Կա՞ արդյոք ճանապարհ,
որն ինձ կընտրի…
Ես նրա վրա կդառնամ մի
կենդանի մատուռ,
եւ նա մշտապես բանուկ
կմնա Աստծո ոտքի տակ։
Մեկ-մեկ էլ դու այցի կգաս։
***
Երբ իմ կյանքից հանում եմ
ապրածս վատ օրերը,
ստացվում է համարյա այնպես,
որ չեմ ծնվել։ Այդ դեպքում,
ե՞րբ եմ հանդիպել ես քեզ։
***
Ես սիրեցի սպիտակ վարդը,
որովհետեւ դու
սիրում ես սպիտակ վարդը։
Մինչդեռ մարդիկ կան, ասում են,
իբր, չի լինում փոխադարձ սեր։
* * *
– Սեր չկա,- ասում են նրանք, որ երբևիցե չեն սիրել։
– Սեր կա,- ասում են նրանք, ովքեր սիրուց գժվում են։
Իսկ նրանք, ովքեր ոչ սիրում են, ոչ էլ չեն սիրում,
ոչին չեն ասում,
լուռ ամուսնանում են, շատ երեխաներ են ունենում
և երբեք էլ մտքներով չի անցնում՝ սեր կա՞, թե չկա։
ԱՆՎԵՐՆԱԳԻՐ
Ժամանակը, երբ հանկարծ հեռանում ես դու,
վերածվում է
անսովոր կարոտի սպառազինության։
Ժամանակը, երբ ուշանում ես դու,
դառնում է
ինքնազոհ վայրկյանների հուղարկավորություն։
Ժամանակը, երբ լսվում են արդեն ոտնաձայներդ,
փոխակերպվում է
արյանս մեջ – թրթռուն լույսի առիթմիա։
Ժամանակը, երբ միասին ենք վերջապես,
իջնում է կրծքիդ վրա
և կտցահարում սրտիս սպիտակավարդ պահերը…
ԿՅԱՆՔԻ ԵՎ ՄԱՀՎԱՆ
ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ
Տղամարդուն կյանքում կործանում է
կինը, որին նա չի հասել
և այլևս երբևէ չի հասնելու։
Կնոջը կործանում է բանաստեղծությունը,
որը նա կյանքում չի ընթերցել
և այլևս երբևէ չի ընթերցելու։
Տղամարդուն և կնոջը կործանում են
մեղքերը, որոնք չեն գործել նրանք
և կյանքում այլևս երբևէ չեն գործելու։
* * *
Երկինքը եղել է ի սկզբանե, իսկ
թևերը, թվում է, հորինել ենք ես ու դու։
Աստղերը եղել են ի սկզբանե, իսկ
երազները, թվում է, հորինել ենք ես ու դու։
Գիշերները եղել են ի սկզբանե, իսկ
արևածագը, թվում է, հորինել ենք ես ու դու։
Իմ և քո սերը եղել է ի սկզբանե, իսկ
տիեզերքը, թվում է, հորինել ենք ես ու դու։
Ի վերջո, ի սկզբանե չի եղել ի սկզբանե,
ի սկզբանե, թվում է, եղել է միայն ի վերջո։
* * *
Կարոտը սիրո վրա բացվող դուռ է,
գաղտնաբառը նրա ոչ ոք, ոչ ոք
դեռ չի գտել՝
որպես մի նոր «Սեզամ բացվիր»,
ասես չկա՝ ոչ իրականում, և ոչ էլ
անգամ հեքիաթների մեջ։
Բայց մի օր, երբ նայում էի
խորքը աչքերիդ, ինձ թվաց, թե
ուր-որ է, ահա, ես կընթերցեմ
կախարդական այդ բառը,
ու նույն պահին դու սեթևեթանքով
կոպերդ իջեցրիր վար, հեռացար։
Ու հիմա ես ամենուրեք, ուր սպիտակ
վարդ եմ տեսնում, խոնարհվում եմ
նրա վրա՝ գուցե աչքերիդ
գաղտնաբառը կարդա՞մ նրանց մեջ։
Կարոտն անձեռակերտ դուռ է,
որ բացվում է սիրո վրա,
և այն շինված է, անշուշտ,
Քրիստոսի խաչափայտից։
* * *
Եթե արագիլը գալիս, իջնում է իմ ու քո բարդուն
և նրան այնպես է թվում, որ դեռ չի վերադարձել,
նշանակում է դու ինձ չես սիրում, և ծառը չվել է։
Եթե ես նվիրում եմ քեզ աշխարհի ճերմակ վարդերը
և քեզ այնպես է թվում, թե նրանց մեջ բացակա վարդ կա,
նշանակում է բառն արդեն կորցրել է արևի ճամփան։
Եթե լուսնի դուռը՝ թակ-թիկ-թակ, գիշերով ծեծում է սերը,
և քեզ այդպես է թվում, թե դա աղմուկն է անձրևի,
նշանակում է ականջիս տակ շշնջալու էլ ոչ մի խոսք չունես։
Իսկ թե արագիլը, վարդը, լուսինը, բոլորն էլ՝ սիպ-սպիտակ,
կանչում են անվերջ և քեզ այնպես է թվում, թե դա իմ ձայնն է,
նշանակում է հավերժությունը քայլում է մեծ սիրո հետքերով։
* * *
Անընդհատ բանալիներ
մի տուր նրան,
ով երբեք չի բացելու։ Եվ
ոչ ոքից ոչինչ մի հարցրու։
Սիրում եմ ինչուները,
որոնք պատասխան չունեն։
ԱՆՍՈՎՈՐ ՕՐ
Ձյուն գալուց առաջ
մեկնել ես դու։ Քամին
ոչինչ չի հիշում։ Եվ
ուշ վրա է հասել մութը։
Ծխնելույզից ելած մի ճուռակ
թևերը փռել է թույլ-թույլ,
և ձյունը ներկվում է մուրով։
Ախր ինչու դու գնացիր։
* **
Հրթիռն ուր է սլանում իր ծխի ծայրին։
Անգամ եթե շրջենք աշխարհը՝
գլուխը ներքեւ,
ոտքերը վերեւ,
ոչինչ չի փոխվի բացարձակորեն,
ամեն ինչ
մնալու է նույնը՝ ծուռութարս։
Անգամ եթե ժպտաս երեսիս,
իբր ինձ ոչ թե ատում,
այլ սիրում ես խելագարի պես,
անգամ եթե երկինքը իջնի
մեր ոտքերի տակ, իսկ երկիրը
մեր գլխից վեր բարձրանա,
անգամ եթե ապագան դառնա
հեռավոր անցյալ,
անցյալը՝ գալիք,
շները մարդանան,
մարդիկ շնանան,
գետերը հոսեն լեռներն ի վեր՝
քաշելով ծովերին գիրկն անհայտի,
դու դառնաս տղա,
ես աղջիկ դառնամ,
արդարն անարդար լինի, ի վերջո,
անարդարը՝ արդար,
ինչպես եղել ու լինելու է միշտ,
եթե անգամ շեյթանը հանկարծ
հրեշտակի թեեւր առնի անբիծ,
թուրքը չգողանա,
չլլկի,
չսպանի,
դժոխքը դրախտի քողեր հագնի,
աշխարհում ոչինչ,
ոչինչ չի փոխվելու։
Պարզապես պիտի հեռանանք այս
անիծված մոլորակից
եւ ամեն ինչ նորից սկսենք` զրոյից,
իհարկե՝ ստուգելով
ինքներս մեզ ու զրոն՝ իրա՞վ հնով
չե՞նք վարակված, բացիլներ չկա՞ն։
Եվ, այնուամենայնիվ՝ գեղեցիկ է սլանում
հրթիռը, և ինչ սքանչելի է ծուխը նրա։
* * *
Արևոտ օրվա մեջ անակնկալ հայտնված
սև ամպի նման
սիրտս հանկարծ պարուրել է
մի տխրություն.
– Ուրեմն վաղը չե՞ս գալու…
Անկոչ, անհասկանալի մի կսկիծ
ինձ հանգիստ չի տալիս.
– Այդ դեպքում վա՞ղն ինչու է գալիս…
* * *
Այս աշխարհում թե խոտ, թե մարդ,
թե քար ու մրջյուն մի օր գալիս են
ու մի օր էլ գնալու են՝ երբ մեկնելու
ժամը գա… Էլ ի՞նչ իմաստ ունի
մահվան «հրահանգը», երբ
գալը գնալ ունի իր մեջ։
* * *
Ես աստվածորդի չեղա։ Բայց
մայրս
մի քիչ Շիվա էր,
թեև
Հնդկաստանում երբեք չէր եղել։
Մայրս ձեռքեր ուներ անթիվ
և գիտեր, որ
վայրկյանը
ծնվում է ժամանակի պակասից։
Եթե ես չսպասեմ՝
ժամանակը չի գա։
Մայրս մտել է ժամանակի մեջ,
և հիմա ժամանակն աստվածուհի է։
ԽՃԱՆԿԱՐ
Նորոգված մայթերի ասֆալտի տակից
անհնազանդ արմատների պես կբարձրանան
մեր հետքերը,
չեն կորչի,
քաղաքը կծածկվի
հեգնանքներ բաժանող տխուր ու դառը
ժպիտներով մեկի,
ով լինելու հուշից կհրաժարվես դու
դժվարությամբ, քանզի փողոցի անկյունում
թեժացած աղջիկը
գրկից բաց չի թողնի պատանյակին,
քանի դեռ նրան չի պարպել պահի մեջ։
Թոռնուհու ետևից վազող տատիկը՝
հայհոյելով ինքն իրեն,
կանցնի՝
չնկատելով
անձրևի տակ իրար սեղմված զույգին,
որն, անշուշտ, ուզի-չուզի՝ ուշացել է
շնորհանդեսից
Պաչյանի նոր գրքի. «Ցտեսություն, Ծիտ»։
Հարակից պողոտայում,Մատենադարանի
նախշազարդ վեմերից, Մաշտոցը նայում էր
ցույցի դուրս եկած իր զավակներին, որոնք
այնպես էին վանկարկում՝ Նի՜-կոլ,Նի՜-կոլ,
որ քիչ էր մնում
Ռուսիո
գերեզմանատնից ցարն իր գլուխը բարձրացնի.
– Ինչ է պատահել, նորից եկա՞վ Նիկոլի դարը։
Կարմիրը թարսի պես մոտիկ խաչուղու
լուսաֆորների մեջ
շատացել է, և անհերթ մեքենաների նախիրը
պատուհաններով կարծես նայում է
Էվրիպիդեսի «Բաքոսուհիներ»-ից դուրս թռած
ու մինչև հիմա հայկական Կարթագենում
թափառող սիրահարույց ու ցոփ կանանց՝
մի քիչ հարբած,
որովհետեւ Արտաշատի գինին շատ թունդ է և
վաղուց է գրանցված
Վարուժանի «Գինու երգում» ու Գինեսի գրքում։
(Նախկինում աղջիկ-տղա իրար սիրելու համար
կինո էին հաճախում, իսկ հիմա շնորհանդեսների
հարաբերական լույսն ու
մութն են նախընտրում՝
գինեձոնյան բաժակների շքեղ զրնգոցներով,
արքմենյան թախծախառն ու հաճախ ոչ սրտանց,
հարկադիր ասվող,
գեղագիտական հատկականություններ
հնչեցնող արտավազդյան տիրադներով)։
Երբ հնչեց հասարակական կարգը պահպանող
ոստիկանի ոգևորված սուլիչը,
աղջիկն ու պատանին
արդեն անցել էին Ռուբիկոնը,
և դրվել էին
էվրիպիդեսյան հիմքերը ապագա հանճարի։
Ընդամենը մի գլանակ խնդրող ոստիկանին
ժպտաց զույգը, և աղջիկն իր գրպանից
մի տուփ
«Սոլյուտ» հանեց նրա բերանը փակելու համար։
Անձրևը վաղուց լռության երաժշտությունն էր
հեռարձակում, և այն
քաղցր էր
ինչպես անխոսությունը՝ ամեն լավ բանից հետո։
Քաղաքն անսովոր գեղեցիկ էր,
լույսը՝
չգիտեմ ինչով,
բազմապատկված թաց ու նեոնային մայթերին։
ԱՍՊԱՆԴԱԿՆԵՐ
Մոռացումը սպանության
ձևերից մեկն է – ինքն իր դեմ
մարդու հորինած առաջին զենքը։
Ի վերջո, այն ամենքին տանում է
դեպի ինքնասպանություն։
Եվ չկա ավելի մեծ
բարերարություն,
քան մարդուն հիշելը։
Ճամփան հիշողության երիվար է։
Քեզ բերող նժույգը
կարմիր վարգով մոտենում է,
և նրա ճակատին վառվում է
մոմիկը՝
որպես սպիտակ վարդի նշան։
Ես վազում եմ սանձը բռնելու և
պահելու ծունկս,
որ ոտքդ փափուկ դնես հողին…
Մարդկությունը մինչև հիմա, ավա՜ղ,
դեռ չի հաղթահարել առաջին
համաշխարհային ջրհեղեղը։
Ձիու ճակատին լույսը շողշողում է անըստգյուտ,
նրա մեջ Մասիսի գագաթից եկած թեժ ձյուն կա։
ԾԵՐՈՒԹՅՈՒՆ
Մեծացել եմ արդեն…
Երեկ նայում էի նկարները
որդիներիս,
թոռներիս,
նրանց միջից առանձնացրի
երկուսը.
– Սրանք ավելի շատ են ինձ նման…
– Վաա՜հ,- հարձակվում է կինս,-
պել կլխետ ծառ տրաքե,
ա մարդ, տեսնըմ չը՞ս,
վեր տրանք քու հար քու մար ըն…
* * *
Երբ երեխա ես,
թվում է, թե
ժամանակն անսպառ է
և ամեն ինչ
յոթ սարի ետևում է։
Երբ հասակ ես առնում,
այնժամ ես միայն
հասկանում, որ
յոթ սարի ետևն այնտեղ է,
ուր որ դու կանգնած ես։
* * *
Ժամանակ կար՝
բոլոր օրերը
գալիս էին։
Հիմա գնում են
բոլոր օրերը։
* * *
Ես ամեն վայրկյան
նախապատրաստում եմ ինձ
նորից ծնվելու։
Սա չմեռնելու
միակ ելքն է։
* * *
Ասում եմ՝ պառկեմ ու մեռնեմ,
էլ տեղից վեր չկենամ։ Մին էլ
ես ու ես միտք եմ անում՝
մեռնեմ-չմեռնեմ՝ ում տանձին է։
Եվ ամեն ինչ մոռացած,
սուսուփուս ելնում, գնում եմ գործի։
Ճամփին մի ծիտ ծրտում է ուսիս,
դե եկ-իմացիր, թե ինչ է ասում։
Կյանքում ամեն ինչ
ուզում եմ պարզել,
և միայն վերջում եմ
հասկանում, որ
ամեն ինչ պարզ է։
Եվ սա է հենց
բարդությունը։
* * *
Երբ ծնվում ես,
դա պատահար է
զարմանալի,
երբ չես ծնվում՝
առավել եւս։
Երբ սիրում ես,
դա պատահար է
զարմանալի,
երբ չես սիրում ՝
առավել եւս։
Երբ ապրում ես,
դա պատահար է
զարմանալի,
երբ չես ապրում ՝
առավել եւս։
Անշուշտ, մահը
պատահար է
զարմանալի,
իսկ կյանքը՝
առավել եւս։
Զորացրված զինվորը
Խելագա՞ր է…
-Ո՛չ։
-Բայց ինչու է պարում է
գերեզմանոցում,
այն էլ՝ մի ոտանի…
-Շիրմաքարի տակ կռվում ընկած
նրա մյուս ոտքն է։
* * *
պատերազմներն անվերջ բռնկվում են
որովհետև ոչ մեկը
չի հավատում ապագային
ես որքան էլ քանդակում եմ ինձ
կամ ուրիշին
քանդում ու նորից վերահավաքում
միևնույն է ոչինչ չի ստացվում
իմ ներսում կրկնում է իրեն դուրսը
իսկ դրսում
ներսը չկա
ՀՐՈՎԱՐՏԱԿ՝ ԱՐՁԱԿՎԱԾ
ՄԱՅԻՍԻՆ
Նկատի առնելով իմ ապրած ժամանակը եւ աններելի կյանքն իմ,
եւ այն, որ արդեն անուղղելի են սխալներս գործած ու անհամար,
եւ այն, որ կյանքում ոչ ոք չփորձեց հասկանալ հոգիս բազմածվատ,
եւ այն, որ չի գրվում քերթվածքն այն, որի համար արժե ծնվել,
եւ այն, որ փուչ է տիեզերքում ամեն ինչ ու ստաստեղծ-ստաբեր,
եւ այն, որ հրեշներ դուրս եկան երկրպագած իմ բոլոր կուռքերը,
եւ այն, որ արդեն զգացմունքներս չեն խոսում տարիքիս հետ,
(կարծում եմ, անձնագրային ինչ-որ վրիպակ է թույլ տրվել ուղղակի),
ուստի հորդորում եմ ՝ վաղը ոչ ոք իմ յոթանասունամյակը չշնորհավորի,
քանի որ հաստատ որոշել եմ այդ օրը եւ, ընդհանրապես՝ երբեք
չծնվել, ոչ մի անգամ, իմ այս որոշումը սակարկման ենթակա չէ,
եւ թող ինձ ներեն ծնողներս, սերերս, չսերերս եւ նրանք, ովքեր
կարող են դրա համար տխրել կամ գուցե եւ ի սրտե ուրախանալ,
եւ նրանք, ովքեր պատրաստվում են ջերմ ուղերձներ հղել,
եւ նրանք, ովքեր մտքում որոշել են ինձ չմտաբերել բացարձակապես,
եւ նրանք, ովքեր առանց իմ մասին պարբերաբար զրպարտագրեր թխելու,
համացանցով կամ գնչուական փոստով տարածելու, պիտի ոչ եւս դառնան,
եւ այն թշնամիներս, որ դժվար թե կայանան իմ բացակայությամբ,
եւ այն սիրո խոստովանությունները, որ իմ շուրթերից չեն հնչելու,
եւ այն երգերը, որ իմ ձեռքերով աշխարհում այլևս չեն գրվելու,
եւ այն աղջիկները, որ առանց ինձ խաբելու անիմաստ թոշնելու են,
եւ այն պոետները՝ Տերյան,Չարենց, Սիամանթո, Ուիթմեն, Բորխես,
որոնց հանճարեղ ստիխները ես չեմ կարդալու ցավի խնկարկումով,
եւ այն արահետները մեր Եխծուն ծյորում, որոնցով չեմ քայլելու,
եւ այն մեղրածաղիկները, որ չեն փնջվելու իմ կարոտի քնքշանքներով,
եւ այն աղբյուրները, որոնց ակերից ես համբույրներ չեմ քաղելու,
եւ այն աստղերը Մեծ քարին երազված, որոնցից չեմ կախվելու,
եւ եւ եւ եւ եւ եւ եւ եւ եւ եւ եւ եւ եւ եւեւեւեւեւեւեւեւեւեւեւեւեւեւեւեւեւեւեւ….
Հոբելյանական հարկադիր խոսքերից ես միշտ սրտախառնուք եմ զգում։
Թող ներվի, որ բոլորին միանգամից ես դառնորեն հիասթափեցրի,
մանավանդ՝ մահն էլ անհարմար վիճակի մեջ կմնա՝ չգիտեմ երբ,
որ թեկուզ մի հասկով կամ տատասկով իր հունձքը պակաս է լինելու։
Հ.Գ.
Իմ այս վճիռը ես կայացրել եմ իմ կամքով, սթափ վիճակում,
և այն անբեկանելի է, խնդրում եմ դրա համար ոչ ոքի չմեղադրել։
20.05.2018թ.
Ստեփանակերտ
ՔԱՐԸ՝ ԱՐԱԳԻԼԻ ԿՏՈՒՑԻՆ
Լույսն այնքան հստակ է մեզ ցույց տալիս
չորս կողմից՝
ծածուկ տեղ չթողնելով,
որ չենք կարողանում ինքներս մեզ տեսնել։
Հավերժությունն այս պահն է՝ քո ժպիտով։
Աչքերդ ասում են՝ հուշն էլ իր հուշն ունի,
երազը՝ իր երազը։ Եվ ես հավատում եմ,
որ իրականությունը
երբեք չի հասնի աչքերին։
Միակ նշանը, որ մնում է մեզանից հետո,
ճանապարհն է, որի սկիզբը սրտի մեջ է։
Կուզենայի ապագան ապրել ներկայում՝
քանի ուժ ունեմ ինձ
հրկիզելու։ Հավատում եմ, որ կա և սիրուց այն կողմ,
եթե անգամ սեր չկա։
– Փրկիր ինձ, բառ,- ասում եմ՝ քո ձեռքն
ափիս մեջ, և միաժամանակ զգում եմ, որ
ամեն բառ ունի ընդհատակ, ուր
հասունանում է նրա
զորավոր ընդդիմությունը։
Ես այնպես եմ ուզում քեզ հետ վերադառնալ
այնտեղ, ուր մենք դեռ ոչ մի անգամ
չենք եղել։ Անհամաձայնությունդ
ինձ դարձնում է իմ ստվերի ջարդոնը։
Իմ վերջը միշտ իմ վերջից դուրս է,
այն սահմանն է քո և
անսահմանության։ Երբ ինձ հետ ես, ես ամենուր
կարող եմ գնալ, բայց ամեն տեղից չէ, որ
կարող եմ վերադառնալ։
Չեմ սիրում, երբ հանդիպումը լինում է վերջինը։
Իհարկե, եթե հնարավոր լիներ կես ճամփից
ետ դառնար անձրևը, հողը երբեք
ջրի երես չէր տեսնի։ Քանի դեռ
գրկիս մեջ ես՝ հավերժը
բացակայում է։ Աղմուկի մայրը լռությունն է։
Իմ և ճանապարհի հարաբերությունը
կառուցված է հեռվի վրա, որտեղ դու ես։
Չեմ ասում՝ կարոտել եմ, պարզապես մի
ծաղիկ եմ պոկում և անխոս մեկնում արևին։
Ես սպասել չգիտեի, դրա համար է, որ
անձրևը չեկավ։
Քո սիրուց բան չեմ հասկանում, և դրանից
իմ սերը դառնում է ավելի խորը։ Գիտե՞ս,
ապագայում տնկած ծառը
միշտ բերք է տալիս անցյալում։ Եվ
սիրո հակացուցումը
նույն ինքը՝ սերն է։ Այնպես որ՝
կորած չէ նա, ով կորած է,
կորած է նա, ով չի գտնվում։
Սիրտս փխրել է… Եղևնին մի բաժանեք
անտառից, գնացեք ու բոլոր եղևնիներից
Ամանորի զարդեր կախեք հենց ծմակի մեջ։
Երբ չես սպասում՝ ժամանակը չի գալիս։
Չէ՞ որ երբ մեռնում է հուշը, ապագան
կորցնում է
իր լավագույն վայրկյանները։ Անշուշտ,
պահը ապակու նման փխրուն է, երբ
կոտրվում է,
աղավաղվում է ժամանակի դեմքը։
Քո մի թեթև ժպիտից մեր հանդի բոլոր
ծառերը, անգամ չոր ոստերը,
միանգամից ծաղկում են։
Երբ քեզ հետ չեմ մտնում մեր Եխծուն
ձորը, այն շարունակում է դատարկ մնալ։
Ես խավարի մեջ էլ տեսնում եմ քո ստվերը։
Քանի դեռ գագաթներին ձյունը մնում է,
հովտի մանուշակներն
ավելի գեղեցիկ են լինում։ Իսկ
կորցնելը երբեք ժամանակ չի պահանջում։
Ես իմ գնալով ուզում եմ ցույց տալ,
որ ոչ ոք չի գնում,
երբ որ գնում է։
Ապագայի հետքերը հաճախ տանում են անցյալ։
Վախենում եմ քայլ անել՝ չլինի՞ թե այն
տարածքը, որ մեր ոտքերի տակ է,
հանկարծ չքանա։ Դաշտի
բոլոր ծաղիկներին հանդիպում եմ, որ
կարողանամ ընտրել նրանցից
մեկին։ Ես իմ վայրկյանի երկվորյակն եմ, իսկ
սերը սրտի թմրամոլություն է։ Ու չնայած
ծնված օրս եկել-գնացել է,
բայց ինձ թվում է, թե դեռ չեմ ծնվել։
Ասում են՝ հայոց աշխարհում արու արագիլը երբ ուզում է
սիրո խոստովանություն անել էգին, կտուցի մեջ
բերում, նրան նվիրում է մի … քար։ Իսկ կաքավն ու քարը
մեր հանդերում միշտ երգում են
միևնույն խորում։ Որքան
ճանապարհներից հեռու, այնուամենայնիվ, բոլոր
տները կառուցվում են ճանապարհի վրա։