Հայազգի ռուս բանաստեղծուհի, կինովավերագրող, լուսանկարիչ, քննադատ, կուրատոր Տատյանա Դանիլյանցը ծնվել է 1971-ին, Ալժիրի Բատնա բնակավայրում։ Մոսկվայի Սուրիկովի անվան գեղարվեստի ինստիտուտում ստացել է արվեստաբանական կրթություն։ Ավարտել է Մոսկվայի Պետկինոյին կից ռեժիսորական դասընթացները։ 1995-ից զբաղվում է Վենետիկի կերպարի արտացոլմամբ՝ կինոյում, լուսանկարչության և բանաստեղծության մեջ։ Հեղինակ է երեք հատորների՝ «Վենետիկություն՚»(Շուպաշքար, 2005), «Ճերմակը» (Մոսկվա, 2006), «Վենետիկություն-Venezianita» (2007, Վենետիկ, ռուսերեն և իտալերեն) և «Կարմիր աղմուկ» (2012)։ 2008-ից ի վեր հաճախ այցելում է Հայաստան։
Նրանք իրոք թռչում են եռանկյունով,
այդ ճերմակ ու սուր թռչունները քաղաքիս վերով,
որոնց հետ «դու»-ով եմ խոսում
իմ ծննդյան ամյակին – երեսուն:
Իսկ նրանք կռունկներ էին և ճախրում էին
թրծած օդի մեջ Կոիմբրի:
Սողալով տեղափոխվում
մթնոլորտի շերտերում:
Այսպես անեի. անթախիծ չափավոր արձանաձև
թռչեի հիշողության սև եռաժանու վրայով,
վրայով պայթյունների մեռյալ հրաբուխների,
ասես քշված՝ խաղաղ քամուց:
Թխկոցով ընկնում է ծառից տերևն առաջին,
ահա և աշուն եկավ:
Քնիս մեջ խոսում եմ
Ռիկարդոյի հետ քանդակագործ
և նրան պատմում այն մասին,
թե ինչպես է հուզում ինձ
նրա քանդակը-
ապիտակ, պապակ և ցուրտ:
Թխկոցով ունկում է առաջին վարդը
վարդանոցում Իզաբելլա Գարսիայի…
Եվ ես մտածում եմ կորուստներիս մասին:
Թանկագին ընկերոջս՝ Ստասի մասին, Նադիայի,
Տատյանա Ալեքսանդրովնայի,
Սպանված Պավելի:
Ես հիշում եմ ներման հանգամանքները բոլոր:
Եվ անցյալն ինձ նայում է անքթիթ.
մոխրից՝ աչքերով, գլյանցից՝ աչքերով:
Ես անզոր եմ իմ թախիծների հանդեպ,
Նրանք լուռ բարբառում են:
Ես պոկում եմ մարմնիս ծվեններն
իմ աստսրտից:
ԸՆԹԱՑՍ
1
Մեջն այս կիսելի
Մեջն այս կարուսելի
Զննիր իրականը…
Իրականի մեջն:
2
… պոկո՞ւմ է քեզ իր էներգիայից:
3
Ես զգում եմ իմ պատմական վերքերը:
4
Ինչ սքանչելի է սուզումն անուրջներում:
5
Ուժգին ուղղորդված սերը…
… վախեցնո՞ւմ է:
6.
Ինձ թվում է, ինչ-որ բան իմ մասին գիտես…
7
Որպեսզի հիմա չապրես,
խուսափում ես ցավից…
… ապագայում:
8
Ժպտում եմ նրանց,
ումից չեմ վախենում:
9
Նրա հետ ապագան տեսանելի է.
միակ չընդմիջվող գիծը երջանկության…
10
Կյանքի սրտերջացումը:
11
Բայց տողերը վառվում են
որպես խոցված սառույց:
12
80-ականներ
Մաքրության իրավունք չունենալով,
մենք ապրում ենք հոգու տապով,
կրակվելով…
Կրակվելով:
13
Ես մտա մասնավոր սեփականություն:
14
Ինչպես միշտ, կանուխ
ուզում ես հայտնվել
մի քանի վայրերում
միաժամանակ…
15
Խնդրում եմ .
հապաղիր այս հողի վրա:
16
Ինչո՞ւ եմ Ռուսաստանում
ես ինձ փոքրամասնություն զգում:
17
Չէ որ բանաստեղծ ես,
ահա շնչահագ եղար թախծից:
Ծխից – ձյուներից – սմոգից:
18
Ամբողջովին կյանքի բեկորներում եմ…
19
Աչքերն իբրև չորացած ջրհորներ:
20
Կ.Մալիկին
Կյանքը բազմագույն գեղադիտակ է
սև խավարում…
Բացարձակ սևության մեջ:
21
Մարդը ձիու վազքաթափով:
22
Ես այնքա՜ն սիրտ ունեմ:
23
Նկարների հատկությունները
գիտես,
գունաթափվել:
Ժամանակը:
24
Մենք բոլորս նախազգացումներում ենք …
25.
Պետք է հասկանալ, որտեղ են սահմանները տեղավորվում:
26
Գնում ես, ոչնչի համար չափսոսելով…
Երկնքում աստղն է,
շուրջբոլորդ՝ փողոցն է Անասնաշուկա,
թիկունքում՝ ողբուկոծ…
27
Լույսը ջոկջկել ձեռքերով…
28
Կյանքը – ոչ ամենահարմար պահն է…
29
Սիրտը նորից դիրքերում է:
Նորից՝ պատրաստ:
30.
Գնա միայն առաջ,
Կքանիստ…
31
Իմ անկեղծության ընկնավորությունը.
Քո անկեղծության ընկնավորությունը:
32
Երբ արտասանում են իմ ազգանունը,
ես հասկանում եմ. ոչ կթաքնվես,
ոչ կփախչես:
33
Էքստազի ժամանակը:
Աշխատանքի ժամանակը:
34
Պատմությունը լավն է,
ուր շոշափելի են ձեռքերն ու թևքերը:
35
… ի՜նչ հաճախ է լսվում ողբը կանացի:
36
Մենք իրար տրորել ենք այնքան, մինչև ծակծկվենք:
37
լրաղմուկի միջով հասնելով
քեզ,
քո մտքերին իմ մասին,
ես ասում եմ՝ լավ է,
որ դու կաս:
Ամենուր:
38
Ինչպե՞ս ապրեմ մահվան կողքին:
39
Գենադի Այգիին
Մարդը – հենց գիրքն է:
Մարդը – հենց դաշտն է:
Մարդը – անդորր:
Այդ մարդը:
40
Կյա՛նքը, գիտես,
Ժպիտ չէ հոլիվուդյան…
41
Թող քեզ շնչեմ կշտանամ:
42
Մարդիկ երբեմն ինչպես են բուրում:
43
Ո՞վ է երազիս դուռը թակում:
Ո՞վ է արթնացնում ինձ հայացքով,
Ո՞վ է ինձ մտքով համբուրել,
Տա՛նյա, արթնացիր, Տա՛նյա:
44
Այդ դու ես, ձուկ – թյուննոս: Բարի եկար:
45
Երազից դուրս եկա ասես ցնցուղից,
խուժեցի ուրիշի մեքենա…
46
Ընդհուպ մոտենալ
ժամանակին.
47.
Պարզապես պետք է ընդգրկել հայացքով…
48
Մարդը – ոսպնյակ է,
մարդը – ճակատագիր,
մերկ ձայն…
49
Ես պահպանում եմ հպումն ամենայնի.
ժամանակի շերտում
բան չի կորուսանվել:
50
Կեղևահանել մտքերը,
շարունակել կեղևահանել
մտքերը:
51
Ախ, թե հնար լիներ
այս հուզումն առանց պերսենի հանել
52
Դուասես վատ թխած հաց լինես:
53
… պարզապես վառում ես քո հանգով:
54
Մի ալեբախիր ինձ քո ալիքով.
քո ալեկոծմամբ,
քո ռիթմով…
55
Ազատության մակարդակն արյան մեջ է:
56
Քո մտքերն ինձ արթնացրին:
Քո բառերն արդեն գործ արեցին իմ ներսում:
57
Նույնիսկ կաթիլը քո, և քո, և քո բարության.
չի մոռացվի:
58
Թաքցնել.
հուզումը, պոռթկումը, ալիքը, ավազը,
պողպատը, անբեկ հավատարմությունը:
59
Մենք պարզապես գրառում ենք մեր կենսափորձը…
60
Մեքենաները կարող են ունենալ մարդկային դեմք:
61
Պարզապես կարևոր է հասկանալ,
ինչից է աճում այս կապը:
62
Սթափվել ժամանակից,
նրա հիմարությունից,
նրա հիպնոսից…
… և կյանքը զգալ
նրա բոլոր ուշացումներով:
63
Ի հայտ բերել նոր
մարդկային դեմքեր էկրանի վրա…
64
Ինչպե՞ս սրտում իմ
տեղ գտնեմ ատելության համար:
65
… իսկ հետո կվերածվենք չոր մնացորդի,
վիճակագրական կետի:
… կամ կչքվենք դասագրքային ընդհանրացումներում:
Ճշգրիտ՝ մեզնաից ինչ-որ մեկը:
66
Դիպչել զգացմունքներին,
դիպչել,
դիպչել:
Հմայված դիպչել:
67
Կայնքը շաղված:
Բաց է հանց լուսամուտը:
68
Միայն արյունն է մնում.
քոնը և օտարինը:
Իսկ տարբերությունը ես դեռ զգում եմ:
69
Փրկվել պարզ գործողություններով:
70
Տարին սրտի ձև ունի:
Տարին ձեռնափի ձև ունի:
71
Սիրտն առույգանում է սիրով,
ոչ այս և ոչ այն.
անհնարին սիրով,
գաղափարով,
հպումով սիրո:
72
Թող ջուրը հոսի ամենուր…
73
Չեմ հասցնում հասկանալ փոփոխությունները:
74
Իներցիայի նոպա:
75
Բնությունը հարձակվում է ոգու վրա ավելի հեռվում…
76
Կասկածել սիրո օրենքները:
77
… չեմ հասցնում իմ հետևից:
78
Ռուսիան – այնպիսի՜ ոսպնյակ է:
79
Գուգլը
գվվում է գլխիս մեջ:
80
Այն, ինչը քո մեջ թա՛նկ է,-
Պահե՞մ ուժովս:
81
Մի՛ քննիր հոգին,
մի՛ քննիր…
Գ.ԱՅԳԻԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Եվ՝ բոցավառվեցին ձորակները:
Եվ՝ տագնապեցին թփուտները:
Իսկ ես հակվել եմ
Ամենակարմիր,
Ամենապուճուր հատապտղին…
Եվ ասում եմ՝
Ես սիրում եմ քեզ:
1. Հոգին, մի տոթ լաթ.
2. Հոգին, հորդահոս անձրև…
3. Ցավում է հոգին, աճում է:
Ռուսերենից թարգմանեց Շանթ Մկրտչյանը
Գենադի Այգիին
Ճերմակ-ճերմակ
ճերմակ ավելի քան ձյունը
ճերմակ ավելի քան լույսը ծաղկող
ճերմակ ձյունը պատուհանից անդին
որ անցնում է իմ միջով
ճերմակ ձյուն
ճերմակ ձյուն
ճերմակ լույս
……………….
դյութուած եմ ճերմակով
ճերմակը ճերմակի վրա
Քո ճերմակությամբ
Քո աշխարհի
աղավնու ոտքերի հետքով
կարմիր եռատերևով
ճերմակով ճերմակի վրա
…………………
ճերմակը լռությունն է լույսի
…………………
դյութված եմ ճերմակով ճերմակի վրա
դեմքո՞վ արդյոք
(չկա դեմք ճերմակության մեջ)
աղավնու թևերի թափահարումո±վ
մտապահում եմ
լույսը
անխոստովանելի լույսի
…………………
ճերմակով ճերմակի վրա.
կասեմ այսպես
որ բառերը
հոսում են
մաքուր ջրի պես
կոկորդով.
եղիցի
ճերմակը ճերմակի վրա։
…………………..
բայց ճերմակը ճերմակի վրա՝
այդպես էլ կասեմ
և կհամարձակուեմ՝
ճերմակը ճերմակի վրա…
ՎԵՐՋԱԲԱՆ
1.
Այստեղ այնքան խաղաղ է,
որ արևը նստում է մակույկ
եւ լողում է արևելք։
Երկար է ջրի հոսքը։
երկար է արտաշնչումը
և ներշնչումն՝ անսահման
ի սկզբանե։
Այստեղ մեր օթևանն է՝
անդորր և շարժում։
Շարժում և անդորր։
2.
Կարող է և այստեղ
պատահի, որ դիպչես ինքդ քեզ։
Կանե՞մ արդյոք։
Ժամանակը կախված է թռչունից,
որի անունն է կամք և հաւատ,
հաւատ և քամի,
և դաշտ, և կրակ շարունակ։
Մուկը դաշտային եկավ
և թակում է տանս դուռը։
Դադար առնել։ Հիշել։
Ի՞նչ հիշողություն հավերժության համար։
Ինչո՞ւ մերկությունը ծածկել տերևով,
թեկուզ արմավենու։
Օ, հիշողություն։
Անձեռակերտ չնչին խաղալիք,
Թարթիչներին քարացող աղ։
Բայց գիտես,
արցունքները երկնագույն են դառնում,
երբ երեսը դարձած է երկնքին։
Ձեռքերում՝ կավ,
հոգում՝ թևեր,
կուռքեր՝ ոտքերով կավե։
Արևը մի՞թե կհակվի վերեւ։
Ծեփվիր, համբերատար կավ,
ծեփվիր։
Ռուսերենից թարգմանեց ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ