Ծորացող շաբաթ օր։ Ինչ անելիք էլ ունենամ, կտեղափոխեմ երկուշաբթի։ Հետո կարթնանամ, մի քիչ պառկած կմնամ, Կոնդի մասին գիրքը կավարտեմ ու նորից կքնեմ։ Նախորդներից ոչնչով չտարբերվող շաբաթ օր։ Դրանք հիմնականում լռության մեջ են անցնում, եթե հաշվի չառնենք, որ ինձ քնելուն տրամադրելու համար միանում եմ աֆրիկյան ռադիոյի աղմկոտ հաճախականություններին։ Չադում, օրինակ, միշտ ցերեկվա ժամեր են, արև ու ամառ, մարդիկ երգում ու պարում են, ժամանակն էնտեղ չի կանգնում ու չի դանդաղում։ Իմ կանաչ սենյակում ես դառնում եմ տոնակատարության աննկատ մասնակիցն ու անհետացող ձայների հետագծերին հետևելով՝ թուլացած մարմնով ծուլորեն շրջվում դեպի արևը։ Սենյակի պատերն ուր որ է պիտի քանդվեն ու բացահայտեն դրանց հետևում թաքնված ծառերն ու սրանց թիկունքում ծուղակ դարձած կիրճերն ու բլուրները, ու հանկարծ՝ հեռախոսի զանգ․ մի քանի վայրկյանում, քանի դեռ զանգը չեն անջատել, պիտի հետ նվաճվեմ սենյակային էքստրավերտության կողմից, դառնամ գործընկերային ու համագործակցային, որ հանկարծ չիմանան — աստված չանի՝ իմանան — որ թուլացել եմ ու — ալո՞ — խոցելի եմ դարձել։
– Յա՜, էս քնած էի՞ր։ Հետո զանգե՞մ։
– Չէ, Սառ ջան, քնած չէի,- մի՛ լղոզվի, հստա՛կ ասա ասելիքդ,- ի՞նչ կա, որ հիշել ես։
– Շուտվանից լուր չունեի քեզնից։ Լավ ա չէ՞՝ տեքստում անունս ու տարիքս փոխում ես, կյանքում էլ մոռանում ես՝ ով եմ, ինչ եմ։ Բա չիամանա՞ս՝ կա՜մ, չկա՜մ, սա՜ղ եմ, մեռա՜ծ եմ։
– Հա՜․․․ հա՜,- արա՛գ ասա,- փաստորեն «Բլյուզը» կարդացիր․․․
– Ինչի՞ չպիտի կարդայի։
– Դե, հիմա քչերը կարդալու ժամանակ ունեն։
– Ես քո ճանաչածներից չեմ,- ծիծաղեց։ Լավ, արի, արի՛ տեսնենք՝ ինչ ենք անում։ Երկար ճանապարհով կգաս, մինչև սեղան գցեմ։
Կերպարից տրամագծորեն տաբերվող Սառան՝ իրական կյանքում թեթև ու կենսուրախ, զանգն ավարտեց։
Մազերս եմ փորձում կարգի բերել, վաղուց չեմ կտրել։ Լավ կլիներ, որ Սառայի ուշադրությունն ակնոցներիս վրա լիներ (երեկվանից եմ սկսել դնել)։ Շորերս էլ չեմ արդուկել դեռ․ ոչինչ, ուրիշի տուն չեմ գնում։ Հը, համագործակցային Տիգրան, հիշեցի՞ր։ Արի, արի՛ նշխա՛ր ջան, արի՛, ստե քու հմար տեղ եմ պահել, տրանսպորտ նստած մեր վարսավիր քուրը նայեց դռան մոտ կանգնած տատիկին։ Արի, արի՛, դու էիր մենակ պակաս։ Ազատ նստարանի մասին լսելուն պես երերուն տատիկը թևավորվեց ու հոգնած մարմնին պատրաստակամորեն զոռ տալով բարձրացավ երթուղային։ Ուրախությունից կարմրած, վարսավիր քվոր հաճոյախոսությունից խիստ ազդված ու գնահատված՝ առոք-փառոք նստեց աթոռին։ Իբր նա չէր կյանքից հոգնածն ու փողոցային շան նման քացի ստանալուն պատրաստ։ Հիմա տեսե՛ք՝ ոնց է խառնվել իրար, ուշադրություն են դարձրել։ Դուռն աղմուկով փակեցին ու գնացինք։
Ոտքով պիտի արվարձան հասնեմ։ Փակ աչքերիցս հետո լուսավոր ու բանուկ կենտրոնական փողոցը վարագույրի հակառակ կողմում ծավալված բեմի է նման, ուղիղ մեջքով ու հանգիստ հայացքով պիտի շտապեմ ու լարվածությունս թաքցնեմ։ Հանկարծ չուշանամ — աստված չանի՝ ուշանամ։ Սառան թող չսպասի։ Թարսի նման էլ՝ մարտի ութը ոնց որ մարտի չորս տեղափոխած լինեն․ բոլորը փողոցում են՝ ուսանողներ, տուրիստներ, թոշակառուներ, փողոցային երաժիշտներ ու նկարիչներ։ Բակից էլ մինչև Սառայենց դռան շեմ խտանում ու խտանում են՝ մերոնց գումարվում են մթերայինների գանձապահներն ու կրպակների քննախույզ Սուսան տոտաները։ Դրանցից մեկի հետ մի անգամ կռվել էի Սառայի ներկայությամբ, չբարիշեցինք, բայց իրար վրա աչք պահեցինք, որ երբ մեկնումեկս ձեռքուոտքից ընկնի, իրար հասնենք, Սառան էլ նայի՝ չփոշմանի ինձ ընտրելու համար։ Իմ ձեռքերում նրա գինն անգին կդառնա։ Ի տարբերություն տեքստի, որում ես անսանձ ազատություն եմ ստանում, երբ վերջապես կարողանում եմ Սառային վերացնել ու վերապրելով հետևել քայլած փողոցների հետագծերին։ Իսկ Չադի ռադիոյով արդեն հայտարարում են, որ ժամը մեկն է։
Հաճախականության սպառնալից լավատեսությանը գումարվում է իմ ջահելների շքեղորեն պարզունակ հագուկապով թաքնված դանդաղությունը, որը միանշանակ է դառնում հատկապես խաչմերուկներում կանգնելիս։ Քառասուն վայրկյանից տասում հայացքս սահեցնում եմ դեմքերի վրայով, տասում՝ ականջս հպում իմ պատին, որ քաղաքավարությունս չկորցնելով լսեմ, թե ինչ են խոսում։ Իմ մասին չխոսե՞ն — աստված չանի խոսեն — թե նկատելիորեն հուզվել եմ ինձ հյուր կանչելու մտքից։ Հանկարծ չպարզեն, որ ինչքան էլ մաքուր լինեմ, ճանապարհին մեջքս քրտնելու է։ Քրտնած մեջքով ու խեղճ հայացքով (բայց ժամանակին) պիտի հասնեմ Սառայի դռանը։ Անկյուններում ծանոթներիս հանկարծ չգտնեմ ու զրույցի չբռնվեմ։ Չտեսնելու կտամ․ թող երկուշաբթին գա, ես ինքս բոլորին կզանգեմ։ Հատ-հատ զանգեմ, ասեմ՝ տեսողությունս կորցրել եմ, կներե՛ք։ Քառասուն վայրկյանից մնաց հինգը։ Թափ եմ հավաքում, որ քամին նորից բռնի Հյուսիսայինը։ Միտումնավոր եմ էս ուղղությունը ընտրել, որպեսզի բոլորը միաժամանակ մի տեղում հայտնվեն։ Նայեն, ասեն՝ մեջքն ի՜նչ ուղիղ ա պահել էսքանից հետո, հլը նայեք դրան։ Նայեն, ասեն՝ էդ ի՞նչ ուրախություն ա սրան բաժին հասել։ Էդ ո՞նց ա խելքին փչել քննությունը չստանալ ու ստացածի դեմքով լսարանից դուրս գալ, հետո շունչ քաշել ու վազել դեպի հերթական ամոթաբեր կանգառը։ Հա՜, կանգառ ասեցի, հիշեցի՝ կանգառից աջ պիտի անեմ։ Էդ աջի վրա ծաղիկների խանութ են բացել։ Մի վարսավիր քուր էլ էնտեղ նստած կլինի, ջրվեժ նկարած եղունգներով էս կամ էն փունջը ցույց կտա ու կասի՝ էս, եթե տղեն նվիրեց աղջկան, էդ աղջկա գինը միլիոն կդառնա։ Չէ, Սառան ծաղիկներ չի սիրում։ Գիրք տանե՞մ։ Ոչ մի բան չտանեմ, թե չէ նվերս ձեռքս գտնի, կասի՝ եկել եմ սիրտը շահեմ։ Ճպճպան սերիալ, ինչ ամո՜թ ա։ Էդ սերիալը մի անգամ նայեց, ծիծաղից թուլացավ․ ասեց էր՝ հլը էդ չոբան Կարոյին նայի․ ես որ էդ աղջկա տեղը լինեի, Բինգյոլում վաղուց ինձ խեղդած կլինեի։ Կարո, Կարո․․․։
Հայաստանում ժամը չորսն անց ա, իսկ դու վազում ես ու աչքի տակով մայթով մեկ նստած նկարիչներին նայում։ Ջեքսոնը ոնց որ սոված շուն լինի։ Ո՞նց չի տեսել նկարողը, բա ամոթ չի՞։ Կարևորն ինձ չտեսնի — աստված չանի տեսնի — որ շտապում եմ։ Օպերատորի նման վրձինն իմ կողմ չուղղի ու ինձ չնկարի։ Ինձ նկարեց, դիմակս կպատռվի։ Հազար հատ Սառա լինի, քսան հազար հատ գրող ու առևտրական, բոլորն ինձ պիտի ուրախ տեսնեն։ Ոչ հեչ մեկի մտքով չանցնի, թե նեղվել եմ, որ Սառան գրածս չի հավանել։ Գրախանութում երկու տող կարդացել, խիստ ժպտացել ու դուրս ա եկել։ Աչքերը հանե՜մ, ականջները կտրե՜մ, չէ՜ մի, ԱԼՄ-ի ադամանդ։ Բութ կենդանի, էդ ի՞նչ գրեցիր։ Բա ամոթ չի՞, ի՞նչ կմտածի էդ աղջիկը։ Ի՜նչ է եղել՝ որ կողմ նայում ես, ապրուստ ու կյանք է թափած։ Շրջվում ա Արուսը ու հենց ի՛նձ պետքական հայացքով ավելացնում՝ դու ծիծաղելու սիրտ ուզիր։ Էդ հայացքը վազելիս լղոզված դեմքիս հագնեմ, որ աստված չանի, կասկածի, թե ես ինքս ինձ եմ կասկածում։ Հա, գոնե դիմացի խաչմերուկում նստածը չնկարի, որ լուրը չտանի Սառայենց կողմերը՝ Տիկոն գժվել ա, ձեռները սպիտակ դրոշ բռնած՝ փողոցով էս կողմ-էն կողմ ա վազում։ Հլը դրա վիճակը․․․։ Ծիծաղելու սիրտ եմ ես Սառայից ուզում, իսկ դիմացից եկող մուրացկանները՝ ինձ։ Որ կանգնեմ ու սիրտս խուճապից պայթի։ Բաց ափ են մեկնում, որ հուզմունքս կաթա ափերին, տանեն Սառայի բույսերը ջրեն, խաբար անեն՝ Տիկոն ուշացավ, սիրուն ջան, խի՞ դրան առար։ Աշխարհը լեն, որ կողմ նայում ես՝ ապրուստ ու կյանք է թափած։ Երգուպարով աղմկում են, գոռում են՝ Չադում արդեն ժամը երեքն ա։ Ասում էր, էլի, Սառան՝ ինձ լսի, մի՛ գրի․ լավ ես գրում, բայց ուշացած ես գրում։ Մուրացկան տատին ու վարսավիր քուրը ժպտում են — աստված չանի, ինձ հավանեն — ուշանում ես, Տիգո ջան, հետ ես ընկել կյանքից։ Տեսածդ գիշերն ենք տեսել, լսածդ էլ չլսելու ենք տվել։ Ուշանում ես։ Էլ մի՛ շտապի։ Շրջվի՛ր, հե՛տ գնա։ Էլ պետք չի։ Էդ աղջիկը պատուհաններն արդեն փակել ա, սենյակ մտած գարնան օդն արդեն հերիք ա, որ քեզ մոռանա։ Դուռը փակել ա, որ մարդ չգա, չհարցնի՝ էդ քո մասին, լսել ենք, գիրք են գրել։ Բա էդ ո՞վ ա։ Հլը սրա տանձի պոչ վիզը, հլը դրա շլանգ բոյը, վայ Ա՜ստված։ Սրա գրածն ի՞նչ պիտի լինի, ա՛յ աղջի, խելքի արի, մեղկ չե՞ս։ Բա ամոթ չի՞, էս ու՞մ ես առել։ Սրան ի՞նչն ես հավանել։ Մարդ չտեսնի քեզ սրա հետ — աստված չանի, իմանան։
Չադի ռադիոյով հաղորդում են՝ ժամը երեքն անց է տասնհինգ րոպե։ Խուճապահար Տիգրանի ոտքը անկյան քարին կպավ որպես սփոփանք տանջանքին․ երեսնիվայր ընկավ մոտակա ջրափոսն ու թեթևացած շունչ քաշեց։ Սառան լվա՛ Տիգրանին, ու Տիգրանը մաքուր լինի։ Մենակ թե չխղճա — աստված չանի՝ խղճա։