Գուրգեն Մահարի | Քաջ Նազարն ու նրա զավակները

ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐՈՒ ՎԵՐՋԻՆԸ ԵՎ ԱՆԱՎԱՐՏԸ

Անտոնինա Մահարու մահից հետո Գուրգեն Մահարու ընտանեկան արխիվում հայտնաբերվեց «Քաջ Նազարն ու նրա զավակները» վեպի առաջաբանը:

«Քաջ Նազար» վեպը Մահարու անավարտ մտահղացումներից մեկն էր, որի միայն առաջաբանը գրվեց, և որը մինչև վերջերս մեր կողմից համարվում էր չհայտնաբերված: Դժվար չէ կռահելը, թե ինչո՞ւ հատկապես գրականության սանդում այդքան ծեծված Քաջ Նազարը պետք է լիներ Մահարու հերթական գլխավոր հերոսը. «Պե­տք է հասկանանք, որ մե­նք փո­քր ազգ ենք և պի­տի գնա­հա­տե­նք մեր ու­նե­ցա­ծը և ձեռք քաշե­նք քաջ­ նա­զա­րութ­յու­նից…» (Արամ Հայկազին գրված նամակից, 26 փետրվարի 1967 թ.):

 Մել այլ նամակ՝ ուղղված Շահան Շահնուրին նույնպես վկայում է, որ Քաջ Նազարը պետք է լիներ մեր ոչ հեռավոր անցյալի, XX դարի իրադարձությունների անմիջական մասնակիցը. «Կու­զեմ «Քաջ Նա­զար» մը գրել. ուրի՜շ, ու­րիշ տե­սակ քաջ Նա­զար մը, գու­ցե ու­րի՞շ ա­նու­նով, կամ գու­ցե «Պա­րոն Նա­զա­րե­թի կյա­նքն ու ար­կած­նե՞­րը», «Պա­րոն Նա­զա­րե­թը Վայ­վայս­տա­նում» (Տաճկա­հայաս­տան), «Պա­րոն Նա­զա­րեթ ի Հայ­հայս­տան» (Կով­կաս), «Պա­րոն Նա­զա­րեթ ի Սի­բիր» և այլն, և այլն… Հայ­կա­կան Դոն-Քի­շոտ մը, Տար­տա­րեն մը, Շվեյկ մը­… Որ­քա՜ն կու­զե­ի… Այդ­քան ուժ, հա­րա­քյաթ ու բա­րա­քյաթ կգտ­նե՞մ մե­ջս… և ժա­մա­նակ կա՞, ո՜վ գի­տե…» (7 փետրվարի 1968 թ.):                             

Առաջաբանը չշարունակվեց: Մահարին ստիպված եղավ նստել «Այրվող այգեստանների» լրամշակման վրա, բայց նա մշտապես հիշում էր տրված մուրհակը, հիշում դառնությամբ ու ցավով. «Աշ­խա­տում եմ «Այ­գես­տան­ներ»ի երկ­րո­րդ հրա­տա­րա­կու­թյան վրա. և ի՞նչ. ա­մեն րո­պե հետ­ևում է ինձ մի հա­րց.– հե­տո՞…– ա­սե­նք թե հա­ջո­ղութ­յա­մբ ա­վար­տե­ցի, հե­տո՞։ Ի՞նչ կլի­նի հե­տո, ո՞վ կա­սի «մա­լա­դեց»։ Ո՛չ­ ոք: Որ­քան լավ, այն­քան վատ: Մտա­ծում եմ հե­տա­գայում ան­ցնել «Քաջ Նա­զար»ին: Ու նույն հար­ցը.– հե­տո՞: Ո՞ւմ է հար­կա­վոր, ո՞ւմ հա­մար տք­նել. ստե­ղծ­ված է գրա­կան մի գար­շե­լի մթ­նո­լո­րտ, ո­րը խեղ­դում է մար­դու մեջ ինչ լավ է, վեհ ու բա­րձր…», «Սկ­սել է­ի «Ե­րի­տա­սար­դու­թյուն» վե­պը (1920-1936), հի­սուն­չո­րս է­ջի վրա ընդ­հատ­վեց. չեմ կա­րող շա­րու­նա­կել, չնայած որ ան­գիր գի­տեմ գրե­լի­քս: «Քաջ Նա­զար» վե­պս կա­նգ­նեց ա­վա­րտ­ված նա­խա­բա­նի վրա և… ապ­րում եմ, դեռ ապ­րում եմ, բայց մի՞­թե սա կյանք է…», «Ե­րի­տա­սար­դու­թյուն» և «Քաջ Նա­զար» վե­պե­րս օ­րո­րո­ցի մեջ կու­լան, իսկ ես օ­րոր ա­սե­լու ան­գամ ուժ չու­նե­մ…»:

Հեշտ է կռահելը, որ Քաջ Նազարի երեք զավակները հայ ավանդական երեք կուսակցություններն են, ինչպես նաև այն, որ նրանց մասին խոսվում է «Այրվող այգեստաններ» վեպի ինկվիզիացիան ընթերցողին հիշեցնելու համար:

Գրիգոր Աճեմյան

Արքմենիկ Նիկողոսյան

ՔԱՋ ՆԱԶԱՐՆ ՈՒ ՆՐԱ ԶԱՎԱԿՆԵՐԸ

Նրանց կյանքն ու գործունեությունը՝ սկզբից մինչև մեր օրերը,– վեպ երեք մասից, պատշաճ նախաբանով և վերջաբանով, սկսված 1967 թվականի փետրվարի 17-ին, երբ հեղինակը արթնանալով խոր քնից, տեսավ իր դեմ կանգնած Նազարին և նազարազուն այս երեք արի արանց և որոշեց ներկայացնել նրանց կյանքն ու գործը:

Գրի առավ Գուրգեն Մահարի՝ ծառա Քրիստոսի և մարքսիզմի: Ամեն:

ՆԱԽԱԲԱՆ

Հայր Նազարի կյանքի, գործունեության և վախճանի մասին մեզ հասած տեղեկություններն իրենց մանրամասնությունների մեջ չափազանց հակասական են և անհարիր: Այս այսպես լինելով հանդերձ, Հայր Նազարի կերպարը, որպես պատմա-հեքիաթական երևույթ, ոչ միայն չի տուժում կամ դժգունում, այլ ընդհակառակը, ձեռք է բերում ինչ-որ խորհրդավոր շողք ու փայլ, ինչ-որ՝ մենք կասեինք՝ անբացատրելի հմայք, որով օժտված են գրեթե բոլոր աշխարհային կամ համաշխարհային պատմական անձնավորությունները, անկախ այն բանից, թե նրանք դրակա՞ն երևույթներ են եղել, թե՞ բացասական, ի՞նչ չափով օգտակար դեր են խաղացել իրենց կյանքի և գործունեության ընդհանուր համակարգում, կամ իրենց ո՞ր կողմերով դարձել են սերունդների ուշադրության առարկա… Եվ զարմանալին, որքան հակասական են պատմական մշուշոտ անցյալից մեզ հասած տեղեկությունները նման անձնավորությունների մասին և որքան խճճված նրանց կենսագրական փաստերը, այնքան նրանք մեծանում են սերունդների աչքում և ստանում մի առանձին, մեծ, զարմանահրաշ նշանակություն:

Այս տեսակետից Հայր Նազարը բացառություն չէր կարող կազմել: Նրանով զբաղվել են շուրջ հինգ գիտակ և հարգարժան գրիչներ, որոնք են՝ Հովհան Թոմա, Իսահակ Ավետացի, Աստեղական, Դերենակ Երկաթ և Ստեփանե Զորացի1: Եվ ի՞նչ, ոչինչ, բացի այն, որ անզեն աչքերով անգամ նկատելի են հակասություններն ու փաստական տարադարձություններն այն մեծ կյանքի, որը դարերի և տարիների ընթացքում պիտի կազմավորվեր որպես փիլիսոփայական և հոգեբանական գիտությունների մեջ՝ առաջավոր մի ուղղություն, որն ունեցավ այնքա՜ն հետևողական հետևորդներ:

Մեր նպատակից դուրս է զբաղվել Հայր Նազարի մասին լույս տեսած տարեգրությունների համեմատականով, վիճարկել կամ նախապատվություն տալ այս կամ այն դրույթին, դա մեզ շատ հեռու կտաներ, այնուհանդերձ Նազարի և նազարազուն երեք ասպետների օրերի և վաստակների նկարագրության ձեռնամուխ լինելուց առաջ, չենք կարող սեղմ գծերով չանդրադառնալ նրանց արժանավոր հոր կյանքի գլխավորաբար այն գծերին, որոնք վերոհիշյալ հինգ պայծառամիտ պատմաբանների կողմից հաստատվում են և չեն հարուցում ոչ մի տարակարծիքություն: Այս անհրաժեշտ է հասկանալու համար պատմասոցիալահեքիաթական այն պայմանները, որոնք կազմավորեցին և մարմնավորեցին Հայր Նազարի երեք զավակներին:

Մտածել, որ Հայր Նազարի թագավորությունն ամենաչնչին չափով նման է եղել Ֆրանց Իոսիֆի2 երկարատև, խաղաղ ու երջանիկ թագավորությանը, նշանակում է որոշ չափով միամիտ լինել: Վերոհիշյալ պատմաբաններից ոմանց այն պնդումը, թե մինչև հիմա էլ ապրում է Նազարը և ծիծաղում է աշխարհի վրա նստած իր գահին՝ մենք համարում ենք մի տեսակ շեղում հեքիաթային իրականությունից, որը ոչ մի չափով չի դիմանում իրապաշտական-քննադատական մոտեցմանը: Ամեն հիմք կա ենթադրելու, որ Նազարի թագավորությունը մեկն է եղել այն թագավորություններից, որոնք ունեցել են եղերական վախճան:

Վերոհիշյալ բոլոր պատմաբանների պնդումով Նազարը գյուղացիական ծագում է ունեցել և աչքի է ընկել ծուլությամբ և վախկոտությամբ: Գյուղում նա ամուսնացած է եղել և վարել է ձրիակերի կյանք: Կինն աշխատել է չարքաշ և չարաչար, և կերակրել իր կախ բեղերով, ալարկոտ ամուսնուն. սակայն ի պատիվ Նազարի պիտի ասել, որ նա շարքային ձրիակեր, շարքային ծույլ և շարքային վախկոտ չի եղել, մեծ երազող է եղել նա և օժտված է եղել մեծ երևակայությամբ: Այս բարեմասնություններով ծնվել հետընկած մի գյուղում, որի բնակիչներն իրենց սեփական քթից և մի կտոր հացից բացի ոչինչ չեն տեսնում, նշանակում է լինել ոչ թե կատակերգության հերոս, ինչպես ներկայացրել են մեր պատմաբանները… ոչ, հազար անգամ ոչ, Նազարը նույնքան ողբերգական կերպար է եղել մարդկության պատմության մեջ, որքան եղերական, մեծ Դոն-Կիխոտը, որին ամբողջ աշխարհն է ճանաչում, այնինչ Նազարին իր սեփական, օրինական կինն անգամ չուզեց ճանաչել…

Պատկերը, այս տխուր սրտամորմոք պատկերը լրիվ կդառնա, եթե հաշվի առնենք և այն, որ քաջ Կիխոտը լավից-վատից նժույգի տեր էր և ուներ հավատարիմ և անձնուրաց թիկնապահ Սանչո-Պանչոյի նման թև ու թիկունք, իսկ մեր խեղճ ու կրակ Դոն-Նազարը մի թշվառական ավանակի վրա երևաց պատմության քառուղիներում և մենակ, մեն-մենակ դիմեց դեպի հազար վտանգով լեցուն անհայտ հեռուները:

Սիրելի ընթերցող, հիմա, երբ գրում եմ այս տողերը, մի միտք, քաջ Նազարին անհանգստացնող աներես ճանճերից մեկի նման մի միտք ուղեղիս մի խորշում բզզում է և ինձ մղում անմիտ մտքերի: Ներիր ինձ ու թող երկնավոր ու երկրավոր բոլոր ամենակարողները ներեն, որ իմ այդ մտքերը մղում են ինձ հերետիկոսության և ռևիզիոնիզմի անարգ գիրկը: Առանց անհարմար զգալու և հարմար կերպով տեղավորվում եմ այդ գրկում և մտածում.– ի՞նչ երաշխիք, որ Հայր Նազարի բոլոր հերոսական դրվագները, որոնք սփռված են իր խեղճ խրճիթից մինչև թագավորական պալատը ձգվող ճանապարհին, հիվանդագին, սակայն և ուժեղ երևակայության արդյունք չեն: Իմ ուղեղի աչքերով, ահա, պարզ ու որոշակի տեսնում եմ գյուղից առանձնացած մի հողաշեն խրճիթ տափակ կտուրով, խրճիթի հետևում մի լուրջ և խոհուն աքաղաղ երեք-չորս հավերի ընկերակցությամբ քջուջ անելիս, իսկ խրճիթի մոտ, պատի տակ, արևի տակ պառկած տան տերը: Տանտիրուհին չկա, նա երևի (ոչ թե երևի, այլ հաստատապես) գնացել է ունևոր գյուղացիներից մեկի տունը լվացք անելու կամ հաց թխելու, իր և իր պատվարժան ամուսնու ապրուստը հոգալու համար: Նրա ամուսինն ըստ երևույթին ծնված է մեծ գործերի համար, և որովհետև գյուղում մարդիկ զբաղված են փոքր գործերով (հող վարել, ցանել, կալսել, ցորենը ջրաղաց տանել, անասուն պահել…), նա, մեր հերոսը դատապարտված է եղել անգործության, օրերով պառկած է պատի տակ և (մենք ասացի՞նք որ նա օժտված է եղել երևակայության մեծ ուժով) երևակայում է այն մեծ գործերը, որոնք մեր հինգ պատմաբաննների կողմից նկարագրված են որպես իրականություն… Ահա այն միտքը, որն ինձ հանգիստ չի տալիս:

Նազարական հերոսապատումի գագաթնակետը նրա թագավոր օծվելու փաստն է և այն, որ շրջապատված փառքով և շուքով, նա հիշում է իր գյուղը, իր խրճիթը, իր դժգոհ ու փնթփնթացող կնոջը և հրամայում է, որ գեղջկուհի կողակցին պալատ բերեն: Ուստյանը, կամ ըստ Աստեղականի՝ Օղտիկը, ընկնում է ծնկաչոք արքայի առաջ և հանկարծ ճանաչում է գահի վրա նստած իր Նազարին: Հնարավոր չէ՞, որ ճիշտ այդ րոպեին, պատի տակ նստած կիսարթուն Նազարն իր նիհար հետնամասի մատույցներում զգա իր սիրասուն կողակցի բոբիկ ոտի հարվածը և լսի.

– Վեր, անպետքի մեկը, վեր կաց, իրիկվա վռիկդ կեր…

Երազների աշխարհից, անլուր սխրագործություններից և թագավորական մեծարանքներից հարբած ու պարտասուն Նազարը, պարզ է, զարթնելով և տեսնելով դժխեմ իրականությունը հորանջած պիտի լինի ծույլ ու քաղցր ու ասած.

– Այ կնիկ, այ չար ոգի, հազիվ հազ ու մի դժվարությամբ թագավոր ի օծվե, քեզ էլ պալատ ի բերե, որ ապրինք թագավորական կյանքով, էն էլ փչացրիր գործը, չունենայի քեզ նման կնիկ, ա՜յ կնիկ…

Չէ՞ որ կարող էր և այսպես պատահած լինել:

Մենք արդեն ասացինք, որ որքան խճճված ու հակասական են մեծ մարդկանց կենսագրական տվյալները, այնքան նրանք մեծանում են սերունդների աչքում: Մեր այս տարբերակը, որը միանգամայն կամայական է,  միայն կարող է ծառայել Հայր Նազարի համբավի վսեմացմանը և ոչ նսեմացմանը: Ամեն մահկանացու կարող է երևակայել ամեն բան, բայց երևակայել և հավատալ, որ այն, ինչ երևակայություն է՝ ա՛յդ է ճշմարտությունը, իսկ իրական իրականությունը սուտ է, սա միայն բացառիկ հանճարներին է հատուկ:

Հայր Նազարը պատկանում է բացառիկ հանճարների թվին, անգամ եթե մենք վերանայենք հայտնի հաստատված կենսադրույթները և կասկածի տակ առնենք հինգ պատմաբանների կողմից հաստատված և նույն մեծ հնգյակի կողմից ընդունված փաստական արձանագրությունները:

Անցնենք առաջ. ի՞նչ ազգության է պատկանել այս նշանավոր անձնավորությունը: Այս մասին էլ կարծես տարաձայնություն գոյություն չունի վերոգրյալ հինգ պատմաբանների մոտ: Ճիշտ է, նրանք չեն արձանագրել Նազարի հայությունը, բայց կարդալով նրանց գործերը, գալիս ես այն անխախտ համոզմանը, որ նրանք միանգամայն ավելորդ են համարել նշել Նազարի ի՞նչ ազգության պատկանելիությունը, որովհետև նրանց համար ավելի քան պարզ է եղել, որ Նազարը միայն և միայն հայ կարող է լինել, այնպես, ինչպես Իվանն է ռուս, Ժանը ֆրանսացի կամ Դաթիկոն՝ վրացի: Այստեղ է, որ մենք ստիպված ենք դեմ կանգնել այս դրույթին և կատարել մի վճռական հերքում, մի բան, որ երբեք և ոչ մի չափով չի կարող ազդել և չի ազդի հարգանքի այն մեծ չափին, որը մենք տածում ենք հանդեպ մեր պատվական հինգ գրիչների:

Արդ, մեր բազմամյա և մանրակրկիտ հետախուզությունները մեզ բերին այն անխախտ համոզմանը, որ պատմական այն ժամանակահատվածում, երբ ապրել և ստեղծագործել է Հայր Նազարը, դեռ հայություն գոյություն չի ունեցել որպես այդպիսին: Այդ հեռավոր ժամանակներին գոյություն ունեին երկու ցեղեր. դրանցից առաջինը վայվայ ցեղն էր, որը տեղավորված էր արևելյան փոքր Ասիայում և աշխարհագրականորեն ընդգրկում էր Պարսկաստանի արևմտյան սահմանից մինչև Կոստանդնոպոլիս, իսկ մյուսը՝ հայհայ ցեղը, որը բռնում էր Սև ծովի և Կասպից լճի միջև ընկած տարածությունները, ձգվելով դեպի հարավ, մինչև Խուժաստանի  սահմանները: Թող զարմանալի չթվա, եթե ասենք, որ մեր ձեռքի տակ եղած մի շարք փաստաթղթերի հիման վրա մենք կարող ենք ապացուցել, որ այս երկու ցեղերը, հայհայներն ու վայվայները պատմական անհուշ ժամանակներում մի ազգություն են եղել և ունեցել են իրենց երկիրն ու պետականությունը, որը կոչվել է Նայիրի, Արմենիա կամ Հայաստան, իսկ ժողովուրդը՝ նայիրցիներ, արմեններ կամ հայեր: Արդ, դարերի ընթացքում, այս ազնիվ ժողովուրդը, ոտնակոխ լինելով արևելքի և արևմուտքի ընտանի և վայրի ցեղերի ձիերի սմբակների տակ, կորցնում է իր անկախությունը և աստիճանաբար վերածվում է հայհայ և վայվայ ցեղերի, որոնցից հայհայներն ընկնում են Բուժաստանի, իսկ վայվայները Խուժաստանի տիրապետության տակ:

Մենք ասացինք՝ «հերքել», մենք ասացինք՝ «դեմ կանգնել», մենք ասացինք մեր տեսակետը և սպառնացինք «մի շարք փաստաթղթերով», բայց ավաղ, ի՞նչ կարող եմ անել ես մեծ հնգյակի դեմ… Եվ արդյոք քաջնազարություն չէ՞ վիճարկել ընդունվածը, սրբագործվածը: Աշխարհի կամ պատմության ծուռ վիզը ե՞ս պիտի շտկեմ, մանավանդ որ ոչ մի փաստաթուղթ էլ չունեմ ես իմ ձեռքի տակ… այդ ես ասացի օրինակ առնելով պատմագիրներից, որոնք երբ նեղն են ընկնում, ճամարտակում են «մի շարք անհերքելի փաստաթղթերի» անունից, որոնք… գոյություն չունեն:

Ի՞նչ է մնում մեզ անել.– թեթև ձեռքով, այո, թեթև ձեռքով Հայր Նազարին դնել հայկական թագավորության վերջին գահին և անցնել նրա հոգևոր երեք ժառանգների օրերին ու վաստակին:

Մի վերջին խնդիր ևս: Ո՞վ է եղել, կամ ովքե՞ր են եղել Հայր Նազարի երեք զավակների մայրը կամ մայրերը, իր օրինական գեղջկուհի կի՞նը, որը կոչվել է Ուստյան, Օղթիկ կամ լավագույն դեպքում Արմաղան, թե՞ պալատական շիմշատ թագուհին, որը ժառանգեց նա պարտված թագավորից… Զբաղվել այս պրպտումներով, նշանակում է որոնել անգտանելին և զբաղվել ժամավաճառությամբ, մի շռայլություն, որը չենք կարող մենք թույլ տալ խիստ հարգելի պատճառներով:

Եվ որովհետև նազարապատումը և հայկական բոլոր գիտական հեքիաթներն սկսվում են «լինում է, չի լինում» հանճարեղ նախաբանով, խնդրում ենք այդ ոգով էլ կարդալ մեր աշխատությունը, որովհետև իր պատմագիտական կամ գիտապատմական լրջությամբ և կշիռով սույն գործը ոչ միայն ետ չի մնում հայ և համաշխարհային բոլոր հեքիաթներից, այլ և շատ կողմերով առաջ է անցնում:

ՀԵՂԻՆԱԿ

1967 թ. փետր. 23, քաղաքամայր Երևան

Հ. Գ.– Վերջին րոպեին միայն այս տողերի հեղինակը գլխի ընկավ, թե ինչ վտանգավոր ճանապարհի վրա է կանգնած, ձեռնամուխ լինելով քաջ Նազարի երեք (այն էլ երե՜ք…) զավակների պատմագրությանը: Կարո՞ղ եք երևակայել թե ի՜նչ մեկնաբանությունների և մութ ենթադրությունների տեղիք պիտի տա այս ճակատագրական թիվը: Այսօրվա ձվի մեջ մազ փնտրող (և գտնող…) քննադատը Նազարի երեք զավակների մեջ պիտի որոնի (և գտնի…) երեք նշանավոր կուսակցությու… Ոչ, ոչ, ոչ թե երեք, այլ  չորս փայտով3 չարաչար ծեծված տողերիս գրողը մտադիր չէ ենթարկվելու նոր փորձությունների: Փառքի պսակ ստանալ այդ չորս ձեռներից կամ նրանցից մեկն ու մեկից ես չեմ ցանկանում, որովհետև դա նշանակում է լինել նրանց կամ նրանցից մեկն ու մեկի ճորտը: Ահա թե ինչու… Ահա թե ինչու Նազարի երեք զավակների կյանքի ու վաստակի նկարագրությունը թողնելով հետագա սերունդների ավելի խիզախ գործիչներին, մենք ձեռք ենք պարզում վաղածանոթ Նազարին, իջեցում գահից և… խոթում օրորոց:

Նախապես մտածված և գրված գրքի վերնագիրը թողնում ենք անփոփոխ. քի՞չ կան գրքեր, որոնց վերնագիրը չի համապատասխանում բովանդակությանը…

ՆՈՒՅՆ

 

1 Թվարկվում են Քաջ Նազարի թեմատիկային դիմած  Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Համաստեղը, Դերենիկ Դեմիրճյանը և Ստեփան Զորյանը:

2 Ֆրանց Յոզեֆ I (18301916), Ավստրիայի թագավորության, հետագայում Ավստրո-Հունգարիայի կայսր՝ Հաբսբուրգների արքայատոհմից։ Ավստրիայի ամենաերկար կառավարած կայսրը։

3 Ակնարկվում են հայ ավանդական երեք կուսակցությունները և համայնավարները:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *