Նարինե Ապոյան | Քեզ համար տեղ թող

Ինչ-որ մեկին ամբողջովին նվիրվելուց առաջ քեզ համար տեղ թող,
որ երբ ցավեցնեն,
լացելու տեղ ունենաս.
մարդիկ ունակ չեն միայն երջանկացնելու…
Քեզ համար տեղ թող,
որտեղ ոչ ոքի ձեռքերը երբեք չի հասնի,
որ երբ քեզ մաս-մաս անեն,
քեզ հավաքելու տեղ ունենաս,
վերքերդ կարելու
ու վիրակապ դնելու տեղ ունենաս.
դրա համար հիվանդանոց չկա…
Քեզ համար տեղ թող,
որտեղ կկարողանաս ցավից գոռալ,
երբ հոգիդ պոկեն մարմնիցդ.
բոլորն էլ ընդունակ են դրան,
ուղղակի հարմար առիթի են սպասում…
Քեզ համար տեղ թող,
որտեղ կկարողանաս մենակ մնալ ինքդ քեզ հետ,
ի վերջո, բոլորը լքելու են մեզ.
չկարծես՝ մենք ունակ չենք լքելու…
Քեզ համար տեղ թող,
որ երբ մենակ մնաս,
գնալու տեղ ունենաս,
քե՛զ մոտ գնալու՝
գլխահակ,
թեկու՛զ ամոթով,
թեկու՛զ խեղճացած.
բացի քեզնից էդ վիճակում ոչ ոք քեզ չի ընդունի…
Քեզ համար տեղ թող,
որ երբ մրսես,
որ երբ դադարես սպասել ինչ-որ մեկի ձեռքերին,
քեզ ամուր գրկելու տեղ ունենաս.
միշտ էլ ուզում ենք,
որ մեզ ամուր գրկեն ու բաց չթողնեն,
իսկ ոչ ոք դրան ընդունակ չէ…
Քեզ համար տեղ թող,
որ երբ անփոխադարձ եսասիրությամբ քեզ հետ մնան,
քեզ անկեղծ սիրելու տեղ ունենաս՝
ինքդ քե՛զ.
քեզնից լավ ոչ ոք դա չի անի.
…ի վերջո, փոխադարձ սերը երբեք անշահախնդիր չի լինում…
Քեզ համար տեղ թող,
որ երբ խնամքով դուռը փակես քո ետևից
ու էս մե՜ծ աշխարհում գնալու տեղ չունենաս,
զղջալու ու ափսոսալու տեղ ունենաս.
մենք միշտ ենք զղջում մեր արածների ու չարածների համար…
Քեզ համար տեղ թող,
որ երբ հոգնես քեզնից,
որ երբ ուզենաս քեզ պատերին խփել,
քեզ քեզնից պաշտպանելու տեղ ունենաս.
մեկը պիտի՞ քեզ պաշտպանի…
…Ի վերջո քեզ համար տեղ թող,
որտեղ խնամքով կպահես երազներդ
ու տիեզերքդ,
որովհետև,
երբ դրանք ինչ-որ մեկի ձեռքն ընկնեն,
չկարծես,
թե փայփայելու է.
անփութորեն խաղալու է
ու անպետք իրի նման դեն է նետելու…
…որովհետև բոլորն էլ ունակ են մաքրելու տիեզերքիդ աստղերը…

Ինչ-որ մեկին ամբողջովին նվիրվերուց առաջ քեզ համար տեղ թող…

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *