Մութուլուսին ասֆալտի ճաքերը չեն երևում։ Մինչև տրոլեյբուսի կանգառ հասնելը ոտքերս դեռ հատ-հատ տրորում են Նալբանդյան փողոցի գլխին կախված լապտերներից թափվող լույսի խրձերը, ծառերի ու տների ստվերները՝ խրված ասֆալտի ճաքերի մեջ։ Քաղաքում գիշերը թափառող շներ շատ կան, որ լուսադեմին ծմրում են՝ գլուխները խրած ոտքերի արանքը, բայց թափառաշրջիկ մարդու երես չես տեսնի փողոցներում։
Հիմա այս քաղաքում ինձ հայտնի մի նորություն կա, ամենաթարմ լուրը, որի մասին լռում են ռադիոն, հեռուստացույցը, թերթերն ու ամսագրերը. տասնվեց տարեկան մի աղջիկ, գավառական փոքր քաղաքում թողած տատին, հորն ու մորը, քրոջն ու եղբայրներին, քաղաք է եկել ու կոշկակար է աշխատում կոշիկի գործարանում։
Սայաթ-Նովա փողոց։ Մայրս, ոտքերը քստքստացնելով, նայում է տների պատուհաններին։
– Բարև ձեզ, մայրի՛կ, վարձով սենյակ եմ ուզում աղջկաս համար, –
մորս հոգնած աչքերը կառչում են առաջին հարկի պատուհանից գլուխը հանած պառավի հայացքից։
– Նե՛րս եկեք, էս մուտքով մտեք, ես ձեզ բակում կդիմավորեմ։
Հետո մայրս երկար-բարակ խրատում է ինձ. «Քեզ լավ կպահես, հա՜, որ իրիկունը անգլերենի դասից տուն գաս, կողքերդ կնայես, տղա-մղա չլինի, նոր կմտնես դալան, տաք կհագնվես՝ չմրսես, լավ կուտես, ես քեզ փող կուղարկեմ, աշխատավարձիդ մի մասը տան վարձ կտաս, ինչ էլ մնա՝ քիչ-քիչ կծախսես, մինչև ուղարկեմ: Զիզի-բիզի զանգուլակներին փող չտաս»։
Մայրս աննկատ սրբում է աչքերը։ Ես շրջվում եմ, որ նայեմ մեր անցած ճանապարհին ու հիշեմ։ Մենակ եմ վերադառնալու։
Բանվորական թաղամասում ինձ ոչ ոք չի ճանաչում, բացի գործարանի պահակից, որին հասնելու համար տրոլեյբուսը տասնմեկ կանգառ շրխկոցով քաշում է լարերը, խռռալ-խռխռալով բացուխուփ է անում դռները՝ փողոցի ռետինաբույր օդը զարկելով երեսիս։ Անգամ գետնանցումի իր անկյունում ծալապատիկ նստած պապիկը դեռ չգիտի անունս. ես հազիվհազ երեք օր է, ինչ քաղաքում եմ ու արդեն աշխատում եմ անչափահասների բրիգադում։
– Բարի լույս, Գագո պապի։
– Աստծու բարին, աղջի՛կ ջան, քսան րոպե դեռ կա։
– Գիտեմ։ Մինչև խալաթս հագնեմ, գլխարկս դնեմ, մինչև հասնեմ
կոնվեյերի ծայրին, ութը կլինի,- արդարանալու պես ժպտալով՝ պատասխանում եմ պահակին ու բացատրում, թե ինչու եմ առանց նախաճաշելու դուրս եկել տնից, – ասի՝ շուտ հասնեմ, որ սեղանիս փոշին վերցնեմ, քանի բրիգադիրը չի ստուգել ու ինձ գործից հանել։
– Քե՞զ,- պահակի կնճիռները մանր-մանր դարսվում են իրար վրա,
ու դեմքը դառնում է «պլիսե» գործվածք։
Այս ձմռանը, 1977 թվականի այս ձմռանը, «պլիսե» կիսաշրջազգեստը, ո՞վ գիտի՝ նորաձև՞ է, թե՞ հնաձև։ Իմ սիրած շորը հայրիկիս՝ Լենինգրադից բերած քրիմփլինե կարճփեշ զգեստն է. հաստ գործվածք է, չի ճմրթվում, լվա ու հագիր, որ հանկարծ մեխով ընկնի, հեշտ կկարկատես, ու չի երևա։ Վաթսունականների նորաձևության ճիչը։ Ըհը՛, բան չկա, ընդամենը մի տասնամյակ եմ ուշացել։ Մոդա է, էլի, հո հաց ու ջուր չի։
– Հա, հե՛նց ինձ, Գագո պապի։
– Ինչի՞ հենց քեզ, աղջի՛կ ջան։
– Եսիմ, է՜։ Զգում եմ։ Գնում-գալիս՝ ձեռքերը կանթում է գոտուն ու
բրեժնևի բրդոտ հոնքերի տակից աչքերը չռում վրաս։ Հաջո՜ղ, պապի, խոսքով ընկա, ուշացա, – լեզուս կախ գցած՝ վազում եմ Քութիկի նման։
– Գնա-գնա, գործից հետո կխոսենք։
Բրիգադիրը մազերը ճակատին լպստած, թուխ, բարակ մաշկով,- ինձ թվում է, որ մատս թեթև հպեմ ճակատին, գլուխը կծակվի,- հաստ գոտիով շալվարը վեր ձգած մի մեծահասա՜կ մարդ է, հորս տարիքին կլինի, երևի՝ երեսունհինգ տարեկան։
Է՜հ, դեռ ուր եմ, որ էդ տարիքին հասնեմ։ Օ՜ֆ, օ՜ֆ, էդքան սպասել կլինի՞։
Դեղին գլխարկս հարմար տնկելով գլխիս՝ դեղնակտուցի հրճվանքով ու սրտատրոփ նստում եմ ժապավենային կոնվեյերի վերջնամասում ու սրտի թրթիռով սպասում հարվածային բրիգադիս յուրաքանչյուր անդամի գալստյանը։
Քանի որ մանկական փափուճների հոսքային արտադրությունը համարվում է Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության թեթև արդյունաբերության նորագույն ձեռքբերումը, էն էլ՝ «Մասիսի» կոշիկի գործարանում, ուրեմն, անչափահասների մեր հոսքագիծն օրինակելի է ամեն ինչում. անփոշի ժապավեն, քար լռություն, բարձր որակ։
Փափուճներն ինձ են հասնում պատրաստի վիճակում։ Ես ինձ ու իմ աշխատանքը չափազանց կարևորելով՝ ծանրումեծ ձեռքս եմ առնում նորածին աղջնակների վարդագույն կոշիկները՝ զարդարված սպիտակ վարդաթերթերով։ Խոշոր աչքերս կկոցելով՝ ուշադիր զննում եմ վարդերը. հո ավելորդ թելեր չե՞ն կախվել վարդի գլխիկներից, իսկ գուցե պստիկ մի կա՞ր է պատռվել, ու փոքրիկի ոտքերը ջուր կքաշեն աշնան վարար անձրևներից։ Սպասե՛ք. սա ի՞նչ քամահրական վերաբերմունք է սոցիալիստական աշխատանքի հանդեպ. հապա նայե՛ք, մի՞թե չեք տեսնում, որ աջ ոտքը երկար է ձախից։ Ի՞նչ, ո՞նց թե՝ հենց բնության մեջ էլ է էդպես լինում։
Ընդմիջում է։ Բոլորը գնում են ճաշարան՝ սնվելու։ Բրիգադիրը՝ ծխելու։ Ես բացում եմ տնից բերած փաթեթը. ձուն էնպես է ճխլվել, որ նայելիս Նալբանդյան փողոցի ճաքապատ ասֆալտն եմ հիշում։ Աղը մանր մաղում եմ կճպած ձվին ու անհաց ուտում։ Մի բոքոն հացը երեսուն կոպեկ արժե։ Որ մի քանի օր խնայեմ, կմտնեմ գրախանութ։
Բրիգադիրն աննկատ հայտնվում է ձվի կճեպների, գրախանութում տարածված գրքահոտի ու իմ աղաթաթախ մատների կողքին։
– Ձուն հացով են ուտում, փորդ կցավա։
– Ես հաց չեմ սիրում, – անակնկալի եկած, մատներիս աղը քսելով
մազերիս, կոպերս թրթռացնելով՝ բացում եմ աչքերս ու պլշած նայում բրիգադիրի՝ ինձ մեկնած ձեռքին։ Հացի բոքոնը դեմ է տվել քթիս։ Հացի բոքոնը քանի՞ կոպեկ արժե։
Գվվացող լույսերի մեջ կանգնած բրիգադիրը նման է ինչ-որ մեկին, բայց ես նրան դեռ չեմ ճանաչում։
* * *
Բլուզս սպիտակ մետաքսից է կարված։ Դերձակը չափսերս վերցնելիս մատները պատահաբար սահեցնում է կրծքիս վրայով ու նայում աչքերիս մեջ։ Բերանից թթվահոտ է փչում։ Քիթմռութս ծամածռելով՝ քրթմնջում եմ.
– Լավ է, թող մի քիչ լայն լինի։
– Սիրուն կրծքեր ունես, թող քիփ նստի, էլի, որ բարեմասնությունդ
ընդգծի, – բիձուկը լպիրշանում է։ – Աղջիկ երեխեք կան, որ տղի նման տախտակ են, բամբակ-մամբակ են խցկում լիֆերի մեջ, որ շորասազ դառնան,- փիլիսոփայում է դերձակն ու մատը թքոտելով՝ մետաքսե կտորը մի սանտիմետր ներս ծալում։
Կրծքերս կլոր-կլոր բազմում են գահին։
Տեսնես ի՞նչ չափսի կրծքեր ուներ Աննա Կարենինան։
Անգլերենի դասընթացն ինձ կտրում է գրքից, ստիպում հագնել մետաքսե սպիտակ բլուզս ու ջինսե տաբատս, որ մորեղբորս աղջիկը Աբովյան քաղաքի մի հայտնի սպեկուլյանտի տնից է առել։ Հատ-հատ փչելով ապակիներին՝ կարճատեսի ակնոցս խնամքով սրբում եմ թաշկինակիս պոչով, դնում քթիս ու առաջին հարկում մազերս դզմզելով՝ դուրս նետվում շքամուտքից։
– Կը՛տ-կը՛տ-կը՛տ-կը՛տ-կըըըըըը՜տտտտտտ, – կրունկս պոկվում՝
փախչում է կոշիկիս տակից, ու ես բերանքսիվայր ընկնում եմ Սայաթ-Նովայի մայթին։ Սպիտակ մետաքսը փոշակոլոլ նայում է դեմքիս ու անձայն հոգոց հանում. «Տնաշե՜ն, քիթդ ամպերում ես քայլում, ոնց որ սիրահարված պինգվին լինես, բա ափսոս չե՞մ, մի օր էլ չհագար, էդքան էլ զոհողությունների գնացիր, մինչև էն փսլինքածոր դերձակի ձեռքից ինձ ազատեցիր, օ՜ֆ, մետաքսի կյանքն էլ մի բան չի, տե՛ս, թե ոնց քրքրվեցի, օֆ, օ՜ֆ»։
Արցունքն աչքերիցս ներս հրելով, լոք-լոք անելով՝ հասնում եմ պոկված կրունկիս ու կաղին տալով՝ շուրջս նայում. փշուր-փշուր ապակիներով ակնոցս խռով պառկել է մայթեզրի քարին։
– Թողեք օգնեմ։
– Չէ, չէ՛, ես կգնամ։
– Ոնց կուզեք։
Միանգամից փոշմանում եմ։ Աչքի պոչով նայում եմ ուսերին թափվող մազերին, խելքի ծով աչքերին, թելիկ-մելիկ բոյ-բուսաթին,- մի հարցնող լինի՝ խելքը բոյի հետ ի՞նչ կապի,- ու, քիչ է մնում՝ թև առնեմ թռչեմ, փողոցով մեկ ճչամ՝ կանգնի՜, հե՜տ արի, քե՜զ եմ ուզում։ Բայց չէ, ո՛չ ես եմ ծպտուն հանում, ո՛չ ինքն է ֆայմում՝՝գոնե մի անգամ հետ նայի։
Մի ոտքս մյուսից բարձր՝ կաղին տալով, փշրված ակնոցս ու կոշիկիս ներբանը մի կերպ տեղավորած ափերիս արանքում, մետաքսե փոշոտ բլուզիս նվնվոցն ականջներիս մեջ՝ կանգնել եմ մայթի մեջտեղում ու քոռուփոշման նայում եմ հեռացողի հետքին։
– Օգնե՞մ, աղջիկս։
– Ըհը, հա՛, հաա՜աա, օգնեք, շա՜տ է ցավում, ծու՜նկս, վա՜յ, ահավոր, ահավոր ցավում է, – համարյա բղավելով՝ ասում եմ տարեց կնոջը։
Երկարամազը կտրուկ շրջվում է ու վազելով հետ գալիս, առանց հարցուփորձի՝ ինձ առնում է թևերին ու, թըըըըը՜ռ։
Տարեց կինը խոնարհ ժպտում է։
Հիմա ես տարեց կինն եմ։
* * *
Լեգենդ հորինելն իմ սիրելի զբաղմունքն է։
Ես քսանհինգերորդ դարի առասպել ստեղծողն եմ։
Ասենք՝ մարդկանց աշխարհը կործանվում է, բայց երկուսը՝ մի ագնոստիկ փիլիսոփա ու մի ֆիզիկոս-քիմիկոս-կենսաբան-աստղագետ-նորարարական տեխնոլոգիաների գուրու, փրկվելով իրենց ստեղծած լաբորատորիայում, տիեզերքի նոր միգամածություն են ուղարկում մարդանման երկուսին, որոնց ուղեղը, ինչպես համակարգչի հիշողությունը, ամբողջովին մաքրվել է, երբ նրանց գլուխները սափրելով՝ գերհզոր էլեկտրոդային չիփեր են տեղադրել գանգամաշկի տակ, որպեսզի նրանք կատարեն իրենց առաքելությունը՝ փրկելով ջրի տակ անցած մարդկանց աշխարհը։
Կանաչ մարգագետնի ու կապույտ երկնքի ու անգույն օդի մասին հիշողությունը միակն է, որ սխալմամբ մնացել է երկուսի մանկուրտային ուղեղում, որն էլ բորբոքում է նրանց երևակայությունը, երբ փորձում են մտնել ջրի տակ ու իրականացնել չիփում ամրագրված հրահանգները։
Երբ մարդկանց աշխարհը դեռ չէր կործանվել, այս երկուսին առանձին-առանձին հրավիրում են լաբորատորիա և համաձայնագիր ստորագրում նրանց հետ, ըստ որի՝ փորձարկողները պարտավորվում են համաձայնող կողմին վճարել այնքան, որքան նրանք կպահանջեն, իսկ համաձայնող կողմը պարտավորվում է այդ հսկայական գումարի դիմաց զոհաբերել մեկ անգամ տրված կյանքը՝ հանուն իրենց զավակների կուշտուկուռ ապագայի, անտեղյակ այն առաքելությանը, որին կոչված էին։
Փորձարկողները նաև պարտավորվում են հավուր պատշաճի կազմակերպել նրանց հուղարկավորությունը՝ հոգալով անհրաժեշտ ծախսը։ Նրանք համաձայնում են լաբորատորիայից առցանց հետևել իրենց թաղման ողջ արարողակարգին։
Ես լեգենդների ու առասպելների սիրահար եմ։
– Տես, տե՛ս, կինս ու աղջիկս արտասվում են։ Նրանք իսկապես ինձ
սիրում էին։ Ես խոզ եմ, խոզ եմ, ինչքա՜ն եմ տանջել նրանց։ Ա՜խ, Աստվա՛ծ իմ, էլ չեմ դիմանում։
– Կարող եմ անջատել, եթե խղճի սուր խայթ եք զգում, դա ավելի
մահացու է, քան սիֆիլիսը։
– Ա՜խ, դուք ամեն բան գիտեք իմ մասին, չլինի՞՝ ԿԳԲ-ի գործակալ
եք։
– Ո՛չ, ես ընդամենը չիփերի այս լաբորատորիայի ստեղծողն եմ,
գործատու գործակալը։
– Բա ինչու՞ իմ մահը էդպես բեմադրեցիք։
– Հավանականությունը շատ մեծ էր, որ օրերից մի օր հենց այդպես
էլ կմեռնեիք՝ կիսամերկ ընկած հյուրանոցի ննջարանի հատակին, որտեղից վայրկյաններ առաջ հեռացել էր ձեր զուգընկերը։
«Սրտի պայթյուն», – գրեցին կայքերը։
Հարևան սենյակում նստած տղայական կարճ սանրվածքով կինը նույնպես սևեռուն նայում է էկրանին։
– Չէ՛, էս դիմանալու չի, – տնքում է կարճամազը, – չէ, հիմա սիրտս
կպայթի, անջատեք էս անտերը, չե՛մ ուզում, չե՜՜՜մ ուզում, – բղավում է նա՝ ձեռքերն ու ոտքերը հիստերիկ թափահարելով։
– Լավ, հիմա կանջատենք, կանենք այնպես, ինչպես կամենում եք,
աշակերտի պես հնազանդվում են փորձարկողները։
– Չէէէէէ՜, թողեք նայեմ, – ջղաձիգ՝ ձեռքերն ու ոտքերը անկանոն,
անկանխատեսելի թափահարելով, աչքերը խելագարի պես չռելով՝
կարճամազը գրկում է էկրանն ու անշարժանում։ Քիչ անց կամաց-կամաց հեռանում է էկրանից ու սուսուփուս նստում հատակին դրված մեծ, փափուկ բարձին։- Տեսե՛ք,- խոսում է շշուկով,- նայե՛ք, էն փոս ընկած բազմոցին է անցել ջահելությունս ու ամբողջ կյանքս։ Տեսե՛ք, հանել են՝ դրել ծիրանի ծառի տակ, էլ հնոտիք է։
– Մի՛ նեղվեք, կյանքում ավելի վատ բաներ են պատահում մարդու
մահից հետո։
– Սրանից վատ էլ ի՞նչ է լինում։ Մեռնում ես, հերիք չի, մի հատ էլ
ունեցած-չունեցածդ հանում են, դուրս գցում, կարծես ուզում են էնպես մաքրել քունջուպուճախները, որ հետքդ անգամ չմնա, կարծես ինչին ձեռք ես տվել, վարակված է, քիթները բռնած՝ ժամ առաջ ձերբազատվում են ամեն-ամեն ինչից՝ գրքերից, թղթերից, չուլուչուփից, անգամ հարսանեկան սպասքից ու գորգից ու վերմակից են հրաժարվում՝ հեռու փախչելով, ինչպես բորոտից։
– Մահը, մա՛հը, երևի, փրկություն է, չգիտեեեեեեմ, – ծոր է տալիս
ագնոստիկ փիլիսոփան։
– Մեռնեի՝ աչքս չտեսներ, – մրմնջում է իր սիրելի ընտանիքի և
արգահատելի հասարակության համար երեք օր առաջ մեռած կարճամազ տիկինը, որն այդպես էլ չի իմանա, որ դատապարտված է անմեռության։
Քսանհինգերորդ դարում իմ հորինած լեգենդը, որ հիմա գրում
եմ, դեռ շարունակվում է, քանի որ մարդիկ այնքան երկար են ապրել, որ հաղթահարել են մահվանը տրվելու գայթակղությունը։