Արդեն շատ ուշ էր, երբ հանդիպեցինք, ջրերին սառույց էր կապել ու առաջին անգամ էր, որ նա այդքան շատ էր մրսում:
Ես, որ երկար ամիսներ ամեն օր տաքանալու ելք էի ման գալիս, մտածեցի, որ երևի ամեն ինչ փորձել է, ու երևի չի օգնում..ո՞վ հիմա ձեռնոց չունի, կամ թեյարանի տեղ չգիտի այս փոքր, բայց բերնեբերան լցված քաղաքում:
Կասկածելի թեթև էր հագած, եթե նրան դուրս հանեին սառույցի մեջ կորած այս քաղաքի խճանկարից, կթվար՝ մայիս է, ոչ ավել, ոչ պակաս….Հետագայում, երբ կանցներ սառնամանիքը, նա կբացատրեր, որ սիրտն էր ծանր…
Անշտապ քայլերով էր գնում, ես մտածում էի՝ մրսող մարդը ո՞նց էսպես կճեմի, ու մտքումս ուզում էի հիշել՝ ոնց է կոչվում այն խանգարումը, երբ մարդու նյարդերը չեն ճանաչում ցուրտը: Հետո պատմում էր անցնող տարվանից, պատմում էր՝ ինչու է որոշել գնալ, իսկ ես շնչելուցս ելնող գոլորշին մի դրամատիկ դանդաղությամբ էի արտաշնչում, իբր ծխում եմ, ու այնքան էր ծիծաղս գալիս դրանից, որ երևի ինքն էլ խանգարման այս ձևն էր աշխատում հիշել: Հետո, իբր, հանգցրի ծխախոտս, լրջացա, հարցրի՝ բայց ինչի՞ց ես գնում….նա կանգ առավ՝ զարմացած ասաց՝ ո՞նց ինչից, ինչի՞ց են գնում, ու վերջապես արագացան քայլերն ու ինքն իրեն ասաց՝ ինչ ցուրտ ա անտերը….
Երբ մի օր էլի մրսում էինք միասին, նա մի մեծ բաժակով օղի խմեց, որ տաքանա, իսկ ես այդ աստիճան չէի մրսում: Ուրախ բաներից էինք խոսում, վերհիշում նրա անցած սերերին՝ մեկն,- ասում էր,- էնքան գեղեցիկ էր, բայց ո՞ւր անհետացավ, արդեն չեմ հիշում: Ու ծիծաղից ծալված, շնչակտուր քայլում էինք մայթեզրով, ես ասում էի՝ քո հետ մի բան էն չի, ինքն էլ ասում էր՝ դու ծուխդ ծխի: Հետո մտքերի մեջ ընկավ, դանդաղեցրեց քայլերը, նորից հարցրի՝ ինչի՞ց ես գնում, ասաց` էս անդուր ցրտերից….Հիմա արդեն չեմ մտաբերում՝ ինչից այդպես ճմլվեց ներսս, ու մինչև նրան մի բան կհուշեր, որ օղին լավը չէր ու դրանից չտաքացավ, ես արդեն հաստատ որոշել էի էլ երբեք չանցնել էս կողմերով:
Ամիսները անցնում էին ու սկսել էր թվալ, որ ցուրտն ուր որ է կկոտրվի, ու վերջապես կանցնի 8 ամիս տևած հունվարը, բայց ցրտի հետ, պարզվեց, էլի բաներ կոտրվեցին, մեծ հալոցք սկսվեց, ու շենքի տանիքից կախված սառցասրերի պես անսպասելի ու անարդար գլխիս ընկան նրա վերջին բառերը. «Քո ծխած գոլորշին ներսս լցրել էր, էլ չեի մրսում, բայց հիմա գնում եմ, որովհետև դու հազար անգամ ինձնից շատ սառեցիր»…
Ես մեկ-մեկ ափսոսում եմ այն վերջին րոպեների համար, ափսոսում եմ հատկապես այն պահերին, երբ չեմ կարողանում հստակ ուրվագծել դեմքը, ինչ-որ բան սկսում եմ արդեն մոռանալ ու մտածում եմ ինչ սարսափելի հիմարություն էր՝ հեռացող մարդու դեմքը հիշելու փոխարեն ասել՝ ինչ վախկոտ ես, ինչ անիմաստ ես փախչում, տղամարդն էդքան մրսկան չի լինի…..
Այն տեղը՝ ուր վերջին անգամ ես տեսել եմ նրան, հասարակ երևանյան փողոց էր, բայց հենց հիշում եմ նրան հրաժեշտ տալս՝ օդանավակայան է գալիս աչքիս առաջ…ես չգիտեմ ինչից է այդպես, երևի այս սառած, աղի ու ձյան շաղախից զզված քաղաքից հեռանալիս նրա թռիչքուղին հենց այդ փողոցից էր սկսվում:
Հիմա հունվար է՝ իններորդն արդեն…Այս նեղ, փոքր քաղաքը միայն ձյունով էր լցված, այստեղ մարդկային զգացմունքների, ցավերի ու պոռթկումների համար տեղ չկա, և հավանաբար դրանից էր, որ ամեն մեկս մեր մեջ եղած ուրախությունն ու տխրությունը, վախերն ու կորուստները թաղում ենք մեր մեջ..ու նաև սուգը սեփական անձի չկայացման համար: Եվ տարածքը նրա ներսի, միշտ ավելին էր, քան մարդաշատ, աղմկոտ ու շարժուն մեգապոլիսները…