Բանաստեղծ, դրամատուրգ: 2023 թվականին «Դրամատուրգիա» անվանակարգում արժանացել է Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնի գրական մրցույթի «Առաջին մրցանակ»-ին:
Ծնվել է 1947 թ. հունվարի 24-ին Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Աշխատել է մի շարք խմբագրություններում: Հեղինակել է մի շարք ժողովածուներ, թատերգություններ: Գրել է նաև մանուկների համար։ Պիեսները բեմադրվել են Թումանյանի անվան պետական տիկնիկային, Համազգային և Կամերային երաժշտական թատրոններում։ Գործերը թարգմանվել են ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն, պարսկերեն, անգլերեն և այլ լեզուներով։ 1990 թ. արժանացել է ՀԳՄ «Ստեփան Զորյան» մրցանակի, 2004-ին՝ «Գուցե փրկվենք» պիեսի համար` Իրանի միջազգային թատերական փառատոնի «Գլխավոր մրցանակ»-ի, այնուհետև՝ ԵԱՀԿ թատերգությունների մրցույթի «Առաջին մրցանակ»-ի՝ «Սատանան կնոջ ներսում» պիեսի համար): 2014-ին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալ»-ի, 2016-ին՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի:
/ Դրամա մեկ գործողությամբ/
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ
ՎԱՐԴԱՆ- դերասան
ԱՐՈՒՍ – դերասանուհի
ԲԵՄԱԴՐԻՉ
ԼՐԱԳՐՈՂ
ԲԺՇԿՈՒՀԻ
ՊԱՐՈՒՀԻ
ՓՈՇԵԿՈՒԼՈՎ ՀԱՎԱՔԱՐԱՐՆԵՐ
ԱՌԱՋԻՆ ՊԱՏԿԵՐ
Բեմը կահավորված է ըստ հայեցողության, հաշվի առնելով, որ ամբողջական ներկայացման մասին չէ խոսքը, այլ ընդամենը նոր պիեսի առաջին փորձերի: Սակայն գահի և սեղանի առկայությունը պարտադիր է: Արուսը ձեռքի լաթով մի տեսակ չկամորեն սեղանի փոշին է մաքրում: Քիչ հեռվում Վարդանը զբաղված է գահի նորոգմամբ:
ԱՐՈՒՍ-Էս փոշին չի վերջանա, չես հասցնում մաքրել, էլի նստում է:
ՎԱՐԴԱՆ- Ես էլ էս աթոռը լրիվ կջարդեի: Դերասաններին նայում ես, 70 կիլո չկան, հերիք է թագավորի կամ նախագահի դեր ստանան, միանգամից 300 կիլոգրամանոց բեգեմոնտների են վերածվում: Չգիտես դրանց տակ ինչ աթոռ դնես, որ դիմանա:
ԱՐՈՒՍ- Չէի՞ր ուզի, էդպիսի մի աթոռի էլ դու նստեիր:
ՎԱՐԴԱՆ –Իմը ռանդան, մուրճն ու սղոցն ա, էդ իմ բանը չի: Թագավոր պիտի ծնվել, թե չէ քաջ նազարների երեսից են դժբախտությունները:
ԱՐՈՒՍ – Կոտրատվո՞ւմ ես, թե՞… Լուրջ չէի՞ր երազի:
ՎԱՐԴԱՆ – Իմ ուզելը նման կլիներ, ոնց որ փորձեի երեք լիտրանոց բանկան երկուսի մեջ տեղավորել:
ԱՐՈՒՍ – Ումը պետք է` տեղավորում է:
ՎԱՐԴԱՆ – Կոտրելով են տեղավորում, արդյունքն էն չի:
ԱՐՈՒՍ – /բարկացած ձեռքի լաթը մի կողմ է գցում/: Էսքան փոշին որտեղի՞ց… Ոնց որ բոլորը փոշի արտաշնչեն:
ՎԱՐԴԱՆ – Ասում են աշխարհն էլ է փոշուց առաջացել:
ԱՐՈՒՍ –Չտեսանք մի բան էլ էս փոշուց առաջանա:
ՎԱՐԴԱՆ – Ասում են ոնց առաջացել է, հետո էլի փոշու է վերածվելու:
ԱՐՈՒՍ – Հող էիր՝ հող դարձիր… Փոշի էիր, փոշի դարձիր: Ո՞վ է ասել:
ՎԱՐԴԱՆ – Գիտնականներն են ասում:
ԱՐՈՒՍ – Որ ասում են՝ հետո՞, լսող չկա:: Ինչ ռումբ ու հրթիռ ասես հորինում են, որ աշխարհը փոշիացնեն:
ՎԱՐԴԱՆ – Մտածում եմ /ցույց է տալիս գահը/ աշխարհի կռիվը սրա համար է: Ամեն մեկն ուզում է ուրիշի աթոռը կոտրելով, իրենը փրկի…
ԱՐՈՒՍ- Դրանց դարդն ինձ չեն տվել, թող զգույշ նստեն, որ չկոտրեն: Իմ խնդիրը փոշին է, որ քիչ լինի:
ՎԱՐԴԱՆ –Փոշու հետ կռվելով ինչի՞ ես ուզում հասնել:
ԱՐՈՒՍ –Առաջ էր, որ ուզում էի դերասանուհի դառնալ:
ՎԱՐԴԱՆ- Փոշի մաքրելո՞վ:
ԱՐՈՒՍ- Մտածում էի կարևորը թատրոնում լինեմ:
ՎԱՐԴԱՆ –Հավաքարարն ո՜ւր, դերասանությունն ուր…
ԱՐՈՒՍ – Ջահել էի, ռոմանտիկ ու ամենակարևորը՝ հավատում էի… Կանացի դեր չկար, որ չիմանայի: Նայում էի ներկայացումները, լսում էի երկխոսություններն ու անգիր էի անում:
ՎԱՐԴԱՆ- Որ ի՞նչ…
ԱՐՈՒՍ- Ինձ համար պատմություն էի հորինել, իբր, դերասանուհիներից մեկը հիվանդանում է: Հանդիսատեսն արդեն դահլիճում է, բեմադրությունը պետք է սկսվի, իսկ դերասանուհին չկա: Բոլորը խառնվել են, չգիտեն ինչ անեն և վերջին պահին բեմադրիչն ու տնօրենը հուսահատված ինձ են դիմում:
ՎԱՐԴԱՆ – Քե՞զ…
ԱՐՈՒՍ- Խնդրում են օգնել:
ՎԱՐԴԱՆ- Ուրիշ դերասանուհի չկա՞ր, որ քո հույսին էին մնացել:
ԱՐՈՒՍ- Ներկայացման տեքստը չգիտեին:
ՎԱՐԴԱՆ –Ո՞նց էին իմացել, դու գիտես, որ քեզ էին մոտեցել:
ԱՐՈՒՍ – Մի անգամ, երբ մենակ էի, իբր, քո աթոռը Ռոմեոն էր, ես էլ Ջուլիետի տեքստն էի արտասանում: /արտասանում է/ .
Ճիշտն ասած, ես խիստ սիրահարված եմ, չքնաղ Մոնդեգյու:
Գուցե իմ վարքը թեթև համարես,
Բայց, հավատա ինձ, ես շատ ավելի հավատարիմ եմ,
Քան նրանք, որոնք զուսպ են երևում խորամանկությամբ; /դադար/
Ռեժիսորը պատահմամբ տեսել ու լսել էր, բայց չէր ընդհատել, սպասել էր մինչև վերջացնեմ: Երբ ավարտեցի, ծափահարեց: Հարցուփորձից իմացավ, որ շատ դերեր անգիր գիտեմ:
ՎԱՐԴԱՆ – Վերջը՞…
ԱՐՈՒՍ – Ծիծաղեց ու հեռացավ:
ՎԱՐԴԱՆ- Պատմությանդ վերջն ասա:
ԱՐՈՒՍ – Սկզբում հրաժարվեցի, ուզում էի ինձ թանկ վաճառել: Ասացի, ո՞նց է մնացած օրերին արհամարհել եք, հավաքարարն ո՞վ է, որ մոտ թողնեք, հիմա հանկարծ հիշեցիք: Վաղն էլի մոռանալու եք, որ տաղանդը կորչում է փոշու մեջ:
ՎԱՐԴԱՆ – Այդպես էլ ասացի՞ր…
ԱՐՈՒՍ – Էս պատմությունը օրը մի քանի անգամ պատմում եմ ինքս ինձ: Ուրեմը նազուտուզ եմ անում, երևակայում եմ, մինչև որ դերասաններն էլ են միջամտում: Ամենահետաքրքիրը ներկայացումից հետո է: Դահլիճը հոտընկայս ծափահարում է, մեկը մյուսին հարցնում է ՝ ո՞վ է այս դերասանուհին, որտե՞ղ էր մինչև հիմա:
ՎԱՐԴԱՆ – Էդ ե՞րբ է եղել, որ չեմ իմացել:
ԱՐՈՒՍ – Չի եղել ու չի էլ լինի: Չասացի՞ իմ հորինածն է: Սկզբում հավատում էի, որ հորինածս իրականություն կդառնա, բայց օրերն անցնում էին ու միայն մաշկիս փոշին էր ավելանում: Առաջ, եթե փոշին լուռ էր, հիմա ինչ էլ անեմ՝ խշշում է: Փոշու մեջ էլ հորինածս խամրեց:
ՎԱՐԴԱՆ – Ամուսնուդ պատմե՞լ ես…
ԱՐՈՒՍ –Չհասցրեցի:
ՎԱՐԴԱՆ- Ինչո՞վ էիր զբաղված, որ չես հասցրել:
ԱՐՈՒՍ – Մոտենաս՝ կասեմ:
ՎԱՐԴԱՆ- Ո՞ւմ մոտենամ:
ԱՐՈՒՍ – Ինձանից բացի ո՞վ կա… Արի, արի, մոտեցիր…
ՎԱՐԴԱՆ – /տարակուսելով մոտենում է/ Մտքովդ ի՞նչ անցավ:
ԱՐՈՒՍ – Հիմա հետս կպարես /դադար/: Ինչո՞ւ գունատվեցիր, առաջին անգա՞մ ես պարելու:
ՎԱՐԴԱՆ –Մի տեսակ անսովոր է:
ԱՐՈՒՍ – Զարմանքդ հետո / գրկում է Վարդանին, երաժշտություն: Պարում են: Պարելու ընթացքում/ Զգո՞ւմ ես…
ՎԱՐԴԱՆ – Ի՞նչ եմ զգալու:
ԱՐՈՒՍ – Մարմինս խշշոցը չե՞ս զգում:
ՎԱՐԴԱՆ – Ոնց որ զգում եմ:
ԱՐՈՒՍ – Այդ խշշոցի պատճառով ամուսինս հեռացավ: Ասում էր չի լինում ինձ դիպչել, ասում էր խշշոցից մարմինը փշաքաղվում է…
ՎԱՐԴԱՆ – Հետո՞…
ԱՐՈՒՍ – Երևի հեռացավ չխշշացող մարմին գտնի:
ՎԱՐԴԱՆ – Հիմարի մեկն է եղել:
ԱՐՈՒՍ – Մի շտապիր մեղադրել: էդ խշշոցից ես էլ չեմ կարողանում քնել: Մեռնելիս էլ երևի չկարողանամ դրանից ազատվել /երաժշտությունը դադարում է, պարն էլ հետը/:
ՎԱՐԴԱՆ- Շուտ-շուտ լողացիր:
ԱՐՈՒՍ – Լողանալուց հետո էլ է խշշում:
ՎԱՐԴԱՆ- Անհավատալի է:
ԱՐՈՒՍ – Ոնց որ ձեր տանը փոշի չկա: Ամբողջ տիեզերքը փոշու մեջ է: Քո այդ գիտնականների ասելով, ամեն տարի մոտ 40 կիլոտոննա տիեզերական փոշի է նստում մոլորակի վրա: Բոլորը երևակայում են, որ փոշին մաքրում են, ի՞նչ մաքրել, իրականում այստեղից այնտեղ են տեղափոխում: Աչքերիդ առաջ սեղանը մաքրեցի /մատները սահեցնում է սեղանի վրայով/ էլի փոշի է ու էս փոշին չի հանգստանա, մինչև ամեն ինչ չծածկի:
ՎԱՐԴԱՆ – Միևնույն է, հիմարի մեկն է եղել ամուսինդ: Միայն հիմարը փոշու պատճառով կնոջից կբաժանվի:
ԱՐՈՒՍ – Փոշու չէ, խշշոցի…
ԲԵՄԱԴՐԻՉ-/ բեմ բարձրանալով/ Հերիք է, դադար… Ձանձրույթ է, կեղծ ու անհետաքրքիր: Կամ պիեսը մի բան չի, կամ դուք դեռ դերի մեջ չեք խորացել: /Դիմում է Վարդանին/ Որ ուզում ես աթոռը ջարդել, էդ ո՞նց… Տեսե՞լ ես, որ որևէ մեկը խաղաղ ու հանգիստ ուզենա ինչ որ բան ջարդել: Բարկությունդ չկա, չի երևում… Դեմքդ դիմակից չի տարբերվում՝ չեզոք, անտարբեր… միմիկադ ի՞նչ է եղել: Ոնց որ ուրիշի տեղը ապրես, ուրիշի տեղը զարմանաս, ուրիշի փոխարեն հարցնես:
ՎԱՐԴԱՆ – Դերասանները միշտ էլ ուրիշի են ներկայացնում:
ԲԵՄԱԴՐԻՉ – Ուրիշի չէ, այլ ուրիշի միջոցով իրենց: / դիմում է Արուսին/: Քեզ ի՞նչ է եղել, ՄԱԿ-ի ամբիոնի՞ց ես ճառում, որ դժգոհություն չկա դեմքիդ:
ԱՐՈՒՍ – Փոշու թեմային չեմ հավատում:
ԲԵՄԱԴՐԻՉ – Կհասցնես հավատալ, նույնիսկ վախենալ, երբ իմանաս փոշու իրական վտանգները:
ԱՐՈՒՍ –Մենակության փոշին ավելի վտանգավոր է:
ՎԱՐԴԱՆ- Մռայլ պիես է, չտրամադրող, բեմադրելու բան չի:
ԲԵՄԱԴՐԻՉ – Վտանգը լուսավոր չի լինում:
ՎԱՐԴԱՆ – Հիսուն տարի առաջ փոշու մասին չէին էլ մտածի: Փոշի է՝ էլի…
ԲԵՄԱԴՐԻՉ – Էդպես չի… : Մոլորակի վրա ավելանալու են ջրհեղեղներն ու ցունամիները: Ջրհեղեղների բերած միլիոնավոր տոննա տիղմը չորանալու և վերածվելու է փոշու, երկրի ընդերքը եռալու է և բազմաթիվ հրաբուխներ անսահման քանակի փոշի են տարծելու:
ԱՐՈՒՍ – Ո՞նց է Նոստրադամուսն ու Վանգան էդ մասին չեն գուշակել:
ԲԵՄԱԴՐԻՉ –Իբր, ամեն ինչ գուշակել են: Անկանխատեսելին ավելի շատ է: Ո՞նց էին գուշակելու, որ երկրները, երեկ եղբայր էին, հիմա իրար են կոտորում… Ոնց էլ մտածես, չես հասկանա ինչու…
ՎԱՐԴԱՆ –Մի ընկեր ունեի, նեղն ընկնելիս ասում էր. ,,Է՜, աշխարհ, աշխարհ, թե ինչո՞ւ ես կլոր,,:
ԱՐՈՒՍ – Իբր ի՞նչ…
ՎԱՐԴԱՆ – Էն որ անիմաստությունը մի կետից սկսվում, պտտվում ու նույն կետին էլ վերադառնում է:
ԱՐՈՒՍ –Փոշին քեզ օրինակ…
Անսպասելի հայտնվում է պարուհին և մի քանի պարային պտույտներ է կատարում, ապա.
ՊԱՐՈՒՀԻ –Ես ե՞րբ եմ փորձելու:
ԲԵՄԱԴՐԻՉ – Երբ ժամանակը գա:
ՊԱՐՈՒՀԻ –Կարո՞ղ է չգա:
ԲԵՄԱԴՐԻՉ – Ոչ մեկը աչք չունի ուրիշի ժամանակի վրա:
ՊԱՐՈՒՀԻ – Ի՞նչ եմ պարելու:
ԲԵՄԱԴՐԻՉ – Փոշու պարը:
ՊԱՐՈՒՀԻ – /դժգոհ/ Ամեն ինչ պարել էինք, մնացել էր փոշու պարը:
Փոշեկուլները ձեռքներին հայտնվում են նաև իրական հավաքարարները:
ԲԵՄԱԴՐԻՉ – Սրանք որտեղի՞ց հայտնվեցին: Փոշին մաքրելու փոխարեն օդ են հանելու:
ՀԱՎԱՔԱՐԱՐ- Բա ե՞րբ գանք:
ԲԵՄԱԴՐԻՉ – Կասեմ… / դիմում է Վարդանին ու Արուսին/ Դուք էլ անելիք չունեք: Որ դերը դերասանին չտրամադրի… Ներշնչանք չեղավ, ինչքան ուզում ես գոռա, հավատացողն ո՞վ է… Այսօրվա հանդիսատեսը ինքն էլ չգիտի ինչին հավատա, սպասում է, որ ինչ որ մեկը հուշի… Մի մոռացեք, այդ ինչ որ մեկը նաև թատրոնն է…/հավաքարարների ու պարուհու հետ, ինքն էլ ձեռքը թափ տալով հեռանում է/:
ԱՐՈՒՍ – Տուն չեմ ուզում գնալ:
ՎԱՐԴԱՆ –Մենակությունի՞ց ես նեղվում:
ԱՐՈՒՍ – Իմանաս գիշերը մենակությունը ոնց է կահույքը ճռռացնում, պատուհանի ապակիները զրնգացնում, հատակն էլ ոտնաձայներից ոնց որ ուռչի… Մեկն էլ չկա, օգնության կանչես: Կնոջ կողքին միշտ մեկը պետք է լինի: Մենակ կնոջը տան իրերն էլ են դիմադրում:
ՎԱՐԴԱՆ- Կարող եմ ուղեկցել:
ԱՐՈՒՍ- Պետք չէ:
ՎԱՐԴԱՆ – Միասին սուրճ կխմենք, մենակությունն էլ կիմանա տանը մենակ չես, համը չի հանի:
ԱՐՈՒՍ – Պատահական մեկը մենակությանը չի կարող վախեցնել:
ՎԱՐԴԱՆ- Այսքան տարի միասին ենք աշխատում:
ԱՐՈՒՍ – Չնեղանաս, բայց վախենամ քո հետ մենակությունն ավելի կատաղի:
ՎԱՐԴԱՆ – Ընդամենը ուզում էի օգնել:
ԱՐՈՒՍ – Մի ուրիշ անգամ երևի համաձայնեմ, եթե ամուսինս չհայտնվի… / հեռանում է/:
ՎԱՐԴԱՆ – Աշխատիր քնել, որ գոնե երազիդ գա… /հետևում է նրան/: