրին նստած էի բանաստեղծ Լալ Լալեշի, պատմաբան Շեյմուս Դիքանի և բարերար Օսման Քավալայի հետ Հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու բակում, որը փայլուն կերպով վերականգնվել էր տեղական քրդական և սփյուռքահայ համայնքների միասնական ջանքերի շնորհիվ՝ այստեղ մշակութային վերածննդի մեկ այլ զորեղ արտահայտություն։
Այն շարունակում է մնալ Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝ զանգակատուն ունեցող մի տպավորիչ քարաշեն կառույց՝ հայկական անցյալի հրաշալի հարություն: Թափանցիկ ապակե բաժակներով սև թեյ էինք խմում՝ կոկիկ թփերով և քարե քանդակներով շրջապատված։
Քավալան, որն իր՝ ժողովրդավարություն քարոզելու աշխատանքի շրջանակներում մեզ գլուխ գլխի էր հավաքել, թերևս ավելին էր արել, քան մեկ ուրիշը Թուրքիայում էթնիկ խմբերին միմյանց հետ երկխոսելու համար՝ չնայած խիստ արգելքների։ Հանրահայտ էր, որ 1915 թ․ Դիարբեքիրի ոճրագործ ջոկատները հիմնականում քրդերից էին կազմված։ Դա մեր քննարկման թեման չէր, բայց այն կախված էր օդում։ Թուրք խիզախ հրատարակիչ Ռագըփ Զարաքօլուի պես, որը տասնամյակներ շարունակ վտանգել էր իր կյանքը՝ հրատարակելով ազգային փոքրամասնությունների՝ հայերի, ասորիների, հույների, քրդերի ներկայացուցիչ գրողների (ինձ նույնպես) և այդ փոքրամասնությունների մասին արգելված թեմաներով գրքեր, Քավալան ասես վախ չունենար: Նա մանկավարժ, արվեստագետների մեկենաս, մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության ջատագով էր բարդ խճանկար՝ Թուրքիայում: Մի ծեր ազգայնական իրավաբան ինձ մի առիթով ասել էր․ «Նա մեզ շատ բան է սովորեցրել այն մասին, թե մենք ով ենք»։
Դիքանը մեզ տարավ հին թաղով շրջելու՝ նեղլիկ սալարկված փողոցներով, որտեղ ես պատկերացնում էի իմ մեծ հորեղբայրների՝ Տիգրանի և Հարությունի կտորեղենի խանութները, սրճարաններ ու կրպակներ մտնել-ելնելով՝ նա մատնացույց էր անում այն նորաոճ ռեստորանները, որոնք ժամանակին վեհաշուք հայկական տներ են եղել։ Ցեղասպանության նախօրեին Դիարբեքիրը քահանաների և խոջաների, մոլլաների և ռաբբիների բազմամշակութային քաղաք էր, որոնք միախառնվում էին դարչնագույն և սպիտակ քարից բաղնիքների, եկեղեցիների, մզկիթների և սինագոգների շուրջ: Քրդեր, հայեր, թուրքեր, սիրիացիներ, ասորիներ, հույներ, հրեաներ և եվրոպացիներ։ Խաչուղիների վրա աշխարհաքաղաքացի մի քաղաք։ Երբ Դիքանը մեզ ծանոթացնում էր խանութպանների և ռեստորանատերերի հետ, մեզ ողջունում էին բառերով, որոնք զարմացնում էին մեզ՝ «Ինչ որ ունենք՝ ձերն է», «Մեր քաղաքում ամեն ինչ ձերն է», «Բարի վերադարձ», «Այս հողը ձեր հողն է»։ Դա հակառակ պատկերն էր նրա, ինչ տեսել էինք երկրի խորքում գտնվող Կարսում և Էլազիկում, որտեղ զգում էինք, որ մեզ որպես ներխուժած վտանգավոր տարր են դիտում։ Անընդհատ հիշում էի իմ ընկեր Նվարդին Ստամբուլից. «Թուրքիայում հայերից ավելի ատելի խումբ չկա։ Հետո հաջորդում են,- ասել էր նա,- հույները, հրեաները, ապա՝ քրդերն ու ալևիները»։ Նախագահ Էրդողանը հաստատեց դա, երբ իր վրդովմունքն արտահայտեց ընդդիմադիր կուսակցության հասցեին. «Նրանք ինձ ավելի տգեղ բաներ էին ասում»,- փրփրել էր նա,- ինձ հայ էին կոչում»։ Սակայն Դիարբեքիրում քրդերի ցուցաբերած ջերմությունը զինաթափող էր, մանավանդ որ նրանց նախնիները մասնակցել էին իրենց հայ հարևանների սպանություններին ու կողոպուտին։
Մեր ճամփորդությունից ընդամենը մի քանի շաբաթ առաջ մորաքույրս տատիս թղթերի միջից հայտնաբերել էր մի քանի կորած էջ։ 1915 թ․ օգոստոսի 1-ին նա գրել էր․
«Ամառվա շոգ օր էր, և բարկ արևը հյուծել էր կանաչ մարգագետինները, իսկ ծաղիկները թոշնում էին։ Կարծես նույնիսկ բնությունն էր մեզ ինչ-որ բան ասում մեր ճակատագրի մասին. դա հենց այն օրն էր, երբ մեր ընտանիքի գլխին սև իջավ: Ուղիղ կեսգիշեր էր, երբ լսեցինք ժանդարմների ահագնացող ոտնաձայները և սրերի թույլ շկահյունը, որը գիշերվա լռության մեջ մեզ սարսափով համակեց։ Ապա իրենց ջորիներով ժանդարմների բարբարոս քրդական խումբ հայտնվեց։ Հրամանատարը ոտքից գլուխ զինված էր ու շքեղ հագնված, նա դարձավ դեպի իր փնչացող ձին և հրամայեց մեր մուտքի դռան մոտ կանգնած ժանդարմներին պատրաստվել, որպեսզի մեկ ժամվա ընթացքում բոլորիս աքսորեն։ Մեզ տարան մոտ քսան ընտանիքից բաղկացած խումբ։
Եթե ուսումնասիրել եք Հայոց ցեղասպանությունը, գիտեք, որ Թուրքիայի կառավարությունը վարել է «բաժանիր և տիրիր» քաղաքականություն՝ հասկանալով, որ քրդերը կարող են աջակցել հայերին բնաջնջելու գործին, քանի որ դրանից հետո կստանձնեին տարածաշրջանի գերակայությունն ու կտիրանային թալանված հարստությանը: Ենթադրում էի, որ ինձ շրջապատող քրդերն ընդհանուր պատկերացում ունեն իրենց նախնիների դերի մասին՝ հայերի սպանության և նրանց խանութների ու տների յուրացման գործում: Այս քաղաքի հարստության մեծ մասը, ինչպես և Թուրքիայի շատ այլ շրջաններում, ստեղծվել էր սպանված հայերից հափշտակված ավարի վրա: Քանի որ նաև այդքան շատ բռնաբարություններ և առևանգումներ են եղել՝ առնվազն 200.000 հայ կանայք և երեխաներ են առևանգվել ամբողջ Թուրքիայում, այսօր Անատոլիայում բազմաթիվ քուրդ և թուրք ընտանիքներ հայ տատ ունեն: Մեզ հանդիպած քրդերը կարծես թե տեղյակ էին 1915 թ․ հայերի արտաքսման պատմության մեջ առկա հեգնություններին և այն նոր ազատության մասին, որը հայերը գտել էին իրենց ընդունած նոր հայրենիքներում և Հայաստանի Հանրապետությունում: Ի տարբերություն Թուրքիայում մնացած 50.000-ից պակաս հայերի, աշխարհի մնացած ութ միլիոն հայությունն այլևս գյավուր (անհավատ)՝ ատելի քրիստոնյաներ չէին, որոնց վերաբերվում և որակում էին որպես փողի համար մեռած վարպետներ և վաճառականներ, վտանգավոր «մանրէներ», ինչպես երիտթուրքերի կառավարությունն էր անվանում նրանց 1915 թ․, երբ խոսում էր, որ հայերը վարակում են թուրք ազգի քաղաքական մարմինը: Զգում էի քրդերի տարօրինակ նախանձը մեր նկատմամբ։ Նախանձ, որի մեջ մի պտղունց մեղքի զգացում կար: Նրանք դարձել էին նոր հայերը՝ ատելի փոքրամասնությունը։
2․
Հյուրանոցի նախասրահում նստած՝ ինձ էր սպասում բանաստեղծ Քավա Նեմիրը։ Մոտ քառասուն տարեկան մոդայիկ տեսքով տղա՝ սև մորուքով ու խիտ, թուխ մազերով, նախօրեին նշել էր, որ մի քանի տասնյակ բրիտանացի և ամերիկացի բանաստեղծների էր քրդերեն թարգմանել։ Մտածել էի, որ նկատի է ունեցել մի քանի տասնյակ բանաստեղծություն։ Սակայն իր պայուսակից հանեց Էմիլի Դիքինսոնի, Ուոլթ Ուիթմենի, Թ.Ս. Էլիոթի, Վ.Բ. Եյթսի, Էդնա Սենտ-Վինսենթ Միլլեյի, Սթիվեն Քրեյնի, Սարա Թիզդեյլի, Շեքսպիրի սոնետների և այլոց քրդերեն թարգմանությունների մի շարք երկլեզվյան ժողովածուներ: Նեմիրի գրքերը, գիտելիքները, պոեզիայով ապրելը ինձ ոգևորեցին: Տնից 8000 մղոն հեռու գրչակից բանաստեղծ գտնելն ինձ հիշեցրեց, որ գրական համերաշխությունը միեղին է: Նեմիրը գրքերը տեղավորեց ձեռքերիս մեջ՝ «Խնդրեմ, սրանք ձերն են»: Հայտնի «Գաբո խոհանոցի»՝ քաղաքի միակ վեգան սրճարանի պատուհանից տասը ոտնաչափ հեռավորության վրա, ինձ ցնցեց մի մեծ պաստառ, որն իմ ու Նեմիրի դեմքերով մեր ընթերցանության ազդագիրն էր: Սա՞ էր այն քաղաքը, որտեղ հարյուր տարի առաջ կոտորել էին տատիս ընտանիքին: Սրա՞նք էին արյունով, ճիչերով ու մահով լցված փողոցները: Մտանք սրճարան՝ իր էսպրեսսո բարով և անուշեղենի ու սենդվիչների ապակե տարաներով, այն կարող էր և Գրինվիչ Վիլիջ[4] լինել: Իրականությունն ու պատրանքը ներհոսում էին մեկը մյուսի մեջ: Ես ինձ տարածությունից և ժամանակից դուրս էի զգում: Սրճարանը լեփ-լեցուն էր ջինսով ու շապիկներով, շարֆերով ու գլխաշորերով, էսպրեսսո ու գարեջուր խմող, սենդվիչ ուտող երիտասարդներով ու տարեցներով: Մի պատի երկայնքով իրենց ձայնագրիչներով կանգնած էին լրագրողները։ Օսման Քավալան՝ բարձրահասակ և նիհար, խիտ մորուքով և գանգուր մազերով, հենվել էր բարին, ասես ցանկանալով հնարավորինս աննկատ մնալ։ Խաղաղության պահապան, ժողովուրդներին սիրող Քավալան այստեղ էր, որպեսզի համոզվեր, որ ամեն ինչ հարթ է ընթանալու: Լուսանկարներում, որոնց նայում եմ երեկոն վերաստեղծելու համար, տեսնում եմ Նեմիրին՝ կրեմագույն պոլո շապիկով և խակի չինոներով[5], մազերը շողշողում են գլխավերևի լույսի ներքո: Ես մետաքսե սև կարճաթևով և սև ջինսերով եմ՝ խոսափողը ձեռքիս հենված եմ սեղանին: Մեր հետևի պատին Գաբրիել Գարսիա Մարկեսի հսկայական լուսանկարն է, որը նստած կարդում է «Հարյուր տարվա մենությունը»:
Նեմիրը և ես որոշել էինք, որ ես կարդալու էի հինգ-վեց բանաստեղծություն, նա թարգմանելու էր յուրաքանչյուրից երկու տուն, և ապա ամփոփելու էր իր մի քանի բանաստեղծությամբ:
Փորձում եմ խուսափել առաջին շարքում նստած ընտանիքիս հետ հայացքով հանդիպելուց, քանի որ տեսնում եմ, թե ինչպես են նրանք լայն բացված աչքերով ինձ վրա սևեռված, ինչն ուժեղացնում է մի վատ բանի սպասումը: «Ի՞նչն է խանգարում թուրքական ոստիկանությանը մեզ բոլորիս բանտ նետել»,- կրկնեց եղբայրս նախաճաշի ժամանակ: Լուսանկարում նա կանգնած է սրճարանի հետևում՝ ապակե պատին հենված և մտահոգ տեսք ունի:
Ե՛վ քրդերեն, և՛ անգլերեն լեզուներով Նեմիրը դիմում է նաև դրսում հորդացող հանդիսատեսին։ Նայում է ընտանիքիս կողմը և ասում․ «Այս հողը ձեր հողն է, և այս քաղաքը ձերն է»: Այնուհետև դիմում է բոլորին. «Մեր ընկերներն ու համախոհները եկել են տեսնելու իրենց նախնյաց հայրենիքը, խնդրում եմ ողջունեք նրանց»: Ծափահարություններ։ «Մեզ համար մեծ պատիվ է այստեղ՝ մեր քաղաքում, հյուրընկալել բանաստեղծ Փիթեր Բալաքյանին,- ապա հնչում են ավելի բուռն ծափահարություններ և Նեմիրի ավելի հուզումնալից հայտարարություններ: Այնուհետև ինձ ցնցում է այն հավանական փաստը, որ անգլիախոս աշխարհի ոչ մի այլ բանաստեղծ Դիարբեքիրում ընթերցանություն չի արել՝ վստահաբար ոչ 1922 թ․-ից ի վեր, երբ սկիզբ առավ Թուրքիայի Հանրապետությունը: Ինչն առավել տարօրինակ է՝ ընթերցողը ամերիկահայ բանաստեղծ է քաղաքական խառնակ ժամանակներում: Կախված լամպերի փայլը և մայր մտնող արևը սենյակը վերիրական նարնջագույնով են լցնում, և ես կրկին հիշեցնում եմ ինքս ինձ, որ գտնվում եմ Քրդստանում, Թուրքիայում, պատմական Հայաստանում, Հարավարևելյան Անատոլիայում:
Վերադառնալով Նյու Յորք՝ Համիլթոն, լսում եմ իմ խոսքը այֆոնի ձայնագրությամբ, որը քույրս՝ Փեմն էր արել այդ երեկո: «Տասնամյակներ շարունակ երազել եմ այս վայրի մասին և գրել եմ այս վայրի մասին։ Չէի սպասում, որ պիտի գտնեմ այն, ինչ այսօր գտա այստեղ։ Եթե ինձ այն ժամանակ ասեիք, որ գալու եմ Դիարբեքիր տատիս ընտանիքի զանգվածային սպանությունից հարյուր տարի անց, որպեսզի ընթերցեմ քուրդ բանաստեղծի հետ, կասեի՝ խենթ եք։»
«Հարյուր տարի առաջ այս օրը տատիս ընտանիքն ապրում էր այստեղ, որտեղ իրենց ընտանիքներն ապրել էին դարեր շարունակ: Այսօր մայրս՝ Արաքսը, ունկնդիրների շարքում է։ Նա տատիս չորս դուստրերից ամենաերիտասարդն է և ծնվել է Ամերիկայում՝ տատիս՝ ջարդերից և հայրենի օջախից տարագրումից փրկվելուց հետո: Նա մեծ բարեկեցիկ ընտանիքի միակ վերապրածն էր»,- խոսափողը փոխանցում եմ Նեմիրին, որը նույնը քրդերեն է թարգմանում։
Ընթերցում եմ մի շարք բանաստեղծություններ իմ վաղ շրջանի գրքից՝ «Լուսո տխուր օրեր»-ից, բանաստեղծություններ, որոնք վերաբերում են «Հին երկրին», հիշողությանը, կորսված մշակույթին և տատիս դաժան անցյալին: Վաղ գործեր են, բայց այս պահին տեղին են թվում:
Տատիս վերադարձին
Փոշոտ գորգերի համար
Եվ կապույտ արմերի ներկի,
Գառան գունատ կարմիր որովայների համար
Դու վերադառնում ես։
Արույրե շերեփի համար
Եվ ծակոտկեն սև կաթսայի
Քո հրակեզ բիստրոյից
Անունդ եմ տալիս թռչնի պես։
Մանուշակագույն մրգի համար
Ստեպղինների՝ ասես կտրած մատներ,
Խոնավ գետահատակի համար՝
Մարմիններով լի,
Դու վերադառնում ես։
Այծերով դաշտի համար՝
Խոնավ ու գորշ,
Սմբակների և սուր ոսկրերի համար
Արգանակում լողացող,
Թափահարում եմ քամով լի ձեռքերս։
Շուռ եկող տակառի համար
Կարմիր պղպեղներով,
Աղացած ցորենի սարի համար,
Ջարդված վզերի
Մեղրադդումների գեր և սերմով լի,
Ես բաց եմ պահում կոկորդս։
Տղա երեխաների շուրթերի համար
Խածոտած
Կույսերի դարչնագույն աչքերի համար,
Որ մայում են բլրի վրա։
Աղջկադ փեշի համար,
Որ դողում է լճի ափին,
Նրա ձեռքի մանվածքի համար
Իր հոր վերջին ճիչից քանդվող։
Գառան համար ծակված
Մղկտացող բացվածքից
Մինչև կարմիր ատամները,
Շամփուրի վրա
պտտվող գառան համար
արևի պես,
Աչքերի համար, որոնք ընկնում են
Կրակի մեջ,
Լեզվի համար՝ փափուկ և ամբողջական,
Թոքերի համար՝ մխացող
Տերևների պես
Կրծքերի համար՝ հոսող
Դեղին կաթի պես
Եվ ստամոքսի, որ պիտի սիրտ տա
Իր մի բուռ օրերը
Ինչպես կարմիր ջուրը, որ թափվում է
Հոսանքի մեջ։
Թափահարում եմ թռչուններով լի ձեռքերս
լի չոր պոռթկումներով
լի այրվող հագուստներով,
Եվ դու վերադառնում ես,
Դու վերադառնում ես։
Այնուհետև կարդում եմ մի հատված մարդու իրավունքների դատական հայցից, որը տատս ներկայացրել էր Թուրքիայի կառավարության դեմ 1920 թ․՝ ԱՄՆ հասնելուց հետո, որը հրատարակիչս ֆաքսիմիլեով վերարտադրել էր իմ՝ «Ճակատագրի սև շունը» հուշագրության մեջ: Նեմիրն այն ընթերցում է քրդերեն՝ թարգմանելով գրքի թուրքերեն հրատարակությունից։
63-րդ մեջբերումում ասվում է․ – Օգոստոսի 1-ի դրությամբ ժանդարմները պաշարել էին Դիարբեքիրի մեր թաղը․․․ նույն օրը մահվան սպառնալիքով նրանք տեղահանեցին մեզ՝ հայերիս․․․ երեք օր ճամփա անցնելուց հետո մեկ առ մեկ սպանեցին տղամարդ աքսորյալներին, որոնցից ընդամենը մի քանիսին հաջողվեց փրկվել։ Այսպես անգթորեն սպանվեցին իմ եղբայրներն ու քույրերը․․․ Երեսուներկու օր մենք ստիպված էինք թափառել լեռներով ու ձորերով։ Սովն ու հոգնածությունը՝ դաժան ժանդարմների մտրակից ուժգնացած, նվազեցրին աքսորյալների թիվը։ Բազմաթիվ զրկանքներից հետո, որոնք նկարագրելու համար շատ ժամանակ կպահանջվի, 1915 թ․ սեպտեմբերի սկզբին մի քանի կանայք և երեխաներ՝ նրանց թվում ես, հասանք Սիրիա՝ Հալեպ»:
Նայում եմ Նեմիրին և զարմանում, թե ինչպես չի կորցնում ինքնատիրապետումը: Ավելի վաղ հարցրել էի նրան՝ արդյոք նորմա՞լ է, որ կարդա այդ տողերը, իսկ նա ժպտացել և ասել էր՝ իհարկե, բայց ես դեռ անհանգիստ եմ նրա համար: Ոչ մի միջոց չունեմ գնահատելու, թե որչափ վտանգի է իրեն ենթարկում:
Հանդիսատեսը լռում է, մինչ ես ևս մի քանի բանաստեղծություն եմ ընթերցում: Նեմիրն ավարտում է իր և հույն բանաստեղծ Յանիս Ռիցոսի մեկական բանաստեղծություններով:
Նստած լսում և զարմանում եմ, թե ինչպես է նա կարողանում պոեզիայի կյանքով ապրել այսպիսի վայրում: Որքան դյուրին է իմ աշխարհը՝ իր շաբաթային[6] արձակուրդներով, դրամաշնորհներով, գրողների համաժողովներում անցկացրած ամառներով և արվեստագետների համայնքներում: Արդյոք մենք՝ ամերիկացի գրողներս, բավականաչափ պատկերացո՞ւմ ունենք այն մասին, թե ինչ պետք է անեն քուրդ, չինացի, սիրիացի կամ մյանմարցի գրողները գրելու համար:
Ուզում եմ Նեմիրին հարցնել, թե ինչ է նշանակում Էմիլի Դիքինսոն և Շեքսպիր թարգմանել քրդերեն՝ թուրքական բանակի խաչաձև կրակոցների արանքում, սակայն ինձ պոկում-տանում են լրագրողներով շրջապատված սեղանի մոտ:
Հաջորդ մեկ ժամվա ընթացքում ինձ հարցախեղդ են անում, մինչ ես շարունակում եմ նայել դռան կողմը՝ համոզվելու համար՝ արդյոք անհանգստանալու բան իսկապես չկա, սակայն կան միայն երեկոյան ջերմ օդը, հասմիկի բույրը և քրդական երաժշտության հնչյունները: Սենյակում ամբոխի աղմուկն ու էսպրեսսոյի բաժակների բզզոց է, և ես հնարավորինս լավ եմ հարցերի պատասխանում՝ ի դեմս այս խելացնոր էներգիայի՝ ընդգծելով, որ «Ինչ էլ որ զգում ես մշակույթիդ և նրա պատմության հանդեպ, պետք է դրանից արվեստ ստեղծես, ինչպես արեց Գարսիա Մարկեսը»: Բոլորը գլխով հաստատում են և լայն ժպտում։ Այնուհետև Նեմիրը վերցնում է խոսափողը և ինչ-որ բաներ ասում քրդերեն, ապա լրագրողը հարցնում է, թե ինչ է մայրս զգում՝ գտնվելով իր մոր հայրենի քաղաքում, որտեղ և «տեղի է ունեցել ողբերգությունը»: «Իրեն հարցրեք,- ասում եմ ես,- նա այստեղ է»:
87-ամյա մայրս՝ Արաքսը, սև սվիտերով, արծաթյա վզնոցով և սև տաբատով, նստում է սեղանի շուրջը։ Լրագրողը նույնչափ բարձր և հստակ հարցնում է նրան. ի՞նչ եք զգում՝ գտնվելով ձեր մոր և հոր հայրենի քաղաքում, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը: Մայրս սևեռուն նայում է իր առջև, բայց ոչինչ չի ասում։ Վերջապես ցույց է տալիս իմ ուղղությամբ՝ Փիթերին հարցրեք։ Նա կկարողանա պատասխանել։ Մի քանի վայրկյան անց ցածրաձայն ասում եմ նրան․ «Նրանք քեզանից են ուզում լսել, մա՛մ»։ Մի պահ լռում է, ապա ասում՝ ես ավելացնելու բան չունեմ։ Նայում ենք սեղանի շուրջը, և նորից է ասում․ «Փիթերը ձեզ կպատմի այն, ինչ ցանկանում եք իմանալ»։ Մայրս, որը ոչ ամաչկոտ է, ոչ էլ սակավախոս, և հայտնի է սոցիալական անարդարության և պահպանողական քաղաքականության դեմ իր աջ և ձախ արվող խայթիչ քննադատություններով, այժմ լռում է։ Նրա պատկերը մնաց ինձ հետ՝ հարդարված, շագանակագույն ներկված մազերը, գեղեցիկ, պեպենոտ, բարձր այտոսկրերը, ակնոցի հետևից նայող անհույզ, սևեռուն աչքերը:
Մի քիչ զննում եմ նրան և սկսում գիտակցել, որ գուցե նրա լռությունն է պատասխանը և գուցե նույնիսկ ուղերձ է: Նրա վերադարձը հանցագործության վայր նրան գցել է մի իրավիճակի մեջ, որն այս պահին կարծես թե խոսքից անդին է: Քսան քուրդ լրագրողներ՝ Թուրքիայում ապրելու իրենց վշտով և ցասումով լեցուն, սպասում են մորս խոսքին: Իսկ մայրս խոսք չունի։
Մորս մեծացրել են ցեղասպանությունը վերապրած երկու ծնողներ, նա ունեցել է երկու խորթ քույր, որոնք նույնպես վերապրել էին տեղահանությունն ու ջարդերը: Նրա հայրը՝ Պետրոս Արուսյանը, փախել էր Դիարբեքիրից 1895–96 թթ. ջարդերի արյունահեղությունից հետո։ Տարիների ընթացքում փորձում էի պատկերացնել, թե ինչեր է մայրս կուլ տվել, ինչպիսի հարվածներից է զգուշացել, խույս տվել և դիմացել՝ մեծանալով տան մեջ այն ծնողների հետ, որոնց ընտանիքները զանգվածաբար սպանվել են: Մայրս գիտեր, թե ինչու իր մոր կողմից չունի տատ ու պապ, մորաքույրեր, հորեղբայրներ կամ զարմիկներ: Բայց մի անգամ ինձ ասաց, որ այդ մասին երբեք չի հարցրել: Մայրս վերապրած չէր, բայց նա այն էր, ինչ տրավմաների հարցով գիտնական Քեթի Քարութն անվանել է «պատմության ախտանիշ», և իր մեջ կրում էր մի անասելի բան, մի լռություն, որը նրան փոխանցվել էր խոր տրավմայի ենթարկված ծնողներից:
Լրագրողներին ասում եմ, որ անցյալի ցավը թույլ չի տալիս նրան խոսել, և երբ հարցազրույցն ավարտվում է, մայրս սկսում է ինձ հորդորել շուտափույթ դուրս գալ, քանի որ քաղաքի նոր հատվածի մի առանձնահատուկ ռեստորանում սեղան է ամրագրված, և բոլորը քաղցած են։ Արդյոք դա՞ էլ վերապրածի պատասխան չէր։ Նման պատմության դեմ դիմաց կանգնած՝ ուտելուց բացի էլ ինչի՞ մասին պիտի մտածեր: Սեղանին քաբաբ, փլավ ու տոլմա լցրու, մի բաժակ բարձրացրու արևշատության համար՝ կենացդ, լա խայմ, սքոլ, վոթղը սանթե։ Ավելի երկար օր ստացվեց, քան սպասում էինք:
3․
Չորս օր անց արդեն տանը՝ ճերմակ զանգակատնով եկեղեցիներով և խնամքով հարդարված կանաչապատ տարածքներով իմ համալսարանական քաղաքում, հեռուստացույցիս էկրանին տեսա հրատապ լուրը՝ Դիարբեքիրի կենտրոնում ռումբ է պայթել: Ուրբաթ էր՝ հունիսի 5-ը։ Այն պայթել էր ընդհանուր-համապետական ընտրություններից երկու օր առաջ՝ ԺԴԿ-ի հանրահավաքի ժամանակ, որի հետևանքով զոհվել էր հինգ և վիրավորվել՝ հարյուր մարդ: Կատարվածի պատասխանատվությունը ոչ ոք չստանձնեց, սակայն քրդերը դա ընկալեցին որպես ահաբեկչական գործողություն Թուրքիայի կառավարության կողմից։ Ճիշտ այն ժամանակ, երբ ԺԴԿ-ն կանգնած էր Թուրքիայի խորհրդարանում գործուն ներկայություն ապահովելու շեմին՝ ստանալով ազգային ձայների տասը տոկոսը, նախագահ Էրդողանը նոր պատերազմ սկսեց քրդերի դեմ՝ այդպիսով վերջ դնելով Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ-ի) հետ երկու տարի տևած խաղաղության բանակցություններին։ Պատահական չէր թվում այն, որ Թուրքիայի իշխանությունը պատերազմն ընտրեց քրդերի իրավունքների և ավելի ներառական ժողովրդավարության համար մեծ հույսերով լի ժամանակ:
Հետևել արևելքում և հարավ-արևելքում քուրդ բնակչության նկատմամբ թուրքական զինուժի սանձազերծած բռնությունների ժամանակացույցին՝ նշանակում է հետևել քրդական քաղաքների և գյուղերի բարբարոսական ոչնչացման պատմությանը: Հաջորդ երկու տարիների ընթացքում օդային հարվածներն ավերեցին հարավարևելյան Թուրքիան. ՔԱԿ-ի պարտիզանները, սպանելով թուրք զինվորների և ոստիկանների, հակահարվածներ էին հասցնում, և թեև ուժերը խիստ անհամաչափ էին, ՔԱԿ-ի վրեժն Անկարային տվեց բռնությունների քաղաքականությունն իրականացնելու հիմք՝ «ապստամբության դեմ հաշվեհարդար տեսնելու պատրվակով»՝ ինչպես 1915 թ․ հայերի ցեղասպանության մասին զեկուցելիս գրել էր դեսպան Մորգենթաուն:
Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիայի գնահատմամբ՝ 2017-ից մինչև 2020 թ․ քրդական յոթ քաղաքներում, որտեղ ապրում է 1,3 միլիոն մարդ, 52 անգամ պարետային ժամ է սահմանվել, որը երբեմն տևել է երկու շաբաթ և հանգեցրել քաղաքացիական անձանց մահվան: Շուրջ 200.000 մարդ է տեղահանվել այս մարտավարության հետևանքով: Տեղի ժանդարմերիան ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով թիրախավորեց խաղաղ բնակչությանը, և գրեթե ամբողջ Սուրը՝ բացառիկ պատմական շրջանը, որտեղ մենք զգացել էինք մշակութային վերածննդի զարթոնքը, ռմբակոծվեց, հրկիզվեց և բուլդոզերով գետնին հավասարեցվեց: Բոլոր այն վայրերը, որտեղով անցել էինք այդ օրը, այժմ փլատակների էին վերածվել: Հայկական եկեղեցին, թեև կանգուն է, բայց վնասված։
Դիտելով ավերված Սուր թաղի պատկերները համացանցում՝ ավերակների մեջ եմ տեսնում հին Դիարբեքիրը։ Ջարդուփշուր եղած խանութների ու տների փլատակներ։ Փողոցներ՝ տձև պողպատի բեկորներով և փշրված ապակիով: Վիշտը դեմքերին ապշահար քայլող քրդեր։ Հետո պատկերացնում եմ Քավա Նեմիրին խոսափողի մոտ՝ բանաստեղծությունների թղթերը ձեռքին, դեմքին՝ իրիկնաժամի լույսը. պատկերացնում եմ Օսման Քավալային՝ հենված էսպրեսսո բարին, որ ժպտում է քրդերեն և անգլերեն բանաստեղծություններ լսելիս: Նեմիրի և Քավալայի հետ կատարվածը խորհրդանշում է Թուրքիայում դաժան բռնաճնշումների նոր դարաշրջանը: Ի հետևանս 2016 թ․ ամռան ձախողված հեղաշրջման փորձի՝ նախագահ Էրդողանն աշխատանքից ազատեց հազարավոր ուսուցիչների, լրագրողների, գիտնականների և ակտիվիստների և խառնակչության անհիմն մեղադրանքներով ձերբակալեց նրանց: Պատերազմի վերսկսմամբ քրդական գրքերի հրատարակությունն անհնարին դարձավ, և դրանք պարզապես ունենալն իսկ կարող էր ձերբակալության հիմք լինել։ Ոստիկանության հետապնդումներից և հսկողություն սահմանելուց հետո Նեմիրը 2018 թ․ փախչում է Թուրքիայից Ամստերդամ, որտեղ և հիմնում է քրդական գրականության նոր կենտրոն։ Քավալան՝ գաղափարական մշակութային ղեկավարն ու ռահվիրան, որն այն գիշեր քրդերին և հայերին միասին էր հավաքել, ինչպես և հավաքել էր Թուրքիայում բազմաթիվ էթնիկ այլ խմբերի, ձերբակալվեց 2017 թ․ հոկտեմբերին: Նա իր ընտանիքի բիզնես կայսրությունից մնացած ժառանգությունն էր գործի դրել՝ կամրջելու պատմության խոր անջրպետները՝ ստեղծելով ծրագրեր և ինստիտուտներ, որոնք խթանում էին բազմամշակութայնությունը, ժողովրդավարությունը, հանդուրժողականությունը և մարդու իրավունքները: Ստամբուլի Բեյօղլու շրջանի քառահարկ համալիրում գործող նրա «Անադոլու քյուլթուր»[7] կազմակերպությունը լծված էր մշակութային բազմազանության, քաղաքացիական հասարակության և նախկին Օսմանյան կայսրության փոքրամասնությունների մշակույթների վերականգնմանն ուղղված ծրագրերի կազմակերպմանը: Նրա խիզախությունը նույնքան անսպառ էր, որքան շնորհն ու առատաձեռնությունը: Նա ձերբակալվեց 2016 թ․ հեղաշրջման փորձի պատասխան բռնաճնշումների ժամանակ, 2013 թ․ Գեզի զբոսայգու կառուցապատման դեմ բողոքի ցույցերի հետ կապված դավաճանության անհիմն մեղադրանքներով, ապա ենթարկվեց շինծու դատավարության, որն ապտակ էր ժողովրդավարությանը, և այդ ժամանակից ի վեր գտնվում է բանտում: Մի մարդ, որ այդքան շատ բան էր արել իր երկրում հույս և մի փոքր առաջադիմական փոփոխություններ բերելու համար, այժմ զոհն էր դարձել այն նույն ամբողջատիրական կառույցների, որոնք ջանում էր բարեփոխել:
4.
Մեր ուխտագնացությունն ավարտված էր։ Զբոսնեցինք հին թաղով զարմանքի և նույնիսկ հիացմունքի զգացումով։ Պատկերացրեցի մեր նախնիների կյանքն այդ փողոցներում աղետից առաջ։ Մեզ հանդիպած քրդերը մեզ շատ ջերմ էին ընդունել՝ անկախ նրանից, թե ինչ անմեկնելի-անբացատրելի դրդապատճառներ ունեին, նրանք ողջագուրվելու աստիճան ջերմ էին, և այդ ուշադրությունն անսպասելի էր: Զարմուհիս՝ Լիննը, անգամ մի նվիրական ծես կատարեց Սուրբ Կիրակոսի խորանի առաջ. այստեղ դրեց իր մոր, մորաքույր Գլեդիսի և մեր տատի լուսանկարները, ինչպես նաև տատիս սպանված եղբայրների, քրոջ և զարմուհիների մի գեղեցիկ sepia լուսանկար: Մոմ վառեց, աղոթեց և լուսանկարները թողեց խորանի կտորի տակ։ Բոլորս հեռվից հետևում էինք։ Ավելի ուշ ինձ ասաց. «Ինքնաբուխ էր: Ցանկացա նրանց վերադարձնել իրենց ծննդավայրը»։ Թուրքիայից հեռացել էի դրական էներգիայի հսկայական պաշարով, այն էլ, որ մեր վերադարձից ընդամենը մի քանի օր անց տեսնեմ՝ ինչպես է այդ հույսով լի դրվագը լուծվում մարդու իրավունքների և բազմամշակութայնության դեմ Թուրքիայի հարձակումների բռնի պատմության կրկնության մեջ: Հունիսի 5-ին, երբ պայթեց ռումբը, հասկացա, որ Թուրքիայի կառավարությունն իր հին գործելաոճին է անցել: Փոքրամասնական խմբի ցանկացած առաջընթաց պիտի արժանանար պետության հակազդեցությանը: Հաջորդ տարվա ընթացքում փլատակներ և ավերածություններ էի տեսնում հեռուստացույցով, համացանցով և թերթերում: Զգացողություն ունեի՝ ասես ականատեսը լինեի Թուրքիայում սարսափելի պատմության անվերջ վերադարձին, որի մեջ կառավարության կողմից ազգային փոքրամասնությունների վրա հարձակումները և հալածանքներն արդի թեմա են: 1915 թ․ հայերը, սիրիացի քրիստոնյաները-ասորիները և հույներն էին։ Այժմ քրդերն են։ Զարմուհիս՝ Լիննը, ավերածություն ավերածության հետևից տեսնելով ասաց՝ «Զայրույթ, ցնցում և սրտի ցավ զգացի»։ Հետո Օսման Քավալան ձերբակալվեց և բանտարկվեց, իսկ Քավա Նեմիրը կյանքը փրկելու համար փախավ՝ բռնաճնշումների կրկին կյանքի կոչված մթնոլորտի ողբերգական մարմնավորումներ:
2015 թ․ գարնան այդ տարօրինակորեն խաղաղ միջակայքում ինձ հաջողվեց տոնական մթնոլորտում քուրդ բանաստեղծի հետ պոեզիա ընթերցել՝ մի քաղաքում և երկրում, որը մեզ, ինչպես և բոլոր հայերիս համար լի է ուրվականներով: Պոեզիայի ընթերցման փաստը։ Հավաքվելու, մտածելու ու լսելու մի առիթ։ Ես էի այն բախտավոր մեկը՝ մի բանաստեղծ, որին թույլ տվեցին ընթերցել մի վայրում, որն իր նախնիների արյունահեղության վայրն է եղել: «Ընթերցանությունը մշակութային սահմաններից անդին համերաշխության մի պահ էր»,- ավելի ուշ ասաց իմ զարմիկ Լիննը: Իսկապես, մենք այդ օրը համերաշխության պահ ունեցանք սրճարանում՝ Քավա Նեմիրը, Օսման Քավալան, Լալ Լալեշը, Շեյմուս Դիքանը, լրագրողները, քուրդ քաղաքացիներն ու իմ հայ ընտանիքը։ Լսեցինք քրդերեն, թուրքերեն, անգլերեն բանաստեղծություններ։ Այդ օրը նույնիսկ տպավորություն կար, թե ավելի սերտ միջմշակութային կապեր կարող են հաստատվել գրականության առանցքի շուրջ: Քավալան և Նեմիրը՝ մի թուրք և մի քուրդ, մեզ՝ հայ ընտանիքիս, վերադարձրին զրոյական կետ, որտեղ մեր երեք համայնքները ժամանակին անբաժանելի, ողբերգական հարևաններ էին: Արվեստը չի կարող պաշտպանել փամփուշտներից կամ տանկերից, ինքնաշեն պայթուցիկ սարքերից կամ թունավոր գազից, բայց այն հակահարված է տալիս իր հաստատակամ համառությամբ: Բանաստեղծությունները խոսում են հասարակությունների, համայնքների և ազգերի հետ և նրանց համար, իսկ բանաստեղծները նույնն են արել այնքան ժամանակ, որքան գոյություն ունեն հասարակությունները: Ցանկացած բանաստեղծության հյուսվածքն իր բազմատեսակ ձևերով պնդում է մարդու ձայնի իրավունքը և մարդկային բազմազանության հիմնարար փաստը: Բանաստեղծությունները կապում են մարդկանց ներհայեցական լեզվի և մարդու ճանաչման միջոցով: Ավելի լայն իմաստով՝ գեղագիտական պատկերացումները մեզ մղում են դեպի սերը։ Անգլերենից քրդերեն պոեզիա թարգմանելու և քրդերեն գրքեր հրատարակելու մասին Քավա Նեմիրն Ամստերդամի իր նոր տնից տված հարցազրույցում ասում է՝ «ես նման եմ պարտիզանի… Իմ առաջադրանքին շատ լուրջ եմ վերաբերվում և այն երբեք կիսատ չեմ թողնում»: Եյթսը գրել է այն մասին, թե ինչպես է փոխաբերությունն օգնել իրեն՝ «մեկ մտքի մեջ պահել իրականությունն ու արդարությունը»։ Պոեզիան մեզանից դա է պահանջում՝ հատկապես մութ ժամանակների դաժանության մեջ:
Ես ամուր կառչել եմ այն սրահից, որտեղ մենք պոեզիա էինք ընթերցում գարնանային այդ երեկո Դիարբեքիրում: Կառչել եմ քրդերի և հայերի աչքերից, սենյակի պայծառ մայրամուտի լույսից: Մայրս՝ իր սև սվիտերով և արծաթյա վզնոցով՝ լրագրողների սեղանի շուրջ անշարժացած։ Քուրդ բանաստեղծը։ Թուրք գաղափարականը։ Արծաթեղենի և ափսեների աղմուկը։ Սուրճի բուրմունքը։
Թարգմանությունը անգլերենից՝ Նորայր Մանվելյանի
[1]PKK
[2] HDP
[3] BDP
[4] Նյու Յորքի Մանհեթեն շրջանի թաղամաս:
[5] Չինո գործվածքից պատրաստված տաբատի տարատեսակ:
[6] Անգլ․ – Sabbatical․ ստեղծագործական արձակուրդ:
[7] Anadolu Kültür – Անատոլիայի մշակույթ: