Վերջապես կարդացի Քրիստիան Բատիկյանի «Մետաղէ երազներ» վեպը։ Միայն այն փաստը, որ այս տարեվերջյան վազքի մեջ նստել՝ ռեվյու եմ գրում, արդեն իսկ հուշում է, որ ուզում եմ ուշադրություն հրավիրել վեպի վրա և կարևորում եմ նրա ընթերցումը։
Անկեղծ ասած, արևմտահայերեն դասական գրականությունից եկող իմ կանխակալ ընկալումը, այն է՝ մի տեսակ դեկորատիվության ու թատերականության զգացում, որն իմ քյառթու արևելահայերեն լեզվազգայունության հետ միանգամից հենց անհաղթահարելի խզվածքի զգացում է առաջացնում՝ բնավ չարդարացավ։
Ինչպես Արթուրն էր էս ամառ ինձ Կիպրոսում բացատրում ձախակողմյան երթևեկությունից աջակողմյանին ինքնաշխատ կերպով անցնելու մեր ուղեղի բացառիկ կարողության մասին՝ այդպես էլ արևելահայերեն-արևմտահայերեն ընկալունակության անցումը ընդամենը երկու էջ է տևում։
Վեպը բացարձակ գրագետ արևմտահայերեն լինելով հանդերձ՝ պոլսահայերեն, ֆրանսահայերեն, թուրքերենի, անգամ մի չնչին ռուսահայերենի ակնարկով՝ շատ արդի շունչ ունի՝ որոշակի աշխարհագրական տեղայնացում չունեցող Z սերնդի բառապաշարի տեսքով։ Վեպն ամբողջությամբ ես հենց այդպես էլ ընկալեցի, ճիշտն ասած, այդ Z սերնդի ինքնորոնման ու ինքնորոշման տվայտանքների քարտեզագրում, որը զուրկ է ազգային ու ազգայնական տեղայնացումից, եթե իհարկե, հաշվի չառնենք, որ այդ լեզվի, նարատիվի, խնդիրների ու հարաբերությունների մեծ կշռույթը ամերիկյան՝ մեծ առումով արևմտյան ծագում ունեն։ Ինչ-որ առումով հակված եմ նաև մտածելու, որ վեպը, միգուցե ոչ որպես մտահղացում, այլ որպես իրերի ու հանգամանքների անկեղծ ու հավաստի բերում, ստացվել է նոր աշխարհում պատանեկան ինքնահաստատման տառապանքի հռչակավոր ձոն՝ սելինջերյան «փրկիչը տարեկանի արտում» վեպի շարունակություն, երբ Հոլդեն Քոլֆիլդը դպրոցն ավարտելուն պես, ասենք, կգնար համալսարան՝ իբրև միջին վիճակագրական լուզըր, որպես չգիտեմ թե ով, քանի որ այս վեպի հերոսի անունը այդպես էլ չենք իմանում։
Հայկական ինքնությունը, հայկական սփյուռքը ու Հայաստանն առհասարակ՝ վեպում ընդհնարապես չեն խնդրականանում, անգամ գոյություն չունեն, ինչը ևս մի անգամ ընդգծում է այն զգացողությունը, որ սա գլոբալ իմաստով մեկ սերնդի պատում է և ոչ տեղական նշանակության հոգսերի քննություն։
Առաջին պլանում հերոսի ծայրահեղ էգոիստական, ինքնասեռված ու ինքնակենտրոնացած ինքնությունն է, որտեղ ակնհայտ սոցիոպատիան, հոգեբանական ու հոգեբուժական մի շարք նոր ու պոպուլյար ախտորոշումները՝ դեպրեսիան, ապատիան, տագնապայինությունը, սուիցիդալ հակվածությունը, սեռական ինքնության փնտրտուքը՝ շատ ավելի առանցքային են ու կարևոր, քան սոցիալական հիերարխիայում տեղի նվաճումը, իշխանության ու դիրքի համար պայքարը, ունիվերսալ ճշմարտությունների որոնումը, հաղթող ու մրցակցային լինելը, ընտանեկան կուռ հարաբերությունները, ազգային հարցերով մտահոգ լինելը և Х ու Y սերունդներին բնորոշ շատ այլ «հնացած» հատկանիշներ։
Չնայած թվարկածս ներքին, ծանր, հոգեբանական ջղաձգումներին՝ վեպը գրված է մի տեսակ ջահելական անզսեպելի թեթևությամբ ու հումորով, որը էլի, իր ավելի շատ դոմինանտ հեգնական ու ինքնահեգնական մակերեսային սևեռումներից զատ երբեմն նաև բավականին զվարճալի իմպուլս է հավաքում՝ որոշ գլուխներում հիշեցնելով անգամ ֆրանսիական «ժիզնեննի», տաք, ընտանեկան տրագիկոմիեդիա։
Եթե վերապատմեմ վեպի ելային հանգամանքները՝ Պոլսում ծնված ու անհայր մեծացած սեռական ինքնորոշման խնդիրենով հայ տղան թշվառ ներգաղթյալի կարգավիճակով հայտնվում է Փարիզում, այն կարող է կլիշեյականության կանխակալ տպավորություն ստեղծել։ Բայց տեքստը գրված է այնպիսի բարձր վարպտությամբ ու գրական այնպիսի նուրբ ճաշակով, որ պատումային այս կլիշեյական ծավալումները դառնում են երկրորդական ու առաջին պլան է գալիս հայերենով այսպիսի բարձր մակարդակի տեքստ կարդալու հաճույքը։ Ինչը, չնսյսծ, վեպի հավելյալ արժանիքն է, իսկ առաջնայինը, թերևս, հայերենով, Z սերնդի մասին իմ հիշելով առաջին այսքան տիպական ու այսքան հավաստի ստեղծագործություն լինելն է: