Վահրամն առավոտյան արթնացավ ու թունդ հայհոյեց կնոջը. տանը սուրճ չկար: Հետո մտածեց` քառասունից հետո կյանքում թունդ միայն հայհոյանքն է լինում ու ծխախոտը` հիվանդությունը չհաշված: Սե՞րը… սերը սուրճ խմելու պես բան է դառնում` չես խմում, նյարդայնանում ես, խմում ես` միայն պահից, ընթացքից հաճույք ստանալու համար. սուրճի համն արդեն թքի հետ տարրալուծված է լինում բերանում: Մեկ էլ` չես կարող թարգել: Այդ տարիքում, առհասարակ, սովորույթներից հրաժարվելը «խիզախություն» է` ավելի արագ քառասունի էն կողմում հայտնվելու վախ:
Վահրամն ինչքան էլ շտապեր, ինչ պայմաններում էլ լիներ` սուրճը չէր կարող ոտքի վրա խմել: Երբ տաք սուրճի բաժակը վերցնում էր ձեռքը, առաջին մոտեցումից կում չէր անում, ուղղակի սուրճի հոտն էր շնչում ու ծխախոտը վառում: Հետո դանդաղ հուշերից մեկի պոչը բռնում ու սկսում էր ծխել` նոր միայն սուրճը խմում: Իսկ հիմա տանը սուրճ չկար` կինը կամ մոռացել էր, կամ էլ… Չլինի՞` գումար չկա: Իրեն՝ փողի բացակայության մասին մտքերից հեռացնելու համար, Վահրամը սկսեց մատներով մի պարեղանակ կտկտացնել աջ ոտքի պրոթեզի վրա: «Հետո էլ ասում են` պատերազմի խերն ո՞վ է տեսել. ե՛ս` հեն է` երաժշտական գործիք եմ ձեռք բերել, համ էլ` ինքնուս նվագել սովորել»,-մտածեց Վահրամն ու ձեռքը տարավ մորուքին:
Ամեն անգամ հենց ինչ-որ մեկը պատերազմից էր խոսում, Վահրամը սկսում էր կտկտացնել պրոթեզի վրա ու երգել. «Սարի սիրուն յար»-ը: Վահրամը, ինչպես և մյուս պատերազմի մասնակիցները, պատերազմից խոսել չէր սիրում. առաջինը կորցրած ընկերներին էր հիշում ու հասկանում, որ իր կենդանի մնալն ուղղակի բախտի բան էր, իսկ դրանից հետո ապրած տարիները` շահած: «Կռվի պայմաններում հեշտ էր ընկերանալը, բայց ընկեր կորցնելուն երբեք էլ չես սովորում` էդ պահին կրակածդ փամփուշտները միշտ փուստ են գնում»,-քեֆը լավ ժամանակ ասում էր Վահրամը, իսկ Վահրամի քեֆը հաճախ էր լավ լինում:
Վահրամը, երբ նոր էր վերադարձել կռվից, գրեթե ամեն օր զոհված տղերքից մեկի տուն էր այցելում` հարցուփորձ անում, թե ինչի կարիք ունեն, բայց ամեն օր ավելի ու ավելի էր նեղսրտում հարցերից, թե` ո՞նց եղավ, վերջին խոսքն ի՞նչ էր կամ էլ, թե` տես, բալես, պապայի ընկերն է, վերջին անգամ ինքն է պապային կենդանի տեսել: Ի պատասխան` Վահրամը կատակով ինչ-որ պատմություններ էր պատմում, զոհված տղերքի մասին միայն խոխմա պահերն էր հիշում, բայց հետո մեղավորի պես լռում էր` ընտանիքը հումորի սիրտ ունե՞ր: Ժամանակի հետ ընկերների տուն այցերը դադարեցին, և հետո` բոլորն էլ ինչ-որ բանի կարիք ունեին` էդ տարիներին հարուստները լքել էին երկիրը: Իսկ պատերազմից նոր վերադարձած ու աջ ոտքը, ինչպես ինքն էր ասում, թշնամուն գրավ թողած, Վահրամն այդ տարիներին ո՛չ գործ ուներ, ո՛չ փող: Տանն էլ ինչ ունեին-չունեին իր բացակայության ժամանակ կինը վաճառել էր ու մի կերպ այդ երկու տարին անցկացրել` տղային պահել:
Սուրճի բացակայությունն ավելի էր սուրճ խմելու ցանկությունն ավելացնում: Վահրամը մտածում էր` հարևաններից որի դուռն էլ թակեր` սիրով կընդունեին, ուր է, թե ինքը հարևանություն անել իմանար: Պատերազմից վերադառնալուց հետո մարդկանց հետ շփումը Վահրամի մոտ չէր ստացվում` կռվին մասնակցածները սև օրերն էին հիշեցնում, չմասնակցածները` խաղաղությունը` երկուսն էլ Վահրամի կոկորդին էին կանգնել: Վահրամը հատկապես թաղի բիձեքից էր խուսափում` ոնց որ անցյալի պահածո լինեին: Ու քանի դեռ անցյալի հետ հաշիվները չէր մաքրել` միակ ընկերը երեխաներն էին:
Վահրամը հիշեց` երբ կռվի դաշտում տղերքը ծխախոտ կամ սուրճ էին ուզում, ինչը դժվար էր ճարվում, նանայով թեյ էր խմեցնում տղերքին ու համոզում, որ սուրճի կարիքն իրականում սովորություններից է բխում` տաք բաժակ, կում-կում մտքեր ու ծխախոտ: Տղերքը գրեթե համոզվել էին, երբ Խաժակը մի օր բերանից թռցրեց, թե` տղերք, նանան տղամարդկանց ոնց որ թե շատ չի կարելի օգտագործել: Խաճակը Ռուսաստանում էր կրթություն ստացել, նրա ասածը գիտական հիմք ուներ: Իսկ ծխախոտին փոխարինող ոչինչ էլ չէր գտնվում, փոխարենը մի ծխախոտը 3-4 հոգով էին ծխում: Վահրամը ձեռքն օդում թափահարեց` հուշերն էր ցրում:
«Գոնե էն լակոտը տանը լիներ, խանութ կուղարկեի, սուրճի»,-մտածեց Վահրամը` տղային հիշելով: Գոռը բանակ էր գնացել, Ղարաբաղում էր ծառայում` հոր ազատագրած հողերում` ինչպես տղան էր գլուխ գովում մյուսների մոտ: Հոր և տղայի հարաբերությունները հարթ էին, սահուն, միայն թե տղան երբեք ծառայությունից հոր հետ չէր խոսում, հայրն էլ` պատերազմից: Խելացի տղա էր Գոռը, սեփական ուժերով պոլիտեխնիկ էր ընդունվել, երեկոները սրճարաններից մեկում մատուցող էր աշխատում` հա՛մ ուսման վարձի խնդիրն էր լուծում, հա՛մ էլ` տանը գումար թողնում: Վահրամը խորը շունչ քաշեց` կարոտել էր տղային:
«Սուրճ լիներ` ավելի էժան կպրծնեի»,-քթի տակ մռթմռթաց Վահրամը ու նայեց ժամին. կնոջ տուն վերադառնալուն դեռ 2 ժամ էլ կար: Երկու ժամ… երկու ժամում գժվել կարելի է մտքերից, այն էլ պարապությունից ծնվող մտքերից: Մտածեց` զանգի կնոջը, հարցնի` գուցե այսօր շուտ տուն վերադառնար, բայց հետո հիշեց` տան հեռախոսը փչացել է, իսկ ինքն էլ բջջայինների հետ յոլա չգնաց. «Ոնց որ հրամանատարս լինի, միշտ պիտի պատրաստ լինես իր համար»: Վահրամի կինը` Արուսը, խանութներից մեկում մաքրուհի է. առավոտ շուտ գնում, կեսօրին վերադառնում է: Ձեռնտու աշխատանք է, գումարի փոխարեն սնունդ են տալիս` օրվա ապրուստը: Սկզբում Վահրամը դեմ էր կնոջ աշխատելուն, բայց ինքն էլ իր տնքացող ոտքով նորմալ գումար չէր կարողանում աշխատել, ի վերջո տեղի էր տվել ու թեման ընդմիշտ փակել:
Պատերազմից վերադառնալուց հետո բոլորը նույն բանն էին ասում Վահրամին. բժշկական փորձաքննության գնա, որ հաշմանդամության կարգ ստանա: «Ես առողջ տղամարդ, գնամ պետությանն ասե՞մ` ինձ փող տուր: Եթե մեկը պիտի վճարի ինձ, սահմանի մյուս կողմում գտնվողներն են, ոտքս իրենք են «տարել»: Կաշխատեմ, ընտանիքս կպահեմ»,- այնպիսի տոնով էր խոսակցություններին պատասխանում Վահրամը, որ ոչ ոք չէր հանդգնում այն շարունակել: Վահրամը մասնագիտություն «ընտրեց» շատ շուտ, որ պարապ մնալու ժամանակ չունենա` նախկինում գինեգործական ընկերության արտահանման գծով մասնագետը դարձավ փականագործ: Ամեն տեսակի բանալիներ էր սարքում, որոնք հեշտությամբ տրվում էին կողպեքներին ու կողպեքներ, որոնք ամենաճարպիկ տուն կտրողներն անգամ չէին կարողանում բացել: «Որ շատ հմտանամ, մի օր Բուրատինոյի էն կողպեքագործի պես հզոր բանալի եմ սարքելու, ուղղակի իմ սարքածը խաղաղության դուռն է բացել, իսկ էդ անտեր կողպեքը, բանը, պատրաստ եմ կուլ տալ»,-քեֆը լավ ժամանակ կնոջ մոտ անկեղծացել էր Վահրամը: Փականագործությամբ Վահրամը շատ գումար չէր աշխատում, բայց վաստակածը լրիվ հերիքում էր, որ պարտքով չապրեն, վճարեն տան կոմունալները ու բանակում գտնվող տղայի համար էլ երբեմն-երբեմն ծխախոտ ու քաղցրավենիք ուղարկեն: Վահրամին քաղաքապետարանն անվճար տարածք էր տրամադրել, այսինքն` փոքրիկ կրպականման մի շինություն էր տվել աշխատելու համար: Վահրամը չգիտեր, որ կինն է քաղաքապետարան դիմում գրել` ամուսնուն տարածք հատկացնելու համար: Վահրամի գործն իր սրտով էր այնքանով, որ ինքն էր իր գլխի տերը, ինքն էր որոշում` երբ գնալ արհեստանոց, այսինքն` ոտքն էր որոշում, եթե ցավեր չուներ, գրեթե միշտ այնտեղ էր լինում. արհեստանոցում մենակ էր լինում` կողպեքների ու բանալիների մեջ, իր` անկողպեք բանալու տեսքով ու անբանալի կողպեքանման մտքերի հետ: Վահրամի մտքերը, սակայն, գրեթե երբեք բարձրաձայն հնչելու բախտին չէին արժանանում` ծնվում էին, Վահրամի գլխում աջ ու ձախ անում, շնչառությունն արագացնում, ձախ ձեռքը բռունցք անել ստիպում, իսկ վերջում հաղթում էր աջ ձեռքը` մուխ-մուխ ծխախոտի հետ վերև բարձրացնելով դրանք: Վահրամը չէր էլ մտածում, կռիվ էր տալիս ինքն իր հետ. միակ կռիվն իր հետ էր, մարդկանց ու աշխարհի հետ իր կռվի հարցը պատերազմի դաշտում էր լուծել:
«Երևի արհեստանոց գնամ, գուցե պատվեր էլ ունենամ ու ինքս սուրճ առած տուն կգամ»,-իրեն համոզեց Վահրամն ու սկսեց հագնվել: Դռան զանգը հնչեց: «Արուսն է, շուտ է վերադարձել, հետն էլ սուրճ է բերել»,-մտածելով ու սուլելով մոտեցավ դռանը:
Շեմքին երկու տղամարդ էին կանգնած: Զինվորական հագուստով էին, գլխահակ: Տղայի զոհվելու ու հետմահու տրված մեդալի լուրն էին բերել: