Արփինե Վարդանյան | POST SCRIPTUM

Լուսանկարը՝ «Անդին» ամսագրի

Կար ժամանակ, երբ անհույս երազող էի այն տիեզերագնացների նման, որոնք այդպես էլ տիեզերագնաց չդարձան… Է՜հ, չէ՛, սխալ ասացի, երևի «դարձել եմ» բոլորի նման, ավելի ճիշտ՝ այն հազարավոր երեխաների նման, որոնք՝ «Ի՞նչ ես դառնալու, երբ մեծանաս» հարցին, վստահ պատասխանել են` «Տիեզերագնաց եմ դառնալու»։ Ու կարծես հեչ էլի, այդքան էլ բարդ բան չէր։ Մնում էր, որ ուղղակի հասակ առնեիր, տարիքդ էլ «ուրիշ» թիվ լիներ. «Շուտ քնեմ, որ մեծանամ… Երբ մեծանամ տիեզերագնաց եմ դառնալու, էս եմ դառնալու, էն եմ դառնալու…»:

***
Մահվան թափորը մնաց հետևում՝ քարքարոտ ու կեղտոտ փողոցում։ Բայց մեկ է՝ մտքիցս դուրս չէին գալիս այդ աղիողորմ ճիչերը…
-Է՜ս ինչ զուլում եղավ…
– Մանե՛, ա՛յ անաստված, էս ի՜նչ արեցիր…
Ու թվում էր` թափորն ընդհանուր մի ոռնոց էր արձագանքում։ Ցավից էր։ Ցավը ճչում էր բաց երկնքի տակ, տարածվում ամենուր ու արձագանքում… Ո՞վ գիտի` գուցե հասավ նաև երկինք, ճեղքեց այն, դուրս եկավ երկրագունդ կոչվող այս աշխարհից ու նվաճեց ամբողջ տիեզերքը։ Հա՛, ցավը հզոր ուժ է։ Սահմաններ չունի ու կարող է այնպես տարածվել, որ այն քո ներսով զգաս։ Զգացի։ Ներսովս անցավ։ Ակնթարթորեն մխրճվեց սիրտս բութ ու քոռ դանակի պես. հարվածը սաստիկ էր, մզզաց ու անցավ միջովս։ Հա՛, ցավի դեմ դու միշտ պարտված ես։

Երևան տանող երթուղայինը ուշանում էր։
-Ահավոր է։
-Բայց դե ինքն էր մեղավոր, թե քեզ ով էր ասում, աղջի՛կ ջան…
Տհաճ էր լսելը։ Թարս նայեցի կողքիս նստածներին։ Խոսքը Մանեի մասին էր։ Ուզում էի ինչ-որ բան ասել, բայց լռեցի։ Ո՞ր մեկի բերանը փակես։
– Տեսա՞ր էդ թուղթը,- այնուամենայնիվ, չլսել չէր լինում,- հերը անգամ մեռելահացին, երբ օղորմի էին խմում, տեղից հելավ ու ցույց տվեց։
– Հա՜, բայց էդ թղթով ո՞ւմ է ինչ ցույց տալիս, թե բա աղջիկս կույս ա մեռել, հա՞։ Ա՜յ քեզ բան։ Իբր ո՞վ չգիտի, որ բռնաբարություն եղել ա…
– Իսկ էդ աղջիկը կա՞րճ հագնող էր։
Չէ՛, երևի պետք էր, այնուամենայնիվ, ինչ-որ բան ասել, բայց այդ պահին երթուղայինը եկավ. նորից չստացվեց ինչ-որ բան ասել։

***
«Շիրվանզադեի «Նամուսի» արտացոլումը մեր օրերում. Ցավը պարտվեց Նամուսին» հոդվածի արձագանքները տարբեր էին։ Բայց որոշ արձագանքներից չբարկանալն անհնար էր. «Hayastanum nman ban chka. U bolor nman patmutyunnery sut en», «Evropaneric ba inch en sovorelu», «Sa harir che mer hayu genin»… Նյարդերս տեղի են տալիս, բայց դադարում եմ կարդալ: Հասա։ Եվ նորից նույն քարքարոտ ու կեղտոտ փողոցով եմ քայլում։ Անցնում եմ հաջորդ փողոցը ու թեքվում աջ… Դարպասը բաց է։ Ներս եմ մտնում։ Այնքան դատարկ ու ամայի էր, բայց երկու քայլ էլ չէի արել, երբ ինչ-որ մեկը հետևիցս ձայն տվեց.
-Ո՞վ ես, աղջի՛կ։
Շուռ եկա։ Պառավ կին էր` փոքրիկ-մոքրիկ, ու հազիվ ոտքի վրա կանգնելով՝ ամբողջ մարմնով դողում էր։ Բայց ծերունական տեսքի, ձայնի մեջ մոգական ու խորհրդավոր ինչ-որ բան կար: Ցավ զգացի։ ԱՅՆ անգամվա պես։ Չէ՛, ավելի ուժեղ։ Ու ներսումս էլի ինչ-որ մի բան մզզաց: Քիչ մնաց կուչ գայի, փոքրանայի. ցավը էլի անցավ միջովս։
-Ես… Բարև Ձեզ… Ես լրագրող եմ, հոդված էի գրել…-չգիտես ինչու, խառնված սկսեցի ես` բառեր հազիվ գտնելով,- հոդվածի հետ կապված կուզեի խոսել…
Անտարբեր նայեց ինձ, ավելի ճիշտ` «Ի՞նչ ես ասում, է՛հ, բան չեմ հասկանում» հայացքով ու առանց ինձ վրա ուշադրություն դարձնելու` իր մանրիկ, դողացող ու օրորվող քայլքով առաջ գնաց։ Անխոս հետևեցի իրեն։ Եվ, ըստ էության, հայտնվեցինք տան հակառակ կողմում։ Զգում էի, որ ինչ-որ շատ կարևոր բան է լինելու, ու ձայն չէի հանում։ Լռությունը, չէ՛, խախտել չէր կարելի ոչ մի դեպքում։
-Հեսա…- շուրթերը, ձեռքերը դողում էին։
-Ի՞նչ, տատի ջան:
Կարծես էլի ինձ չլսեց կամ չլսելու տվեց։ Ու մի կերպ պատից բռնվելով՝ նստեց։ Արտառոց բան էր կատարվում կամ կատարվելու էր… Զգում էի։ Չսխալվեցի։ Տատին դողացող ձեռքերով գրպանից ճմռթված ինչ-որ թուղթ հանեց, հետո լուցկի… Ձեռքերը դողում էին։ Ցանկացա միջամտել, գուցե օգնեի՞։ Բայց, չէ՛. ոչ միայն հասկանում էի, որ դա տատիի դուրը գուցեև չգա, այլև իրավուք չունեի։ Դա պահ էր, որը կարևոր էր … Ու չնայած դողացող ձեռքերին, պարզ էր` տատին վստահ էր իր «որոշման» մեջ… Մի պահ շունչ եմ քաշում… Ահա՛, լուցկին վառվեց, և թուղթն ակնթարթորեն բռնկվեց կրակով։ Էլի լուռ եմ։ Նայում եմ տատիին։ Աչքերը ոնց որ մշուշի միջից, բայց միևնույն ժամանակ շատ ուղիղ ու հաստատակամորեն նայում էին վառվող թղթին։ Հա՛, տատին վստահ է, որ ճիշտ բան է անում։
_ Բալես… բալես էլ չկա … իրանք էս թղթով են ապրում… հեսա թող վառվի… թող վառվի… Մանես էլ չկա… իրանք չգիտեմ ինչ դատաբժշկական թղթով են ապրում… գրող ու սև ցավ էս հասարակությանը, որ Մանեիս մասին պիտի վատ բաներ խոսի։ Թող խոսեն… Մանես էլ չկա, մնացածը էլ կարևոր չէ, բայց մեկ է՝ ես Մանեիս կողմից եմ․․․

Նոր հոդվածիս կցում եմ նաև Մանեի` ընտանիքին թողած նամակը. «Վաղը էլ չի գա։ Իմ կարևոր ինչ-որ մի մաս մորթվեց այդ օրը, իսկ ժամանակն էլ մնաց ու քարացավ այդ ամսաթվի ու ժամի մեջ: Որ հետ եմ նայում, էն Մանեին էլ չեմ գտնում, նույնիսկ ինձ թվում է` չի էլ եղել ինքը։ Այ էդքան իմ էս նոր Մանեն վախեցած է, քարացած, ու չգիտեմ՝ «ով եմ» դարձել… Սեռական բռնությունը միայն ֆիզիկականը չի, է՜հ, ֆիզիկական ցավերն անցնում են։ Դա մարդու «ես»-ի, «ես կամ»-ի, ներսիդ լուսավոր էն սիրուն հեքիաթի` էն, որ կենսական նշանակություն ունի, որ մեր ներսում անկախ մեր տարիքի աճող թվերից, միշտ պետք է լինի, մնա, «ինքը» յուրաքանչյուրիս համար այն կենսական բազան է, որի «գոյության» վրա էլ հենվում են հավատն ու սերը առհասարակ աշխարհի, մարդկանց ու ապագայի նկատմամբ։ Ա՛յ, այդ հեքիաթն էլ է բնաջնջվում, ու աշխարհը, մարդիկ վերջնականապես հրեշ են դառնում, ու դու էլ ոչ մեկին չես հավատում․ ներսիդ հեքիաթն ավարտված է։ Երկնքից այդպես էլ երեք խնձոր չի ընկնում, և ապրելով էլ, ավելի ճիշտ` ուղղակի ֆիզիկապես քայլելով` «Նրանք/նա, ապրեցին/ապրեց երկար ու բախտավոր» հեքիաթային հայտնի ֆրազան սկսում ես լրիվ ուրիշ ձևաչափով զգալ, որովհետև կյանքդ մեխված է արդեն ժամանակի մեջ, ու կանգ առած ժամանակն էլ է անհմահության նման մի բան… Ու, հա՛, «հեքիաթդ», իրոք, ավարտված է, ֆինիշ։ Ոչինչ փոխել էլ հնարավոր չէ։ Ես նստում եմ, գլուխս առնում ձեռքերիս մեջ ու համարյա ցավեցնելու չափ մազերս եմ քաշում՝ ինքս ինձ կրկնելով. «Ինձ հետ չի եղել, դա ինձ հետ չի եղել, ինձ հետ չի եղել։ Պետք է մոռանամ. դա ինձ հետ չի եղել»։ Ու գիտե՞ք՝ շարունակությունն ինչ է լինում. պոռթկալ, գոռալ… Ու միևնույն ժամանակ կարծես էլ ոչինչ չես զգում, որովհետև ցավդ էնքան շատ է, որ խեղդել է քեզ, դու էլ չկաս։
P.S. Ես ձեզ սիրում եմ։ Ու թեև ես էլ չեմ լինի, բայց խնդրում եմ` կյանքում առաջին անգամ դո՛ւրս եկեք կաղապարներից ու մի՛ մտածեք` բա հիմա մարդիկ ի՞նչ կասեն։ Թող ասեն, ինչ ուզում են։ Բայց դուք ԻՄ ԿՈՂՄԻՑ եղե՛ք․․․ Գոնե հիմա»։

***
Ապակուց այն կողմ՝ գույնզգույն լույսերի ու մթության մեջ, անսովոր քաղաքն էր։ Չնայած, ըստ էության, ոչ մի անսովոր բան էլ չկար՝ սկսած սովորական ավարտված աշխատանքային օրից, երեկոյին բնորոշ սովորական սառը քամուց, փողոցի մեքենաներից, կանգառում ու մայթերով քայլող մարդկանց անտարբեր դեմքերից… Ոնց որ միշտ եղել է։ Եվ հանկարծ պատուհանից այն կողմ մի նոր քաղաք ես հայտնաբերում՝ լրիվ ուրիշ… Ու ամեն ինչ՝ էն «սովորականը», սովորական օրվա չփոփոխված վազքի մեջ հանկարծ այնքան անսովոր է թվում։

Ջինը չկար… Ու չէր էլ կարող լինել։ Բայց այն ժամանակ դա կհասկանայի՞նք։ Ուղղակի հավատում էինք, և վերջ։ Պետք է գտնեինք ու փնտրում էինք։ Ամենուր փոշի էր։ Ու անգամ թույլ լուսավորված ձեղնահարկում փոշու հաստ շերտն այնքան պարզ էր երևում, այնքան ակնհայտ… Դա էլ ոչ միայն խորհրդավորություն էր հաղորդում, այլ նաև սրում այն կույր հավատը, որ հենց այդպես էլ պետք է լիներ՝ համատարած փոշի, թույլ լուսավորություն, իրար վրա դարսված ու միաժամանակ խառնիխուռն իրեր։ Հա՛, հա՛, հենց այդպես։ Ուրիշ էլ որտե՞ղ պետք է փնտրեինք Ջինի կախարդական լամպը։
-Ստեղ էլ նայենք։
-Ես նայեցի։ Չկա՛։
-Եկե՛ք ստեղ, մեկդ պահե՛ք, բարձրացնեմ։
Պահեցի։ Ծանր էր:
-Չեմ կարող…
Եվս մի երկու վայրկյան, ու թախտը… Դա, որ հիշում եմ, ձեռքերիս ցավը ՀԻՄԱ էլ եմ զգում։
Ինչ-որ մի հին շիշ, այնուամենայնիվ, գտանք՝ ահավոր փոշոտ, կեղտոտ… Ու ինքներս մեզ համոզեցինք, որ «ճիշտ» էլ գտել ենք․ «կախարդական լամպն» այդպես էլ պետք է լիներ…
Փողոցում վառվող լույսերն ու գնալով սաստկացող երեկոյի մութը հանկարծ քեզ կուլ են տալիս, կտրում այն սովորականից, որի մասն ես, սովորական ասվածի լրացնողը՝ մեկ ուրիշի համար գուցե փողոցում, կանգառում, երթուղայինում հանդիպող ամեն ինչի նկատմամբ սովորականի պես հաճախ հանդիպող անտարբեր մի դեմք… Քաղաքն էլ մի տեսակ գնալով ավելի փոքրացավ ու փոքրացավ։ Չէ՛ , սխալ ասացի, հանկարծ պահի՝ իր թվացյալ անսովորությամբ քաղաքն աչքիդ առաջ քանդվեց։ Մի պահ նույնիսկ թվաց, որ եթե հայացքդ դարձնես հետ, ոչինչ էլ չես տեսնելու, ոչինչ չես գտնելու այնպես, ինչպես տեսել ու «թողել էիր» հետևում, միայն զգալու ես անսովոր ու մարմինդ տհաճությամբ գրկող այն ցուրտը, երբ ամայությունից ու դատարկությունից բացի ուրիշ ոչինչ չես գտնում։
Ջինն այդպես էլ չհայտնվեց ու չկատարեց մեր՝ այն ժամանակ փոքր երեխաներիս երեք ցանկությունները։ Ու մենք այդպես էլ փրկիչ չդարձանք… Ի վերջո, մեր անկատար ցանկությունների հետ կորավ նաև Ջինին գերությունից ազատելու և նրա տերը դառնալու ենթադրյալ հնարավորությունը։ Իսկ գուցե եթե լավ փնտրեինք, գտնեինք, հը՞։
Պատուհանը մնաց թիկունքիս հետևում… Եվս երկու քայլ. «Կանգառում կանգնե՛ք»: Մի փոքր առաջ գալով էլ՝ պարզեցի մետաղադրամը… Մի քանի վայրկյան անց էլ, հա՛, չէի սխալվել. քաղաքն անսովոր էր, ուրիշ, ու այդ «ուրիշությունը» հենց ներսիս դատարկությունից ու մի տեսակ ամայությունից էր գալիս։ Փողոցում էլ ոչինչ չէր փոխվել։ Աղմուկն էր միայն շատացել։ Փակ պատուհանից նայելիս ձայներն այդպես չէին լսվում։ Բայց պահի տակ էլ աղմուկն անգամ խլացավ. ոչինչ էլ ո՛չ տեսնում էի, ո՛չ լսում։ Շուրջս արդեն «քանդված» ու «դատարկ» փողոցն էր։ Հա՛, չէի սխալվել։ Քաղաքը կամ, չէ՛, աշխարհը «դատարկվել» էր, ավելի շուտ՝ նորից «քանդվել»․..
Ջինին չփրկեցինք։ Ու ոչ էլ տիեզերագնաց դարձանք։ Բայց կար ժամանակ, երբ երազում էինք տեզերագնաց դառնալ։ Եվ ամեն անգամ, երբ ամեն ինչ պահի տակ այնքան դատարկ ու անիմաստ է թվում, հանկարծ ուզում ես հավատալ, որ գուցե որտեղից որտեղ, կգտնես կախարդական «այն» լամպը, կամ, չէ՛, թեկուզ հենց օդից կհայտնվի Ջինը, ու քեզ կփրկի այն «սովորականից», որի մասն ես, կփրկի այն «դատարկությունից», ի վերջո՝ «քանդվող» այն իրականությունից, որը մի օր, շատ սովորական մի օր, կարող է փուլ գալ գլխիդ…
Ինչքան հեշտ է, չէ՞, ամեն ինչ մեր ներսում քանդվում, երբ մենք «փրկիչ» ենք փնտրում։

Հ. Գ. Ցավի դեմ դու միշտ պարտված ես։ Իսկ ԱՅՆ կարող է հասնել երկինք ու ճեղքել, դուրս գալ երկրագունդ կոչվող այս աշխարհից ու նվաճել ամբողջ տիեզերքը։ Իսկ կար ժամանակ, երբ անհույս երազող էի այն տիեզերագնացների նման, որոնք այդպես էլ տիեզերագնաց չդարձան…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *