Նարինե Ապոյան | Քնատ պոեզիա

քնատ պոեզիա

Մենք էդպես էլ մարդավարի չխոսեցինք իրար հետ
Ու ոչ էլ կարգին հրաժեշտ տվինք իրար։

Դու չմնացիր ինձ հետ վերջին գիշերը ու չգնացիր սովորաբար լուսաբացին,
Երբ ես հազիվ քնել էի,

Իսկ ես էդպես էլ քնել չկարողացա…

Դու չգրկեցիր ինձ ու մի տաք ծածկոց չգցեցիր վրաս,
Ու ես էդպես էլ չփլվեցի քո ներսում,
Բայց ներսումս ավերակ մնացի…

Դու չհամոզեցիր ինձ տաք թեյ խմել,
Ու սառած մատներս չտաքացան բաժակից,
Ու դու այդպես էլ չիմացար,
Որ թեյը երբեք այսքան աղի չէր եղել…

Դու այդպես էլ չշոյեցիր գլուխս,
Ու ես այն երբեք չհենեցի քո ուսին
Ու չմխիթարվեցի
ո՛չ քեզնով,
ո՛չ Աստծով
Ու քո ծնկներին մանկան նման չխաղաղվեցի
Ու այդպես էլ մայր չմտա քո հոգում…

Դու այդպես էլ չսովորեցիր ճիշտ հեռանալ,
Ես էլ չսովորեցի բաց թողնել…
Ու թողեցինք ամեն ինչ ճակատագրին,
Որն այդպես էլ որոշված չէր մեզ համար…

Մենք չկարողացանք ճիշտ խոսքեր գտնել
Ու ոչ էլ սխալ խոսեցինք,
Ու չլռեցինք նույնիսկ իրար գլուխ ափերի մեջ առած,
Բայց լռեցինք կարևորի մասին…

Ո՛չ արտասվել կարողացանք,
Ո՛չ էլ արցունքները խնամքով թաքցնել,
Բայց թաքցրեցինք մեզ ու խեղդվեցինք իրար մեջ
Ու օգնեցինք իրար՝ օտարանալ
Բայց այդպես էլ օտար չդարձանք.

Դու փակվեցիր իմ մեջ ինչպես ամոթ,
Ես մնացի քեզ հետ անամոթի պես…

Մենք այդպես էլ իրար ճիշտ չհասկացանք,
Բայց հասկացանք, որ սխալ էր ամեն ինչ
Ու՝ հե՛նց սկզբից։
Վերջում թողեցինք իրար ճի՛շտ ժամանակին՝
Անժամանակ ու առանց տեղ որոշելու.
-լա՛վ մնա։
-դու՛ էլ…

…չմնացինք…

Ու այդպես էլ կարգին հրաժեշտ չտվինք իրար,
Ոչ էլ մեզ մարդավարի պահեցինք …

 

***

Մի գիշեր ինձ հետ մնա,
լռենք մինչև առավոտ…
Կյանքում առաջին անգամ ես անհույս կաղոթեմ Աստծուն, որ լուսաբացն ուշանա,
որ գիշերը քեզ չտանի իր հետ,
որ դու չավարտվես, իսկ ես կիսատ չմնամ…

Ամենածանր պահերին մարդիկ հաճախ են Աստծուց անհնար բաներ խնդրում …

Մի գիշեր ինձ հետ մնա,
ծխենք ու սուրճ խմենք մինչև առավոտ։
Երկնքի փոխարեն աչքերիդ կնայեմ ու չեմ հաշվի աստղերը,
ընկնող աստղերից երազանք չեմ պահի,
որովհետև աստղերը չեն ընկնում և..
որովհետև քեզ վաղուց պահել եմ ու չես կատարվել…

երազանքներ կան՝ չիրականանալու համար են, ու ես ուզում եմ դու երբեք չիրականանաս, որ չդադարեմ երազել…

Մի գիշեր ինձ հետ մնա ու ինձ մենակ թող քեզ հետ։
Ես կմիացնեմ քո սիրելի երգերը,
որ քեզ զգաս ինչպես իմ տանը։
Երգերդ կհոսեն երակներովս, իսկ ես կփակեմ աչքերս ու խո՜րը կշնչեմ՝ ծխախոտիդ ու կարոտիդ խառնված քեզնոտ օդը,
որ հետո թոքերս չմոռանան շնչել, երբ առանց քեզ օրերի մեջ օդը չհերիքի…

Մի գիշեր ինձ հետ մնա ու..
չխոստանաս,
որ ամեն ինչ լավ կլինի,
որովհետև ամեն ինչ հրաշալի է…
Ես չեմ համբուրի արվեստոդ մատներդ ու չեմ խաղա մազերիդ հետ,
աչքերս փակ չեմ շոյի դեմքդ,
որ մատներս չմտապահեն դիմագծերդ ու..
չեմ քնի գրկիդ մեջ՝
քո մասին լռությունը կիսատ թողած…

Մի գիշեր ինձ հետ մնա,
որովհետև գիշերներ կան, որոնք պիտի ապրես մեկ անգամ ու որոնց մասին պիտի լռես հավերժ…

Մի գիշեր ինձ հետ մնա,
որովհետև գիշերներ կան, ամբողջ կյանքի համար են…

Իսկ առավոտյան լքիր ինձ՝ առանց հրաժեշտի, առանց սփոփանքի խոսքերի ու առանց ետ նայելու…
Ընդմիշտ։

Լքի՛ր ինձ…
մինչ ես քնած կձևանամ…

 

***

Շատ տարօրինակ բաներ են կատարվում կյանքում՝
սկսած մեր ծնունդից մինչև մահ.
սկզբում՝
անկախ մեր կամքից,
հետո՝
մեր ցանկությամբ ու առանց դրա…

…իսկ եթե դու մինչև հիմա չես հասկացել,
որ էս կյանքը քեզ տրված է ապրելու համար,
ուրեմն դու երջանիկ ես…

…իսկ եթե դու ամեն օր սպասում ես, որ վաղն ամեն ինչ լավ կլինի,
ուրեմն ամեն ինչ դեռ կորած չէ…
իսկ նա,
ում համար ամեն ինչ կորած է,
ամենաշատն է սպասել…
իսկ եթե դու կարողանում ես սպասել,
ուրեմն հավատում ես,
իսկ նա,
ով ուժեղ հավատ ունի,
թույլ է տալիս,
որ սպանեն իրեն…

…նրանք, ովքեր սպանեցին,
ամենաթույլն էին,
ովքեր սպանվեցին՝
ամենամեղավորը,
իսկ նրանք,
ովքեր ինքնասպան եղան,
սկսել էին ապրել…

…սիրի՛ր էս կյանքը,
քանի դեռ կամուրջները գրկաբաց քեզ չեն ընդունել…

 

***

Կյանքում շատ բաներ կան, որ վեր են մեր ուժերից,
Ինչպես՝
հողից մարդ ստեղծե՛լն է,
լույսը խավարից բաժանե՛լը,
ջրերի վրայով քայլե՛լը,
ինչպես՝
չծնվելն ու չմեռնե՛լը,
Իսկ էն,
ինչ մեր ձեռքերում է,
մեծ հաշվով ոչ մեկին պետք չէ…

Սկսած առաջին բաժանումից մինչև վերջին մեղքը՝
շատ անիմաստ բաներ են կատարվում կյանքում,
իսկ եթե դու դեռ կարծում ես,
որ սերը կփրկի աշխարհը,
ուրեմն էս կյանքը քո տեղը չէ,
բայց չկա ուրիշ տեղ,
ուր քեզ թույլ կտան երազել…

Սիրիր էս կյանքը
ու նրան,
ով ոչինչ չի խոստանա.
Նա միշտ անկեղծ է,
Իսկ նա,
ով շարունակում է խոստումներ տալ, առաջինն է խաբում…

Սիրիր նրան,
ով քոնը չէ.
Նա քեզ երբեք չի դավաճանի։
Ով քոնն է՝
հարմար առիթի է սպասում…

Սիրիր նրան,
ով սխալվում է.
Երբեք մի կարծիր,
որ սխալվելը թույլերին է հատուկ.

Սխալներ կան,
մե՛ծ համարձակություն են պահանջում…

Սիրիր նրան,
ով դժողքի տեղն է քեզ ցույց տալիս.
Հակառակ դեպքում չէիր իմանա,
որ աշխարհում դրախտ գոյություն ունի…

Սիրիր սատանային.
Նա էլ Աստված է եղել,
ում ժամանակին մերժել են…

Սիրիր էս կյանքը
ու էն,
ինչ ուրիշները ընդունակ չեն սիրելու,
ու կփրկես աշխարհը կործանումից…

Իսկ աշխարհը կատարյալ էր,
մինչև մարդու հայտնվելն այնտեղ…

ես՝ մեղավորը,
թեկուզ միայն նրա համար,
որ Եվան է կերել խնձորը…

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *