ՀՀ մշակույթի ու կրթության և գիտության նախարարություններն իրականացնում են «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը, որի շնորհիվ 50 արվեստագետ՝ գրականության, կերպարվեստի ու երաժշտության ոլորտներից կլինեն Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում:
Ծրագրին մասնակցելու իրավունք եմ ստացել նաև ես՝ ժամանակակից գրականություն ներկայացնող և «Գրանիշ» կայքէջի մասին պատմող իմ դասընթացով: Եվ օգտագործելով (չարաշահելով) իմ իրավունքները որպես «granish.org» հարթակի խմբագիր՝ որոշել եմ անդրադառնալ դպրոցներ իմ այցերին և մի քիչ էլ ձեզ պատմել դպրոցական և ուսուցչական իմ փորձառությունից:
Կարծում եմ, որ իմ փորձառական գրառումներն օգտակար տեղեկություններ կարող են պարունակել՝ խնդիրները բարձրաձայնելու, դպրոցների պահանջներն առավել լավ հասկանալու, մշակութային ու կրթական քաղաքկանության մեջ առավել օգտակար ուղղություններ որդեգրելու համար: Հավելեմ, որ լուսանկարների և տեսագրությունների միջոցով կարող եք ծանոթանալ հեռու և մոտ մարզերում ապրող ու սովորող լուսավոր աշակերտների հետ:
Ուրեմն, առաջ դեպի դպրոց…
Քո արվեստը դպրոցում: Արարատի մարզ: Գետազատի միջնակարգ դպրոց:
Առաջին դպրոցն է, որ որոշում եմ այցելել: Պետք է խոստովանեմ, որ դպրոցը հայրենի մարզում է, ինձ ամենամոտ տեղակայվածներից: Որպես սկիզբ, ինչպես ասում են, ոտքիս տակ հայրենի հողը զգալու ինքնավստահությունն է ինձ առաջնորդում այս դպրոց:
Նախնական զանգից հետո տնօրեն Լիլիթ Գեղամյանը մեծ պատրաստակամություն հայտնեց՝ կազմակերպելով իմ հանդիպումը դպրոցի բարձր դասարանների աշակերտների և մի քանի ուսուցիչների հետ: Դպրոցը նման է մյուս հանրակրթականներին, շենքի պայմանները բավարար են դասերն անցկացնելու համար, դպրոցում տաք է և մեծ ուշադրություն է բևեռված մաքրությանը:
Ժամանակակից գրականությանը, ինչպես կարելի էր ենթադրել, աշակերտները ծանոթ չեն, գիտեին միայն Լիպարիտ Սարգսյանին (որը մի առիթով այցելել է դպրոց) և Արարատի մարզից վաղամեռիկ բանաստեղծ Արտակ Համբարձումյանին (հետակնկախության շրջանի գրական սերնդից է, բանաստեղծական գրքերի հեղինակ):
Ընդհանուր պատկերը հասկանալի է:
Կարդում եմ ժամանակակից բանաստեղծների ստեղծագործությունները:
Հատուկ աշակերտների համար, ակտիվ հղումով նշում եմ բանաստեղծական այն շարքերը, որոնցից ընթերցվել են դասաժամի բանաստեղծությունները՝ Գարնանային գլխապտույտ, Հայաստան՝ սա իմ երկիրն է, Սիրային բանաստեղծություններ՝ գրված անպատեհ ժամանակներում:
Փորձում եմ պոեզիայի օրինակով բացատրել դասական, իրենց ծանոթ հեղինակների և ժամանակակից պոեզիայի՝ ձևի, բառաֆոնդի, թեմաների ընտրության և այլ հատկանիշների տարբերությունը, նորարարությունն ու ինքնատիպությունը:
Երբեմն երեխաներին խնդրում եմ, որ իրենք պատմեն, թե ինչ են զգում այս կամ այն բանաստեղծությանընթերցումից հետո: Բանստեղծությունը բնորոշող տեքստերը չափազանց դասագրքային են, ստանդարտ կրթական ծրագրերի լեզվով, բայց հուսադրող է, որ ստեղծագործության հուզական, իմաստային փոխանցումներն ամբողջովին հասկացել են:
Հասկանալի է դառնում, որ դպրոցներում կան չափազանց ընկալունակ երեխաներ, պարպազես պետք է ավելի հաճախ լինեն արվետագետների այցերը դպրոցներ և նրանց հետ առավել հաճախ զրույց տարվի ժամանակակից արվետի ու գրականության հարցերի շուրջ:
Ամենակարևորը՝ երեխաները պետք է դպրոցական դասագրքերի, դասի լեզվից այն կողմ այլընտրանքային խոսք լսեն:
Առաջին այցից առաջին հետևությունն եմ անում. դպրոցներում ժամանակակից գրականությունը ներկայացնող դասագրքի (անթոլոգիայի օրինակով) պակաս կա:
Հաջորդ հարցս՝ ուղղված երեխաներին, թե կա՞ն արդյոք իրենց մեջ ստեղծագործողներ, շարքերի ներսում քչփչոցով իրարանցում է ստեղծում, և մի քանի համարձակներ ձեռք են բարձրացնում կամ կողքինները «մատնում» են նրանց: Ռոզին, Ջուլիան և տղան, որի անունը մոռացել եմ, դասից հետո մոտենում են ինձ և ընթերցում իրենց ստեղծագործությունները, ափսոս միայն շատ կարճ ժամանակ եմ կարողանում հատկացնել նրանց, բայց խոստանում, որ եթե նրանք ուղարկեն ինձ իրենց ստեղծագործությունները granish@ymail.com հասցեով կամ ֆեյսբուքի միջոցով, առավել ուշադիր կկարդամ և կարևոր խորհուրդներով կփորձեմ օգնել:
Դասից հետո կարճընթաց շփվում եմ ուսուցիչների և տնօրենի հետ: Կենսախինդ, լավ գործ անելու էնտուզիազմով լցված երիտասարդ տնօրեն Լիլիթ Գեղամյանի հոգածությամբ դպրոցը նոր շունչ է ստացել, նորարարական մոտեցումներ որդեգրել դասընթացների ու միջոցառումների անցկացման հարցերում: Այն, որ դպրոցը երիտասարդ ու բանիմաց մասնագտների ձեռքերում է, ուրախալի է և հուսադրող: Տնօրենի և գործավարի հետ զրուցում ենք նաև դպրոցի գրադարանից, մտահոգություն են հայտնում, որ վերջին տարիների տպագրված գրքերը գնել չեն կարողանում, դպրոցի բյուջեն սուղ է: Խոստանում եմ օգնել, որ նոր տպագրված և մշակույթի նախարարության ծրագրերով գնված գրքերը, ըստ հնարավորության, նաև իրենց դպրոց հասնեն:
Դպրոցից դուրս եմ գալիս ոգևորված երեխաների կենսախնդությունից…
Հասմիկ Հակոբյան՝ գրականագետ, «granish.org» հարթակի գլխավոր խմբագիր