Ռազմիկ Գրիգորյան | Քեզ չունեցող հիշողություն

ՁՅՈՒՆ Է ԳԱԼԻՍ

Ու փշրվում են արևածագի կարմիր գավաթները,
երկնքի ջրերը միալար սգում են երկրի վրա,
ինչպես բուքն է լալիս պատուհանի տակ,
իմ հոգում զգում եմ անձայն կսկիծը
քարափի վրա երգող մեռած թռչունի,
և թևերիս մեջ փշրվում է ձայնը նրա
իբրև նշխար՝ քառատրոփ բաբախյունի…

Ձյուն է գալիս ստորգետնյա աղբյուրներից,
սպիտակ արցունքի պես այն նստում է,
մեռած թռչունի երգող հոգու ստեղներին,
ուր Պետրոսը դեռ լալիս է իմ փոխարեն,
իր ետևից նետեր է թողնում հեռացող մեղքը,
ուր Պետրոսը դեռ ապրում է իմ փոխարեն…

Ձյուն է գալիս ստորգետնյա աղբյուրներից,
վարդի աչքից, պատուհանի սառած սրտից,
երգող հոգուց, այս կրկնվող վերադարձից,
մանկան սրտում բացվող ճերմակ հարությունից,
ձյուն է գալիս, ձյուն է գալիս…

 

 

ԴԱՐՁ

Քեզ չունեցող հիշողությունը սնունդն է իմ օրերի,
որոնք շրջում են աչքերիդ կապույտ պարտեզում,
քո վարդի առջև լույս խնկարկելու,
քո սև վարսերից մյուռոն քամելու…

Քեզ չունեցող հիշողությունը ջուրն է իմ կյանքի,
որով ամեն առավոտ լվացնում եմ դեմքս,
և երազի արահետով դուրս եմ գալիս պարտեզ
շոշափելու այն՝ ինչ մնացել է դրախտից…

Քեզ չունեցող իմ հիշողությունը նշխար է դրված
վաղամեռիկ հավերժության սեղանին,
ուր ամեն առավոտ ապրիլը կանաչ շեփորով
սեր է նվագում և դուրս է կանչում ինձ՝
երազից, տեսիլքից և կյանքից անդին…

 

***
Հարյուր տարի առաջ ինչ-որ ձայն ինձ արթնացրեց,
բացեց բերանիս շտեմարանը և ինձանից թաքուն
քո անվան բոլոր տառերը շարեց այնտեղ,
«Խուսափիր երկնքի բանավեճերից,
և որպես վերադարձ ապրիր կյանքդ»,
ի՞նչ ձայն էր, ո՞վ էր խոսում, չգիտեմ…

Հարյուր տարի հետո ինչ-որ շարական
ինչ-որ տեղ, ինչ-որ օրորոցի մեջ կարթնացնի ինձ,
կբացի բերանիս շտեմարանը,
երկնքի ջրերը կհոսեն քո անվան տառերից,
և հազար տարի անց մենք կհանդիպենք նորից…

 

***
Դու կանգնել ես իմ միջով անցնող
ճանապարհի ճամփաբաժանին,
և կերակրում ես երգող կարապներին,
ոոնք մեղեդի են դաձնում մահը,
քո սրտից արկերի պես թափվում են
չասված բառերը,
և հիշողության գերեզմանը դառնում է պարտեզ,
որից հոսող կենսաահյութը մենք ենք…

Ես արթնանում եմ
ձիթենու շիվը երազիս բերանում,
ջրհեղեղը դադարել է մեր միջև,
մատնահետքերդ բացվել են մանուշակի պես,
տունը բույրով է լցվել, երկինքը՝ սևահողով,
որից հոսող կենսաահյութը մենք ենք…

Ճամփաբաժանին կանգնած կերակրում ես,
կարապի պես երգող անցյալիս…
իսկ պատուհանի երկու կողմում՝
երկնքի և երկրի միջև,
հասած նռան պես ճաքել է սերը,
որից հոսող կենսաահյութը մենք ենք…

 

ՕՀԱՆՆԱ

Ես կյանքի ջարդոններից զարդաքանդակներ եմ կերտում
և դնում երկնքի կոթողի առջև,
որի փլատակների տակ քո մարմինն է թաղված,
ուր փշրված հայելիների կոկորդում դիմակները մորմոքում են
մաշված զորությունը բառի…

Ես խաղաղություն եմ փնտրում լույսի կոտրված սրտում,
և օտար բառերով եմ արդեն խոսում քո մասին,
երազի կիսաբաց դռնից դուրս եմ գալիս փողոց,
ջրափոսից մի քանի աստղ եմ վերցնում,
և որպես խունկ վառում եմ մաշկիս տակ
ուր քո անունն է հանգչում…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *