Արամ Ավետիս | Փշաքաղված շենքեր

Ես փակում եմ իմ աչքերը, որ վերանա քաղաքը: Փակ աչքերի ետևի աշխարհը դատարկություն է: Այդ մթութունը գիշերվա մթությունը չէ: Այդ արհեստական գիշերը նվիրում է քո մարմինը քեզ: Դա սուտ աշխարհ է, իսկ բացելով աչքերդ` քո մեջ են խրվում հազարավոր շենքեր, որոնք ասեղի նման կարկատում են քաղաքի դեմքը բիբիդ մեջ:

Արհեստական գիշեր ստեղծող զանգվածը բարձրանում է մտքիս հետ երթուղայինով դեպի տուն, որտեղ ինձ տանջող անկողինն է սպասում: Ես գլուխս կախ իմ գիրքն եմ կարդում: Երթուղայինի լույսը ընկնում է միայն ձախ թերթի վրա, և դրա համար ես միայն ձախ թերթերն եմ կարդում: Աջ թերթերը մթության մեջ են խրված, իսկ մթությունը, ինչպես գիտեք, միշտ մի ձևով է կարդացվում: Շատ շուտ վերջացնում եմ գիրքս և իջնելով երթուղայինից` մտածում՝ մյուս անգամ այնպես անեմ, որ նստեմ աջ կողմում՝ այդ անգամ կարդալով գրքի աջ երեսը:

Գալիս եմ տուն: Մտնում խոհանոց՝ դնելով գիրքս սեղանին: Վառում եմ գազօջախը և սուրճ եփում: Սեղանին դրված է սուրճիս բաժակը, որի վրա գրված է թուրքական ասացվածք.

«Մեկ բաժակ սուրճը 40 տարվա հիշողություն է»:

Երևի թուրքերը նկատի ունեն, որ երբ ինչ-որ մեկի հետ սրճում ես, 40 տարվա զրույցներ են ծնվում ձեր միջև:

Սուրճը թափվում է գազօջախին և իր մի քանի տարվա հիշողությամբ խեղդում կրակը:

Ես պառկած եմ անկողնուս մեջ և նայում եմ առաստաղին: Նրա վրա կամաց-կամաց գիշերն է հավաքվում և սարդոստայնի պես կախվում դեմքիս: Այդ ընթացքում բերանիս առաստաղին, այսինքն` քիմքիս, զգում եմ սև սուրճի հատիկները, որոնք հերթով ընկնում են հատակին՝ լեզվիս, իսկ հետո ես թքում եմ այդ հատիկները տան հատակին:

Ի՞նչ գույնի է անքնությունը: Իհարկե, սև, որովհետև ամբողջ գիշերը բաց աչքերդ մթությունն են տեսնում, այսինքն` գրքիդ այն աջ էջը, որը չէր երևում խավարի մեջ: Իսկ անքնության շնորհիվ դու կարողանում ես կարդալ այդ գրքի աջ հատվածը:

Սուրճն էլ է սև: Բաժակի մեջ այդ անքնության մի կտորն է լցված և դրա համար խմելով այն` դու դառնում ես քո անքնության մի մասը:

Ներսիդ անքնությունը քո միջոցով միաձուլվում է դրսի անքնությանը, և դու դառնում ես այս անքուն քաղաքի սիմվոլը:

Հետո մոտենում ես պատուհանին և դրսի լույսի տակ տեսնում

«ԱՆՀԱՅՏ ԱՆՔՈՒՆԻ»

արձանը, որը կարծես մի քիչ քեզ է նման. համենայն դեպս, այդպես դու ես տեսնում:

Արձանի տակ գրված է.

«Այս քաղաքում քնում են միայն տականքները»:

Ես վերադարձա անկողին:

«Մեկ բաժակ սուրճը 40 տարվա հիշողություն է»:

Այո, անքնությունն այնքան անտանելի է, որ մի գիշերը տևում է 40 տարվա պես, իսկ եթե դու չունես 40 տարվա հիշողություն, ուրեմն սկսում ես հիշել ապագադ:

Քաղաքի շենքերը փշաքաղված ուղղել են իրենց տանիքները լուսնին:

Լուսինը այն հետանցքն է, որից արևը դուրս է հանում ամբողջ օրվա ընթացքում քաղաքի կողմից չմարսված իր լույսը:

Share Button

Նշանաբառ՝

2 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *