Հաս Չախալյան | Քաղաքը ձգվում է վեր

Մեր գյուղի էսսեն

Գյուղում գարունը ավելի շուտ է գալիս,քան քաղաքում:
Էստեղ մարդատար մեքենաները բեռնատար են (ուղևորները ճզմում են իրար. ով շուտ նստեց, նա կհաղթի և մատը չի թողնի դռան տակ):
Գյուղի նայողը մեկն է`գյուղապետը: Ով ինքն է ընտրում` ինչպես նայի ակնոցով, թե առանց դրա:
Նրան գյուղացիները տեսնում են տարին երկու անգամ:
Մեկ`ամանորին, մեկ էլ`ընտրությունների ժամանակ: Իսկ, առհասարակ, գյուղապետի դուռը փակ է ծածկված ծեռտով:
Կնիք դնելու կամ հաստատելու կարիք չկա: «Օրենքները սահմանում է Աստված»` սա է գյուղապետի թևավոր խոսքը:
Ճանապարհը թեքվում է գետի երկայնքով:
Ցեխոտ և մամռակալած քարերն էլ շատ են, որ սահում են ոտքի տակ:
Գյուղամեջը միշտ լիքն է, խոսում են մեծ քաղաքներից, ուր չեն եղել, կամ ուր պիտի գնան` որպես խոպանչիներ:
Հետո հասնում են կարկուտին, հիշում`որքա՜ն տուժեցին (թե՛ բերքը կուլ գնաց, թե՛ չարքաշ քրտինքը):
Էստեղ արդեն լռում են՝ վարկերի ծանրության պարկերը զգալով:
Ու տխրում են, բայց գյուղը լքել չեն կարող: Որովհետև սարերի մեջ գյուղ սարքեցին և գյուղը դարձրին սար, ուր արևը թանապուրի համ ունի:
Եվ չնայած գյուղը մեծ է, բայց բոլորը ճանաչում են իրար:
Սովետական խարխուլ տանիքի տակ խոնարհվել է դպրոցը, ուր ձմռանը ցուրտ է, ամռանը`շոգ: Նստարաններին քերված սիրո խոստովանություններն էլ մգլել են անպատասխան հասցեներից:
Լղոզված ծամոն է դասամիջոցը, որի զանգը հազիվ է լսվում, երբ գյուղի զիլ երեխաները իրար հրմշտելով թափվում են բակ:
Գյուղը դեռ ապրում է, որովհետև նրա մի սահմանը նստել է փշալարին, ուր փամփուշտները չեն քնում խաղաղությամբ

 

Քաղաքը ձգվում է վեր

Երթևեկությունը միշտ շատ է: Մեքենաները սուլում են: Ոմանք վազում են աշխատանքի, ոմանք՝ հենց այնպես:
Բոլորի դեմքերը բութ են և քրտնած, տոթը հաղթել է քաղաքին:
Ու անձրև չի գալու: Բայց շքամուտքերի տակ թառած թռչունները սպասում են անձրևին:
Հոգնել են պարապությամբ նեղսրտելուց:
Մի ջրցան մեքենա լիներ և թրջեր քաղաքի անլվա դեմքը, որ պատերի տակ կուչ եկած մրջյունները արթնանային և իջնեին Ազատության հրապարակ:
Էդ հասցեն բոլորը գիտեն՝ մեծից փոքր և փոքրից մեծ, որովհետև հանրահավաքները էնտեղ դարձել են հիմն:
Մեկը փսփսում է մյուսի ականջին, և մեկը գոռում է մյուսի փոխարեն:
Ասում են՝ մանկության խաղերը չեն մոռացվում: Հատկապես նրանք, որ ժառանգել ենք սովետից:
Էդ խաղերից լավագույնը «փչացած հեռախոսն» էր, որ էդպես էլ չսարքվեց և մնաց զուտ փսփսոց:
Բայց շատ չի անցել էդ օրերից՝ ընդամենը երկու տասնամյակ և մի քանի տարի:
Չնայած շատ բան է փոխվել, կամ նույնն է մնացել, որ մեկը գա և փոխի:
Անլույս տարիներին լիքը գրքեր վառվեցին, բայց քաղաքը չտաքացավ, որովհետև ժողովուրդն էր ցուրտ:
Հիմա քաղաքը տաք է և սոված:
Կարագով և շաքարավազով սև հացի համն էլ չկա. հույսի հետ հալվեց:
Ես ծնվել եմ լամպի մեջ և խաղացել վառարանի տակ՝ առանց երազելու անկախության մասին:
Այն տրվեց չորեքթաթ, երբ իմ սերունդը տեղավորվեց լուցկու տուփերում:
Հերոսների պակաս չկար:
Բոլորը քնում էին՝ հեքիաթներ կարդալով, էդպես էր պարտադրում մութը:
Երազանքների մասին կակազելու ժամանակ չկար և սահմանին կանգնել էր պատերազմը:
Խրամատներում եռում էին փամփուշտները, հայրենասիրության անկեղծ պաթոսը ջերմության սանդղակի վրա ամենաբարձրն էր:
Չգիտեմ որքանով մենք հաղթեցինք, բայց պատերազմը շատերից խլեց հեքիաթներ և անգույն աչքերով երեխաները շատացան…
Քաղաքը միշտ ձգվում է վեր:
Ու եռուզեռը այնտեղ շատ է, քաղաքը դեռ սպասում է, սպասում է իրեն արթնացնողին…..

Share Button

Նշանաբառ՝

1 Կարծիք

  • Աստղիկ says:

    Ինքնատիպ ձեռագիր և ոճ:Հիացած եմ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *