Վրեժ Իսրայելյան | Քառասուներկուերորդ գիշերը

Ամեն ինչ շատ ավելի առօրեական էր, քան Վարդուհին էր կարծում: Աշխատանքից տուն վերադառնալիս Բաբկենը նրան ծտի պես օդ չէր թռցնում, ինչպես նա էր իր հեքիաթի մեջ փայփայում: Մի անգամ Բաբկենը նրա թախանձանքին չդիմացավ և ամոթից քրտնելով փորձեց Վարդուհուն թևերի վրա առնել և պտտվել, բայց շատ ծիծաղելի բան ստացվեց, չնայած իր փոքրիկ կազմը. վածքին Վարդուհին բավականին ծանր թվաց. կամ գուցե Բաբկենն էր ուժասպառ, և քիչ մնաց երկուսով գետին փռվեն: Վարդուհին քրքջալով ասաց. «Ասպետիս տեսեք, չի կարողանում իր գեղեցկուհուն թևերի վրա առնել, իսկ ես կարծում էի…»: Վարդուհին օրվա մեջ հարյուր անգամ նրան և ստիպում էր սիրո խոստովանություններ անել հրճվում էր ամուսնու անճարակությամբ:
– Դե, ասա, ասա, ինձ սիրո՞ւմ ես, ասա…
– Ի՞նչ ասեմ, Վարդ,- խեղճանում էր Բաբկենը:
– Ասա, որ ինձ սիրում ես:
– Դե, ասում եմ, էլի…
– Չէ, ասա,- համառում էր Վարդուհին:
– Դե սիրում եմ, էլի… Չէ, այդպես չէ, լա՜վ ասա:
«Լավ» բառը Վարդուհին ձգում էր և ձևացնում էր, թե հրճվանքից նվաղում է: Հետո նա պահանջում էր, որ ցույց տա, թե որքան է սիրում:
– Դե ասա, ասա, որքա՞ն ես սիրում:
Բաբկենը նայում էր չորս կողմ, ինքն իրեն սրտապնդում ու ասում,-շատ եմ սիրում:
– Չէ՛, լա՜վ ասա:
Այսօր Բաբկենը քիչ ուշ եկավ տուն: Վարդուհին արցունքոտ աչքերն էր տրորում: Նրա երկար վարսերը թափվել էին դեմքին: Նա ծալապատիկ նստել էր անկողնուն: Բաբկենի լեզվին ինչ-որ քնքուշ բառեր պտտվեցին, բայց ասաց.
– Արհմիության ժողով էր:
– Իսկ ես կարծում էի ինձ համար վարդեր կբերես:
– Չկար,-շփոթմունքը կոծկելու համար ստեց Բաբկենը:
– Չկար,- հեգնեց կինը,- գնայիր յոթ սարից այն կողմ, յոթ ծովից այն կողմ, սև դևին հաղթեիր բերեիր… Բաբկենը փորձեց ժպտալ:
– Չե՞ս հարցնում, գեղեցկուհիդ ինչու է գունատ, հարցրու, կասեմ:
Բաբկենը նոր միայն նայեց կնոջ դեմքին ու մոտեցավ, ձեռքը դրեց ճակատին:
– Դե լավ, լավ, մի վախեցիր, չեմ մեռնի,- ծիծաղեց Վարդուհին:
– Գուցե բժի՞շկ կանչեմ,- տագնապով ասաց Բաբկենը:
– Բժիշկ որ տեսա, հաստատ կմեռնեմ: Ավելի լավ է դու կողքիս նստես:
Բաբկենը նստեց անկողնուն: Վարդուհին մատներով սկսեց խառնշտորել նրա մազերը:
– Այսպես, ճակատդ բաց կարգին տղամարդ ես դառնում:
– Գուցե պառկես, հը՞, Վարդ:
– Մի շտապիր, մանկիկս, կյանքում ամեն ինչ իր ժամանակն ունի:
– Ինչո՞ւ ես այդպես խոսում:
– Օհո՜, տղամարդկային արժանապատվությունդ վիրավորվեց, դե, դե մի խռովիր, դու մանկիկ չես, դու տղամարդ ես, իմ ամուսինը, իմ ապավենը:
Վարդուհու խոտելաձևը վախեցնում էր: Մի անսովոր բան կար և՛ նրա չարաճճի հայացքի մեջ և՛ նրա փայլփլող այտերի, և՛ հումորի մեջ:
– Վարդ ջան, համենայն դեպս, գուցե շտապ օգնությո՞ւն զանգեմ…
– Տեսեք, տեսեք, տղամարդս ինձ «ջան» է ասում, ի՜նչ առաջադիմություն: Վախը սեր է ծնում: Մի վախեցիր տղամա՜րդս, պաշտպա՜նս, հզո՜րս…
– Լավ էլի, Վարդ:
Վարդուհու դեմքին մի պահ չափազանց հոգնություն իջավ: Նա մտավ վերմակի տակ, մի ակընթարթ լռեց, հետո նորից աշխուժացավ.
– Լսիր, Բաբկեն, ինչո՞ւ ինձ չփախցրիր, հը՞, չէ որ ես քեզ շատ էի խնդրում:
– Լավ էլի, Վարդ:
– Ի՞նչ Վարդ-Վարդ… Ես քեզ խնդրում էի, չէ՞, ինչո՞ւ ինձ չփախցրիր, ասա, դե ասա:
-Դե…-Բաբկենը սկսեց կմկմալ: Նա դժվարանում էր տարբերել լո՞ւրջ է խոսում Վարդուհին, թե՞՝ չէ,- մարդավարի պսակվեցինք էլի, ինչ վատ է որ:
– Ես քեզ խնդրում էի, չէ, ինչու չփախցրիր, ասա, ասա…
Վարդուհին սկսեց հեկեկալ: Բաբկենը անճարակությունից կծկվեց: Այնպես սրտանց էր հեծկլտում, որ քիչ էր մնում ինքն էլ միանա նրան:

***
Ժամը տասներկուսին մոտ էր: Դիմացի շենքի պատուհաններում լույսերը մարեցին: Բաբկենը նայում էր, և ամեն մի լույս մարելու հետ նրա հոգում ծանրանում էր մի զգացում: Երկու բնակարանում դեռ լույս էր վառվում, և Բաբկենը մտքում աղերսում էր, որ չմարեն: Նա վախենում էր մութից, մթան մեջ բոլոր մարդիկ էլ մենակ են: Մութը հենց մենակություն է, որբություն: Երրորդ հարկի բնակարանն էլ մթնեց: Մնաց մեկը: Վարդուհին կարծես թե քնեց, բայց հինգ րոպե անց աչքերը բացեց և ջուր խնդրեց: Բաբկենը մոռացել էր բաժակի տեղը, գնաց խոհանոց, հետո եկավ սենյակ, հետո նորից գնաց խոհանոց: Վարդուհին ջուրը խմեց, և տարօրինակ հայացքով նայեց Բաբկենին.
– Դե ասա՛, ասա՛, ինչո՞ւ հայրդ անտառապահ չէ, ինչո՞ւ դու անտառապահի որդի չես, ինչո՞ւ ձի չունես, ի՞նչ տղամարդ ես, որ ձի չունես…
Բաբկենը նայեց լուսամուտից դուրս: Վերջին լույսն էլ էր մարել: «Ինչ սարսափելի բան է գիշերը»:- Հետո մտածեց, որ փարոսները ոչ միայն նրա համար են, որ նավերը չմոլորվեն, այլ որպեսզի նրանք մենակություն չզգան: Բաբկենը որոշեց վաղվանից խոհանոցի լույսը վառ թողնել, գուցե ինչ-որ մեկին պետք գա: Վարդուհին անկողնում շուռումուռ էր գալիս:
– Վարդ, գուցե ջերմաչափը, հը՞… դե հենց այնպես, հետաքրքրության համար:
Վարդուհին ժպտաց.
– Մի վախենա, չէ՞ որ ես քեզ խոստացա չմեռնել: Եթե մեռնեմ, կմտածեն, թե ի՞նչ տղամարդ ես, որ չկարողացար սրտիդ ուզածին գոնե հիսուն օր պահել: Դե լավ, բեր այդ խաղալիքը:
Բաբկենին թվաց, թե նրա անկողնուց գոլորշի է բարձրանում: Այդպես մարգագետիններն են ծըխում, երբ անձրևից հետո արևը վրա է տալիս: Մեկ տարի առաջ նա գյուղում էր և հաճախ էր բարձրանում լեռնային արոտները, տեսնելու ցողի համբարձման հրաշքը: Այն ժամանակ նա մտածեց, որ այդպես մարդկային հոգիներն են համբառնում երկինք: Վարդուհին ջերմաչափը թևատակից հանեց: Բաբկենն այն առավ և վարանած նայեց կնոջը: Վախենում էր ջերմաչափին նայել, թվում էր, թե նայի, լաց կլինի: Կինը նրա ձեռքից խլեց ջերմաչափը և շպրտեց պատուհանի կողմը:
– Սխալ կլինի, երեկ ձեռքիցս ցած ընկավ… Չեմ սիրում այդ հիմար սնդիկը:
Ջերմաչափը դիպավ ջեռուցիչին և կտոր-կտոր եղավ:
– Այժմ, մանկիկս, ես ու դու մենակ մնացինք: Մոտեցիր ինձ… այ այսպես լավ է, շատ լավ է… համբուրիր: Լավ է, երբեք այսպես լավ չի եղել, աչքերս, պարանոցս: Չես պատկերացնում, Բաբկեն, թե ինչ լավ է:
-Ես քեզ սիրում եմ, Վարդ:
– Դե ասա, ասա, որքան ես սիրում, լա՜վ ասա:
Վարդուհին մեկեն առույգ տեսք ստացավ: Նույնիսկ բարձրացավ նստեց: Քնքուշ, նվաղկոտ հայացքով նայեց ամուսնուն և փղձկաց.
– Դե ասա, ասա, ինչո՞ւ անտառապահի տղա չես, ինչո՞ւ սպիտակ ձի չունես, դու ի՞նչ տղամարդ ես, որ ձի չունես:
Գիշեր էր: Նրանց ամուսնական կյանքի քառասուներկուերորդ գիշերը: Ճիշտ է, սենյակում լույսը վառվում է, բայց գիշեր է, հազար լուսարձակ էլ վառվի, էլի գիշեր է: Մարդ իր թիկունքին օտար շնչառություն է զգում, օտար մտքեր են պտտվում ուղեղում: Գիշերը մութը չէ, դա մի զգացում է, որ քաղցկեղի պես առնում է քեզ իր մեջ, գալարում ցավից, անզորությունից, որբությունից: Սա ամուսինների առաջին գիշերն էր, և նրանք կծկվել էին այդ զգացման առաջ՝ անօգ ու խեղճ: Վարդուհին դեմքը ծածկեց վերմակով, որ Բաբկենը իր դալկությունը չտեսնի: Ամուսինը դողում էր, և որպեսզի ատամները չկափկափեն ծխախոտ էր վերցրել և իր շփոթմունքը, վախը, անզորությունը ծածկելու համար ծուխը օդ էր փչում և ձեռքերով այն սենյակից դուրս քշում:
– Բաբկեն,-վերմակը դեմքից հեռացնելով և դեմքին ժպիտ խաղացնելով ասաց Վարդուհին,- երդվիր, որ Ճիշտը կասես:
– Երդվում եմ:
– Չէ, այդպես չէ, լա՜վ երդվիր:
– Ասենք, մեր սիրով…
– Ամուսի՜նս, տղամա՜րդս, ինչ լա՜վ ասացիր, «մեր սիրով», դե, մոտեցիր ինձ… լավ է, շատ լավ է, համբուրիր աչքերս, պարանոցս… ամենաշատը սիրում եմ, երբ պարանոցս ես համբուրում:
– Ինչ տաք ես, Վարդ:
– Տաք եմ, շա՜տ տաք եմ, մեր սիրով եմ տաք, տա՜ք… ասա, ասա, եթե մեռնեմ կամուսնանա՞ս:
– Չես մեռնի, տաքությունից ո՞վ է մեռել:
-Կմեռնեմ, եթե ճիշտը չասես:
– Չես մեռնի… ուզես էլ չես կարող, տաքությունից ո՞վ է մեռել որ:
– Այսպես, աչքերս կփակեմ ու կմեռնեմ: Դե ասա՛, ասա՛, կամուսնանա՞ս…
– Չեմ ամուսնանա:
-Կամուսնանաս:
– Ասենք թե կամուսնանամ, հետո՞…
-Հետո կհամբուրես նրա աչքերը, պարանոցը, իսկ նա կշշնջա, «Լավ է, ինչ լավ է, շա՛տ լավ է»:
– Չեմ համբուրի:
– Կհամբուրես: Բոլոր մարդիկ էլ խոզ են, չէ՞: Ես քեզ չեմ ասում, դու լավն ես, շատ լավն ես, ես ինձ եմ ասում, բոլորին եմ ասում: Քանի՞ ամիս հետո կամուսնանաս, մե՞կ, երկո՞ւ, երե՞ք, գուցե մեկ տարի՞, երկո՞ւ… Ինչ խոզ ենք մենք, Բաբկեն, քեզ չեմ ասում, ընդհանրապես եմ ասում:
– Վարդ, զանգեմ էլի. կգան, դեղ կտան, համ թլ վաղը տեղ ենք հրավիրված:
– Վա՞ղը, վաղը մենք ենք հյուրեր ընդունելու…
– Գուցե զանգեմ…
– Բաբկեն, դե խոստացիր, խոստացիր, որ նոր գեղեցկուհուդ պարանոցը չես համբուրի, գոնե պարանոցը: Համբուրիր այտերը, շուրթերը, ուր կուզես, բայց պարանոցը չես համբուրի, չէ՞…
– Քնենք էլի, Վարդ ջան, տաքությունդ էլ կանցնի, համ էլ առավոտ շուտ աշխատանքի եմ:
– Վաղը դու աշխատանքի չես գնա, Բաբկեն, պապադ էլ չի գնա, մամադ էլ, մերոնք էլ, էլ ո՞վ չի գնա: Սարսափում եմ, երբ մտածում եմ, թե վաղը որքան քիչ մարդիկ աշխատանքի չեն գնա… Եվ հետո… ինչո՞ւ դու անտառապահի տղա չես, ինչո՞ւ դու ձի չունես, դու ի՞նչ տղամարդ ես, որ ձի չունես: Եվ հետո…
Նրանց ամուսնական կյանքի 42-րդ գիշերը շարունակվում էր: Դիմացի շենքում լույսեր երևացին: «Ինչ վաղ են աշխատանքի գնում»,-մտածեց Բաբկենը: Դրսում դանդաղ, շատ դանդաղ ջրող մեքենան էր անցնում: «Մայթերն են լվանում, առավոտյան մարդիկ դուրս կգան և կկարծեն, թե գիշերը անձրև է եկել: Իսկ գո՞ւցե և անձրև է եկել»: Բաբկենը մեխանիկորեն մոտեցավ հեռախոսին, վերցրեց ընկալուչը, հավաքեց համարը…
-Պապա, պա, ինչո՞ւ անտառապահ չես, ինչո՞ւ ես անտառապահի տղա չեմ, ինչո՞ւ մենք ձի չունենք, մենք ի՞նչ ընտանիք ենք, որ ձի չունենք…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *