Եթե, եթե, եթե․․․
Եթե աշխարհի ութ միլիարդերորդ մարդը ըստ հավաստի աղբյուրների մեր երկրում չծնվեր, չէի էլ հիշի, որ հինգ միլիարդերորդ մարդն էլ հիսուն տարի առաջ բարեբախտաբար ծնվել էր մեր շենքում։ Եվ, ինչպես պարզվել էր, ծնվել էր եռակի քսանմեկերորդ քրոմոսոմով։ Անգլիացի գիտնականն է հարյուր հիսուն տարի առաջ մարդու գեները փորփրելիս պատահաբար գլխի ընկել, որ Աստված այդ իրար նման բարի էակներին սխալմամբ մեկ քրոմոսոմ ավել է բաշխել՝ քառասունվեցի փոխարեն քառասունյոթ, անմեղսունակ ժպիտն էլ՝ որպես սփոփանք։ Մեր շենքում էլ հիսունվեց բնակարան կար, ու Աստված չանի մարդ մեռներ, ավելորդ գենը իրենն ասում էր․ բոլորի դուռը մեկիկ-մեկիկ ծեծում էր ու ամոթանք տալիս. «Ամոթ է, ամոթ, մարդ է մեռել, դուրս եկեք ճամփու դրեք»։ Հուսով եմ ընկերս, որ ինձ հանդիմանում է ամեն ինչ հաշվելու մանրախնդիր թուլության, այլ կերպ ասած հաշվապահության համար, այս անգամ կների ինձ, եթե նույնիսկ Աստծո անիմանալի գործերին խառնվեմ ու փորձեմ կամա թե ակամա քննել ու հաշվել։ Հետո ինչ, «Փոքրիկ Իշխանի» հերոսն էլ, որ անընդհատ կրկնում էր, թե լուրջ մարդ է, իր համար մի կողմ քաշված աստղերն էր հաշվում ու գրքում գրանցում։
Եթե ամեն գյուղ իր շունն ունի, քաղաքի ամեն բնակելի շենք էլ իր գիժը կունենա։ Անունը Գարսո կլինի, Մուքո թե մի այլ բան, մականունն էլ որպես օրենք՝ Գիժ, էական չէ։ Մեր ժողովուրդը մի քիչ բարդ բնավորություն ունի, շունն էլ, գիժն էլ և’ լավ իմաստով է հնչեցնում, և’ վատ, դե գնա գլուխ հանիր։ Ամեն դեպքում երկուսն էլ հանգիստ արարածներ են, մինչև մեկը չսխալվի քար նետի նրանց վրա, հետո էլ իբր սարսափահար փախնի՝ բողոքելով, թե էսօր էս ինչ թունավոր սունկ էր կերել ու կատաղել անտերը։ Եթե շունը հավատարմության կենդանի առասպել չլիներ, մեր շենքի Գարսոն էլ պարկեշտության բացառիկ խառնվածքով չէր փայլի։ Բարության մի մարմնացում, որ թե շատ էին կատաղեցնում, միայն ասում էր. «Ամոթ է, ամոթ, մեծ մարդ ես»,- եթե նույնիսկ հասցեատերը յոթ տարեկան մանչուկ էր լինում։ Եթե Գարսոն չլիներ այն, ինչ կար, ոչ էլ մեր շենքի Չապո անունով հիստերիկ տուզիկը, որ հաստատ շների միջի շունն էր վատ իմաստով, լաչառների մեջ էլ ամենալաչառը, որ բոլորի վրա առանց պատճառ հաչում էր, նրան տեսնելիս պոչը ուրախ-զվարթ վեր ցցած չէր խաղացնի։
Եթե Գարսոյի մայրը ծոցվոր ժամանակ Բելգիայում ապրեր ու պետական առողջապահական ապահովագրությունն էլ հոգար այն բժշկական փորձաքննության վարձը, որ երեք թե չորս հարյուր եվրո արժեր ու դեռ սաղմնային վիճակում բացահայտում էր Աստծո անտեղի շռայլությունը, Գարսոն այսօր չէր լինի։ Էս եվրոպացիներից բան չես հասկանում, մի կողմից ասում են թե էս մարդիկ հիվանդ չեն, պարզապես ուրիշ են, ուղղակի տարբեր են, մյուս կողմից՝ հենց բնում խեղդում են լույս աշխարհ գալու ամեն մի հանդուգն փորձ` ոչ մի շեղում նախաստեղծ հաշվարկից, եթե պիտի քառասունվեց լինի, կորչի քառասունյոթը։ Հանկարծ ու տեստը դրական գա, հազարից մեկ հավանականությամբ, վերջ, խեղճի բանը բուրդ է։ Եթե Բելգիայի կենսափորձը շարունակի տարածվել աշխարհով մեկ, այսօր երկրագնդի վրա ապրող վեց միլիոն լուսավոր մարդ ունեցող այդ տոհմը շուտով չի լինի։ Քաղաքական երանգ տալով՝ կարելի է ասել, թե սպիտակ, գուցե կարմիր ցեղասպանության սպառնալիքը դամոկլյան սրի պես կախվել է այդ բարի տոհմի գլխին։ Բայց քանի դեռ կան ու աշխարհի հեռու-մոտիկ ծագերում ապրում-շնչում են ու մեկ-մեկ էլ բարեհամբույր ժպտում, դառնանք մեր հիշողությանն ու փորձենք փրկել քամուն տված այն փշրանքները, որ մի օր գուցե դառնան պատմության թանգարանային ցուցանմուշ։
Եթե Գարսոն վատ իմաստով ասված գիժը լիներ, հենց հեռվից իմ սրածայր մորուքը տեսնելիս չէր աշխուժանա ու առույգ ողջունի, իսկ գրկախառնությունից հետո էլ, առնելով սպիրտի սուր հոտը, չէր նախատի՝ թե. «Մեծ մարդ ես, ամոթ է, ամոթ, հարբել քեզ կորցրել ես, գնա տուն հանգստացի, էդ կախարդի մորուքն էլ թրաշի թող գնա»։ Ես էլ չէի թփթփացնի ուսին ու խոստանա թե. «Քեռի ջան, մի օր մի բաժակ բան կխմենք իրար հետ,- մեկ-մեկ էլ լկտիանալով՝ իբր չէի փորձի գայթակղել,- մի օր էլ լեվի կգնանք» (կատակով Քեռի էի կանչում նրան, թեև երևի հասակակիցներ էինք, ու ինքն էլ կարծես դեմ չէր)։ Եթե Գարսոյի քսանմեկերորդ քրոմոսոմը երեք հատ չլիներ, Գարսոն դժվար թե հրաժարվեր առաջարկից ու վրա բերեր․
– Ինձ մի օր տար Ջրահարսի մոտ։
Ես էլ դժվար թե բռնեի Գարսոյի նետած գնդակը ու շարունակեի․
– Իսկ եթե Ջրահարսին բերե՞մ, Քեռի։
Գարսոն էլ լուրջ-լուրջ չէր ասի. «Ջրահարսը պիտի ծովին մոտ լինի, թե չէ հողի վրա կթպրտա ու պոչը արյունլվիկ կլինի,- ու կարճ դադարից հետո չէր ավելացնի,-էս մեկը հանկարծ մամայիս չասես»։
Ես Գարսոյի հոգու հետ էի իբր խաղում, ինքն՝ իբր իմ։ Կարճ «բարև-բարլուս»-ից, «ոնց ես-ոնց չես»-ից, կատակ-մատակից հետո Գարսոն միշտ մրթմրթում էր, որ իմ պես պարապ չի, հազար ու մի գործ ունի, բռնում էր ցախավելն ու սկսում փողոցները ավլել ու ավլել, այնպիսի պատասխանատու կեցվածքով, կարծես թե աշխարհի ամենակարևոր գործն է անում։ Իրականում, կարևորն այն էր, որ նա և իր նման բոլոր մարդիկ, պարզվում է հիանալի հումորի զգացողություն ունեն, ու բնության ավելորդ գենը դեռ մի բան էլ նուրբ երանգ է հաղորդել այդ վեցերորդ զգայարանին։ Հումորը՝ հումոր, բայց Գարսոն հոգու խորքում գուցե մտածում էր թե փողոցի կեղտի ու փոշու հետ սրբում էր նաև աշխարհին պատած չարությունն ու ուղի հարթում երազանքի համար։ Եթե կա հումորի զգացում, երազանք իրականացնելն ինչ մի դժվար բան է, մի փոքր էլ վառ երևակայություն ես շաղախում՝ համարյա պատրաստ է։ Այնպես որ, երբ խոցելի խմբերի վերաբերյալ հաղորդում պատրաստող նորելուկ լրագրողը գլուխ գովեց, թե մեր կառավարությունը ամեն պայման ստեղծում է նրանց համար ու խոսափողը դեմ տալով Գարսոյի դնչին հարցրեց, թե ինչ է երազում, այդպես էլ ասաց․
– Աշխարհը մաքրեմ կեղտից ու փոշուց ու Ջրահարսին տեսնեմ։
Հետո մի փոքր լռելուց հետո ավելացրեց․
– Բայց էդ մեկը մամայիս չասեք։
Գարսոյի երջանկության բանաձևը պարզ էր ու վճիտ։ Ես էլ, տուրք տալով այդ բանաձևի խորհրդին, մի քիչ պարապ-սարապ, մի քիչ էլ գինովցած պատկերացնում էի, թե ինչպես է Գարսոն փողոցներն ավլելով տարերքի մեջ մոլորվում ու ոլոր-մոլոր ճանապարհներով, յոթ սար ու մարգագետին կտրելով, մի պայծառ օր հասնում Դանիայի հեքիաթային ափերը՝ պատահմամբ Ջրահարսին հանդիպելու, որ մի քանի վայրկյանով դուրս է եկել ափ՝ աշխարհը զննելու։ Մեկ-մեկ էլ մտածում էի, թե ես ինչ պակաս գիժ եմ, տեսնես կարո՞ղ եմ էնքան խմել, որ մի ընկերոջ ասած՝ մյուս օրն առավոտ կանուխ հարևանները թքեն երեսիս։ Կամ էլ՝ կախարդի մորուքիցս հայտնի հեքիաթի նմանակությամբ մի մազ պոկեմ, ցախավելը խլեմ Գարսոյից ու սկսեմ «Ավլեմ-թափեմ փոշին» երգը, քթիս տակ դնդնալով, փողոցները ավլել՝ արժանանալով հարևանության վայ-վայներին թե. «Խմել չգիտես՝ մի խմի էլի, գրագետ, լրագրող մարդ ես, ինչդ ա պակաս»։ Ու հետո էլ հեծնեմ ցախավելն ու բերանբաց հարևանությանը ձեռքով անեմ՝ ես գնացի, չաո բամբինո։ Հարևանությունն էլ դեմքը ծամածռի՝ մարդ չդարձար էլի։
Եթե խմելը վատ բան լիներ, Գարսոն երևի երբեք չարժանանար իմ գրկախառնության հաճույքին, ոչ էլ սրածայր մորուքս կխտտեր նրա այտը՝ մի թույլ ժպիտ կորզելով։ Կարծում եմ, Ջրահարսին տեսնելու երազանքն էլ հազիվ թե իրականություն դառնալու հույս ներշնչեր Քեռուն։ Ամեն դեպքում, պետք էր շատ զգույշ լինել, եթե հիասթափվեր, այդժամ ստիպված էի լինելու արդարանալ, ինչ-ինչ բժշկական պատճառաբանություններ փնտրել, մի խոսքով առհավետ կորցնել տարիներով կուտակած այն վստահությունն ու հարգանքը, որ Գարսոն տածում էր իմ հանդեպ։
Այնպես որ երկու տասնամյակ առանց Գարսո ապրելը մի մեծ բան չէ մեր կարճ ու երկար կյանքում։ Թեև վստահ չէի, թե Ջրահարսի մոտ տանելու կամ Ջրահարսին բերելու կեսկատակ խոստումս երբևէ կիրագործեի, բայց վստահ էի, որ միշտ էլ Գարսոյի հումորի զգացողության ու բարության հավատարիմ սիրահարն եմ մնալու։ Քսան տարի էլ չտեսնեմ նրան, մեր աշխարհը նույնն է մնալու։ Ու մի օր բախտը ինձ անխուսափելիորեն նետելու է Դանիայի ափերն ու գնացքի միալար չքչքոցի տակ նշմարելու եմ Քեռու կլորիկ ուրվագիծը։ Գնացքի Գարսոն գուցե իր վեց միլիոն եղբայրակիցներից մեկն է լինելու, չէ որ նրանք բոլորն էլ հար ու նման են իրար։ Նա ինձ ցույց է տալու իմ սրածայր մորուքը, փորձելու է ծիծաղել ու դանիերեն ինչ-որ բան մշմշալ։ Ես էլ փորձելու եմ գրկախառնվել, բայց ուղեկցող մայրը կանխելու է ինձ՝ իբր պարոն նեղություն մի կրեք։ Որևէ կասկած չունեմ, որ դանիացի Գարսոն հաստատ ինչ-որ բան է ասելու Ջրահարսի մասին, ասելու է, որ մեծ մարդ եմ ու սրածայր մորուքս պարզապես ծիծաղելի է, ճիշտ կլինի սափրեմ, ու կատակով փորձելու է քաշքշել այն։ Հաստատ Հայաստանցի Գարսոյին էլ ինչ-որ բան է խնդրելու փոխանցել, միայն ափսոս, որ չեմ հասկանալու։ Կամ գուցե գնացքի միապաղաղ չքչքոցը չի թողնելու ըմբռնել Գարսոյի հիմնական ասելիքը, ես էլ անհեթեթ վիճակից դուրս գալու համար ձևացնելու եմ, թե մորուքիցս մի մազ եմ պոկում, ճիշտ հայտնի հեքիաթի նմանակությամբ ու սկսելու եմ անհասկանալի, իբր կախարդական խոսքեր բարբառել։ Հետո գնալու եմ ծովի ափ, նստելու եմ քարին ու հայացքս ալիքներին հառած՝ մի քիչ իմ, մի քիչ էլ Գարսոյի համար սպասելու եմ, թե երբ է Ջրահարսը իր չքնաղ կերպարանքով դուրս գալու ալիքների միջից ու պոչը ամոթխածությամբ թաքցնելու փրփուրների մեջ։
Այնքան եմ սպասելու, մինչև մի օր ամեն ինչ խառնվի իրար ու մահացու բացիլը տարածվի աշխարհով մեկ՝ նույնիսկ ծովի ու օվկիանոսի խորքերը թափանցելով։ Ամեն օր հաղորդելու են տարբեր խոցելի խմբերի մասին, որ շնչասպառ են լինում ու խեղդվում։ Հաստատ մի դանիական լրագիր հումորով թե լուրջ գրելու է, թե Ջրահարսը նույնպես վարակվել է, ափ նետել իրեն ու հողի վրա այնքան թփրտացել, որ պոչը արյունլվիկ է եղել։ Պարզվելու է նաև, որ բացիլը, որ համաշխարհային համավարակի պատճառ է դարձել, տասն անգամ ավելի մահացու է Գարսոյենց համար, ասես եկել է աշխարհի երեսից սրբելու այդ լուսավոր ցեղը, այն վեց միլիոնին, որ մեկ քրոմոսոմ ավել ունեն, գեն, որ կարող ենք ազատորեն անվանել բարիության քրոմոոսոմ։
Այդ չարաբաստիկ օրը նույնիսկ լաչառ տուզիկը՝ Չապոն, տեսնելով Գարսոյին, տագնապահար հոտոտելու է, զգալու որ մի բան այն չէ, պոչը ոտքերի արանքն է խոթելու ու աղեկտուր վնգստալու է։ Գարսոն էլ մի թեթև գժվելու է ու մի վերջին անգամ քացի տալու արդեն ծերացած, բայց դեռ ճղճղան շնիկին։ Այդ օրը մեր շենքի հիսունվեց բնակարանների դռները ոչ-ոք մեկիկ-մեկիկ չի թակելու։ Ես խումարից արթնանալով չեմ մտաբերելու եղելությունը, բայց ականատեսները վկայելու են, որ դագաղը տանելիս Գարսոն հանկարծ դուրս է եկել միջից, քրթմնջացել, թե. «Ամոթ է, ամոթ, մեծ մարդիկ եք»: Ապա հեծնել է ցախավելն ու սլացել դեպի իր երազների Ջրահարսը։ Իբր միայն ես եմ հետևից գոռացել. «Քեռի, սպասի, ես էլ եմ գալիս, մամայիդ չեմ ասի»։ Իսկ լրջմիտ հարևաննները, զարմացած շրջվելով իմ կողմ, որը կշտամբանքով, որը քաջալերանքով տարուբերել են գլուխները, մեկն էլ իմիջիայլոց շպրտել է՝ մարդ խմելուց սենց պիտի խմի։