Ելենա Կացյուբա | Քնքշանքի դպրոց

Ելենա Կացյուբան ավարտել է Կազանի համալսարանի լրագրության ֆակուլտետը: Յուննա Մորիցի եւ Անդրեյ Վոզնեսենսկու նախաձեռնությամբ Կացյուբան ընդունվել է գրողների միություն` Հենրիխ Սապգիրի երաշխավորությամբ, ԽՍՀՄ փլուզումից հետո ԳՄ կայացած առաջին համաժողովում: Մասնակցել է Սորբոնի (2002) Ռուսական μանաստեղծա-կան ընթերցումներին, Լայպցիգի գրքի միջազգային տոնա- վաճառին(2004), Փարիզի(2005) Գրքի սալոնին, «Կիեւյան դափնիներ»(2007) պոետական փառատոնին, Պրագայի «Եվրոպա 2008» միջազգային գրական առաջին փառատոնին, Հարավային Կորեայի Մանխե քաղաքում (2012) կայացած բանաստեղծական փառատոնին եւ այլն: Նրա բանաստեղծություններն ընդգրկվել են «Դարի բանաստեղծությունը», «Դարի ինքնահրատ», «ДЕПО», «Ռուս բանաստեղծներն այսօր» եւ այլ նշանակալից ժողովածուն երում: Ե.Կացյուբան ցայսօր հրատարակել է 8 գիրք: «Աղբյուսից» բացի նրա առավել հանրահայտ ժողովածուներն են «Դրախտների խաղը»(2003) եւ «Լուսնի վկայությունը»(2008):

 

ՔՆՔՇԱՆՔԻ ԴՊՐՈՑ

Թավիշն ու մետաքսը սովորել են գգվել –
հատուկ դպրոցների ցանց գոյություն ունի:
Այնտեղ շատերը ուսանեցին, սակայն
հեռացվել են, այսպես –
մարմարը գերեզմանի սառնություն ուներ,
քամին ընդունակ չէր կիրքը զսպելու –
նա դեռ շարունակում է արկածախնդրությունն իր
դարպասատակերին,
գրգռում-ուռցնում է տեսած քղանցքները:
Վերմակը, պարզվեց, անճոռնի է շատ –
նա միշտ տակն է խցկվում տեղի-անտեղի,
պարզմիտ սավանները մարմնին են փարվում,
բայց փռվում են անշնորհք ծալք ու փռվածքով:
Ոսկին ու արծաթը ինքնասեր են անչափ,
մանյակը տաքանում է մարմնի ջերմությամբ:
Միայն բարակ-բարակ շղթայիկները
կարողացան այնպես պառկել պարանոցին,
որ մաշկի վրա վազվզել են նրբին մրջյունիկները:
Ուռիները սովորեցին գրկել ու գգվել իրենց
սոսափյունով,
վարագույրները` փափուկ լռությամբ,
բայց ոսկե դիպլոմ լոկ երկնքին տրվեց –
նա իր լազուրի ողջ ուժ-քնքշությամբ
գիշեր ու տիվ պահում է
Երկրին գրկի մեջ:

 

ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՆՑՈՒՄ

Արգելքի նշանները սուր
չեն սիրում էլեկտրալույս,
երբ գիշերն է իջնում`
մեզնից վանելով հոտը
չ ի կ ա ր ե լ ի դեղին թունադեղի:
Հայելին ուխտն է արգելքի,
քեզնից մաս կա այնտեղ արգելանքի տակ:
Հիշիր հայր Լազարին –
կելնես դու հայելուց`
կ ա ր ե լ ի է դանակով
կտրտելով ծածկույթը ամալգամի:

Նշաններ թռցնողը
աչքից հեռացնում է խոպոպները քո –
երկու ծիածան են ճեղքում գիշերը խոր:
Հեռու տար
գանգերը լապտերների:
Լիմոնի բլթակներ մեջ
լուսինն է ծորում:-
Արտացոլանք, ստվեր,
հայելու Յագոն սեւ:

 

ԱՂԲԱՆՈՑՈՒՄ ՓՈԽԱՐԻՆՎՈՂՆԵՐ ՉԿԱՆ

Աղբանոցում ամեն չափված առարկա
ձեռք է բերում ուրույն անհատականություն:
Բոլոր նոր մաշիկները միանման նոր են –
ամեն ճղված մաշիկ ճղված է յուրովի:

 

ԹԱՏՐՈՆԱԽՈՍ

Հեռախոսի թատրոնը թատրոնախոսն է
ականջի խեցում աղմուկն է նստել
ձայն-դերասանները հեռախոսների խեցիներում են
յուրաքանչյուրն իր պիեսն է շնչում
շնչառությունը ստվերի պես է
բայց ձայների մեջ
շունչ կա ավելի քան ինչ-որ իմաստ
բառերը փոխանակվում են լսողության հետ
քնած սրտերը
արթնանում են
իբրեւ ծափահարություններ

 

***
Կյանքը նշանակված է մի վարդով միայն
որի ներսում վառ պարտեզն է փռված
ուր մի անգամ է վարդն աճում` նշված
պարտեզի չափով
Չկա բանալին – կորած է հար

***
Նախ իր ծնունդը կերպարն ապրում էր դժոխքի մեջ
նա մոգոնվել է պատին տառերով
Գործարանային ծխնելույզները
փչել-շինել են ծծմբային կույսին
շրթունքի անիլինով նա փչացնում է հրաշք
մայրամուտը
Ավելի լավ է հանձնվես միանգամից
բիբերի կանաչ ածելիներին
Տարիներով երթը հույլ է տակավին

 

ՍԱՆԴՈՒՂՔ

Երկու թռչուն իրար
միակցված են ոլորուն քուղով:
Երեք թռչուն իրար
միակցված են պղնձե շղթայով:
Չորս թռչուն իրար
միակցված են մետաքս թաշկինակով:
Եվ շատ ուրիշներ
միավորված են օդաքառակուսիներից
բաղկացած սանդուղքի խոր գաղափարով:
Շչոց, ճլվլոց –
սանդուղքը երգում է կտուցը ցած:
Ծովաձկները կրկներգում են խորալներ հզոր,
կարմիր մարջանը
աճում է սրտում,
թեւերին փայլում են
կալցիում, սիլիցիում:
Թռչնոց սանդուղքը տեսնում է երազների
սանդուղքը կարճ –
թռչնային սֆինքս:
Աշխարհը կերտված է վերեւից ցած,
ասես երեսն ի վայր ընկած
սանդուղքից,
եռ
քից,
մորմո
քից:

 

***

Այդպես ստորացանք –
սառցե բառերով մշուշ արարել,
գտնել փոթորիկը, ցունամին, մրրիկը:
Բայց դրա տեղակ ոճ ենք հորինել –
օվկիանոսներին ուսուցանել վճիտ
արտացոլանքով:
Բայց դրա ատեղակ ծառի մեջ ժեստ ենք
ներդրել սիրով,
ստեղծագործել ենք ուղտը, ընձուղտը,
բադակտուցը, գետակինճը եւ
մրջնառյուծը, շունը…
Բայց երբ, լարելով ավազահողմեր,
ալարեցինք նայել հեռադիտակով,
թռչնոց սանդուղքը հակվեց մեզ վրա
եւ մեզ ետ տարավ գիրկը երկնքի –
ծիծաղելու եւ սիրելու խորունկ:

 

ԵՐԲ…

Երբ մրցակցում են
դռան զանգը եւ հեռախոսազանգը,
կիսաշրջազգեստը չի հասցնում հասնել
մերկ ծնկներին:
Ցերեկային լույսը սենյակի ճահճում
շանթահարում է ուշ գիշերային մոռացությունը:
Խավարի ծոծրակին ձեռքը դեգերում է
մոլորյալի պես`
մարմնի ալիքներին լրիվ վստահելով:
Հազարամյա սպասման վիհոտ երկու ժամը
սերտաճում է սպիին
խուտուտ եկող:
Բոլոր «ինչուներին» իբրեւ պատասխան
սարսուռը մարմնի ձեւ է ընդունում
Այնպես դյուրին է կորցնել մարմինը
ոսկե խավարը աչոք ճաշակելով
Թող կատվախաղի ծակուծուկերում
կեսօրը դարչնագույն կեսգիշեր դառնա
Վարսերիս տավիղը,
ծալված արմունկից
հեշտորեն լարված,
զնգում է
վայրի մեղեդիներով թռցրած սկավառակին,
տեսահոլովակներում պատուհանագիծ բուռն
էկրանների,
անքուն տներում.
«Երբ մրցակցում են
դռան զանգը եւ հեռախոսազանգը…»

***
Գնայի ու գնայի ուր աչքս կտրում է
Ուղեղը մաքրել մեքենայի ուժեղ գազաժայթքմամբ
Բայց ես փաթաթվել եմ վերմակի մեջ
Ձմեռ է: Ցուրտ է ինչ-որ:
Ինձ չոր գինի տային, թթու` պանրի հետ:
Եվ կարդալ ինչ-որ մի նոր բան:
Իսկ ես կախվել եմ համացանցում:
Ձմեռ է: Ցուրտ է ինչ-որ:
Հոգիս սատանային վաճառեի:
Ոչ հանուն գաղափարի: Այլ հենց այնպես…
Ինչի՞ս է պետք:
Իսկ ես ահաբեկված եմ: Հիմարիկ:
Ձմեռ է: Մեռնեի միանգամից:

 

ՍԻՐԱՀԱՐ ՁԿՆԵՐԸ

Մենք սիրահարված ձկներ ենք լուռ
Օդը քիչ է, հա՞
Մենք իրար ենք շնչում
Ջուր չկա՞…
Մենք սուզվում ենք միմյանց ներաշխարհը
Օվկիանոսը, որ ցածր է իմաստային գծից
Երկինքը, որ բարձր է աստղային մտքից
Մետաղներից կթռցնենք անունները նրանց
Աչքը կանվանակոչենք սրտի ուժով
Մենք աստղահալած արքայական որսի
հետպնդողներն ենք
Կարմիր կապայով նապաստակ`
աղեղնազենի նետով
Երկվորյակներ ենք
Մեկը երկնքում հավասարակշռում է
անվով արեւուղու
Մյուսի բաժինն են
երկիրն ու նախանձը
Մենք սիրահարված ձկներ ենք լուռ
Չի՞ հերիքում լույսը
Մենք շողարձակում ենք միմյանց ներաշխարհում
Քի՞չ են ներկերը
Մայրամուտի մեջ ենք ներսուզվում խելառ
ուր լուսնի շնաձուկը
սպառնում է հորիզոնին
լողորդ կիսալուսնով
Մենք սիրահարված ձկներ ենք լուռ
Մենք կարմիր դռներ ենք
Մենք երկնի ակվարիումում
լռակյաց բառի շուրթերն ենք ալ

 

ԱՄՊՐՈՊ

Մի խոսիր ինձ հետ ամպերի մասին
Ուռած դեմքերը կպչում են
սառը ապակիներին
ծիկրակում են
մայրամուտի բոսոր ետնավարագույրից
Ամպերին անուններ չտաս
մի սնիր նրանց մի վարժեցրու
Մի կանչիր ամպրոպին
ինքը նախահարձակ կելնի մեզ վրա
Առաջին կաթիլներով գավաթը լի
թափել են փոշում
Փշրել են ծիածանը
ապակու կտորտանքի
Ահա բերում են ամպրոպի բեռները
կայծակը բզկտում է
հորիզոնը հեզ
ալեբախության զրահամեքենաները
տանիքներն են խուժում
աշխարհի խաչն են ահեղաբար ճոճում,
պատուհաններն են ցընցում,
վարագույրներն են պատռում
ոռնում-երգում են
հանգցնում լույսը…
Բայց ոչ:
Իմ տանը` իմ եղանակն է:
Ինքներս ենք տարվա եղանակները
ինքներս ենք խոտերը,
հավքերը, ծառերը
Մի կապույտ աղվեսիկ նկարիր
կարմիր գետաձի
մանուշակագույն ճայեր նկարիր երկնքի սրտին
եւ կանաչավուն ավազի վրա
…բայց մի կանչիր այստեղ
ահեղ ամպերին

Թարգմանությունը ռուսերենից՝ Հրանտ Ալեքսանյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *